Ես կոչ եմ անում՝ ձեր ամեն մի օրը նվիրաբերել Աստծուն

 

Էլոհիմ Կիկլոպոս

26 դեկտեմբերի, 2014 թ.

 

ԵՍ ԵՄ Էլոհիմ Կիկլոպոսը:

Ի կատար ածվեց... Ես եկա՛...

Ձեզ համար ոչինչ չի փոխվել: Ձեր աշխարհում ամեն ինչ առաջվա պես է:

Բացվում է նոր օրը: Առջևում ամանորյա տոներն են:

Եվ ես որևէ կերպ չեմ կարող ազդել ձեր պլանների ու երազանքների վրա:

Բայց ձեր պլաններից զատ կան նաև համայն Տիեզերքի Արարչի պլանները:

Իսկ ձեր կյանքերում դուք որքա՞ն հաճախ եք հիշում Արարչի և Նրա պլանների մասին...

Լինու՞մ է այդպիսի բան...

Ես կարծում եմ, որ հաճախ չի լինում:

Սակայն անցյալում՝ շատ հազարամյակներ առաջ, եղել են քաղաքակրթություններ, երբ մարդկանց ողջ կյանքը ենթակա էր Աստծուն և Նրա Կամքի իրագործմանը:

Դրանք Ոսկեդարյան քաղաքակրթություններն էին:

Ձեզնից, Երկրում այժմ մարմնավորվածներիցդ շատ քչերին է բախտ վիճակվել մարմնավորված լինել այն հինավուրց ժամանակներում:

Այն ժամանակ մարմնավորված էին մարդկության լավագույն ներկայացուցիչները: Եվ հիմա նրանք արդեն շատ հեռու են գնացել էվոլյուցիոն զարգացման աստիճաններով: Իսկ դուք, որ ներկա ժամանակում եք մարդկության լավագույն ներկայացուցիչները, ահագին հետ եք մնացել նրանցից:

Այնուհանդերձ էվոլյուցիան շարունակվում է, և Աստվածային հնարավորությունը կրկին բաց է այն անհատականությունների համար, որոնք իրենց կյանքում գերկայությունը տվել են Աստծուն:

Իսկ նրանց համար, ովքեր հակառակ ընտրությունն են կատարել՝ որոշելով ծառայել իրենց էգոյին և կատարել նրա անհագ ցանկությունները, Աստվածային հնարավորության դռներն ուր որ է կփակվեն վերջնականապես:

Ուստի ես ձեզ կոչ եմ անում, որ, այսօրվանից սկսած, ձեր ամեն մի օրը նվիրաբերեք Աստծուն: Դրա համար բավարար կլինի, որ պարզապես միշտ մտածեք Աստծո մասին և օրվա ձեր բոլոր գործերը նվիրաբերեք Նրան:

Դուք կարող եք տվյալ օրվա համար նախատեսած ամեն մի գործը սկսելուց առաջ առանձին կանչ հղել և խնդրել Աստծուն, որ Իր հսկողության տակ վերցնի ձեր բոլոր գործողությունները, որպեսզի դրանք համապատասխանեն Իր պլաններին: Դուք կարող եք խնդրել, որ Աստված ձեր կենսահոսքն օգտագործի Իր պլանների իրականացման համար:

Այդպիսով, կատարելով ձեր օրախնդիր գործերը, դուք փաստորեն Աստծուն կմտցնեք ձեր կյանք և մշտապես կծառայեք Նրան:

Դա շատ պարզ գործառություն է: Այն ձեզնից ոչ մի լրացուցիչ դրամական միջոցների ներդրում չի պահանջի և նույնիսկ ժամանակ չեք ծախսի դրա համար:

Դուք պարզապես այն ամենը, ինչ անում եք օրվա ընթացքում, նվիրաբերում եք Աստծուն:

Փորձեք այդ գործառությունն ի կատար ածել գոնե մեկ տարվա ընթացքում:

Շատ շուտով դուք կհասկանաք, որ օրվա ընթացքում ձեր կատարած ամեն ինչը չէ, որ համապատասխանում է Աստվածային մտահղացմանը: Եվ շատ շուտով նաև կհասկանաք, որ ձեզ շրջապատող կյանքում շատ քիչ բան կա, որ համապատասխանում է Արարչի մտահղացմանը. շատ բաներ պարզապես անհամատեղելի են Նրա մտահղացման հետ:

Երբ այդ պարզ Ճշմարտության ըմբռնումով պայծառանա ձեր գիտակցությունը, դա կլինի ձեր առաջին գիտակցված քայլն առ Աստված:

Փորձեք ձեր կյանքում ամեն ինչն անել Աստվածային առաջնորդությանը համապատասխան:

Իհարկե, այդ պարզ գործառությունը կյանքի կոչելու համար հարկ կլինի, որ ամեն օր անեք ամենաքիչը երկու բան. մշտապես հիշեք ձեր այդ գործառության մասին և ձեր գիտակցությունը մշտապես պահեք այնպիսի մակարդակի վրա, որն ամենաշատն է մոտ Աստվածայինին:

Նրանց համար, ովքեր ի հեճուկս բոլոր խոչընդոտների կկարողանան իրենց կյանքում իրականացնել այդ գործառությունը, Աստվածային հնարավորության դռները մշտապես բաց կլինեն: Եվ նրանք զարմանքով իրենց կյանքում փոփոխություններ կնկատեն, որոնք տեղի կունենան այդ պարզ գործառության ամենօրյա կատարման արդյունքում:

Դուք զարմանքով կնկատեք, որ ձեր կերած կերակուրը ո՛չ իր քիմիական բաղադրությամբ, ո՛չ էներգետիկայով չի բավարարում Աստվածային չափանիշներին:

Դուք զարմանքով կհայտնաբերեք, որ երեխաներ սաղմնավորելու, նրանց ծննդի ու դաստիարակման նկատմամբ ձեր վերաբերմունքն Աստվածային չէ:

Դուք կնկատեք, որ ձեր ամբողջ կյանքը բերնեբերան լցված է կատարելապես անպետք բաներով, որոնց խառնապտույտում դուք պարզապես ժամանակ չեք ունենում մտածելու Աստծո մասին:

Դուք կտեսնեք, որ ձեր կյանքի մեծ մասը ծախսում եք, որ փող վաստակեք կամ այն խնայեք, այսինքն՝ ձեր ամբողծ կյանքի ընթացքում դուք ծառայում ու խոնարհվում եք կատարելապես վերացական մի սիմվոլի:

Դուք կնկատեք, որ ձեր կյանքից անհետ չքացել են այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են պատիվը, խիղճը, մաքրությունը, բարեշնորհությունը, բարեպաշտությունը:

Կանցնի մարդկանց ևս մեկ-երկու սերունդ, և նոր մարմնավորվողներն այլևս կդադարեն հասկանալ այդ բառերի իմաստը:

Բայց նրանց բառամթերքում կլինեն բառեր, որոնք այժմ խրախուսվում ու տարածվում են զանգվածային լրատվության միջոցներով, և որոնց թրթիռներն ուղղակի ավերում են մարդկանց հոգիները:

Շա՜տ բաների մասին կկարողանաք խորհրդածել, եթե որոշեք ձեր կյանքը նվիրաբերել Աստծուն:

Ուստի իմ այս Ուղերձը հասկանալի չի լինի այն մարդկանց համար, որոնք որոշել են իրենց կյանքում Աստծուն գերակայություն չտալ:

Նրանց կթվա, թե ես խոսում եմ անիմաստ բաների մասին, որոնք չեն կարող իրականացվել ժամանակակից մարդկանց կյանքում:

Ես խոսում եմ այն մասին, թե ինչն ինչպես պիտի լինի, որ համապատասխանի Աստվածային չափանիշներին:

Աստծուց շնորհ ստացած ազատ կամքը թույլ կտա, որ ընտրություն կատարեք՝ առաջնորդվե՞լ իմ հանձնարարականներով, թե՞՝ ոչ:

Ես ընդամենը եկա, որ ձեզ հիշեցնեմ Աստծո և Նրա Օրենքի մասին: Ինչպես նաև այն հավերժական կյանքի մասին, որը կունենան Աստծո հետ եղողները:

 

ԵՍ ԵՄ Էլոհիմ Կիկլոպոսը

 

Տատյանա Միկուշինա, 2014 թ.

թարգմանեց Խ.Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ      Նախորդ էջ      Հաջորդ էջ