Տարեմուտի ուղերձ

 

Հաութամա Բուդդա

1 հունվարի, 2007 թիվ

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան՝ տարեմուտի այս օրով կրկին ձեզ մոտ եկածս:

Ամեն անգամ, երբ սկսվում է նոր տարեկան շրջան, մենք գալիս ենք, որպեսզի խրատներ տանք ժամանակի նոր բոլորաշրջանի վերաբերյալ:

Դուք գիտեք, որ տարեկան շրջանի վրա Կարմայի Օրենքի ազդեցությունն այնպիսին է, որ կարման իջնում է ոչ թե միանգամից, այլ փռվում է ամբողջ տարվա կտրվածքով: Յուրաքանչյուր ամիս ձեզ վրա իջնում է կարմայի որոշակի քանակություն: Այդպիսով դուք հնարավորություն եք ստանում բեռնաթափելու կարման աստիճանաբար՝ տարի առ տարի, ամիս առ ամիս: Եթե ձեզ հնարավորություն տրվեր միանգամից բեռնաթափելու ձեր ամբողջ կարման՝ ամբողջ ձեր բացասական էներգիան՝ ողջ այն էներգիան, որն աղավաղել եք ձեր անցած կյանքերի ընթացքում, ապա դուք չէիք կարողանա դիմակայել դրան: Ձեր մարմիններն ակնթարթորեն կվերածվեին գզգզված կծիկների: Այդ պատճառով Օրենքը գործում է այնպես, որ դուք ձեր կյանքի յուրաքանչյուր պահի հնարավորություն ունենաք լուծելու ուղիղ այնքան բացասական էներգիայի հարցը, որքան որ ի վիճակի եք լուծել: Ձեզ վրա երբեք ավելի շատ բեռ չի դրվում, քան կարող եք կրել: Ուստի ձեզնից պահանջվում է պարզապես հնազանդվել այս տիեզերքի Օրենքին և խոնարհությամբ սպասել ձեր իսկ ստեղծած կարմայական էներգիայի վերադարձին, որը ձեր բեռնաթափմանն է հանձնվում բոլորաշրջանային չափաբաժիններով:

Տարեմուտը պայմանականորեն կարելի է համարել որպես անցյալի էներգիայի նոր շերտադարսվածքի բեռնաթափման սկիզբ: Եվ ամեն մի հաջող ավարտած տարով դուք բեռնաթափում եք ձեր անցյալի կարման և մերձենում գիտակցության նոր մակարդակի: Եվ եթե այն նոր կարման չլիներ, որը դուք անդուլ կերպով կուտակում եք, ապա ընդամենը մի քանի տարին բավական կլինեին, որպեսզի ձերբազատվեիք ձեր անցյալի կարմայի բեռի առյուծի բաժնից:

Սակայն ձեզնից ո՛չ բոլորն են խելացիորեն տնօրինում իրենց Աստվածային էներգիան և մարմնավորման մեջ գտնվելու իրենց ժամանակը: Այդ պատճառով, բացասական էներգիայի այն քանակությունը, որը ձեզնից շատերը բեռնաթափում են՝ տառապանքներ, հիվանդություններ ու դժբախտություններ կրելով, նորից համալրվում է նոր կարմայով, որը դուք անխոնջ կերպով կուտակում եք ձեր կյանքի ոչ ճիշտ գործողություններով ու նախընտրանքներով:

Եվ եթե չլիներ Աստվածային բարեհաճությունը, ապա դուք լրիվությամբ կզրկվեիք հետագա առաջընթացի հնարավորությունից՝ ելնելով այն հանգամանքից, թե որքան մեծ կարմա եք կուտակում ձեր կյանքերի ընթացքում: Սակայն Աստվածային բարեհաճության շնորհիվ այդ կարման ձեզ միանգամից չի վերադարձվում, այլ սպասվում է այն բարենպաստ հնարավորությանը, երբ դուք ի վիճակի կլինեք կրելու անցյալի բացասական էներգիան. ո՛չ միայն դիմանալու կարմայական բեռի ծանրությանը, այլ նաև մտորելու այն մասին, թե ինչու՞ ձեր գլխին միանգամից այդքան շատ դժբախտություն թափվեց: Եվ ա՛յդ կերպ միայն ձեզնից շատերն ի վիճակի կլինեն գիտակցելու Բարձրագույն Օրենքի գոյությունն ու ողջ էությամբ ձգտելու, որ ենթարկվեն այդ Օրենքին:

Ձեզնից շատերը հասել են գիտակցության այնպիսի մակարդակի, որ դիմում են Կարմայական Վարչությանը՝ խնդրելով արագացնել իրենց կարմայի վերադարձը, որպեսզի այս կյանքում հնարավորություն ունենան բեռնաթափելու կարմայի առավելագույն քանակություն և կարողանան ծառայություն իրականացնել նոր՝ կարմայից ազատ, գիտակցության մակարդակով:

Միակ բանը, որի մասին կուզենայի ձեզ զգուշացնել, հետևյալն է. այն բանից հետո, երբ նամակով նման խնդրանք եք արտահայտում, և կարման սկսում է արագացված ձևով վերադառնալ, մի՛ մոռացեք ձեր խնդրանքի մասին և մի՛ դժգոհեք ճակատագրից: Բանն այն է, որ կարմայի վերադարձը կարող է ինչպես ձեր խնդրանքով արագանալ, այնպես էլ կանգնեցվել կամ էլ ետ բերվել նախկին բնականոն վերադարձի արագությանը: Մի՛ մոռացեք ձեր խնդրանքների մասին, և եթե տաքգլուխ կերպով հաշվի չեք առել ձեր կարողությունները, ապա նորից նամակ հղեք Կարմայական Վարչությանը և խնդրեք, որ այլևս ձեր կարմայի վերադարձի գործընթացը չարագացվի:

Շատ շատերդ հաշվի չեք նստում այն պարտավորությունների հետ, որոնք ձեզ վրա եք վերցրել նուրբ մարմնով եղած ժամանակ՝ հոգու մակարդակով: Ուստի այնժամ, երբ ձեր կյանքերում բախվում եք դժվարությունների հետ, և այդ դժվարություններն ամբողջությամբ կլանում են ձեզ, խորհրդածե՛ք ներքուստ: Զրուցե՛ք ձեր Բարձրագույն Ես-ի հետ, խորհու՛րդ հարցրեք: Չէ՞-որ Երկնային մեծ բարեհաճության շնորհիվ կարմայի վերադարձի գործընթացը կարող է ձեր կողմից կարգավորվել: Հատկապես կարևոր է դա այն դեպքում, երբ դուք բարի կարմա եք ձեռք բերել՝ օգնելով կենդանի էակներին և Վեհապետներին: Քանզի ձեր բարի կարման այդ դեպքում կարող է օգտագործվել և կիրառվել այն բանի համար, որպեսզի թեթևացվի ձեր կարմայական բեռի ինտենսիվությունը:

Այնժամ, երբ գիտակցել եք Կարմայի Օրենքի գործելակերպը և ձեր կյանքում ձգտում եք գործել համաձայն այդ Օրենքի, ուրեմն բավարարել եք ձեր հետագա զարգացման կարևորագույն պայմաններից մեկը, և Երկնային բարեհաճությունը չի հապաղի օգնության հասնելու ձեզ՝ ձեր առաջին իսկ կանչով:

 

Կարեկցանք են հարուցում այն անհատներն, ովքեր անտեսում են Կարմայի Օրենքը և շարունակում ապրել այն օրենքով, թե Ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ: Հարկ է, որ մտածե՛ք այդ արտահայտության մասին. գուցե հաջորդ ձեր կյանքում ինքներդ ընկնեք հենց այն ջրհեղեղի մեջ, որն ինքնե՛րդ եք ձեր գլխին կապում: Խորհեցե՛ք այն մասին, թե որքա՜ն դժբախտություններից ու պրոբլեմներից կհաջողվեր խուսափել, եթե մարդիկ իրենց կյանքի յուրաքանչյուր վայրկյանին մտածեին ո՛չ միայն իրենց գործողությունների հետևանքների, այլ նաև իրենց մտքերի ու զգացմունքների հետևանքների մասին:

Մեր ուղերձների նպատակներից մեկն էլ հենց այն է, որ ձեզ սովորացնենք հաշիվ տալ ձեր ամեն մի գործողության, մտքի ու զգացմունքի համար: Քանզի Աստծո, տիեզերական Օրենքի առաջ ոչինչ գաղտնի չի մնում, և ձեր բոլոր մտքերն ակաշիի քրոնիկներում գրի են առնվում այնպես, ինչպես և ձեր բոլոր գործողություններն ու արարքները: Դուք կարող եք կեղծավորություն անել մեկդ մյուսի հանդեպ և թաքցնել ձեր իրական շարժառիթներն ու բացասական մտքերը: Բայց Աստված ամեն ինչ տեսնում է, և հնարավոր չէ Նրանից թաքցնել ձեր հոգու շարժի ոչ մի նշույլը:

Եվ վատ չէր լինի, եթե ձեզ համար կանոն դարձնեիք անտեսանելի վկայի ներկայությունը ձեր կողքին մշտապես զգալը. վկա, որը հետևում է ձեր բոլոր գործողություններին և ձեր հոգու յուրաքանչյուր շարժմանը: Այդ դեպքում դուք ավելի մեծ պատասխանատվություն կցուցաբերեիք ձեր կյանքի բոլոր գործողությունների ու նախընտրանքների նկատմամբ:

 

Նաև կամենում եմ ձեզ մի շատ կարևոր խորհուրդ տալ, որով առաջնորդվելով կկարողանաք շատ արագ մեծացնել ձեր բեռնաթափած կարմայի տոկոսը: Ամեն անգամ, երբ կյանքում ձեր առաջ այլընտրանք կլինի, թե ինչպես վարվել, աշխատե՛ք հասկանալ այն շարժառիթը, որը ձեզ դրել է այդ այլընտրանքի առաջ: Եվ եթե դուք ձգտում եք անել այնպիսի մի բան, որ լավ լինի անձամբ ձեզ համար, ապա սխալ շարժառիթ ունեք, և ձեր ընտրության հետևանքը կլինի այն, որ կմեծացնեք ձեր կարմայական բեռը:

Իսկ այն դեպքում, երբ առաջնորդվում եք այն շարժառիթով, որ լավ լինի ուրիշ մարդկանց կամ այլ կենդանի էակների համար, ապա, եթե նույնիսկ ձեզ թվա, թե ձեր ընտրությունը կորստաբեր կլինի ձեզ համար և բոլոր մարդկային օրենքներով ու տարրական տրամաբանության տեսակետից ոչ շահավետ, մի՛ վհատվեք: Աստվածային տրամաբանության տեսակետից դուք ճիշտ ընտրություն եք կատարում, և այն անխուսափելիորեն կհանգեցնի ձեր կարմայական բեռի թեթևացմանը: Դուք կորցնում եք փոքրում, բայց շահում՝ մեծում:

Ասենք, օրինակ, դուք քայլում եք լեռնային կածանով, և ձեր առաջ հանկարծ հայտնվում է մեկը, որը ձեր օգնության կարիքն ունի: Դուք զբաղվում եք նրան օգնելով և ժամանակ եք կորցնում: Արևը մայր է մտնում, և դուք ձեր ուղու ընթացքից ետ եք մնում: Բայց եթե հագուրդ չտաք ափսոսանքի զգացմանը, ապա վաղը ձեր առջև կբացվի մի նոր ճանապարհ, որի մասին առաջ գաղափար չունեիք, և որով առաջանալով, դուք անհամեմատ ավելի շուտ տեղ կհասնեք, քան ինքներդ նախապես պլանավորել էիք:

Ահա այդպե՛ս է գործում Կարմայի Օրենքը:

Բարի գործեր անելուց երբեք մի՛ մտածեք ձեր օգուտի մասին: Թողե՛ք, որ ձեր կարմայական պարտքերն ու նվաճումները հաշվեն այն երկնային էակները, որոնք դա պետք է անեն ի պաշտոնե: Պարզապես բարի գործեր կատարեք և մի՛ մտածեք պարգևի մասին:

Ես ուրախ եղա տարեմուտի այս օրով տիեզերքում գործող Մեծ Օրենքի մասին ձեզ հիշեցնելուս համար և հույս ունեմ, որ դա արեցի, ինչպես միշտ, ճիշտ ժամանակին:

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան

 

Տատյանա Միկուշինա, 2007 թ.

 

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ