Կարմայի Օրենքի հասկացության ընդլայնումը

Պաշտելի Կութհումի

6 հուլիսի, 2006 թիվ

ԵՍ ԵՄ Կութհումին՝ այս օրով ձեզ մոտ եկածս:

Ժամանակի այն ընթացքում, երբ մենք ձեզ հետ չէինք հանդիպում, ես հնարավորություն ունեցա վերլուծել ու գիտակցել այն պատասխանատվությունը, որն ինձ ու ձեզ վրա է դնում մեր հաղորդակցությունը: Քանզի, եթե դուք մտորեք, ապա կհանգեք այն անխուսափելի եզրակացությանը, որ այն ամենն, ինչ տեղի է ունենում մեր հաղորդակցության՝ մեր թելադրությունների ընդունման ընթացքում, զարմանալի արժեք ունի և ենթակա է հարգալից ու հոգատար վերաբերմունքի: Հնարավոր է՝ սկզբում դուք չգիտակցեք և մեծ նշանակություն չտաք մեր ուղերձներին, բայց այն բանին զուգընթաց, երբ կարդում եք մեր ուղերձներն ու պարուրվում մեր էներգիաներով, դուք ավելի ու ավելի շատ եք կարևորում մեր հաղորդակցության րոպեներն ու գնահատում եք և' մեր ուղերձների որակը, և' մեզ հետ հաղորդակցության հնարավորություն ունենալու հանգամանքը: Ըստ այդմ՝ ես այսօր եկել եմ, որպեսզի խոսեմ ձեզ հետ՝ ինչպես հին ընկերների հետ: Դեռ ավելին՝ ես ձեզ կարող եմ ասել, որ ձեզնից շատերի հետ ձեր գիշերային քնի ընթացքում ես համարյա ամեն օր հանդիպում եմ եթերային պլանի իմ մենաստանում: Եվ այն գիտելիքները, որոնք ինձնից դուք ստանում եք իմ մենաստանում ինձ հետ հաղորդակցվելու ընթացքում, եթե իրենց հաստատումն են գտնում այս թելադրություններում, ապա նոր աճ են ապրում ձեր գիտակցության մեջ, և դուք սկսում եք գիտակցված ձևով շատ բաներ անել ֆիզիկական պլանում: Եվ ձեր գիտակցությանն են հասնում այնպիսի ճշմարտություններ, որոնք այլ կերպ չէին կարող ներթափանցել ձեր հոծ աշխարհը:

Եվ մենք շարունակում ենք ձեզ հետ համատեղ տարվող գործունեությունն՝ ուղղված ձեր ֆիզիկական աշխարհի ձևափոխմանը: Եվ մեր ու ձեր համատեղ գործունեությունը ենթադրում է ոչ թե մեր խորհուրդներին ու հանձնարարականներին ձեր կուրորեն ենթարկվելը, այլ ձեր կյանքերում բոլոր ձեր ստացած գիտելիքների ստեղծագործական կիրառումը: Մեզ պետք չեն կույր հետևորդներ, ովքեր հենց առաջին բառից պատրաստ են անել այն, ինչ ասում ենք: Մեզ պետք են գիտակից, խոհուն աշակերտներ, ովքեր ոչ թե պարզապես առանց մտածելու անում են ինչ-որ բան, այլ գիտակցորեն իրենց արտաքին գիտակցության մեջ բեկում են ստացած գիտելիքները, գտնում են այն լավագույն տարբերակը, որով հնարավոր է դառնում մեր պլանների օպտիմալ իրականացումը:

Այդպիսով՝ դուք մասնակից եք դառնում տիեզերական համատեղ արարմանը: Եվ մենք բարձր ենք գնահատում մեր այն աշակերտներին, ովքեր մի ուսուցչից մյուսի մոտ վազելու փոխարեն, որպեսզի ձեռք բերեն հանապազօրյա կենսական իրավիճակներին վերաբերող խորհուրդներ, կարող են բարձրացնել իրենց գիտակցությունը կենցաղային ու առօրեական գործերից վեր, տեսնել բացվող հեռանկարները և ձեռնամուխ լինել դրանց կենսագործմանը՝ չսպասելով, թե երբ իդեալական պայմաններ կդասավորվեն ֆիզիկական պլանում: Ձեր զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դուք հաղթահարում եք ինքներդ ձեզ և այն դժվարությունները, որոնք ձեր կյանքում շրջապատում են ձեզ: Հարկ չկա վախենալու կյանքի պրոբլեմներից և ձեզ հետապնդող անհաջողություններից: Ամբողջ բանն այն է, թե դուք ինչպես եք վերաբերվում պրոբլեմներին ու անհաջողություններին: Ուսմունքը տալիս է ձեզ ճիշտ մոտեցումներ: Եվ դուք ինքներդ, առաջնորդվելով ձեր մոտեցումներով, կառուցում եք ձեր կյանքերը:

Դուք փոխում եք ձեր գիտակցությունը և սկսում եք այլ կերպ վերաբերվել այն խնդիրներին, որոնց հետ բախվում եք, վերլուծում եք ձեր առջև ծագած խնդիրներն ու խոչընդոտները և ձեր երախտագիտությունն եք հայտնում Աստծուն այն բանի համար, որ Նա ձեզ հնարավորություն է տվել գիտակցել անցյալի սխալները և դրանք ուղղել՝ ձեր առջև ծագած խնդիրների նկատմամբ ճիշտ վերաբերմունք դրսևորելու ճանապարհով:

Երբեք չպետք է մատնվել հիասթափության ու վհատության: Դուք ուսմունք եք ստանում այն բանի համար, որպեսզի ձեր մեջ ճիշտ վերաբերմունք ձևավորեք այն ամենի նկատմամբ, ինչն ուղեկցում է ձեզ ձեր կյանքերում, և ինչի հետ որ բախվում եք: Եվ, եթե ձեզնից որոշներն իմ օգնությամբ, կամ հենվելով ներքին ինտուիցիայի՝ Բարձրագույն Եսի հուշվածքի վրա, գիտակցում են այն պատճառը, որը կարմայորեն հանգեցրել է ձեր կյանքում այս կամ այն իրավիճակի առաջացմանը, ապա նրանք սկսում են բազմաթիվ անգամ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ Նա թույլ է տվել այդպիսի հեշտ եղանակով մարել կարմայական պարտքը:

Իրոք՝ Երկնոլորտների ողորմածությունն անսահման է, և հենց միայն դու'ք եք ունակ ձեր անխոհեմ վարքով առաջացնել այն խնդիրների ու դժբախտությունների պատճառները, որոնց հետ բախվում եք ձեր կյանքերում: Երբեմն ձեր այդ խնդիրներն այնքան մեծ են, որ տառացիորեն ձեր ամբողջ կյանքում խաչ է քաշվում նույնիսկ Եղբայրությանը լրիվ չափով ծառայելու ձեր հնարավորության վրա: Քանզի՝ դուք չափից դուրս ծանրաբեռնված եք լինում կարմայական պարտքերով: Բայց այն իմաստությունը, որը դուք ձեռք եք բերում մեզ հետ հաղորդակցվելու միջոցով, ձեզ օգնում է գիտակցել, որ հաջորդ կյանքում դուք կկարողանաք շարունակել ձեր ծառայությունը, և ձեր կյանքում կստանաք այնպիսի հանգամանքներ, որոնք այնքան էլ բարդ ու ծանրացուցիչ չեն լինի ձեզ համար: Քանի որ դուք այս կյանքում արդեն բեռնաթափել եք ձեր կարմայական պարտքերի մեծ մասը: Եվ, քանի որ դուք ինքներդ եք բեռնաթափել ձեր պարտքերը, ապա ձեր զավակներն անհամեմատ ավելի փոքր բեռ կկրեն: Քանզի կարմայի հատկությունն այնպիսին է, որ երբեմն չմարված կարմայական բեռը՝ որպես ծանր լուծ, նստում է զավակների ու թոռների վրա: Ըստ այդմ՝ ուրա'խ եղեք այն դժբախտությունների ու աղետների համար, որոնք ձեր գլխին են թափվում: Դրանով հանդերձ դուք նախապատրաստում եք պայծառ ապագա ինչպես ձեզ համար՝ հաջորդ կյանքում, այնպես էլ ձեր զավակների ու թոռների համար՝ այս կյանքում: Կարմայի Օրենքի ճիշտ ըմբռնումը ձեզ երջանիկ է դարձնում նույնիսկ այն ժամանակ, երբ ձեզ շրջապատող մարդկանց կարծիքով դուք ձեր ուժերից վեր կարմայական բեռ եք կրում:

Ամբողջ բանն այն է, թե ինչպես է ձեր արտաքին գիտակցությունը վերաբերվում ձեր բեռնվածությանը: Ըստ այդմ՝ երբեք մի տխրեք ձեր պրոբլեմների պատճառով: Բարի եղեք ուրախանալ, որ ընթացիկ ձեր խնդիրների հաղթահարմամբ դուք պայծառ ապագա եք պատրաստում և' ձեր, և' ձեր զավակների ու թոռների համար:

Հաջորդ սերունդն անհամեմատ ավելի երջանիկ կլինի, քան դուք, քանի որ ձեզնից շատերն այս կյանքում իրենց վրա են վերցրել կարմայի բեռնաթափման չափազանց շատ պարտավորություններ: Դուք դա արել եք գիտակցաբար, որպեսզի արագացնեք Երկրի վրա տեղի ունեցող բարեփոխումների ու փոփոխությունների գործընթացը: Եվ ձեր շրջապատից նրանք, ովքեր ձեզ մատնացույց են անում, թե դուք երևի չափազանց շատ մեղքեր եք գործել, եթե ձեր բեռն այդքան ծանր է, ոչինչ չեն հասկանում Կարմայի Օրենքի գործողությունից, և նրանց գիտակցությունն ընդունակ չէ գիտակցել այն ամբողջ զոհողության չափը, որը դուք մարմնավորվելուց առաջ կամավոր կերպով ձեզ վրա եք վերցրել: Սակայն մենք՝ Համբարձյալ Դասերս, շատ բարձր ենք գնահատում ձեր զոհողությունը: Դեռ ավելին՝ մենք պատրաստ ենք արձագանքել ձեր խնդրանքին և օգնել այնքան, որքան Օրենքը թույլ է տալիս, որպեսզի թեթևացնենք ձեր բեռնվածությունը: Երբեմն այն դեպքերում, երբ այս կյանքում ձեր ստեղծած բարի կարման թույլ է տալիս, մենք կարող ենք ձեր կանչով գալ և ձեզ օգնել այնպիսի իրադրության մեջ, երբ ձեզ արդեն թվում է, որ այլևս ուժ չունեք այն հաղթահարելու: Եվ ձեր կանչից որոշ ժամանակ անցնելուց հետո դուք զարմանքով հետ եք նայում ու հասկանում, որ այն ինչ անհաղթահարելի լուծի պես ընկած էր ձեր ուսերին, հանկարծ չքացել է, գոլորշիացել, ընկել ձեր ուսերի վրայից: Իսկ այդպիսի դեպքում երբեք մի' մոռացեք փառաբանել Երկնոլորտներին և հղել ձեր երախտագիտությունը: Լավագույն շնորհակալությունը ձեզ համար կլինի այն ծառայությունը, որը դուք ունակ եք իրագործել հանուն Երկրի վրա կյանքի բարօրության:

Այժմ ես կտամ մի բանաձև, որին դիմելով դուք կարմայական բեռի թեթևացում կստանաք այն դեպքերում, երբ ձեր բարի կարման դա թույլ է տալիս: Եվ այսպես, դուք ասում եք.

Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, հանուն իմ հզոր ԵՍ ԵՄ Ներկայության, հանուն իմ սուրբ ԵՍ-Քրիստոսի (կարելի է պարզապես՝ հանուն ամենակարող Աստծո), ես դիմում եմ Մեծ Կարմայական Վարչությանը և խնդրում ձեզ՝ օգտագործել իմ բարի նվաճումների մոմենտումը, որպեսզի մարվի այն կարման, որը բերել է... (այնուհետև՝ դուք պետք է նկարագրեք այն իրադրությունը, որում ուզում եք ստանալ Կարմայական Վարչության օգնությունը):

Թող ամեն ինչ լինի Աստծո Կամքով:

Դուք կարող նամակ գրել, բարձրաձայն կարդալ ձեր դիմումը և այրել նամակը՝ հասցեագրելով այն Կարմայական Վարչությանը: Եթե ձեր ձեռք բերած բարի կարմայի պաշարը թույլ տա, և Կարմայական Վարչությունը հնարավոր համարի ձեր խնդրանքի բավարարումը, ապա ձեր կարմայական իրավիճակն այս կամ այն չափով կլուծվի:

Ձեզ նախկինում տրված հնարավորությանը* համապատասխան՝ քնի ընթացքում նուրբ մարմնով ձեզ կկանչեն Կարմայական Վարչության նիստին, և ձեր հոգին պետք է հաստատի ձեր այն խնդրանքը, որը դուք գրել եք ձեր արտաքին գիտակցությամբ:

Երբեմն լինում են դեպքեր, երբ մարդու արտաքին գիտակցությունն այլևս չի ուզում դիմանալ կարմայական բեռին, բայց մարդու հոգին հրաժարվում է օգնությունից: Այդպիսի դեպքում Կարմայական Վարչությունը նախապատվություն է տալիս ձեր հոգու կարծիքին: Ըստ այդմ՝ եթե որոշակի ժամանակահատվածի ընթացքում ձեր խնդրանքը չի բավարարվում, դուք կարող եք խոսել ձեր հոգու հետ և փորձել նրա հետ համաձայնության գալ տվյալ հարցի շուրջ:

Ես ձեզ շատ եմ խորհուրդ տալիս՝ գործելակերպ դարձնել ձեր հոգու հետ զրույցներ վարելը: Եվ լավ կլինի Կարմայական Վարչությանը նամակ հղել այն բանից հետո, երբ ձեր հոգու հետ դուք արդեն պայմանավորվել եք:

Դուք բազմաշերտ էակներ եք հանդիսանում: Դուք շատ մարմիններ ունեք: Այդ պատճառով ձեզ անհրաժեշտ է հասնել ձեր բոլոր մարմինների ներդաշնակությանն ու միասնությանը: Մարդկանց մեծ մասի մարմիններն այնքան անհավասարակշիռ վիճակում են, որ նույնիսկ չեն կարող հաշիվ տալ իրենց, թե ինչպես հաշվի առնեն բոլոր մարմինների հետաքրքրությունները: Դադարե'ք ձեզ նույնացնել միայն նրա հետ, ում հայելու մեջ տեսնում եք ձեր առջև: Դուք անհամեմատ ավելի մեծ եք ձեր ֆիզիկական մարմնից: Եվ մարդկության զարգացման հաջորդ փուլը կլինի ձեր նուրբ էության գիտակցումն ու այդ էության դրսևորման համար ներդաշնակ պայմանների ստեղծումը: Քանզի այն պայմանները, որոնցում դուք ապրում եք, երբեմն ընդհանրապես չեն համապատասխանում այն բանին, որ դուք կարողանաք ներդաշնակություն հաստատել ձեր նուրբ մարմիններում: Դա մարդկության զարգացման հաջորդ փուլն է: Սակայն դուք այժմ արդեն պետք է մտահոգվեք ձեր բոլոր մարմինների ներդաշնակ զարգացման համար ձեր շուրջը պայմաններ ստեղծելու խնդրով:

Ես այսօր ձեզ շատ նոր բաներ տվեցի: Եվ ես լքում եմ ձեզ՝ նոր հանդիպումների հույսով:

ԵՍ ԵՄ Կութհումին

*Թույլ տվեք ինքներդ ձեզ՝ ձեր գիտակցությամբ դուրս գալ ձեր ընտանիքի, ձեր քաղաքի, ձեր երկրի շրջանակներից և ընդունել ամբողջ Երկիրը որպես ձեր հարազատ տուն Տեր Մայտրեյա 5 հունիսի, 2006 թիվ

Տատյանա Միկուշինա, 2006

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ