Փոխվեք ինքներդ՝ կփոխվի ամբողջ աշխարհը

 

Տեր Սուրիա

22 դեկտեմբերի, 2014 թ.

 

ԵՍ ԵՄ Սուրիան:

Ես շատ հեռվից եմ եկել ձեր մոլորակը:

Եկել եմ, որ Ուղերձ տամ արևային բոլորաշրջանի փոխվելու պահին:

Եվ այսպես, այսօր մենք կանդրադառնանք շատ կարևոր հարցի. մեր այս զրույցը կկայանա Կարմայական Վարչության կողմից կարևոր որոշում ընդունելու նախաշեմին:

Ձեզ հայտնի է, որ այժմ ընթանում է Կարմայական Վարչության նիստը: Այն շատ կարևոր նիստ է:

Փաստորեն հենց հիմա որոշվում է բոլոր այն կենսահոսքերի ճակատագրի հարցը, որոնք էվոլյուցիա են անցնում Երկիր մոլորակում: Չէի ուզենա ձեզ ահաբեկել, բայց դուք պետք է հասկանաք, որ ձեր զարգացումն էականորեն շեղվել է Աստվածային հունից:

Մենք խոսում ենք մարդասիրությունից:

Մենք խոսում ենք ինքնանվիրումից:

Մենք խոսում ենք Սպասավորության մասին:

Մենք խոսում ենք Եղբայրության մասին:

Սակայն դուք ձեր կյանքում կարող եք տեսնել դրանց միանգամայն հակադիր դրսևորումները՝ եսասիրություն, ագրեսիա, ատելություն և ինքնաոչնչացում:

Սա ակնհայտ է և ապացուցման կարիք չունի:

Ինչպե՞ս փոխել մոլորակի պատմական ընթացքը: Ինչպե՞ս անել, որ Աստվածային կերպերով ու գործերով լցվեն մոլորակի տեղեկատվական տարածությունն ու երկրացիների մտքերը:

Հատկապես այս հարցերին է նվիրված Կարմայական Վարչության ներկա նիստը:

Մենք մանրակրկիտ կերպով վերլուծում ենք անցնող տարվա և հատկապես դրա երկրորդ կեսի արդյունքները:

Մոլորակի կյանքը չափազանց շատ է շեղված Աստվածային ուղղությունից...

Անհապաղ հարկավոր է անհրաժեշտ ու բավարար միջոցներ ձեռնարկել:

 

Եվ այսպես, մենք սպասում ենք: Սակայն ձեզնից յուրաքանչյուրը նույնպես պետք է վերլուծի, թե արդյո՞ք ամեն ինչ է արել, որպեսզի մարդկային կյանք վերադառնան Աստվածային կերպերը և տեղ գտնեն մարդկային գործունեության ամեն մի բնագավառում, երկրային կյանքի ամեն մի ոլորտում:

Երբ Աստված հեռացած է լինում մարդկանց կյանքից, ամբողջ կյանքն անճանաչելիորեն փոխվում է: Սկզբում՝ չնչին չափով, հետո՝ ավելի ու ավելի շատ: Եվ այդ եղանակով մարդկային գործունեության ամեն մի ոլորտում ի հայտ են գալիս և աճում Աստվածային էներգիայի աղավաղումները:

Դա նման է քաղցկեղային ուռուցքի, որը մեկը մյուսի հետևից քայքայում է մարմնի օրգանները, մինչև որ ամբողջ մարմինը կործանվի:

Մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ Երկիր մոլորակի Կյանքը կործանվի:

Ուստի մենք մտադիր ենք կիրառել արտակարգ վիրաբուժական միջամտություն:

Երբեմն, որպեսզի օրգանիզմն ապրի, հարկ է լինում զոհել ամբողջ մի օրգան: Եվ դա լիովին հիմնավորված քայլ է դիտվում:

Իսկ մենք մտադիր ենք ձեռնարկել բոլոր միջոցները, որ փորձենք պահպանել բոլոր օրգաններն ու համակարգերը, բայց և անհակադարձելի դարձնել Երկիր մոլորակի ընդհանուր իրավիճակի առողջացման գործընթացը:

Այստեղ է, որ անփոխարինելի կլինեն ձեզնից յուրաքանչյուրի գործադրած ջանքերը:

Քանզի ձեզնից յուրաքանչյուրը Երկիր մոլորակի էներգետիկական համակարգի մի մասն է: Ուստի մոլորակի ընդհանուր էներգետիկական ֆոնը կախված է այն բանից, թե ինչ հաճախականությամբ եք դուք թրթռում օրվա ընթացքում:

Երբ ձեզ պարուրում են բացասական մտքերն ու հույզերը, դուք վերածվում եք նեգատիվ էներգիայի գեներատորի. դուք նպաստում եք ձեր աշխարհի անկատարության պահպանմանը և դրանով իսկ ձեր ձայնը տալիս եք մոլորակի կործանման համար:

Եվ հակառակը՝ երբ անկախ արտաքին բացասական ազդեցություններից դուք կարողանում եք ձեր սրտում պահպանել Սեր ու Բերկրանք, ապա պարուրվում եք նորացման դրական էներգիաներով, ստեղծում դրական տրամադրվածություն, ինչն էլ աշխատում է ամբողջ մոլորակի օգտին:

Ձեզնից շատերը մշտապես սուզված են գիտակցության ցածրորակ վիճակների մեջ: Եվ դա լիովին բացատրելի է, քանի որ շրջակա ամբողջ իրադրությունն Աստվածային չէ և խոչընդոտում է Աստվածային աշխարհի հետ համահնչունություն ձեռք բերելուն:

Հենց դրա համար էլ մեր Ուղերձներում բազմակիորեն մենք բերում ենք ասպետի, մարտիկի, ոգու զինվորի օրինակներ:

Հենց դրա համար էլ մենք իրավիճակը նմանեցնում ենք ճակատամարտի:

Փաստորեն այդպես էլ կա. մոլորակում հսկայական ճակատամարտ է ընթանում Լույսի և խավարի, անցյալի բացասական էներգիաների և նորացման նոր էներգիաների միջև, որոնք Բարձրագույն աշխարհներից մղվում են դեպի ձեր մոլորակը:

Մենք ձեզ ասում ենք. Պետք է գործե՛լ...:

Մենք ձեզ կոչ ենք անում գործադրելու ձեր բոլոր ջանքերը ներքին համակշռությունն ու ներդաշնակությունը պահպանելու համար:

Այնժամ, երբ հոգևոր մակարդակը թույլ է տալիս, դուք կարող եք ձեր աղոթքի և նկրտման ուժով մարել ցանկացած բացասական բան, որ տեղ է գտնում ձեզ շրջապատող տարածության մեջ:

Սակայն շատ քիչ են նրանք, ովքեր բարձր ոգեղեն մակարդակի կրողներ են:

Մնացածները, որպեսզի կարողանան հասնել ու պահպանել դրական տրամադրվածություն, ֆիզիկական ոլորտում պետք է դիմեն կոնկրետ գործողությունների:

Ֆիզիկական ոլորտի ոչ բոլոր գործողությունները կարող են ձեր կարմայի մարման համար պտուղներ տալ:

Մենք շատ անգամ ենք տվել այս Ուսմունքը, և ես նորից կկրկնեմ այն: Միայն այնժամ, երբ առաջնորդվում եք ճիշտ շարժառիթներով, ձեր գործողությունները հանգեցնում են կարմայի մարման և դրական նախադրյալներ ստեղծում Երկրի Կյանքի զարգացման համար:

Իսկ երբ առաջնորդվում եք ոչ ճիշտ շարժառիթներով, ապա ներգրավվում եք կարմայաստեղծ գործողությունների մեջ և շարունակում կարմա ավելացնել:

Ճիշտ շարժառիթը հետևյալն է՝ աշխատանք հանուն Ընդհանուր Բարօրության և Սպասավորություն Կյանքին:

Ճիշտ շարժառիթներ չեն այն ամենը, որոնք ստիպում են ֆիզիկական ոլորտին պատկանող նպատակներ հետապնդել՝ փառք, փող, պատիվ, հաճույքների ստացում, քմայքների բավարարում:

Շատ հաճախ են մարդիկ կարծում, թե իրենց շարժառիթն ուղղված է Ընդհանուր Բարօրությանն ու Բարուն: Սակայն իրականում առաջնորդվում են այլ շարժառիթով, որը խնամքով թաքցնում են անգամ հենց իրենցից:

Իսկ ինչպե՞ս հասկանալ, թե ինչպիսին է շարժառիթը:

Պաշտելի Հիսուս տվել է այդ հարցի պատասխանը. Պտուղներո՛վ դատեցեք:

Ոչ թե գործողություններով, որոնք կարող են և ճիշտ լինել, ոչ թե խոսքերով, որոնք կարող են և իրավացի լինել, այլ հենց պտուղներով՝ գործողությունների արդյունքներով:

Եվ եթե տարեցտարի դուք շարունակում եք հարաբերություններ պարզել ձեզ հետ նույն Ուղով ընթացող մարդկանց հետ, նրանց նկատմամբ պահանջատեր և անգամ ատելություն եք զգում (թեև կարծես թե համատեղ ծառայում եք միևնույն ընդհանուր բարօրությանը), և դա շարունակվում է մեկ, երկու, անգամ տասը տարի, ապա մեծագույն հավանականությամբ կարող եք փաստել, որ ձեր շարժառիթը ճիշտ չէ:

Երբ դուք լրիվ անկեղծ եք, և ձեր շարժառիթն էլ ճիշտ է, ապա ֆիզիկական ոլորտի ձեր ցանկացած գործողությունը կհանգեցնի կարմայի բեռնաթափման, իսկ ուրիշ մարդկանց նկատմամբ ձեր պահանջները կհալվեն գարնան ձյունի պես:

Քանզի ձեզնից ամեն ոք ուրիշի մեջ տեսնում է իր սեփական թերությունները: Եվ երբ ձեր Սպասավորության բոցում այրվում են անցյալի կարմայի հետևանք հանդիսացող ձեր թերությունները, ապա դրանք դուք այլևս չեք տեսնում ուրիշ մարդկանց մեջ:

Շատ մեծ ճիգեր պետք է գործադրեք ինքներդ ձեզ հետ կատարվող աշխատանքում, ձեր թերությունների վերացման գործում:

Եվ աշխարհում միակ մարդը, որին կարող եք վերադաստիարակել, դուք ինքներդ եք:

Փոխվեք ինքներդ՝ կփոխվի ամբողջ աշխարհը:

 

ԵՍ ԵՄ Սուրիան...

 

Տատյանա Միկուշինա, 2014թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

Գլխավոր էջ      Նախորդ էջ      Հաջորդ էջ