Ես սովորեցնում եմ ձեր գիտակցության մեջ

հաղթահարել բռնությունը

Աթենաս Պալլաս

23 հունիսի, 2014 թ.

ԵՍ ԵՄ Աթենաս Պալլասը՝ ձեզ այցի եկածս:

Հասել է Ճշմարտության այն անկեղծ որոնողներին խրատներ տալու և ուղերթի խոսքեր ասելու ժամանակը, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում մեր կողմից տրվող Ուսմունքի նկատմամբ:

Ես պետք է ձեզ ասեմ, որ մենք ոչ միշտ ենք գոհ լինում մեր ուսուցման արդյունքով: Լինում են երջանիկ պահեր, երբ մեր Խոսքից բոցավառվում են մարդկանց սրտերը, և մենք գոհունակությամբ նկատում ենք, թե մարդն ինչպես է բառացիորեն ծաղկում աչքի առաջ: Նրա ամբողջ էությունը պայծառակերպվում է Ճշմարտության Լույսով, և Սերը՝ Աստվածային Սերը, բառացիորեն դուրս է հորդում նրա աչքերից:

Բայց և լինում է դրա հակառակը, երբ մարդը մեծ դժվարությամբ է գտնում մեր Ուսմունքը՝ մեր Ուղերձները: Որոշ ժամանակ նա տարվում է դրանցով՝ փորձելով հասկանալ մեր տված Գիտելիքի հիմունքները: Բայց այդ ժամանակն անցնելուց հետո նա թողնում է մեր Ուղերձներն ընթերցելը և հեռանում, որպեսզի Ճշմարտություն գտնի բոլորովին ուրիշ տեղում:

Մենք շատ ենք ցավում նման դեպքերի համար, բայց ոչինչ չենք կարող անել, քանի որ Ազատ Կամքի Օրենքը մեզ թույլ չի տալիս միջամտել մարդկանց որոշումներին:

Սակայն մենք չենք դադարում հուսալ, որ վաղ թե ուշ մարդկությունը կկարողանա հաղթահարել իր անիրական մասի դիմադրությունը և վերջապես կհայտնվի Աստվածային մտքի լայնարձակության մեջ:

ԵՍ ԵՄ Աթենաս Պալլասը՝ Ճշմարտության Աստվածուհին. ես նաև վերահսկում եմ մարդկային կյանքի ուրիշ շատ բնագավառներ: Եվ այսօր ես առանձնահատուկ ուրախություն եմ ապրում մեր այս հանդիպման առիթով, քանի որ այս Ուղերձը տալիս եմ իմ սիրելի Հելլադայի տարածքում:

Օ՜, դուք չեք կարող պատկերացնել, թե որքա՜ն ուրախ եմ ես, ինչպե՜ս է ցնծում իմ էությունը...

Հինավուրց Հելլադան... Որքա՜ն դարեր են անցել այն ժամանակներից, երբ այս վայրերում բնակվող մարդիկ երկրպագում էին ինձ, իմ պատվին կառուցում տաճարներ ու սրբարաններ:

Եկան ուրիշ ժամանակներ, և հիմա մարդիկ ուրիշ Աստվածների են երկրպագում: Սակայն ես չեմ կորցնում իմ հույսը, որ կգա այնպիսի ժամանակ, երբ բոլոր մարդիկ կհամակվեն ու կլցվեն այն Աստվածային Ճշմարտությամբ, որ ամբողջ աշխարհը հենց ինքն է Աստվածային Ճշմարտության արտահայտություն: Ամբողջ աշխարհն Աստծո նվերն է ձեզ՝ ձեր հոգիներին, որ օգնի ձեզ զարգանալու և ճանաչելու ինքներդ ձեզ ու շրջակա աշխարհը:

Որքա՜ն հրաշալի ու գեղասքանչ բաներ կան այդ աշխարհում: Որքա՜ն շատ բան է Աստված անվարձահատույց տվել մարդկությանը՝ որպես Աստվածային պարգև: Դա և՛ արևածագն է ու մայրամուտը, և՛ արևի ջերմությունը, և՛ թռչունների դայլայլը, և՛ ծաղիկների փթթումը, և՛ զեփյուռի երգն ու առուների խոխոջյունը:

Որքա՜ն նվերներ է տվել Աստված մարդկությանը...

Սակայն մարդկությունը երես է թեքել Աստծո նվերներից: Անգամ անմահությունը, որ ձեր հոգիներին պարգև  է տրվել արարման օրից, դուք այլևս որպես այդպիսին չեք ընկալում:

Դուք զարմանալի համառությամբ ստեղծում եք ձեր սեփական անաստված նմուշները և դրանց երկրպագում, ինչպես ոսկե հորթին՝ դրանց սնուցելով ձեր ստացած Աստվածային էներգիայով:

Կար հեռավոր մի ժամանակ, երբ ես ներկա էի մարդկանց միջավայրում: Ես մարդկանց ասում էի, որ կգան այնպիսի ժամանակներ, որ իրենք կմոռանան Աստծուն և իմ գոյության մասին: Բայց ոչ ոք ինձ չէր հավատում:

Եվ ահա հիմա, երբ ես խոսում եմ Աստծո, Համբարձյալ Դասերի մասին, քչերը կան, որ հավատում են մեր իրական գոյությանը:

Քանզի ձեր գիտակցության մեջ կա ինֆորմացիայի հսկայական զանգված, սակայն Ճշմարտությունը՝ Աստվածային Ճշմարտությունը, լքել է ձեզ:

Ուստի ձեր հիմնական խնդիրը պետք է լինի Աստվածային Ճշմարտությունը ձեր աշխարհ վերադարձնելը, որին կհետևի Աստվածային ներդաշնակության ու անդորրի վերադարձը, և ձեր գոյությունը կլցվի իմաստով:

Ներկայումս դուք խորասուզված եք ձեր իսկ հորինած պրոբլեմների մեջ: Ձեզ լրջորեն հուզում են բաներ, որոնք արժանի չեն ձեր ուշադրությանը: Դուք խորասուզվել եք այնպիսի խնդիրների ու վիճակների մեջ, որոնք չպետք է լինեն ձեր աշխարհում: Եվ որքան շատ եք ուշադրություն դարձնում այդ վիճակներին, այնքան ավելի շատ եք դրանց սնուցում ձեր Աստվածային էներգիայով:

Բոլոր այն հորինովի բաները, որոնք տիրաժավորվում են զանգվածային լրատվության միջոցներով, ձեր էներգիայի շնորհիվ լիովին ձեռք են բերում ֆիզիկական կերպարանքներ:

Դուք հնազանդորեն ձեր էությունը ենթարկում եք զանգվածային լրատվության միջոցների տիրաժավորած ստի ամբողջ հոսքի ազդեցությանը, և ստի այդ հոսքը ձեզ ստիպում է կատարել այնպիսի գործողություններ, որոնց մասին ամոթով կհիշեք ձեր ֆիզիկական մարմնի մահից հետո, երբ հայտնվեք մեր Մենաստաններում: Դուք սարսափով կհիշեք այն իրավիճակները, որոնք ինքներդ էիք ստեղծել՝ ստահոդ ներշնչանքների և բացահայտ ստերի ազդեցության տակ:

Ես և մյուս Վեհապետները մշտապես հանդիպում ենք այնպիսի հոգիների հետ, որոնք չեն կարողանում դուրս գալ շոկային ցնցումից, երբ նրանց հայացքի առջև հառնում է իրենց վերջին մարմնավորման ընթացքում գործված չարի ամբողջ ահավոր պատկերը:

Այդպիսի հոգիներից շատերը նորից են ուզում մարմնավորվել, որպեսզի քավեն իրենց գործած մեղքերն ու կեղտոտ արարքների հետևանքները: Սակայն մենք տեսնում ենք, որ հոգին այնքան խոր վերքեր է ստացել, որ հարյուրավոր տարիներ են պետք, որպեսզի կրկին ձեռք բերի Աստվածային անդորր ու ներդաշնակություն, ապա մարմնավորվի՝ իր կարման գիտակցված ձևով բեռնաթափելու ցանկությամբ:

Ես գիտեմ և տեսնում եմ, թե երբեմն որքա՜ն դժվար է լինում այն մարդկանց հոգիների համար, որոնք մարմնավորվում են անցյալում իրենց գործած մեղքերը քավելու նպատակով: Այդ մարդիկ տառապում են և ենթարկվում ահավոր փորձությունների:

Պահանջվում է ի մի բերել ամբողջ արիությունը, դրսևորել վիթխարի անձնազոհություն, որպեսզի նրանք արժանավայել կերպով անցնեն բոլոր փորձությունները՝ իրենց ձեռքերը կրկին չթաթախելով արյան մեջ: Քանզի եթե մարդը զենք է վերցնում ձեռքը, որպեսզի վրեժ լուծի և դրանով իսկ ձեռքերը թաթախում է արյան մեջ, ապա բազմաթիվ մարմնավորումների ընթացքում իր հոգուն զրկում է հոգևոր ուղով առաջ ընթանալու հնարավորությունից:

Եվ հակառակը՝ նա, ով հաղթահարում է վրեժ լուծելու ցանկությունը և հնազանդորեն կրում իրեն բաժին հասած փորձությունները, հաջորդ մարմնավորման ընթացքում իր առջև բացում է Աստվածային Ուղին:

Ես այն Աստվածուհին եմ, որ նաև ռազմական արվեստի բնագավառից եմ խրատներ տալիս: Եվ իմ  Մենաստանում այդ բնագավառից խրատներ տալուս ընթացքում հոգուն ուսուցանում եմ զենքի կիրառումը տարբերակելու ուղիները: Եթե դուք զենք եք վերցնում ոչ թե վրիժառության կամ շահադիտական նպատակով, ինչպես վարվում են վարձու մարդասպանները, այլ սեփական հայրենիքը, սեփական տունն ու ընտանիքը պաշտպանելու ազնիվ նպատակով, ապա նույնիսկ ձեր գործած սպանության կարման անհամեմատ ավելի թեթև կլինի, քան այն մարդկանց կարման, որոնք սպանություն են գործում զավթման ու շահադիտական նպատակներով:

Զենքը ձեռքն առնելու մարդկանց շարժառիթները տարբեր են լինում: Ցավոք, ինչպես հազար տարի առաջ, մարդկության կարման չի կարող հանգուցալուծվել առանց բռնության ու արյունահեղության:

Սակայն ցանկացած արյունահեղություն պետք է որպես դաս ընկալել ձեր հոգու համար: Ձեր գիտակցության մեջ՝ տեղի ունեցածի նկատմամբ ճիշտ արձագանքն ու ճիշտ գնահատականը ունակ են գիտակցության մեջ բեռնաթափելու բռնության կարման՝ առանց հետագայում ֆիզիկական ոլորտում նոր բռնություն գործելու:

Այսպիսով, ես ուսուցանում եմ հաղթահարել բռնությունը գիտակցության մեջ:

Դուք կզարմանաք լսելուց, բայց անհամեմատ մեծ կարմա են ստեղծում ոչ այն մարդիկ, որոնք բռնություն են գործում, այլ նրանք, ովքեր իրենց գիտակցությամբ օժանդակում են բռնությանը:

Քանզի այն բռնությունը, որ հիմա է տեղի ունենում, այն ագրեսիայի հետևանքն է, որը նախկինում տեղ է գտել ձեր գիտակցության մեջ: Բայց եթե հիմա ձեր գիտակցության մեջ ագրեսիվություն կա, ապա այն պատճառ կդառնա հետագա արյունահեղության:

Նախ դուք ձեր գիտակցության մեջ պայմաններ եք ստեղծում ատելության, հակակրանքի ու ագրեսիայի համար, որից հետո այդ ամենը իջանում է ֆիզիկական ոլորտ՝ պատերազմների, արյունահեղությունների ու ահաբեկչական գործողությունների տեսքով:

Մտածե՛ք այսօրվա իմ ասածների շուրջ: Եվ պատճառներ մի՛ ստեղծեք ապագա դժբախտությունների համար:

ԵՍ ԵՄ Աթենաս Պալլասը

Տատյանա Միկուշինա, 2014 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ     Նախորդ էջ    Հաջորդ էջ