Ձեզնից յուրաքանչյուրին, ով կհաղթահարի պատրանքը, Ես կդիմավորեմ անձամբ...

 

Պաշտելի Ալֆա

21 դեկտեմբերի, 2016 թ.

 

ԵՍ ԵՄ Ալֆան՝ ձեր Երկնավոր հայրը:

Այսօր, սիրելինե՛րս, Ես կուզենայի ձեզ հետ զրույց վարել ձեր հոգևոր փրկության վերաբերյալ:

Աշխարհում ամեն ինչ շատ արագ է փոխվում, և այդ փոփոխություններն անխուսափելիորեն ազդում են ձեր հոգու վրա:

Աշխարհում կա Ճշմարտություն: Եվ այդ Ճշմարտությունն Աստծո մեջ է:

Երբ Աստված հեռանում է ձեր կյանքից, դա իր անխուսափելի ազդեցությունն է ունենում ձեր հոգու վրա:

Հոգին կարոտում է, բայց չգիտե, թե ինչպես դուրս պրծնի պատրանքի գերությունից:

Ուստի Ես այցի եմ գալիս ձեզ, սիրելինե՛րս:

Մարմնավորման մեջ գտնվող յուրաքանչյուր հոգու նկատմամբ հոգածությունն անմիջական պահանջ է Ինձ համար: Ձեզնից յուրաքանչյուրին Ես սիրում եմ հայրական Սիրով: Եվ Երկնքում սպասում եմ ձեզնից յուրաքանչյուրին:

Մեծ ու փոքր սխալները, մոլորություններն անխուսափելի են Տունդարձի Ուղու վրա: Սակայն Ես եկել եմ, որ ձեզ զգուշացնեմ այն վտանգից, որը հենց հիմա, ժամանակի այս պահին է կանգնած ձեր Ուղու վրա:

Համբարձյալ Դասերի գլխավոր հոգսը ձեր հոգիների փրկությունն է:

Եվ այնժամ, երբ հոգին ենթարկվում է մահացու վտանգի, դա անհանգստություն է առաջացնում Լույսի ամբողջ Հիերարխիայում:

Ձեր աշխարհը խավարի ուժերի ազդեցության տակ է ընկել: Բոլորաշրջանների հերթագայության ընթացքում այդ փուլն անխուսափելի է:

Դեռևս մի քանի տարի առաջ Ես չէի անհանգստանում մարդկության էվոլյուցիայի հարցով, քանզի այդ փուլի անվտանգ հաղթահարման համար ձեռնարկված էին բոլոր միջոցները:

Սակայն այն բանի պատճառով, որ Լույսի շատ զավակներ սխալ ընտրություններ կատարեցին, իրավիճակն ավելի ու ավելի վատթարացավ: Եվ հիմա Ես անհանգստացած եմ մարմնավորված այն լուսավոր հոգիների համար, որոնք կարող են և չվերադառնալ Իմ Աշխարհ:

Միանգամայն հնարավոր է...

Աշխարհը, որն իրեն կտրում է Աստծուց, դրանով իսկ դատապարտվում է մահացման՝ աստիճանական հետընթացի ու մահվան: Մահանում է հին աշխարհը, և դրան զուգընթաց տեղ է բացվում Նոր, Աստվածային Աշխարհի համար:

Սակայն հնից Նորին անցնելու հենց այդ ժամանակն է, որ ամենավտանգավորն է լինում շատ հոգիների համար: Քանզի նրանք կորցնում են աստվածային կողմնորոշիչները և կարող են մոլորվել ու մահանալ, այդպես էլ պատրանքից դուրս գալու ելք չգտնելով:

Ներկայումս ձեր շրջակա աշխարհը հակասության մեջ է մտել Աստծո մտահղացման հետ:

Նորացման էներգիաներն առատ հոսքով ներթափանցում են ձեր աշխարհ, սակայն հին աշխարհի դոգմաները, որոնք հիմնված են նյութական էներգիաների գերիշխանության և հոգևորի նկատմամբ նյութական արժեքների գերակայության վրա, ընդդիմանում են նորացման էներգիաների հոսքին:

Սակայն երկար ժամանակով հնարավոր չէ դիմակայել Աստծո էներգիաներին:

Որքան ուժեղ լինի դիմադրությունը, այնքան կործանարար կլինեն դրա հետևանքները:

Հակընդդեմ ուժերը ներկայումս որքան ավելի շատ ջանքեր են գործադրում Աստծո Աշխարհին ու մարդկության զարգացման աստվածային Ուղուն դիմակայելու համար, այնքան ավելի ավերիչ կլինեն այդ դիմակայության հետևանքները:

Արդ, Մենք նախապես տվեցինք Մեր խրատներն այս դժվար ժամանակների վերաբերյալ:

Որ զոհեր չինեն:

Որ քիչ լինեն տառապանքները:

Սակայն Մենք չենք կարող խախտել ազատ կամքի Օրենքը. մարդկության մեծամասնությունն ընտրել է Աստծուց հրաժարվելու ուղին:

Աստծո դեմ կռիվ տալու ուղին ավերիչ ուղի է:

Ճակատամարտի ելքը կանխորոշված է:

Հին աշխարհի կործանումն անբեկանելի է:

Մեր խնդիրն է՝ հնարավորինս ավելի շատ հոգիների փրկել այս բարդ ժամանակներում:

Ուստի ձեզ Ուսմունք է տրվում:

Սիրելինե՛րս, Ես շատ լավ եմ հասկանում, թե ձեզ համար որքա՜ն դժվար է խավարում կողմնորոշվելը, երբ հակընդդեմ ուժերը գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի ձեզնից թաքցնեն Աստծո Ճշմարտությունը:

Կյանքի բոլոր ոլորտներն աղճատված են:

Ոչ մի տեղ Ճշմարտություն չկա:

Ոչ մի կրոնում:

Ոչ մի դավանանքում:

Ոչ մի գիտական ուսմունքում:

Ահավոր ժամանակներ են:

Խավար ժամանակներ:

Սակայն հատկապես հիմա է, որ դուք առավելագույն ջանքեր պետք է գործադրեք ձեր հոգիները փրկելու համար:

Փրկվելու հնարավորություն ունեն բոլոր այն հոգիները, որոնք, անկախ արտաքին հանգամանքներից, ներքին համալարվածություն են պահպանում Աստծո Աշխարհի հետ:

Գնալով ավելի ու ավելի է դժվարանում այդ համահնչունությունը պահպանելը:

Սիրո և Հավատի վիթխարի ուժ է պահանջվում դիմանալու համար:

Պահանջվում է վերահսկել ամեն մի ցանկությունը:

Պահանջվում է Բարձրագույն Ես-ին հանձնել ամեն մի ընտրության վերահսկումը:

Պահանջվում է անդունդն անցնել ոստայնի թելի վրայով:

Ուստի, խնդրու՜մ եմ, աչքաթող մի՛ արեք Մեր խորհուրդները:

Վերընթերցե՛ք մեր Դեսպանորդի միջոցով տրված բոլոր Ուղերձները:

Անխտիր բոլորը:

Հենց դրանցում կգտնեք այն թելը, որը պատրանքի բավիղից ձեզ դուրս կհանի դեպի Աստծո Աշխարհ:

Եվ ձեզնից յուրաքանչյուրին, ով կհաղթահարի պատրանքը, Ես կդիմավորեմ անձամբ...

Հարկավոր է, որ պահպանեք ձեր Հավատն ու նվիրվածությունը:

Ես սպասում եմ ձեզ...

 

ԵՍ ԵՄ Ալֆան, ձեր Երկնավոր հայրը

 

Տատյանա Միկուշինա, 2016 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

Գլխավոր էջ     Նախորդ էջ      Հաջորդ էջ