Շրջակա ցանկացած իրադրությունում դուք պետք է հավատարիմ մնաք Բարձրագույն իդեալներին

 

Կ-17 ի Վեհապետ

25 հունիսի, 2014 թ.

 

ԵՍ ԵՄ Կ-17-ի Վեհապետը: Ես առաջին անգամն եմ ձեզ այցի գալիս այս դեսպանորդի միջոցով:

Հնարավոր է, որ դուք իմ անունը լսած լինեք նախորդ դեսպանորդներից: Երկիր մոլորակում ես ներկայացնում եմ Տիեզերական Անվտանգության Ծառայությունը:

Այն հանգամանքը, որ այսօր այցելել եմ ձեզ, պետք է հուշի ընթացիկ պահի կարևորության մասին: Քանզի ես հազվադեպ եմ հնարավորություն ստեղծում ինձ հետ հաղորդակցվելու համար:

Եվ այսպես, այսօր ես եկել եմ ոչ այն բանի համար, որ ուսուցանեմ և խրատներ տամ ձեզ: Այսօր ես եկել եմ, որ ձեզ տամ խիստ որոշակի հանձնարարականներ և նախազգուշացումներ:

Իմ տեսանկյունից՝ մոլորակի իրադրությունը հասել է չափազանց վտանգավոր շրջադարձի: Մենք դժվարությամբ ենք զսպում մեզ հակադիր ուժերին: Հիերարխիայի Լույսի ամբողջ հզորությունը հազիվ է բավարարում իրադրության զսպման համար:

Դուք կարող եք դա նկատել այն իրադարձություններից, որոնք տեղի են ունենում Երկրի վրա: Այսուայնտեղ ակտիվանում են ռազմական հակամարտություններն ու պատերազմական գործողությունները: Այսուայնտեղ գլուխ են բարձրացնում մարդկային գիտակցության ամենավատթար դրսևորումները:

Շատ ուժեր կան, որոնք չէին ուզենա, որ մարդկությունն ընտրեր զարգացման Աստվածային ուղին: Այդ ուժերը փորձում են անել և կանեն իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի հնարավորին չափ մեծ քանակի հոգիների դուրս հանեն Աստվածային ուղուց: Դրա համար կիրառվում են բոլոր եղանակները և օգտագործվում են ամենանենգ հնարքները:

Ձեզ հայտնի է, որ մարդկային կյանքի ամենասուրբ ոլորտներում մեզ հակադիր ուժերը մտցնում են իրենց աղճատումները: Նախորդ Ուղերձներում ձեզ ասվել է պաշտամունքի շատ սպասավորների մասին, որոնք փաստորեն չեն ծառայում Աստծուն: Ես հիմա ձեզ կհիշեցնեմ մարդկային կյանքի մի այլ կողմի՝ պատերազմների ու արյունահեղությունների մասին:

Մարդկության զանգվածային գիտակցության մեջ ատելություն և ագրեսիա սերմանելու միջոցով մոլորակի շատ վայրերում տեղի է ունենում զանազան տաք կետերի հրահրում և բորբոքում:

Մարդկանց գիտակցության մեջ ագրեսիան խթանելու գործընթացի էությունը պարզ է: Դա նախ և առաջ տեղեկատվության զանգվածային միջոցներն են, որոնց մեծ մասը գտնվում են մեզ հակադիր ուժերի հովանավորության տակ, և համակարգչային խաղերի արտադրությունը, որոնցով սիրում են խաղալ և՛ երեխաները, և՛ մեծահասակները: Դրանցից շատերն այնպիսի խաղեր են, որոնց մասնակիցները կրակում են զանազան զենքերով և խոցում իրենց հակառակորդներին: Առաջին հայացքից անվնաս թվացող այս ժամավաճառությունը ձեր ժամանակներում վերածվում է հույժ վտանգավոր աղբյուրի:

Երեխաները միշտ էլ սիրել են կռիվ-կռիվ խաղալ: Դրանով նրանք հմտություն են ձեռք բերում իրենց հայրենիքը պաշտպանող զինվորներ դառնալու համար: Եվ դա քաջալերվում ու ողջունվում էր մեր կողմից: Սակայն հիմա, փոխանակ խթանելու ազնիվ շարժառիթները՝ խթանվում է սպանության, արյան, ավարառության ծարավը: Եթե համակարգչային խաղերին գումարենք նաև այն ֆիլմերը, որոնք ագրեսիա են քարոզում և գունեղ կերպով ցուցադրում մարդկանց սպանություններ, ապա կարելի է ասել, որ երիտասարդ սերնդի գիտակցության մեջ աստիճանաբար լղոզվում են բարոյականի ու անբարոյականի, լավի ու վատի եզրագծերը:

Այն երիտասարդները, որոնք դաստիարակվում են համակարգչային մարտախաղերի ու ագրեսիվ մարտաֆիլմերի նման անորակ դրսևորումներով, կորցնում են իրականության զգացողությունը: Գոյություն ունեն շատ կազմակերպություններ, որոնք այդ ֆիլմերով ու խաղերով հիմարացած ջահելներին գրավում են իրենց շարքերը: Եվ բռնության ու ագրեսիայի գաղափարաբանությամբ ուղեղների լվացումից ընդամենը մի քանի տարի հետո այդ ջահելներից կազմավորվում են մասնագիտացված վարձկաններ ու մարդասպաններ:

Առաջին քայլը միանգամայն անվնաս է թվում՝ 6-7 տարեկան երեխան նստում է համակարգչի առաջ և կրակում խաղալիքային նշանակետերի վրա: 12-13 տարեկանից երեխան արդեն սկսում է բռնություններ խթանող ֆիլմեր դիտել:

Իսկ 16-17 տարեկանից անհատն արդեն պատրաստ է, որ իրեն ներքաշեն վարձկաններ ու մարդասպաններ պատրաստող կազմակերպության մեջ:

Այս եղանակով համակարգը բռնություն է տարածում: Սկզբում բռնությունն ամրապնդվում է գիտակցության մեջ, իսկ տասը տարի հետո այդ բռնությունը դրսևորվում է ֆիզիկական ոլորտում՝ այն երիտասարդների միջոցով, որոնք երբեք չեն լսել Աստծո մասին, բայց բազմաթիվ ժամեր են անցկացրել սպանություններ ու բռնություններ դիտելու վրա:

Այն հանրությունում, որտեղ չի վերահսկվում երեխաների զարգացման բարոյական կողմը, շատ դժվար է արմատախիլ անել բռնությունը:

Ուստի մենք՝ Համբարձյալ Վեհապետներս, գալիս և ձեզ հիշեցնում ենք ֆիզիկական ոլորտում կոնկրետ գործողությունների անհրաժեշտության մասին: Այդ գործողությունները պետք է իրականացնել և՛ օրենսդրական, և՛ հասարակական մակարդակներով, ինչպես նաև աշխարհի բոլոր երկրների պետական կառույցների մակարդակներով:

Կան որոշակի ուժեր, որոնք կընդդիմանան այդ գործողություններին:

Սակայն ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ ձեր խնդիրն է՝ գործել Աստվածային վարվելակերպի նմուշներին համապատասխան: Կարևոր չէ՝ արդյունքում ձեր գործերը հաջող կլինեն, թե՝ ոչ: Կարևոր են ճիշտ շարժառիթներն ու ճիշտ գործողությունները:

Հատկապես դա՛ կմնա ձեզ՝ ձեր հոգուն, որպես կենսափորձ, և հենց այդ կենսափորձն է, որ դուք կունենաք ձեր հաջորդ մարմնավորման ժամանակ:

Ինչ վերաբերում է այն կենսափորձին, որը ձեռք են բերում այն անհատականությունները, որոնք ձգտում են ծառայել Լույսին հակադիր ուժերին, ապա դա նույնպես կմնա իրենց հետ: Սակայն կենսափորձ էլ կա՝ կենսափորձ էլ:

Երբ դուք ընտրում եք Աստվածայինը և վարվում բարոյական ու առաքինության ամենաբարձր նմուշներին համապատասխան, դրանով դուք բարձրացնում եք ձեր թրթիռները և վեր բարձրանում էվոլյուցիոն զարգացման պարույրով:

Իսկ երբ ձեր ընտրությունն Աստվածայինի կողմը չէ, դուք հայտվում եք գահավիժող պարույրի մեջ, իսկ ձեր հոգին ցած է սահում ինվոլյուցիոն զարգացման աստիճաններով:

Այդպիսով ձեր ժամանակներում տեղի է ունենում հետագա էվոլյուցիայի համար պիտանի հոգիների արագացված զտում այն հոգիներից, որոնք տեղ են գրավում լինելիության ցածրագույն ոլորտներում և աստիճանաբար հեռանում դեպի անէություն:

Ձեր խնդիրն է՝ հասկանալ, որ կարևոր չէ, թե ով ինչպես է վարվում: Աստծո և Նրա դատաստանի առաջ ձեր հոգու համար չի կարող արդարացում լինել այն, որ դուք վարվել եք բոլորի պես:

Ո՛չ, դուք պետք է սովորեք նախընտրել Աստվածայինը՝ նույնիսկ եթե ձեր չորս կողմում բոլորը զբաղված լինեն բացառապես ոչ աստվածային գործերով:

Ներկայումս հենց այդ ձեռնադրումն են անցնում այն հոգիները, որոնք գտնվում են մարմնավորման մեջ:

Ցանկացած շրջակա իրադրության մեջ դուք պետք է պահպանեք ձեր անկախությունը և Բարձրագույն իդեալներին ձեր լիակատար նվիրվածությունը:

Իսկ հիմա, երբ ձեզ նախազգուշացրի ընթացիկ պահի և դրա առանձնահատկությունների մասին, կուզենայի ձեզ փոխանցել ևս մի քանի ուղերձի խոսքեր:

Դուք մարտիկնե՜ր եք ձեր աշխարհում...

Դուք Լույսի՛ մարտիկներ եք...

Դուք Ոգու ասպետնե՛ր եք...

Երբեք, ձեր կյանքի ոչ մի տեսակի հանգամանքներում մի՛ մոռացեք այդ մասին...

Ձեր պարտքն է՝ Ծառայել Աստծուն և համայն Կյանքին...

 

ԵՍ ԵՄ Կ-17 - ի Վեհապետը

 

Տատյանա Միկուշինա, 2014 թ.

թարգմանեց Խ. մանասելյանը

 

 

 

 Գլխավոր էջ    Նախորդ էջ     Հաջորդ էջ