Մշտապես եղեք Սիրո մեջ, և ձեր շուրջն ամեն ինչ կսկսի փոխվել

 

Պաշտելի Մայր Մարիամ

23 դեկտեմբերի, 2014 թ.

 

ԵՍ ԵՄ Մայր Մարիամը՝ ձեզ այցի եկածս:

Այսօր ես կուզենայի ձեզ հետ զրուցել ներկա ժամի ձեր կարիքների ու պահանջմունքների մասին: Ձեզնից շատերը դիմում են ինձ օգնության խնդրանքով: Ձեզնից շատերին ես օգնություն ցուցաբերում եմ:

Սակայն կան որոշակի քանակությամբ հոգիներ, որոնք այնքան են ծանրաբեռնված անցյալի իրենց մեղքերի ավելորդ բեռով, որ նույնիսկ ամենայն ցանկությանս դեպքում չեմ կարող նրանց օգնել: Ես և իմ հրեշտակները մշտապես գտնվում ենք սպասավորության վիճակում և առանձնահատուկ ուշադրությամբ ենք վերաբերվում ձեր խնդրանքներին ու աղերսներին:

Եվ ես ձեզ պետք է ասեմ, որ նույնիսկ այն դեպքում, երբ օգնությունը չի կարող ցուցաբերվել ամբողջական կերպով, մենք անում ենք ամեն ինչ, որ թեթևացնենք ձեր տառապանքները:

Մեղայական արցունքները, որոնք ձեր աչքերում հաճախ եմ տեսնում մեր հաղորդակցության ժամանակ, ձեր մասին ինձ անհամեմատ ավելին են ասում, քան ձեր խոսքերը և անգամ աղոթքները:

Դուք չեք կարող պատկերացնել, թե Համբարձյալ Դասերին որքա՜ն աշխատանք է վիճակվում կատարել, որ ձեր հոգիները գիտակցեն իրենց մեղքերից շատերը և մեղա գան դրանց համար:

Երբ ապաշավանքը մուտք է գործում ձեր սիրտը, ձեր կարմայական բեռը կիսով չափ թեթևանում է: Իսկ մնացած կեսը դուք կարող եք բեռնաթափել ձեր ամենօրյա աղոթքներով և այն ջանքերով, որոնք ուղղված են լինում ուրիշ տառապող հոգիների մասնաբաժնի թեթևացմանը:

Հավատացե՛ք ինձ, տառապող հոգիներին ցուցաբերած ձեր օգնությունն անգնահատելի է ներկա ժամանակում:

Շատ մարդիկ նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենք տառապում են: Նրանք դա չեն կարող հասկանալ, քանի որ իրենց վիճակի համար համեմատելու բան չունեն: Նրանք այնպես են ծանրաբեռնված իրենց խնդիրներով ու հոգսերով, որ իրենց շրջապատող կյանքի անթափանց խավարում որևէ լույսի շողք չեն տեսնում:

Ուստի այդ հոգիներին լույսի ճառագա՛յթ ուղարկեք: Բացե՛ք ձեր սրտերը Սիրո առաջ և ձեր աշխարհում տառապող յուրաքանչյուրի սրտին ձեր Սիրո մի մասնիկն առաքեք:

Չէ՞ որ դրա համար առանձնապես մեծ աշխատանք չի պահանջվում: Չէ՞ որ ձեզ համար դժվար չի լինի ձեր Սիրով ջերմացնել քաղաքագետների, տնտեսագետների, իշխանական և առևտրական կառույցների ներկայացուցիչների կարծրացած սրտերը: Չէ՞ որ ձեր ներսում կարող եք հաղթահարել կարծրատիպերը և ձեր մեջ տեսնել ձեր կարծիքով չարանենգ ու անուղղելի այդ ներկայացուցիչների սրտերը, որոնք պարզապես զուրկ են Սիրուց:

Շատ մարդիկ գտնվում են պատրանքի ուժերի կախարդանքի ազդեցության տակ:

Նրանք քնած են, տեսնում են սարսափելի երազներ և փորձում են այդ երազները կյանքի կոչել:

Իսկ այդ ամենի պատճառն այն է, որ այդ մարդկանց սրտերում բացակայում է Աստված և նրա դրսևորումը՝ Սերը: Հատկապես Աստծո պակասությունն է, որ շատ ու շատ քաղաքական գործիչների ստիպում է ահավոր արարքներ գործել: Եվ եթե ինչ-որ մեկի Սերը Բարու և Լույսի թեկուզ և կարճատև ազդակներով ջերմացներ նրանց սրտերը, ապա պետք է կարծել, որ նրանց արարքների ահավոր հետևանքներից շատերը կչեզոքացվեին, քանի որ փոփոխության կենթարկվեին: Աստվածային էներգիայի ազդակն ունակ է ամենաանուղղելի հանցագործների և աստվածատյացների սրտերում հալեցնելու վախն ու ագրեսիվությունը:

Լինում է և այնպես, որ մեկը մի պահ կարծես թե քնից արթնանում է, և ապաշավանքի արցունքներն ինքնաբուխ կերպով հոսում են նրա այտերի վրայով: Եվ զղջացող մարդն այլևս ունակ չի լինում վնաս հասցնելու ուրիշ մարդկանց, երեխաներին ու ծերերին:

Ուստի այս խավար ժամանակներում դժվար գործ մի՛ համարեք ձեր սրտերում Սեր աճեցնելը և այդ Սերը նրանց ուղարկելը, որոնք ձեր կարծիքով Սիրո կարիքն ունեն: Թո՛ղ այդ մարդկանց սրտերը փոխվեն: Եվ այդ դեպքում մենք կկարողանանք համատեղ ջանքերով փոխել ամբողջ մոլորակի ապագան, որքան էլ այն դառն ու տխուր թվա:

Մեր համատեղ ջանքերով մենք կարող ենք փոխել Երկիր մոլորակի ցանկացած իրադրություն:

Եվ ես կոչ եմ անում չծուլանալ և աշխատել սեփական անձի վրա, վերացնել բոլոր այն թերությունները, որոնք երբեմն դեռևս ձեր սրտերում արգելափակում են Աստվածային Սիրո դրսևորումը:

Խորհե՛ք այն մասին, թե ինչն է ձեր սրտերին խանգարում, որ Սեր դրսևորի:

Խորհե՛ք այն մասին, թե ինչպես հալեցնել վախի, ագրեսիայի, անհավատության սառույցը, որը տառացիորեն քարացրել է ձեր սիրտը:

Խորհե՛ք այն մասին, թե ինչ կարող եք անել ուրիշ մարդկանց համար՝ ոչ միայն ձեր մերձավորների, այլ նաև բոլոր այն մարդկանց համար, որոնցից կախված է հասարակական կարծիքը:

Երբեմն մեկը, որը բավարար ազդեցություն ունի հասարակությունում, կարող է փոխել հասարակական կարծիքը և կոտրել աշխարհում տիրող նեգատիվ հակվածությունը:

Դուք պետք է ամրապնդեք ձեր հավատը, և այդ հավատով ունակ կլինեք այնքան Սեր բերել ձեր աշխարհին, որ շատ ու շատ մարդկանց սրտերը փոխվեն:

Ամեն ինչ, սիրելինե՛րս, հնարավոր է փոխել:

Աստծո օգնությամբ ամեն ինչ հնարավոր է: Բացարձակապես ամեն ինչ: Ձեզ հարկավոր է միայն բոլոր ջանքերը կենտրոնացնել այն բանի վրա, որ Աստված մուտք գործի ձեր կյանք և առաջնորդի ձեր բոլոր գործերն ու արարքները: Ամեն օր և օր-օրի:

Մի՛ մտածեք նրանց մասին, ովքեր մոռացել են Աստծուն և դրսևորում են ոչ լավագույն մարդկային որակներ: Մտածեք Աստվածային Սիրո մասին, որն ամեն օր անընդհատ աճ է ապրում ձեր սրտերում:

Մշտապես եղեք Սիրո մեջ, և ձեր շուրջն ամեն ինչ կսկսի փոխվել:

Իսկ եթե ձեզ պակասում են հավատն ու նվիրվածությունը, ապա հիշե՛ք ինձ: Հիշեք այն պահերը, երբ ձեզ հաջողվել է որսալ Իմ հայացքն Իմ պատկերից և ստանալ ձեր հարցի պատասխանը:

Հիշեք մեր հաղորդակցության խաղաղ բերկրանքի պահերը, որոնք թեկուզ հազվադեպ ապրել եք ձեր կյանքում:

Սիրելինե՛րս, ես միշտ ձեզ հետ եմ...

Մենք միասին ենք...

Եվ ես միշտ ձեզ հետ կիսում եմ ձեր բոլոր դառնություններն ու տառապանքները և անում հնարավոր ամեն ինչ, որ առավելագույնս թեթևացնեմ դրանք:

Թո՜ղ որ խաղաղությունը, անդորրն ու բարին մշտապես ձեզ հետ լինեն:

 

ԵՍ ԵՄ Մայր Մարիամը՝ ձեզ սիրող և ձեր մասին հոգացող

 

Տատյանա Միկուշինա, 2014 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ     Նախորդ էջ      Հաջորդ էջ