Մենք հստակ ցույց ենք տալիս Ուղին

 

Վեհապետ Մորիա

27 դեկտեմբերի, 2014 թ.

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան:

Դե ինչ, ահա և եկավ այս բոլորաշրջանի վերջին Ուղերձը տալու ժամանակը:

Ափսոս, որ բաժանվում ենք, բայց Աստվածային հնարավորության ժամանակն ավարտվեց:

Մենք ափսոսանքով հանգում ենք անսփոփ այն եզրակացությանը, որ մեր էներգիաների ու ջանքերի մեծ մասը, որոնք այս տասը տարիների ընթացքում ծախսեցինք մեր Ուղերձները տալու համար, չի յուրացվել մարմնավորման մեջ գտնվող մեր սաների կողմից:

Չափազանց թույլ է մեր ձայնը, հազիվ է լսվում այն ժխորի ֆոնում, որն անընդհատ ողողում է ձեր աշխարհը հեռուստացույցների էկրաններից ու բարձրախոսներից:

Եվ դա դեռ դժբախտության կեսն է: Գլխավոր դժվարությունն այն է, որ դուք ինքներդ ձեր գիտակցությունը հուսալիորեն արգելափակում եք մեր թրթիռներից:

Մենք գալիս և անխոնջ կերպով մեր ճառագայթներն ենք առաքում ձեր քնած գիտակցությունն արթնացնելու համար:

Եվ ահա, երբ մենք վերջապես անասելի ջանքերի և ահռելի Աստվածային ողորմածության շնորհիվ  կարողացանք ձեր աշխարհին փոխանցել մեր անգին Ուսմունքը, տասը տարի անցնելուց հետո ի՞նչ ենք տեսնում:

Մենք տեսնում ենք միայն Աստվածային գիտակցության թույլ ցոլցլանքներ, որոնք այսուայնտեղ ցրված են երկրագնդով մեկ:

Չափազանց անհամոզիչ է Կարմայական Վարչության և այս Տիեզերքի Բարձրագույն Խորհրդի համար այդ թույլ արձագանքը մեր ջանքերին, որպեսզի լրացուցիչ հնարավորություն և էներգիայի լրացուցիչ պահուստ հատկացվի:

Պաշտելինե՛րս, Աստծո համար ոչ մի սահմանափակում չկա:

Աստծո համար բացարձակապես ամեն ինչ հնարավոր է:

Սակայն մենք ստիպված ենք հաշվի նստել ձեր ազատ կամքի հետ: Մենք չենք կարող բռնությամբ ձեզ ստիպել, որ ընթանաք զարգացման էվոլյուցիոն ուղով:

Մենք կարող ենք ջանքեր գործադրել և ձեզ համոզել, բայց չենք կարող պարտադրել: Հենց դրանով ենք մենք տարբերվում այլ ուսուցիչներից ու նրանց ներկայացուցիչներից, որոնք այսուայնտեղ հայտնվում են մոլորակում:

Ձեզ հայտնի է, որ մենք, որպես մարդկության Ուսուցիչներ, մշտապես օգնություն ենք ցուցաբերում և մշտապես ձեզ ենք փոխանցում մեր Ուսմունքը բազմաթիվ հազարամյակների ընթացքում:

Բայց դուք նաև տեղեկացված եք առ այն, որ ձեր աշխարհը երկակի բնույթ ունի: Նրանում կա և՛ Բարին, և՛ չարը, կա ինչպես Լույս, այնպես էլ խավար: Եվ ձեզնից ամեն ոք դրանում կարող է համոզվել, եթե ուշադրությամբ իր շուրջը նայի:

Հիրավի, ձեր աշխարհը տարբեր հակադիր դրսևորումների մի խառնուրդ է: Եվ միայն մեր տված զանազանման Ուսմունքի, Բարու ու չարի Ուսմունքի և Ձեռնադրումների Ուղու Ուսմունքի շնորհիվ է, որ այն հոգիները, որոնք ընտրում են էվոլյուցիոն զարգացման ուղին, ունակ են լինում տառացիորեն մեկ մարմնավորման ընթացքում դուրս պրծնել պատրանքի կապանքներից:

Մենք հստակ ցույց ենք տալիս Ուղին: Մենք մեր օգնությունն ենք ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր մեզնից օգնություն և օժանդակություն են խնդրում:

Բայց մենք չենք կարող ձեզ օգնություն ցուցաբերել ձեր կամքին հակառակ և այն դեպքում, երբ դուք քննադատում եք մեզ, քննադատում եք մեր Դեսպանորդին:

Պաշտելինե՛րս, ամբողջ Ուսմունքը տրվում է Երկրի մարդկության նկատմամբ խոր Սիրո և Կարեկցանքի զգացումով: Եվ այդ Ուսմունքը դուք կարող եք յուրացնել միայն Աստծո և Վեհապետների նկատմամբ անվերապահ Սիրո զգացումով:

Ուստի այն դեպքերում, երբ ձեր սրտերը լիքն են ատելությամբ, և դուք ձեզնից դուրս մեղավորներ եք փնտրում ձեր աղետալի վիճակի արդարացման համար, մենք ոչնչով չենք կարող ձեզ օգնել:

Համաձայնեք, որ անհամեմատ ավելի հեշտ է ձեզնից դուրս ինչ-որ տեղ մեղավորներ փնտրելը՝ ինչ-որ երկրում, դասակարգում կամ խմբակցությունում, ռասայում կամ ցեղում, դավանաբանության մեջ կամ կրոնում, քան փորփրել և գտնել իսկական պատճառն այն ամենի, ինչ կյանքում տեղի է ունենում ձեզ հետ:

Համաձայն Օրենքի՝ այն ամենը, ինչ ձեզ հետ տեղի է ունենում, կամ այն ամենի պատճառը, ինչ կյանքում ձեզ հետ կատարվում է, դու ինքներդ եք՝ անցյալի ձեր նախընտրանքներն ու արարքները:

Ինչ ցանես, այն էլ կհնձես:

Ուստի և բոլոր ժամանակների բոլոր իմաստունները զբաղվել են միայն իրենց սեփական թերությունների ու անկատարությունների դեմ պայքար մղելով: Նրանք շատ լավ հասկանում էին, որ ավելի կատարյալ գիտակցությանը համապատասխանում է ավելի կատարյալ շրջակա աշխարհ:

Ուստի այն աշխարհը, որում հիմա դուք գտնվում եք, ձեր անկատար գիտակցության արտացոլանքն է:

Եվ իմաստ չունի ձեզնից դուրս մեղավորներ փնտրել, թե ինչու՞ եք շրջապատված անարդարություններով:

Եթե ձեր կյանքը դիտարկվի մեկ մարմնավորման տեսանկյունից, ապա հազվադեպ է հնարավոր լինում հետևել, թե ինչպես է փոխվում ձեզ շրջապատող ամեն ինչը, երբ փոխվում է ձեր գիտակցությունը: Պետք է ամենայն ունայնից շատ հեռու կանգնած իմաստուն լինել, որպեսզի հասկացվեն այն, երբեմն անորսալի, փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ձեր շուրջը:

Սակայն եթե դուք հավատում եք Աստծուն և Նրա Օրենքի Իմաստությանը, ապա հասկանում եք, որ որոշակի պայմաններում ձեր ծնվելն արդեն իսկ համապատասխանում է ձեր նախորդ մարմնավորումների ամբողջ շարանի ձեռքբերումներին:

Եթե դուք անկախ ցանկացած արտաքին պայմանից ու հակառակ ձեր աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչի հաստատ որոշել եք ընթանալ Աստվածային Ուղով, ապա ձեր ամենօրյա ջանքերը դեպքերի 100 տոկոսով անգնահատելի օգնություն կլինեն ձեր հոգու համար:

Պարտադիր չէ, որ այդ օգնությունը դրսևորվի հարստության, առողջության և երկարակյացության տեսքով: Ներքին երջանկության, հանգստության, ներդաշնակության ու Սիրո վիճակը երբեմն անհամեմատ ավելի մեծ արժեք է ունենում ձեր աշխարհում, քան ցանկացած հարստություն. բայց ձեր ժամանակներում Երկրի վրա դա հազվադեպ է պատահում:

Մեր բոլոր ջանքերը մենք ուղղում ենք այն բանին, որ դուք երջանիկ լինեք և մշտապես լինեք Աստծո հետ:

Իսկ այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս լիահույս մնալով, որ այս կամ այն չափով մենք կկարողանանք շարունակել մեր աշխատանքը մեր նվիրյալ սաների հետ:

 

ԵՍ ԵՄ Վեհապետ Մորիան...

 

Տատյանա Միկուշինա, 2014 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ     Նախորդ էջ