Արտակարգ անսովոր Ուղերձ

 

Պաշտելի Պորցիա

27 հունիսի, 2014 թ.

 

ԵՍ ԵՄ Պորցիան...

Ես կրկին եկել եմ և հանձն եմ առնում ձեզ վստահեցնել, որ այսօրվա մեր զրույցն այնքան էլ ուրախ չի լինի:

Ես հենց նոր եմ դուրս եկել Կարմայական Վարչության նիստից, որպեսզի ձեզ փոխանցեմ իմ Ուղերձը: Կարմայական Վարչության նիստը շատ լարված է ընթանում: Մենք փորձում ենք անցած կիսամյակում տեղի ունեցած թեկուզ ինչ-որ մի քանի դրական փաստեր գտնել, որոնք վկայում են մարդկության գիտակցության մեջ տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին:

Սակայն մենք չենք կարող վստահ լինել, որ ոչ մեծ քանակությամբ անհատների թեկուզ լիովին համոզիչ քայլերը կարող են բավարար լինել:

Մարմնավորման մեջ գտնվող մեր սաներից մենք անկնկալում ենք ավելի մեծ ճկունություն, առաջադրված խնդիրների ավելի լայն ըմբռնում և մեր աշակերտներին ներկայացված բոլոր պահանջների անվերպահ կատարում:

Եվ առաջին հերթին մեզ անհամոզիչ է թվում ձեր կարգապահության մակարդակը:

Շատերը փորձում են այնպիսի գործեր բռնել, որոնք իրենց տեսակետից նպաստում են մարդկության բարօրությանը:

Բայց, ասացե՛ք խնդրեմ, ինչու՞ եք դուք կարծում, որ ձեր արածը համահունչ է այսօրվա մեր պահանջների հետ...

Մենք հատուկ պահում ու պահպանում ենք մեր Դեսպանորդի առաքելությունը, որպեսզի կարողանանք կենտրոնացնել ջանքերը և մարդկանց փոքր քանակությամբ հասնենք ավելի մեծ արդյունքների:

Սակայն մեր աշակերտներից շատերն իրենց սնապարծության կամ ծուլության պատճառով հորինում են իրենց սեփական պլանները և լուծում այնպիսի խնդիրներ, որոնք կարևոր են, բայց՝ ոչ ժամանակի այս պահի համար:

Մի պահ պատկերացրեք, որ ձեր տանը հրդեհ է բռնկվել: Կրակը տարածվում է և հերթով այրում տան բոլոր իրերը: Իսկ դուք՝ փորձում եք այդ պահին նստել և դաշնամուր նվագել: Արդյո՞ք խելամիտ քայլ կլինի դա, թե՞ համարժեք չի լինի տվյալ իրավիճակին...

Այնուհանդերձ՝ մեր սաներից շատ շատերը շարունակում են զբաղվել այնպիսի գործերով, որոնք ինքնին վատը չեն և նույնիսկ կարող են հանգեցնել իրենց հոգիների զարգացմանը: Սակայն մեր Ուսմունքի անկյունաքարերից մեկը՝ բոլոր կենդանի էակներին օգնություն ցուցաբերելու Ուսմունքն է:

Ձեր ֆիզիկական պլատֆորմը, որը միլիոնավոր տարիների ընթացքում ապահովել է ձեր զարգացման հնարավորությունը, ներկայումս հրատապ օգնության կարիք է զգում:

Մարդկության մտավոր գործունեության արդյունքում ստեղծված ամբողջ նեգատիվ տարածությունը մի անխոցելի զրահի է վերածվել, որի միջով չեն կարողանում անցնել մեր Հիերարխիայի արձակած նույնիսկ չափազանց հզոր փրկարար ճառագայթները:

Դուք պարտավոր եք ձեր բոլոր ջանքերը կենտրոնացնել այն բանի վրա, որ չեզոքացնեք մոլորակում կուտակված նեգատիվը:

Սակայն վերջին կես տարվա ընթացքում մենք դրա փոխարեն միայն այդ նեգատիվի մեծացումն ենք տեսնում:

Մենք մեր նպատակներն ու խնդիրները հստակ ենք դնում:

Մենք խոսում ենք աղոթքային արթնության և օրվա մեջ 24 ժամ աղոթքային աշխատանք կատարելու անհրաժեշտության մասին:

Մենք ասում ենք նաև, որ ձեր ժամանակներում միայն աղոթքային աշխատանք կատարելը դեռևս բավարար չէ: Անհրաժեշտ է նաև կոնկրետ ջանքեր գործադրել ֆիզիկական ոլորտում, որպեսզի չեզոքացվի մարդկանց գիտակցությանը տիրած նեգատիվը:

Մեզ հակադիր ուժերն ավելի գործունյա և կազմակերպված դուրս եկան: Փաստորեն մոլորակի ամբողջ տեղեկատվական դաշտը զավթել են այնպիսի մարդիկ, որոնք ներկայացնում են մեզ հակադիր ուժերի շահերը:

Իսկ ինչու՞, այսպես կոչված, լուսակիրները որպես օրինակ չվերցնեն այն, ինչ արդեն արված է տեղեկատվական դաշտում՝ ներառյալ համացանցը, և ուղղակի մինուս նշանը փոխեն պլյուսի...

Գոյություն ունեն մարդկանց զանգվածային գիտակցությունը փոխելու տասնամյակներով մշակված տեխնոլոգիաներ: Սակայն այդ տեխնոլոգիաներն այս պահին աշխատում են Լույսի և զարգացման էվոլյուցիոն ուղու դեմ:

Եվ եթե դուք հապաղեք նաև հաջորդ կիսամյակի ընթացքում, ապա ո՛չ ես, ո՛չ էլ ուրիշ որևէ  Վեհապետ չեն խոստանա բարեհաջող ելք առաջարկել այն անհավատության ճգնաժամից, որը համակել է ամբողջ Երկիրը:

Այո՛, հատկապես այն պատճառով, որ Աստվածային գիտակցությունն այժմ առկա չէ մարդկանց կյանքերում, մարդկային կյանքի բոլոր բնագավառներում մենք ճգնաժամ ենք արձանագրում:

Ես կնկարագրեմ այն տեխնոլոգիան, որով գործում են խավարի ուժերը:

Սկզբում տարածություն է նետվում ոչ ճիշտ ռիթմ: Դա իր արտացոլանքն է գտնում ժամանակակից երաժշտության մեջ, որն այդքա՜ն դուր է գալիս երիտասարդությանը: Զուգահեռաբար, աստվածային զգացողությունների փոխարեն տարածվում են թմրանյութեր, որոնք թեև նմանատիպ զգացողություններ են առաջացնում, բայց ամբողջովին քայքայում են մարդու նուրբ մարմինները: Դրանց քայքայումից հետո հիվանդանում և մեռնում է նաև ֆիզիկական մարմինը:

Գործողությունների մյուս փուլը՝ գայթակղություններն են: Ձեզ նախ գովազդ են ցուցադրում, որը գրգռում է ձեր ցանկություններն ու պահանջմունքները:

Այնուհետև ձեզ հաճկատարորեն տոկոսով փող են առաջարկում, որպեսզի դրանցող գնեք ձեր գայթակղությունը շարժած առարկաներն ու իրեղենը: Արդյունքում՝ մինչև ձեր մարմնավորման ավարտը դուք բռնված եք մնում ֆինանսական կախվածության թակարդում:

Երիտասարդները, փոխանակ լուրջ աշխատանքով զբաղվելու և հաճույք ստանալու իրենց աշխատանքից, ստիպված են լինում ուղղակի փող հայթայթել՝ թղթի կտորներ, որոնք փոխարինում են ընդհանուր բարօրության համար կատարվող իսկական աշխատանքի պարգևած ուրախությանը: Իսկ դրան հետևում է կյանքից դժգոհելն ու ընդվզումը:

Հաջորդ փուլում քարոզվում է բռնություն և ստեղծվում է զենքի և բիրտ ուժի պաշտամունք: Այնուհետև ստեղծվում է թշնամու կերպար, որը ձեր ներսից դուրս է գտնվում՝ որևէ ազգության, երկրի, կամ բառային հասկացության տսքով, որը, կախված կիրառվող գաղափարաբանությունից, իբր երջանիկ ապագայից ձեզ հեռացնող մի արտաքին խոչընդոտ է:

Այդ ամենի արդյունքում երիտասարդների մի սերունդ մյուսի հետևից զոհ են գնում հանուն կեղծ իդեալների և արժեքների: Կարման ավելի ու ավելի է խճճվում ու ծանրանում:

Մենք գալիս և պատրաստի դեղատոմսեր ու բացատրություններն ենք տալիս այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Երկրի վրա:

Բացի այդ՝ մենք ձեզ հստակ ցույց ենք տալիս Ուղին և շարժման ուղղությունը:

Սակայն մոլորակի վրա բնակվող միլիոն մարդու մեջ հազիվ թե գտնվի մեկը, որն այնքան օժտված լինի անհրաժեշտ հավատով ու գիտակցությամբ, որպեսզի ականջալուր լինի մեր խորհուրդներին: Մնացածները համառորեն շարունակում են իրենց երթը դեպի անդունդ:

Ես այսօր եկա արտակարգ անսովոր զրույց վարելու համար:

Ես փորձեցի բոլոր շեշտադրումներն իրենց տեղերում դնել:

Բայց ես պետք է խոսեմ ևս մեկ կարևոր բանի մասին: Այն վերաբերում է ձեր ապագային: Ո՛չ ես, ո՛չ Կարմայական Վարչության մյուս անդամները ներկա պահին չենք կարող խոստանալ, որ հաջորդ կիսամյակում կկարողանանք պահպանել մոլորակի համակշռությունը:

Մենք կարող էինք հույսեր կապել Մեծ Կենտրոնական Արևից էներգետիկական օժանդակություն ստանալու հետ, սակայն, որպեսզի այդ օգնությունը ցուցաբերվի, պահանջվում են փաստեր առ այն, որ մարդկությունը լսում է մեզ և ընթանում մեր մատնանշած Ուղով:

Բավարար քանակությամբ այդպիսի փաստեր մենք չենք կարողանում գտնել:

Ուստի ես ամենայն խստությամբ կոչ եմ անում ձեզ՝ մի կողմ դնել ձեր անձնական նախաձեռնությունները և ձեր ջանքերն ամբողջովին կենտրոնացնել աղոթքային գործառությունների և կոնկրետ գործողությունների միջոցով մոլորակի համակշռությունը պահպանելու վրա:

Եվ եթե իմ այս Ուղերձից հետո մեր սաներից մեկնումեկը հանկարծ էլի հարցնի, թե ի՞նչ պետք է անի ինքը, ապա ես կհրաժարվեմ ապագայում կրկին գալ և տալ իմ Ուղերձներն ու խրատները:

 

ԵՍ ԵՄ Պորցիան

 

Տատյանա Միկուշինա, 2014 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ      Նախորդ էջ       Հաջորդ էջ