Ես սրտից-սիրտ հաղորդակցության եմ ձգտում նրանց հետ, ովքեր պատրաստ են այդպիսի հաղորդակցությանը

Պաշտելի Հիսուս

8 հուլիս, 2006 թիվ

ԵՍ ԵՄ Հիսուս՝ այս օրով ձեզ մոտ եկածս, որպեսզի ձեզ տամ այն խրատները, որոնք նախապես պատրաստել էի:

Հաճախ չէ, որ մենք հնարավորություն ենք ունենում անմիջականորեն հաղորդակցվելու նրանց հետ, ովքեր այժմ գտնվում են մարմնավորման մեջ: Սակայն` իմ և ձեր միջև անմիջական հաղորդակցության այդ հնարավորությունը դրված է ձեր էության մեջ: Եվ, եթե դուք հանձն առնեիք ամբողջ սրտով, ամբողջ հոգով մղվելու դեպի մեր հաղորդակցությունը, ապա կկարողանայիք լսել ինձ: Ես կգայի ձեզ մոտ ճիշտ այնպես, ինչպես այժմ եկել եմ Տատյանայի մարմնական տաճարը, և այնժամ մենք կկարողանայինք զրուցել իրար հետ: Ես կկարողանայի խրատներ տալ ձեզ ուղղակիորեն՝ առանց միջնորդի մասնակցության: Եվ դա իմ կրքոտ ցանկությունն է՝ ուղղակի կապի մեջ մտնել ձեզնից յուրաքանչյուրի հետ:

Այս թելադրությունները կարդացող մարդկանց մեծ մասը ծանոթ են քրիստոնեության հետ: Սակայն դավանանքը որևէ խոչընդոտ չի հանդիսանում մեր հաղորդակցության համար: Քանզի մարդիկ իրենք են բաժանել հավատը տարբեր կրոնների: Եվ յուրաքանչյուր կրոնական համակարգ ձգտում է իրեն ենթարկեցնել իր հոտին ու արթուն կերպով հսկում է, որ նա չլքի իր եկեղեցու սահմանները: Սակայն ես կամ և ձգտում եմ հաղորդակցվել բոլորի հետ՝ անկախ այն բանից, թե ո'ր կրոնին եք հարում դուք և ձեր ընտանիքը: Աշխատե'ք ձեր գիտակցության մեջ ընդունել ինձ որպես Համբարձյալ Տիրակալի՝ ոչ թե որպես կուռքի, որին երկրպագում են աշխարհի քրիստոնյաներից շատերը: Ընկալե'ք ինձ որպես ձեր ավագ եղբայրը, ընկերը, ով պատրաստ է արձագանքել ձեր ամեն մի խնդրանքին և օգնության գալ, երբ դուք ինձ կանչում եք:

Ես այն Տիրակալն եմ, ով շատ մոտ է կանգնած Երկրի մարդկությանը, և դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե որքան մոտ է իմ ներկայությունը: Ես կարող եմ լինել ձեր ներսում ձեր այն աղոթքի պահին, երբ դուք ինձ եք դիմում: Եվ ես կարող եմ գալ ձեզ մոտ ձեր մեկուսի լռության մեջ այն ժամանակ, երբ դուք անկեղծ մտադրություն ունեք հանդիպել ինձ հետ և խորհուրդ խնդրել կյանքի դժվարին իրադրության վերաբերյալ: Մի' ամաչեք դիմել ինձ: Ես Համբարձյալ Տիրակալ եմ հանդիսանում, և ես ծառայում եմ Երկրի մարդկությանն այն ժամանակից ի վեր, երբ աշխարհից փոխվեցի այն կյանքում, որի ընթացքում ես Հիսուսն էի: Այդ ժամանակից սկսած՝ ես հաճախ եմ երևում նրանց, ովքեր իսկական քրիստոնեական հավատ ունեն իրենց սրտերում: Ո'չ նրանց, ովքեր քրիստոնեական կրոնը դարձրել են իրենց գոյատևման աղբյուրը, ո'չ էլ նրանց, ովքեր կեղծ բարեպաշտությամբ հետևում են եկեղեցական դոգմաներին ու կանոններին: Ես սրտից-սիրտ հաղորդակցության եմ ձգտում նրանց հետ, ովքեր պատրաստ են այդպիսի հաղորդակցությանը: Շատ-շատերի համար ես հանդիսանում եմ ոչ այնքան քրիստոնեական սիմվոլ, որքան ընկեր: Եվ շատ մարմնավորումներ առաջ ես հանդիպել եմ ձեզ հետ և տվել իմ Ուսմունքը՝ որպես Հիսուս եղած իմ մարմնավորման ընթացքում: Եվ հիմա էլ մեր կապը չի ընդհատվել նուրբ պլանում: Դուք հնարավորություն ունեք ձեր քնի ընթացքում ուսուցում ստանալու իմ մենաստանում: Ես կոչ եմ անում նրանց, ովքեր դեռևս չեն օգտվում մեր հաղորդակցության հնարավորությունից, որ սկսեն օգտվել այդ հնարավորությունից: Եթե քնից առաջ դուք գտնվում եք հանգիստ, ներդաշնակ վիճակում, ապա աղոթքից հետո մտքով կարող եք մղվել ինձ հետ հանդիպման, և մենք անտարակույս կհանդիպենք ձեր գիշերային քնի ընթացքում: Ես կպատասխանեմ ձեր հարցերին և կցուցաբերեմ ամբողջ հնարավոր օգնությունը: Թող ձեզ չանհանգստացնի այն, որ արթնանալուց հետո դուք չեք կարողանա հիշել մեր հանդիպման բոլոր մանրամասները: Հնարավոր է, որ ընդհանրապես չհիշեք, որ մեր հանդիպումը կայացել է: Բայց դա կարևոր չէ, քանի որ ձեր կյանքում դուք կօգտվեք ձեր ստացած խրատներից՝ նույնիսկ եթե դա տեղի ունենա ձեր արտաքին գիտակցության սահմաններից դուրս: Ուստի պահպանե'ք ձեր մեջ ինձ հետ հանդիպելու ձեր մղումը, և մենք անտարակույս կհանդիպենք:

Մի' ակնկալեք, որ ես կգամ ձեզ մոտ ինչպես մի մարդ, ով էկել է ներս՝ լուսամուտից լույս նկատելով: Ո'չ, մեր հաղորդակցությունը կկայանա նուրբ պլանում: Եվ դուք պետք է գործադրեք ձեր ջանքերը, որպեսզի լսեք ինձ: Ես խոսելու եմ ձեր հոգու կամ ձեր Բարձրագույն Եսի հետ: Եվ իմ խոսքերը դուք կլսեք ձեր սրտում: Դրանք սովորական մարդկային խոսքեր չեն լինի, և նույնիսկ դրանք կարող են մտքեր չլինել: Դա կլինի իմ ներկայության զգացողությունը և այն բանի զգացողությունը, որ դուք լցվում եք իմ էներգիայով: Ես կլցնեմ ձեր սրտի թասը կենարար հեղուկով և կտամ ձեզ հանդարտություն, հանգստի ու երանության զգացողություն. այն ամենն, ինչի պակասն ունեք ձեր կյանքում: Եվ այն բանից հետո, երբ իմ թասից կխմեք երանության նեկտարը, դուք կհասկանաք, որ այն ամենն, ինչը ձեզ անհանգստացնում էր ու տանջում՝ ձեր բոլոր պրոբլեմները, քաշվել են մի կողմ: Եվ դրանցից շատերն այլևս ձեզ մոտ չեն վերադառնա, որովհետև ես ձեզ տվել եմ իմ գիտակցության մի մասնիկը: Եվ, քանի որ ձեր գիտակցությունը փոխվել է, դուք այլևս չեք ներգրավվի այն կարմայական իրավիճակների մեջ, որոնք ձեզ պատճառում էին տագնապ ու անհանգստություն:

Ձեզ տրվում է ձեր Հավատի չափով: Եվ, եթե ձեր Հավատն ամուր է, իսկ ձեր մղումը չի կարող խաթարվել ոչ մի կենսական անհաջողությամբ, ապա մենք միշտ էլ կհանդիպենք: Եվ ես մեծ հույսեր ունեմ, որ մենք կհանդիպենք: Քանզի ինձ հետ ձեր հանդիպումը ձեզ համար հանդիսանում է այն օգնությունը, որը տրվում է Երկնոլորտների կողմից:

Մի' հավատացեք նրանց, ովքեր ասում են, թե ձեզ միջնորդ է պետք ինձ հետ հաղորդակցվելու համար: Ո'չ, մենք կարող ենք հանդիպել ձեր սրտի անդորրության մեջ, և ես կօգնեմ ձեզ ձեր ընթացիկ խնդիրների լուծման գործում: Սակայն, Հավատի ու նվիրվածության այն աստիճանը, որը թույլ է տալիս ինձ ներկա գտնվելու ձեր աուրայում, այնքան էլ հաճախ չի հանդիպում մարդկանց մեջ: Ես չեմ կարող գալ ձեզ մոտ, եթե դուք գտնվում եք խոշոր քաղաքում, և եթե դուք չափից դուրս շատ եք մտահոգված ձեր երկրային խնդիրներով ու գործերով: Ես չեմ կարող գալ ձեզ մոտ, եթե դուք կրում եք այնպիսի սովորություններ, որոնք բաժանում են մեզ իրարից: Ես նկատի ունեմ ձեր կրքերից յուրաքանչյուրը՝ հակումը դեպի ալկոհոլը, նիկոտինը, հեռուստադիտումը, ինչպես նաև գիտակցության այն անորակ վիճակները, որոնք հետապնդում են ձեզ՝ նեղացկոտությունը, նախանձը, խանդը, չարամտությունը:

Ես չեմ կարող ներկա գտնվել ձեր աուրայում, եթե դուք բեռնավորված եք այդպիսի թերություններով և ցանկացած այլ թերություններով, որոնք ինքներդ էլ կարող եք թվարկել, քանի որ չափազանց լավ գիտեք դրանց մասին և չեք կարողանում դրանցից ձերբազատվել՝ մի մարմնավորումից մյուսին անցնելով:

Ես բաց եմ հաղորդակցության համար, բույց դուք ինքնե'րդ պետք է ջանքեր գործադրեք, որպեսզի մոտենաք ինձ, բարձրացնեք ձեր թրթիռները մինչև այն մակարդակին, որի դեպքում մեր հաղորդակցությունը կարող է տեղի ունենալ: Եվ ձեզնից յուրաքանչյուրը լավ գիտի իր այն թերությունները, որոնք խանգարում են իրեն՝ մոտենալ ինձ, բայց և դուք չեք շտապում հրաժեշտ տալ ձեր թերություններին ու պրոբլեմներին:

Դե ինչ, ես կսպասեմ, մինչև որ դուք հասունանաք և որոշեք անմիջականորեն հաղորդակցվել ինձ հետ: Իսկ հիմա՝ ես օգտվում եմ այս հնարավորությունից և ձեզ հետ խոսում եմ այս դեսպանորդի միջոցով: Ինչպես նաև ձեզ հիշեցնում եմ քնի ժամանակ ինձ հետ հանդիպելու հնարավորության մասին:

Մեր հանդիպման հնարավորությունը գոյություն ունի միշտ, և միայն դուք ինքնե'րդ եք սահմանափակում մեր հաղորդակցության հնարավորությունը:

Իսկ այժմ ես կուզենայի մաղթել ձեզ, որ դուք ձեռք բերեք այն ներքին մղումը, որով կհաղթահարեք ձեր բոլոր թերությունները, և որը թույլ կտա ձեզ առանց կանգառի բարձրանալ Աստվածային գիտակցության գագաթը՝ առանց այնտեղից ներքև սահելու: Քանզի երբեմն ձեր մեն մի սխալ ընտրությունը բավարար է, որպեսզի դուք մինչև ձեր ընթացիկ մարմնավորման ավարտն ի չիք դարձնեք մեր հաղորդակցության հնարավորությունը: Զգու՜յշ եղեք ձեր կյանքի ընթացքում և կշռադատե'ք ձեր յուրաքանչյուր ընտրությունն ու քայլը:

Քանզի շատ են այն մենաստանները, որոնք գոյություն ունեն աստրալային պլանում և ձգտում են ձեզ հետ կապի մեջ մտնել, որպեսզի հանձինս ձեզ՝ ձեռք բերեն իրենց կամքի ու մտահղացումների իրագործողին: Իսկ այդպիսի էությունների հետ շփման ու փոխազդեցության մեջ մտնելը շատ ավելի հեշտ է, քան ինձ հետ հաղորդակցության ու փոխազդեցության մեջ մտնելը: Դրա համար չի պահանջվում, որ դուք հրաժեշտ տաք ձեր սովորություններից և ոչ մեկին:

Ըստ այդմ՝ ինքներդ միշտ կարող եք իմանալ, թե ում հետ եք հանդիպում նուրբ պլանում. ի՞նձ հետ, թե՞ իմ կրկնակի հետ, որը Լույսից չէ: Իսկ այդ հարցի պատասխանի բանալին ձեր գիտակցության մաքրությունն է և այն սովորություններն ու կապվածությունները, որոնցից դուք չեք կարողանում ձերբազատվել:

Դուք նույնիսկ կարիք չունեք որևէ մեկին հարցնելու, թե ում հետ եք հանդիպում նուրբ պլանում: Բավական է՝ պարզապես անկողմնակալ ձևով վերլուծեք ձեր մտքերը, ձեր կենսակերպն ու շրջապատի մարդկանց հետ ձեր փոխհարաբերությունները:

Ըստ այդմ՝ ամեն ինչ ձեր ուժերի սահմաններում է, և դուք ինքնե'րդ եք որոշում կայացնում, թե ում հետ կապի մեջ մտնեք նուրբ պլանում:

Զանազանման շնորհը ձեզ համար անհրաժեշտություն է, բայց երբեմն, որպեսզի զանազանեք, ոչ մի շնորհ էլ պետք չէ, այլ պարզապես պետք է վերլուծեք ձեր մտածելակերպը, ձեր սովորություններն ու կապվածությունները:

Ես չեմ կորցնում ձեզ հետ հանդիպելու իմ հույսը: Եվ ես անհամբերությամբ սպասում եմ մեր հանդիպմանը:

ԵՍ ԵՄ Հիսուս՝ ձեր նկատմամբ վիթխարի Սիրով լի:

Տատյանա Միկուշինա, 2006

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ