Մենք ձեզ խնդրում ենք ձեր բոլոր ուժերը կենտրոնացնել ներքին համակշռության պահպանման համար

 

Սանատ Կումարա (Արամազդ)

20 դեկտեմբերի, 2014 թ.

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:

Ես այսօր եկել եմ նոր Ուղերձով: Կարևո՛ր Ուղերձով:

Ձեզ հայտնի է, որ Երկիրն ապրում է իր էվոլյուցիայի շատ դժվարին ժամանակաշրջանը: Համեմատության համար որպես օրինակ կարելի է բերել ձեր կյանքում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունը:

Դուք դպրոց էիք հաճախում, և եկավ այն ավարտելու ու հասուն կյանքին անցնելու ժամանակը:

Դուք հասունացաք, և եկավ ամուսնության ժամանակը:

Ամեն անգամ, երբ ձեր կյանքում փոփոխություններ են տեղի ունենում, ստիպված եք լինում հարմարվելու կյանքի նոր դրվածքին և ձեր կյանքը վերադասավորելու դրան համապատասխան:

Ահա այժմ նման մի բան է տեղի ունենում Երկիր մոլորակում: Մենք շատ անգամ ենք խոսել վերահաս փոփոխությունների մասին, զգուշացրել ենք, որ պետք է վերափոխեք ինքներդ ձեզ, ձեր գիտակցությունը և համալարվեք Աստվածային աշխարհի հետ:

Այդ ամենը մենք բազմիցս կրկնել ենք մեր Ուղերձներում: Դուք նաև տեղեկացված եք, որ Երկիր մոլորակում իրենց էվոլյուցիան կկարողանան շարունակել միայն այն հոգիները, որոնք համահունչ են Աստծո հետ և մտադիր են կյանքում քայլել Բարձրագույն Ուղով:

Եվ ահա մոլորակն ամբողջովին մուտք է գործում փոփոխությունների գործընթացի ավարտական փուլ:

Ոմանց համար այդ փուլը վիթխարի Աստվածային հնարավորություն կտա արագացնելու սեփական էվոլոյուցիան:

Ոմանց համար էլ, ընդհակառակը, սկսվում են շատ ծանր ժամանակներ: Մինչ այդ յուրաքանչյուրն արդեն կատարել է իր ընտրությունը՝ անցողիկը կամ անանցը:

Դուք կա՛մ ձեր կյանքը կապել եք մոլորակի ֆիզիկական ոլորտի հետ, կա՛մ ընտրել եք հավերժական կյանքը:

Ներկա պահին այդ ընտրությունը կատարել են Երկիր մոլորակում մարմնավորված բոլոր հոգիները:

Ձեր այդ ընտրությունը կարող է և հասած չլինել ձեր արտաքին գիտակցությանը, բայց կողմնակիորեն դրա մասին կարող եք դատել այն պտուղներով, որոնք դրսևորվում են ֆիզիկական ոլորտում:

Ձեր կյանքին նայեք կարծես կողքից և վերլուծեք այն: Եթե մինչև հիմա չեք կարողացել ձեր կյանքը ենթարկել համայն այս Տիեզերքում գործող Բարձրագույն Օրենքին, ապա ձեր կյանքում դա անխուսափելիորեն կարտահայտվի ամեն գնով ձեր քաղաքակրթության բարիքները ձեռք բերելու ձգտման տեսքով: Դուք ձտում եք, երբեմն մերձավորի հաշվին ու հակառակ առողջ բանականության, ստանալ ևս մեկ կտոր կարևոր չէ, թե ինչ՝ երշիկ, ծովափնյա հողակտոր, հեղինակավոր պաշտոն, զանազան հաճույքներ:

Աղքատ լինեք, թե հարուստ, առողջ լինեք, թե հիվանդ՝ ամբողջ հարցն այն է, թե պատրաստ եք նահանջելու՞ բարձր առաքինությունից ու բարոյականությունից, որպեսզի ձեր աշխարհում ձեզ համար ինչ-որ բան ստանաք, թե՞ կարող եք շատ բան զոհել, որ լավ լինի աշխարհի համար, որ Երկիրը կարողանա շարունակել իր էվոլյուցիան, որ երջանիկ լինեն մոլորակում ապրող բոլոր կենդանի էակները:

Որքա՜ն քիչ բան է պետք մարդուն երջանիկ լինելու համար: Հարկավոր է միայն համահունչ լինել Բարձրագույնին, ապրել հանուն մերձավորի բարեկեցության:

Շատերը կարծում են, թե միայն աղքատ մարդիկ ու չքավորներն են մոտ Աստծուն, իսկ այնտեղ, որտեղ հարստություն է, միայն արատներ են ու չարաշահումներ:

Ո՜չ, պաշտելինե՛րս: Ձեր ժամանակներին բնորոշ է այն, որ ամեն ինչ իրար է խառնված: Ե՛վ աղքատների, և՛ հարուստների միջավայրում կան մարդիկ, որոնք ընտրել են Աստծուն, և կան մարդիկ, որոնք ծառայում են իրենց անհագ ցանկություններին:

Շատերը կարծում են, թե հիվանդները տառապում են հենց այն պատճառով, որ հեռացել են Աստծուց:

Ո՜չ, պաշտելինե՛րս, և՛ հիվանդների, և՛ առողջների մեջ կան մարդիկ, որոնք կատարել են ամբողջովին իրար հակառակ նախընտրանքներ:

Հենց դրա համար ենք մենք ասում, որ ձեր ժամանակներում շատ դժվար է ապրելը: Եվ հենց այդ պատճառով է, որ ձեր ժամանակները ոմանց վիթխարի հնարավորություններ են ընձեռում իրենց հոգու զարգացման համար, ոմանց էլ  տալիս են վերջին հնարավորությունը:

Այս ժամանակաշրջանին բնորոշ է այն, որ ձեզնից շատերը կարող են խելքի գալ, անցնելով մեծ տառապանքների միջով:

Մենք բազմիցս ձեզ առաջարկել ենք գնալ դյուրին ուղով, սեփական գիտակցությունը փոխելու ուղով: Դուք՝ ձեզնից շատերը, ընտրեցիք դժվարին ուղին. մի ուղի, որը լի է զրկանքներով ու դառնություններով, տառապանքներով ու կորուստներով:

Ի՜նչ արած, Աստված ու Համբարձյալ Վեհապետները հարգում են ձեզնից յուրաքանչյուրի կատարած ընտրությունը:

Եվ մենք ձեր կողքին կմնանք, ինչպիսի զրկանքներ ու տառապանքներ էլ ձեզ բաժին հասնեն մոտակա ժամանակներում:

Ձեզ միայն հարկավոր է օգնություն խնդրել մեզնից, և այն կցուցաբերվի բոլոր խնդրողներին ու աղոթողներին: Սակայն խնդրում եմ նկատի ունենալ, որ օգնությունը կցուցաբերվի ձեր հոգիներին: Իսկ ֆիզիկական ոլորտի վրա կիջնի մարդկության կուտակած վիթխարի կարման:

Ցավոք, շատ քիչ բան է մնացել, որ դեռ հնարավոր է փոխել...

Պահանջվում է ձեզնից նրանց ամբողջ նվիրումն ու ինքնազոհությունը, ովքեր լիովին գիտակցում են տեղի ունեցողը, որ մոտակա ժամանակներում հոգան ոչ միայն իրենց ու իրենց մերձավորների, այլ նաև հնարավորինս շատ հոգիների համար: Երբեմն՝ լրիվ անծանոթ մարդկանց համար:

Իրավիճակը բարդացնում է և այն, որ նույնիսկ շատ լուսավոր հոգիները հնարավորություն չունեն բավարար քանակությամբ Աստվածային էներգիա ստանալու, որը նրանց թույլ կտար  պահպանելու դրական տրամադրվածությունն ու Բարձրագույն աշխարհների հետ հաղորդակցվելու բերկրանքը:

Ուստի ձեր բոլոր ուժերը նպատակամղեք այն բանին, որ ձեր ներսում պահպանեք էներգիաների համակշռությունը: Հիշեք, որ արտաքինը ներքինի շարունակությունն է:

Կան շատ գործառություններ ու մեթոդներ, որոնք թույլ են տալիս պահպանելու ներքին հանգստությունն ու ներդաշնակությունը: Եվ ձեզնից նրանք, ովքեր այս 10 տարիների ընթացքում, երբ մենք տալիս էինք մեր Ուղերձները, հասել են նվաճումների հատուկ մոմենտումի, այժմ կարող են անփոխարինելի ջանքեր գործադրել:

Ձեզնից ամեն մեկը քաշով մեկ ոսկի արժե: Դուք բառացիորեն ունակ եք կանգնեցնելու ցանկացած փոթորիկ ու արհավիրք, ցանկացած պատերազմ կամ ագրեսիա:

Ամեն ինչ կախված է ներքին համակշռությունը պահպանելուց:

Մնացած մարդիկ, զանգվածային լրատվության միջոցներն ու շրջապատող իրադրությունը կփորձեն ձեզ հունից հանել, ստեղծել լարվածություն ու ագրեսիա:

Ձեր խնդիրն է՝ ձեր սրտերի կրակներով ամեն բացասական բան վերածել Սիրո և Բարեգթության:

Մենք ձեզ խնդրում ենք մոտակա ժամանակներում ձեր բոլոր ուժերն ու ջանքերը կենտրոնացնել ներքին համակշռությունը պահպանելու վրա:

Աստված ձեզ օգնական...

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ

 

Տատյանա Միկուշինա, 2014թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ     Նախորդ էջ     Հաջորդ էջ