Ձեռքից բաց մի' թողեք ձեր շանսը և ձգտեցեք միշտ մնալ էվոլյուցիոն հնարավորության անցուղում

Պաշտելի Զրադաշտ

20 հուլիսի, 2006 թիվ

 

ԵՍ ԵՄ Զրադաշտը՝ կրկին եկածս...

ԵՍ ԵՄ եկել, որպեսզի, ինչպես միշտ, տամ իմ խրատները՝ օրվա պահանջին համապատասխան:

Գիտելիքներ ստանալու ձեր պահանջները պետք է բավարարվեն այնքանով, որքանով թույլ է տալիս Օրենքը: Ձեզ թվում է, թե դուք ամեն ինչ գիտեք, ամեն ինչ կարողանում եք և ձեր աշխարհում հասու եք դարձել ամեն ինչին: Թույլ տվեք նկատել, որ այդ դեպքում ձեր մեջ պարզապես խոսում է սովորական մարդկային գոռոզությունը: Քանզի հնարավոր չէ հասու դառնալ համայն տիեզերքի Օրենքին՝ գտնվելով մարդկային գիտակցության զարգացման ձեր մակարդակի վրա: Եվ միայն այն դեպքում, երբ կհրաժարվեք ձեր գոռոզությունից, իսկական գիտելիքը կկարողանա մուտք գործել ձեր տաճարը՝ օգտվելով այն բանից, որ ձեր անոթում դատարկ տեղ է առաջացել, որը, վերջապես կարող է լցվել Գիտելիքով: Իսկ մինչ այդ՝ դուք ձեր անոթը լցնում եք այնպիսի բաներով, որոնք ոչ միայն կիրառելի չեն, այլ նաև ծայրահեղ վնասակար են ձեզ համար: Քանզի այն ամենակուլությունը, որն այժմ գոյություն ունի մոլորակի վրա, միլիոնավոր տարիների ընթացքում երբեք այդ աստիճանի չի եղել: Միշտ էլ շատ դրսևորումների նկատմամբ արգելք է դրված եղել, և այդ արգելքը գործի է դրվել կամ կրոնական, կամ էլ պետական մակարդակով: Հիմա անցել են այդ ժամանակները: Եվ ձեզ համար մատչելի են դառնում շատ բաներ, որոնք ձեզ համար օգտակար չեն, բայց և չեն էլ արգելվում: Եվ միայն ձեր գիտակցությունը կարող է ծառայել որպես գրաքքնիչ՝ արգելելով ձեզ անել այս կամ այն բանը, կարդալ այս կամ այն բանը:

Ըստ այդմ՝ մենք գալիս ենք, որպեսզի ձեզ հնարավորություն տանք պատկերացում կազմելու, թե ինչն է օգտակար ձեր գիտակցության համար, և թե ինչ է անհրաժեշտ ձեր զարգացման համար: Իսկ ընտրելը՝ ձեր ընտրությունը, դուք ինքներդ եք անում: Եվ այն ընտրությունը, որը դուք անում եք տառացիորեն այս օրերի ընթացքում, որոշում է ձեր հետագան, որոշում է ձեր անհատական զարգացման ընթացքը և էվոլյուցիայի այն ընթացքը, որը տեղի է ունենում Երկրի վրա:

Ձեզ ոչինչ չի արգելվում, բայց այն բարոյական օրենքը, որը գոյություն ունի ձեր ներսում, ինքը պետք է որոշի, թե ինչն է օգտակար և ինչը՝ոչ: Իսկ զանազանման շնորհը, որն այժմ ելնում է առաջին պլան, օդի ու սննդի պես անհրաժեշտ է ձեզ: Դուք պետք է սովորեք զանազանել: Եվ ձեր ներկա կյանքը վճռորոշ նշանակություն ունի ձեր հոգու էվոլյուցիայի համար: Քանզի ձեր ներկա կյանքում կատարած ընտրությունից է կախված ձեր հոգու էվոլյուցիայի հետագա ամբողջ ընթացքը: Կամ դուք հսկայական տեմպերով առաջ կգնաք, կամ էլ՝ քարշ կգաք էվոլյուցիայի պոչից: Եվ ես չեմ զարմանա, եթե մոտակա ձեր մարմնավորումներից մեկում ձեր կյանքը նմանվի Նոր Գվինեայի պես ինչ-որ վայրում ապրող պապուասների կյանքին, քանի որ այն նախընտրանքները, որոնք դուք ցուցաբերում եք այս կյանքում, հեռու չեն այն մակարդակից, ինչ ունեն պապուասները: Եվ դուք շարունակում եք ձեր էվոլյուցիայի փակուղային ճյուղը՝ նստելով խարույկի մոտ ու խժռելով ձեր բաժին միսը:

Աստված այնքան ողորմած է, որ բավարարում է ձեր ոչինչ չանելու ցանկությունը, բացի այն, որ ուտեք, քնեք ու կենակցեք: Նմանատիպ հետընթաց միշտ էլ եղել է մոլորակի վրա: Եվ այն ցեղախմբերը, որոնց դուք համարում եք որպես թերզարգացած մարդիկ, ինչ-որ ժամանակ կատարել են իրենց վերջնական ընտրությունը, երբ դրա ժամանակը հասած է եղել: Եվ նրանց էվոլյուցիոն ուղու հետագա ընթացքը փակվել է: Նրանք այժմ բեռնաթափում են իրենց ֆիզիկական և մյուս ստորին մարմինների կարման, բայց նրանց էվոլյուցիան վերջացած է, և տիեզերական աղբահավաքները նրանց վերացնում են էվոլյուցիոն զարգացման ուղու բեմից:

Ներկայումս, բոլոր տիեզերական ժամկետներին համապատասխան, դուք պետք է կատարեք ձեր ընտրությունը: Չափազանց շատ հոգիներ են կուտակվել Երկիր մոլորակի վրա, և հետագա էվոլյուցիայի համար նրանցից ոչ բոլորն են պիտանի: Որոշների համար ընտրության հարցն այնքան էլ սուր չի  դրված, և նրանք դեռևս կարող են անվտանգ կյանք վարել ու փորձել զարգացնել բարձրագույն գիտակցությունը: Մյուսների համար բոլոր ժամկետներն արդեն սպառված են, և նրանց ներկա մարմնավորումը վճռորոշ կլինի իրենց հոգու հետագա անհատական էվոլյուցիայի համար:

Ես չեմ ուզում ձեզ ահաբեկել, բայց մեզ նպատակահարմար է թվում, որ դուք ավելի գիտակից ձևով վերաբերվեք այն ընտրություններին, որոնք կանգնած են ձեր առջև, և հասկանաք, թե ինչ վտանգ է կախված ձեր գլխին, եթե ձեր ընտրությունը չտեղավորվի ընձեռնված տիեզերական հնարավորության շրջանակներում:

Այդ պատճառով ենք մենք այդքան բաց խոսում: Եվ ես ուրախ եմ, որ հասել է այն ժամանակը, երբ մենք կարող ենք ահա այսպես անմիջականորեն ասել ձեզ մեր հոգածության մասին: Եվ, եթե դուք հարկ չեք համարում մեզ լսել, ապա դա ձեր ընտրությունն է, որը դուք անում եք գիտակցաբար՝ առաջնորդվելով ազատ կամքի այն Օրենքով, որը գործում է ձեզ համար: Իսկ այդ Օրենքն ունի իր ժամանակային շրջանակները: Այն դեպքում, երբ մյուս Օրենքները գործում են մինչև երևակված տիեզերքի վերջը, ազատ կամքի Օրենքը դադարում է գործել այն ժամանակ, երբ ձեր զարգացումը չի տեղավորվում Օրենքով նախատեսված տիեզերական հնարավորության շրջանակներում: Ուստի՝ մենք նախազգուշացնում ենք: Ժամանակ դեռ կա, բայց շատ քիչ է մնացել, և շատերի համար ընտրության շրջանն ավարտվում է այս մարմնավորմամբ:

Ձեռքից բաց մի' թողեք ձեր շանսը և ձգտեցեք միշտ մնալ էվոլյուցիոն հնարավորության միջանցքում:

Համաձայնեք, որ եթե մարդը չի ուզում սովորել դպրոցում կամ ինստիտուտում, ապա ծնողները որոշ ժամանակ անց դադարեցնում են իրենց փորձերը, որպեսզի ստիպեն իրենց զավակին սովորել և թողնում են նրան իր կամքին: Նմանապես և մենք, մղելով ձեզ դեպի զարգացում և Օրենքին հետևում, որոշ ժամանակ անց դադարեցնում ենք մեր փորձերը և թողնում, որ դուք վայելեք ձեր կատարած ընտրության պտուղները՝ որևէ պապուասական ձեղախմբի կազմում:

Գիտակից ձևով վերաբերվեք այն ընտրություններին, որոնք դուք կատարում եք օր-օրի: Ձեր առաջընթացին զուգընթաց՝ ձեր ընտրությունները դառնում են ավելի ու ավելի քիչ միանշանակ ու ակնհայտ, պատրանքը նվազում է ձեր շուրջը, և ձեզնից պահանջվում է, որ ձեր մեջ զարգացնեք նուրբ աշխարհը տեսնելու Աստվածային որակներ ու ունակություններ, որպեսզի չմոլորվեք, լքեք պատրանքային աշխարհի սահմանները և բարձրանաք ձեր գիտակցության էվոլյուցիոն զարգացման նոր գալարի վրա: Եվ մենք ձեզ կանչում ու անխոնջ կերպով գալիս ենք, որպեսզի կրկին ու կրկին փորձենք ձեզ բացատրել համայն տիեզերքի Օրենքներին վերաբերող գիտելիքների հիմնադրույթները: Իսկ շատերը ձեռք են թափ տալիս մեզ վրա և շարունակում հափշտակված կարդալ ու վերընթերցել այն գրականությունը, որը քնացնում է իրենց Աստվածային հնարավորությունները և սնունդ տալիս պատրանքի ծավալմանը իրենց ստորին չորս մարմիններում:

Ֆիզիական տեսողությունից զատ՝ ձեզ տրված է նաև հոգևոր տեսողություն: Ինչու՞ չեք օգտագործում ձեր այդ շնորհը: Դեռ որքա՞ն պետք է ընկնեք այն բախտախնդիրների ազդեցության տակ, որոնք բուռները լցնում  են նրանով, որ մթագնում են ձեր ուղեղներն ու ստիպում, որ մեկը մյուսի հետևից սխալ ընտրություններ անեք: Ամբողջ զանազանումը՝ զանազանման ամբողջ մեխանիզմը, գտնվում է ձեր ներսում՝ ձեր սրտերում: Դուք բոլորդ ստեղծված եք ըստ Աստծո պատկերի և նմանության: Ինչու՞ եք մշտապես մոռանում այդ մասին և հենարան փնտրում ֆիզիկական աշխարհում, որպեսզի ցած չընկնեք: Ձեզ պետք չէ հենվել պայծառատեսների, էքստասենսների և գուշակ կանանց վրա: Դուք պարզապես պետք է օգտվեք զանազանման այն մեխանիզմից, որն առկա է ձեր ներսում: Ձեր Բարձրագույն Եսը հարյուր հազարավոր տարիներ է, ինչ սպասում է, թե երբ վերջապես ուշադրություն կդարձնեք իր վրա և կլսեք այն խորհուրդները, որոնք Ինքը պատրաստ է տալ ձեր սրտի անդորրության մեջ: Բայց ո՜չ, դուք մշտապես ձեր ուշադրությունը զբաղեցնում եք արտաքին չխչխկաններով՝ միայն թե չմեկուսանաք և ականջ չդնեք ձեր սրտին:

Այսօր ես խիստ խոսեցի: Բայց ուզեցի իմ սրտի ողջ կրակն ու մոխիրը տալ ձեզ, որպեսզի ջերմացնեմ ձեր սրտերն ու դուրս քաշեմ ձեզ տգիտության խավարի ցրտից, որի մեջ շարունակվում են գտնվել ձեզնից շատերը:

Ես ի կատար ածեցի այն, ինչի համար եկել էի: Եվ ես հանգիստ եմ նրանով, որ հիմա դուք այլևս չեք ասի, թե ոչինչ չգիտեիք, և ձեզ ոչ ոք չի նախազգուշացրել:

 

ԵՍ ԵՄ Զրադաշտը՝ ձեր նկատմամբ Սիրով, քանզի միայն Սերն ինձ մղեց ձեզ հետ այս զրույցին:

 

Տատյանա Միկուշինա, 2006

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ