Առանց ճշմարիտ հոգևոր ավանդույթները պահպանելու հնարավոր չէ հասարակության բարեհաջող զարգացումը

 

Տեր Լանտո

25 դեկտեմբերի, 2014 թ.

 

ԵՍ ԵՄ Լանտոն:

Ես կրկին ձեզ այցի եմ եկել: Հուսով եմ, որ մեր այսօրվա զրույցն օգտակար կլինի ձեզ համար, ձեր հոգիների համար:

Ձեզ հայտնի է, որ ձեր ժամանակներում շատ կարևոր է հատկապես ձեր ջանքերի կենտրոնացումը ներքին համակշռության պահպանման վրա: Ձեր էներգիաների համակշռության: Քանզի ես ոչ մի գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ փաստորեն մարդու բոլոր հոգևոր նվաճումները որոշվում են միայն մի բանով՝ ներքին անդորրը պահպանելու նրա ունակությամբ և Արարչի հետ միասնությամբ՝ անկախ ցանկացած արտաքին հանգամանքից:

Մարդկության Ուսուցիչներն իրենց աշակերտների հատկապես այդ հատկանիշն են զարգացրել:

Միշտ, երբ որևէ Մեծ Ուսուցիչ մարմին էր առնում, իր շուրջը ստեղծում էր նվիրյալ սաների շրջան: Եվ հենց այդ սաներն էին ապահովում Լույսի այն առաքելության պաշտպանությունն ու հաջողությունը, որով մշտապես Երկիր են իջնում մարդկության Ուսուցիչները:

Դուք ավանդույթներ չունեք, չունեք Ուսուցչի պաշտամունք: Բարբարոսություն է տիրում մարդկային կյանքի բոլոր ոլորտներում:

Երբ մարդկության մեծամասնության գիտակցությունը մշտապես գտնվում է զուտ կենդանական բնազդների ու պահանջմունքների բավարարման մակարդակի վրա, հնարավոր չէ բարձր հոգևոր նվաճումներ ակնկալել: Բոլոր հոգևոր նվաճումները միշտ էլ ձեռք են բերվել որորշակի հոգևոր դպրոցների ավանդույթներով:

Ավելի հինավուրց ժամանակներում մարդիկ գիտեին, որ առանց ճշմարիտ հոգևոր ավանդույթներ պահպանելու հնարավոր չէ հասարակության բարեհաջող զարգացումը:

Ամեն մի հասարակություն, որի հիմքերից անդառնալիորեն հեռացված են հոգևոր ավանդույթները, դատապարտված է այլասերման ու մահվան:

Երկրում ներկայումս գոյություն ունեցող և ոսկե հորթ պաշտող քաղաքակրթությունը, իր ողջ թվացյալ գրավչությամբ հանդերձ, շարունակություն չի ունենա: Ցավոք, այն դատապարտված է, քանի որ կտրված է Աստծուց և, հետևաբար, կտրված է Աստվածային էներգիայի աղբյուրից: Իսկ դուք գիտեք, որ աշխարհում ամեն ինչ պահպանվում ու գոյատևում է միայն Աստվածային էներգիայի շնորհիվ:

Միայն կամավոր կերպով էներգիայի աղբյուրից հրաժարվելու դեպքում է, որ քաղաքակրթությունն ինքն իրեն դատապարտում է չգոյության:

Անցյալ դարերում միշտ այդպես է եղել:

Ցավոք, ներկայումս գոյություն ունեցող տարեգրություններում մարդկության պատմությունն ընդգրկում է ընդամենը մի քանի հազարամյակ:  Եվ եթե դուք հնարավորություն ունենայիք ավելի խորանալու դարերի խորքում, ապա ձեր առջև կենդանի օրինակներ կհառնեին, թե ինչպես են Աստծուց կտրվելն ու Աստվածային էներգիայի սխալ օգտագործումը հանգեցնում տեխնիկապես շատ զարգացած քաղաքակրթությունների ոչնչացմանը:

Որպես ամենամոտ պատմական օրինակ կարող է ծառայել Ատլանտիդայի կործանումը: Դեռևս չկորսված առասպելներում խոսվում է այն մասին, որ հսկա մի մայրցամաք կործանվել է հաշվված օրերի ընթացքում. սուզվել է օվկիանոսի հատակը:

Փրկվել են միայն մարդկության Ուսուցիչների ընտրյալ հետևորդները, որոնք իրենց սրտերում պահպանել են նվիրվածությունն Աստծուն:

Այն ժամանակներում՝ մոտավորապես մեկ միլիոն տարի առաջ, Ատլանտիդա մայրցամաքն անընդհատ գտնվում էր պատերազմական իրավիճակում: Մայրցամաքում բնակվող մարդիկ իրարից բաժանվել էին գլխավոր սկզբունքով՝ Աստծո և Նրա Օրենքի նկատմամբ վերաբերմունքով:

Մարդկանց մի մասն Աստվածային էներգիան օգտագործում էր բացառապես սեփական հարաճուն ցանկություններն ու քմայքները բավարարելու համար:

Ավելի փոքրաթիվ մասը պահպանում էր հավատարմությունն Աստծուն: Մարդկանց այդ երկու խմբերի միջև հաստատվել էր մշտական թշնամանք ու հակամարտություն:

Դրանք իսկապես իրենց ներքին էությամբ կատարելապես իրար հակադիր զարգացման ուղղություններ են մարդկության համար. առաջինն ուղղված է սեփական էգոյին ծառայելուն և դրա ցանկությունները բավարարելուն, իսկ մյուսը՝ Աստծուն և մերձավորին ծառայելուն:

Ուշադիր զննեք այն իրավիճակը, որը ներկայումս հաստատվել է աշխարհում: Ձեզ չի՞ թվում արդյոք, որ պատմությունը կրկնվում է...

Այն կրկնվում է նախանձելի կայունությամբ: Բայց ձեր ժամանակներում նրանք, որոնք իրենց կյանքում պահպանում են ճշմարիտ Աստվածային սկզբունքներ, տոկոսային առումով զգալիորեն քիչ են:

Դա բացատրվում է նրանով, որ հիմա երկրում գտնվում են ծույլիկները, որոնք իրենց հոգևոր զարգացմամբ հետ են մնացել մարդկության առաջադեմ հատվածից՝ այն հատվածից, որն զբաղեցնում է ավելի բարձր էներգետիկական մակարդակներ:

Ձեր ժամանակները Կալի Յուգա են կոչվում: Դա այն անկման դարաշրջանի անվանումն է, երբ Աստված մարդկանց կյանքում գերակայություն չունի:

Ամբողջ թվացյալ արտաքին ճոխությամբ ու զուտ տեխնիկական բոլոր նվաճումներով հանդերձ՝ ներկայիս քաղաքակրթությունը դատապարտված է կործանման հատկապես այն պատճառով, որ ինքն իրեն կտրել է Աստծուց և Նրա Օրենքից:

Իսկ երկրագնդի բնակչության մեծ ու անընդհատ աճող թվաքանակը մոտենում է որոշակի կրիտիկական կետի: Արարիչն իր անսահման ողորմածությամբ բոլոր հոգիներին շանս է տալիս, որ դրսևորեն իրենց Աստվածային բնույթը: Բայց քանի որ նախորդ մարմնավորումների հազարամյա շարանում ներկայիս մարմնավորված անհատականությունները ոչ աստվածային վարք են ցուցադրել, ապա և այն պայմանները, որոնցում հիմա պետք է ցուցադրեն Աստվածային վարքի կերպեր, այնքան էլ լավը չեն:

Կարմայի Օրենքն այդպես է գործում:

Եթե մարդիկ կամենում են հագուրդ տալ իրենց ցանկություններին ու կրքերին, ապա ամեն մի հաջորդ մարմնավորման հետ նրանք ավելի ու ավելի վատ պայմաններում են հայտնվում, որոնք խոչընդոտում են իրենց Աստվածային բնույթի դրսևորումը:

Իմ նկարագրած պատկերն իր մեջ ոչ մի աշխարհակործան և անելանելի բան չի պարունակում: Ամեն մարդ ցանկացած պահի հնարավորություն ունի իր նկրտումների վեկտորն ուղղելու դեպի Աստվածայինը:

Մեր խնդիրն է՝ գալ և տալ մեր Ուսմունքը, որը հիրավի ճշմարիտ ուղղության՝ ձեր հոգիների անմահության ուղղության, հուսալի ցուցիչ է:

Նրանք, ովքեր իրենց մեջ ուժ և արիություն, հավատ և նպատակամղվածություն կգտնեն և կընթանան մեր ցույց տված ուղղությամբ, կստեղծեն Ոսկեդարյան հաջորդ քաղաքակրթության սերմնահատիկները:

Իսկ նրանք, ովքեր կգերադասեն հետևել իրենց կենդանական բնույթին, ի վերջո կմարմնավորվեն այնպիսի պայմաններում, որոնք ամենաշատն են համապատասխանում իրենց ներքին էությանը:

Ես հուսով եմ, որ այսօր մեր միջև կարևոր զրույց կայացավ, որը շատ բաներ պարզաբանեց ձեր հոգիների համար:

 

ԵՍ ԵՄ Լանտոն

 

Տատյանա Միկուշինա, 2014 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

  

 

Գլխավոր էջ      Նախորդ էջ      Հաջորդ էջ