Ուսմունքի ամենակարևոր ու կենսական

դրույթները՝ ժամանակի այս պահի համար

 

Հաութամա Բուդդա

24 հունիսի, 2014 թ.

 

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան:

Ես կրկին ձեզ այցի եմ եկել, քանի որ մարդկության համար այս դժվարին պահին չէի կարող չգալ:

Իմ պարտքը՝ օգնություն ցուցաբերելն է: Եվ օգնության ձևերից մեկը, որ մենք՝ Համբարձյալ Դասերս, կարող ենք ցուցաբերել մարդկությանը՝ մեր խրատներն ու մեր ուսուցումն են:

Ինչպես միշտ, ես կաշխատեմ կարճ Ուղերձի շրջանակներում արտահայտել մեր Ուսմունքի՝ տվյալ պահի համար ամենակարևոր ու կենսական դրույթները:

Եվ այսպես, դուք բոլորդ գիտեք և ձեր կյանքերում կարող եք զգալ, որ ապրում եք շատ կրիտիկական ժամանակներում:

Փաստորեն մարդկության հավաքական գիտակցությունն ընտրություն է կատարում, թե ո՞ր ճանապարհով է ընթանալու մարդկության հետագա զարգացումը:

Դուք կա՛մ սեփական փորձերի ու սխալների ճանապարհով այնուամենայնիվ կընտրեք զարգացման Աստվածային Ուղին (անվանենք այն էվոլյուցիոն ուղի), կա՛մ էլ կհրաժարվեք Երկրի մարդկության համար համայն այս Տիեզերքի Արարչի նախանշած Ուղուց՝ աստիճանաբար ապրելով հետընթաց ու անկում:

Մարդկային կյանքի բոլոր բնագավառներում կան երկու հիմնական մոտեցումներ՝ Աստվածային և ոչ աստվածային:

Օրվա ընթացքում ձեր կատարած բոլոր որոշումները բաժանվում են Աստվածայինի և ոչ աստվածայինի միջև:

Հեշտ է պատկերացնել, թե որքան արագ կարելի կլիներ որակապես փոխել ձեզ շրջապատող ֆիզիկական աշխարհը, եթե մարմնավորման մեջ գտնվող անհատականություններից յուրաքանչյուրն ամեն օր նախընտրեր միայն Աստվածայինը:

Բայց քանի որ մարդկանց մեծ մասն այնքան էլ հաճախ չեն խորհում Աստվածային Օրենքի մասին, ապա շատ դժվար և անգամ անհնարին է դառնում Այդ Օրենքին համապատասխան գործելը:

Ավելի վաղ ժամանակներում մշտապես գոյություն ունեին հատուկ ինստիտուտներ, որոնք մարդկանց հիշեցնում էին Բարձրագույն իրականության գոյության մասին: Առավել հաճախ՝ դրանք եկեղեցու ինստիտուտը, քրմական դասն ու հոգևորականներն էին լինում:

Սակայն աստիճանաբար այդ ինստիտուտները կորցրին իրենց այդ առաքելությունը և հենց իրենց ներսում բաժանվեցին երկու խմբի՝ Աստծո հետևորդների և նրանց ընդդիմադիր ուժերի:

Այն մարդկանց համար, ովքեր հեռու են կրոնական ճշմարտություններից, ավելի ու ավելի դժվար է դառնում պարզելը, թե եկեղեցու այդ ներկայացուցիչներից ով որ դիրքն է զբաղեցնում:

Նույն վիճակն է տիրում նաև մարդկային կյանքի մնացած բոլոր բնագավառներում:

Կան մարդիկ, ովքեր իրենց ներսում Լույս են կրում, և նրանց բոլոր որոշումները լուսավորված են Ճշմարտության Լույսով. բայց և կան մարդիկ, ովքեր խավարի ուժերի ներկայացուցիչներ են: Եվ այդ երկու տեսակի մարդկանց գործողությունները լրիվ հակառակ են միմյանց:

Քանի որ կյանքի ցանկացած բնագավառում կան այս կամ այն տեսակետը քարոզողներ, ապա հանրության ներսում մշտապես պայքար է ընթանում Լույսի և խավարի, Աստվածայինի և ոչ աստվածայինի միջև:

Եվ քանի որ մարդկությունն իր ամբողջությամբ վերցրած այնքան էլ հաճախ չի խորհրդածում Բարու և Չարի, Լույսի և խավարի մասին, ապա սովորական ապրողի համար ավելի ու անհասկանալի է դառնում, թե իրականում ինչ է կատարվում աշխարհում:

Աշխարհում պայքար է ընթանում Լույսի ու խավարի ուժերի միջև: Եվ այդ պայքարի արդյունքից է կախված, թե հետագա տասնամյակներում ինչ ուղով կընթանա մարդկությունը:

Կախված մարդկության համատեղ կատարած ընտրությունից՝ կա՛մ կտրուկ շրջադարձ կկատարվի դեպի առատությունը, բարգավաճումը, բարոյական նորմերի վերածնունդն ու հավատն առ Աստված, կա՛մ, ընդհակառակը՝ տեղի կունենա լիակատար անկում և հետընթաց, որը կընդգրկի մարկային կյանքի բոլոր ոլորտները:

Նման իրավիճակում հնարավոր չէ չեզոք դիրք գրավել: Դուք չե՛ք կարողանա ջայլամի պես ձեր գլուխները թաքցնել ավազի մեջ և սպասել ավելի լավ ժամանակների:

Եթե հանրության յուրաքանչյուր անդամը չսկսի ակտիվորեն գործել, ապա ավելի լավ ժամանակներ երբեք չեն գա:

Մարդկության պատմության և՛ բարեհաջող, և՛ անբարեհաջող զարգացման ընթացքները հավասարապես հավանական են:

Ես ձեզ պետք է ասեմ, որ երկրագնդում առանձնապես շատ չեն այն մարդիկ, որոնք բացահայտորեն հակաաստվածային հայացքներ են քարոզում և անշեղորեն առաջնորդվում դրանցով:

Միաժամանակ փոքր է նաև այն մարդկանց քանակը, որոնք բացահայտ Աստվածային դիրքորոշում ունեն և անշեղորեն Լույսի դիրքերն են պաշտպանում:

Մնացած մարդիկ՝ մարդկության 99 տոկոսը, փոխնեփոխ ընկնում են կա՛մ Լույսի, կա՛մ խավարի ուժերի ազդեցության տակ:

Դա տեղի է ունենում ձեր գիտակցությունից անկախ:

Ահա դուք հեռուստաեսությամբ լուրեր եք դիտել և տեսել բացասական մի իրավիճակ. այնուհետև դուք զգացական արձագանք եք տալիս դրան, և ձեր միտքը սկսում է աշխատել այդ բացասական իրավիճակի քննարկման վրա: Հնարավոր է, որ հետո դուք ուզենաք այդ իրավիճակի մասին կիսվել ձեր ընկերների, հարևանների և ծանոթների հետ: Այդպիսով դուք օժանդակում եք բացասական դաշտին և դրանով հանդերձ անցնում եք խավարի ուժերի կողմը:

Դա տեղի է ունենում անգիտակցաբար: Եվ քանի որ ձեր զանգվածային լրատվության միջոցները հիմնականում ղեկավարում են այնպիսի մարդիկ, որոնք անաստված հայացքների կրողներ են, ապա, հրապուրվելով նրանց հեռարձակած լուրերով ու հաղորդումներով, ինքներդ վերածվում եք չարի ուժերի հեռարձակիչների:

Իսկ քանի որ մարդկության զգալիորեն մեծ մի հատված իր ժամանակի մեծ մասն անց է կացնում հեռուստահաղորդումներ դիտելով, ապա մարդկության մեծ մասը դառնում է խավարի ուժերի գաղափարների գերին:

Հիմա ի՞նչ եք կարծում. նման դեպքում ո՞ր ուղով կզարգանա մարդկությունը...

Պատասխանն ակնհայտ է:

Իսկ ի՞նչ անել այդ դեպքում:

Այդ հարցի պատասխանը մենք ձեզ հուշում ենք մեր Ուղերձներով:

Մի՛ հրապուրվեք գիտակցության բացասական վիճակներով, մշտապես ձեր գիտակցությունը կենտրոնացված պահեք դրականի վրա, ձեր կյանքից հեռացրեք բոլոր ոչ աստվածային դրսևորումները և ինքներդ ձեզ շրջապատեք լուսավոր Աստվածային կերպերով:

Ինչ կլանում եք, դրան էլ վերածվում եք:

Եթե դուք առանց խտրականության ինքներդ ձեզ դնում եք տեղեկատվական հոսքերի ազդեցության տակ, ապա դառնում եք այն բացասականի հեռարձակիչները, որը տիրաժավորում են զանգվածային լրատվության միջոցները:

Հենց որ բացասականը բույն է դնում ձեր գիտակցության մեջ, քիչ ժամանակ անց այն իջանում է ֆիզիկական ոլորտ՝ զանազան բացասական դրսևորումների տեսքով:

Այդ եղանակով բացասականն ինքնարտադրվում է:

Բայց չէ՞ որ նույն եղանակով կարող է ինքնարտադրվել նաև դրականը...

Երկրագնդի վրա տեղի ունեցող բոլոր պրոցեսների կառավարման մեխանիզմը գտնվում է ձեր էության ներսում: Ձեզնից յուրաքանչյուրի ներսում կա յուրատեսակ անջատիչ կամ փական, որը ձեզ ստիպում է կա՛մ Աստվածային որոշումներ ընդունել, կա՛մ ընթանալ ոչ աստվածային ուղով:

Եվ ամեն օր մի քանի անգամ դուք առիթ եք ունենում այդ անջատիչը դնելու կա՛մ Աստվածային, կա՛մ ոչ աստվածային ուղղության վրա:

Մենք ձեզ ուսուցանում ենք, թե ինչպես զանազանում մտցնեք ձեր կյանքում և պահպանեք Աստվածային աշխարհի հետ ձեր համալարվածությունը:

Ձեր առաջին ու ամենակարևոր քայլը կլինի այն, որ հավատաք Աստվածային աշխարհի գոյությանը և կամենաք ծառայել Լույսին:

Եթե դուք վերջնականապես և անդառնալորեն կատարեք այդ ընտրությունը, և մարդկության առավել ակտիվ մասի կրիտիկական մի հատված կատարի նույնը, ապա դուք այլևս վախենալու բան չեք ունենա: Մարդկության հետագա զարգացումը կընթանա էվոլյուցիոն ուղով:

Ուստի մենք խնամքով ձեզ ենք մատուցում մեր Ուսմունքը: Պայքար է ընթանում ամեն մի հոգու համար՝ նրա փրկության համար:

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան

 

Տատյանա Միկուշինա, 2014 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ     Նախորդ էջ     Հաջորդ էջ