Ձեր խնդիրը՝ ձեր հոգիները պահպանելն է

 

Սանատ Կումարա

20 հունիսի, 2014 թ.

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:

Այս օրով ես եկել եմ ճիշտ և ճիշտ մեր որոշած ժամին:

Եվ ինչպես միշտ, մտադիր եմ օգտագործել այս Աստվածային հնարավորությունը, որպեսզի ներկայումս Երկրում ապրող մարդկությանը փոխանցեմ մեր գիտելիքն ու Երկրում տեղի ունեցող փոփոխությունների մեր ըմբռնումը:

Մեր նախորդ Ուղերձներում մենք բազմիցս հայտարարել ենք, որ Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտի թրթռանքները բարձրանում են: Մենք ասել ենք, թե ինչ պետք է ձեռնարկել, որպեսզի ձեր սեփական թրթիռներն ու ձեր գիտակցության մակարդակը համապատասխանեն նոր իրականությանը:

Ձեզնից նրանք, ովքեր անշեղորեն հետևել են մեր հանձնարարականներին, աննախադեպ թռիչք են ունեցել իրենց զարգացման մեջ: Նրանց առջև բացվել են ներքին զարգացման չտեսնված հնարավորություններ ու հեռանկարներ: Նրանք Աստվածային հնարավորության ալիքի վրա են, ինչը հոգուն թույլ է տալիս նոր մակարդակով շարունակելու սեփական էվոլյուցիան:

Ձեզ տրվել է այդ հնարավորությունը... Դուք կարողացա՜ք բռնել մեր օգնության ձեռքը և օգտվեցիք մեր խորհուրդներից:

Բայց մարդկության մեծամասնության հետ դա տեղի չունեցավ: Մարդիկ ընկան էներգիաների շրջապտույտի մեջ և չեն գիտակցում տեղի ունեցող գործընթացների ամբողջությունը:

Նրանք ընկել են այնպիսի դրության մեջ, երբ նոր էներգիաները նրանց էության միջից դուրս են հանում բոլոր կարմայական նստվածքներն ու հին էներգիաների բոլոր շերտերը: Դա նման է այն հիմնարար մաքրմանը, որը դուք կատարում եք ձեր տներում: Դուք թափ եք տալիս հին իրերի փոշին, ավլում եք աղբը, և որոշ ժամանակով ձեր շուրջն առաջանում է քաոս ու թափթփված վիճակ:

Մի՛ սպասեք, թե ինչ-որ մեկը կգա և կարգուկանոն կհաստատի ձեր տանը: Ձեր էության ներսում կարգուկանոն կարող եք հաստատել միայն դուք և ուրիշ ոչ ոք:

Ուստի մենք նախապես զգուշացրեցինք, որ ձեզնից յուրաքանչյուրը, որ անցումային այս ժամանակահատվածում ապրում է մոլորակի վրա, պարտավորված կլինի և կանի իր ընտրությունը:

Իսկ հիմա, անկախ մոլորակի անմխիթար վիճակից, ձեզ աննախադեպ հնարավորություն է տրվում ձեր սեփական զարգացման համար:

Այն, ինչ առաջ՝ նախորդ դարերում, հանգիստ պահված էր ձեր էության խորքում, ներկայումս, շնորհիվ բարեփոխությունների էներգիաների, ելնում է մակերես:

Դուք կարող եք դա զգալ ինչպես ինքներդ ձեզ վրա, այնպես էլ տեսնել տառացիորեն ամենուրեք:

Լա՞վ է դա, թե՞ վատ... Անշուշտ, ֆիզիկական ոլորտում բարեհաջող գոյատևելու համար դա այնքան էլ լավ բան չէ: Բայց ձեր հոգու համար՝ հսկայական հնարավորություն է:

Մենք նախապես՝ այս պահից տասը տարի առաջ, վիթխարի Աստվածային ողորմածություն ստացանք մեր Ուղերձները ձեզ փոխանցելու համար: Այդ Ուղերձների նպատակը՝ էներգետիկական թռիչքին ձեր հոգիները նախապատրաստելն էր:

Եվ իսկապես, շատերը ստացան այդ նախապատրաստությունը: Մենք միայն ափսոսում ենք, որ մեր այդ օգնությունն ու օժանդակությունը ստացած մարդկանց քանակն այնքան էլ մեծ չեղավ:

Անգամ այնպիսի մարդկանց շարքերում, որոնք իրենց կարմայով ու թրթռանքի մակարդակով կարող էին հաղորդակցվել մեր Ուղերձներին, շատ չեղան այն անհատները, որոնք ճշգրտորեն հետևեցին մեր հանձնարարականներին:

Դուք կարդում եք մեր Ուղերձները և շարունակում ապրել նախկին կենսակերպով: Դուք չեք կարողանում հավատալ, որ պարզապես հետևելով մեր հանձնարարականներին՝ հնարավոր է էապես հեշտացնել գոյատևումը և միանգամայն որոշակիորեն փրկել հոգին:

Հավատի պակասը խնագարում է մարդկանց, որ մեր հանձնարարականները լուրջ ընդունեն: Հավատի պակասը լուրջ փորձաքար է դարձել շատ հոգիների համար:

Հիմա ես ձեզ կբացատրեմ, թե ինչու՞ եք դուք վախենում հավատալ և ինչու՞ եք զգուշավորություն ցուցաբերում ամեն մի նոր ուսմունքի և անգամ հին կրոնների նկատմամբ:

Մարդկային կյանքի ոչ մի բնագավառում այնքան աղավաղումներ չկան, որքան հավատի բնագավառում: Եվ դա հասկանալի է և լիովին արդարացված: Ըստ էության, հավատի հարցը ամենագլխավոր հարցն է ցանկացած մարդկային անհատի համար. Չէ՞ որ եթե հավատում եք և անկեղծ եք հավատում, ապա արդեն իսկ փրկված եք:

Այդ պատճառով մեզ հակադիր ուժերն անում են ամեն ինչ, որպեսզի ձեր աշխարհում վարկաբեկեն Ճշմարտության ցանկացած աղբյուր և ցանկացած ճշմարիտ Ուսմունք: Ամենատարածված եղանակը՝ բազմաթիվ կեղծ ուսմունքներ և աղանդներ ստեղծելն է: Ստի այդպիսի առատության պայմաններում կորսվում է ոչ միայն հավատը, այլ նաև լավագույն ապագայի հույսը:

Հաջորդ մեթոդը, որն օգտագործում են մեզ հակադիր ուժերը՝ խաբեություն ու զրպարտանք սերմանելն է: Ամեն ճշմարիտ բան աղճատվում է և խառնվում կեղտի հետ: Դա վանում է Ճշմարտություն որոնողներից շատերին և նրանց հանում զարգացման Աստվածային ուղուց:

Իսկ ի՞նչ են նրանք առաջարկում դրա փոխարեն. բազմաթիվ գայթակղություններ, շատ թակարդներ են լարում ֆիզիկական ոլորտում, որոնց մեջ հայտնված մարդիկ կտրվում են զարգացման էվոլյուցիոն ուղուց:

Ձեր Ուղին՝ Ձեռնադրումների Ուղին է: Այդ Ուղու վրա ձեզ սպասում են ամենադժվարին փորձություններ ու խոչընդոտներ:

Միայն հավատով ուժեղագույնն ունակ կլինի հաղթահարելու ֆիզիկական աշխարհի բոլոր թակարդներն ու գայթակղությունները:

 Ուստի, ձեր ամբողջ կյանքի ընթացքում ինքներդ ձեզ միշտ հիշեցրե՛ք Աստծո և Բարձրագույն իրականության մասին:

Ձեր կյանքի և ոչ մի ժամն առանց Աստծո չպետք է անցնի: Միայն այն դեպքում, երբ մշտապես կենտրոնացված եք Բարձրագույն իրականության վրա, դուք անխոցելի եք դառնում մեզ հակադիր ուժերի համար. դուք զանազանման կարողություն եք ստանում, որն օգտակար է ձեր հոգին պաշտպանելու այն ամենից, ինչն անդառնալի վնաս է հասցնում նրան:

Նորից եմ ձեր ուշադրությունը հրավիրում այն բանի վրա, որ ներկայումս տեղի է ունենում հետագա զարգացմանն ունակ հոգիների զտում այն հոգիներից, որոնք դրան այլևս ունակ չեն:

Ձեր ժամանակը հոգևոր աճի հսկայական հնարավորություն է տալիս ձեզ: Դուք հեշտությամբ կարող եք զանազանել, թե ով՝ որ ուժերի կողմից է: Քանզի և՛ քաղաքական գործիչները, և՛ ֆինանսական ձեռնածուները, և՛ իշխանավորներն այլևս չեն կարողանա դեմքներին պահել իրենց բարետես դիմակները:

Բոլոր դիմակները պատռված են, և ակնհայտ է դարձել, թե ով՝ ո՛ր կողմից է հանդես գալիս:

Իսկ եթե դուք պարզ տեսնում եք ու գիտեք, թե ով է հանդես գալիս ոչ աստվածային ուժերի կողմից, և վախից կամ շահամոլությունից դրդված շարունակում եք նրանց օժանդակել, ապա փաստորեն դուք հանդես եք գալիս հենց այդ ուժերի կողմից:

Ուստի նախքան ձեր կյանքում որևէ որոշում ընդունելը՝ մի լավ կշռադատեք բոլոր այն հետևանքները, որ այդ որոշումը կթողնի, առաջին հերթին, ձեր հոգու վրա:

Ֆիզիկական մարմինը հողին կմնա, իսկ ձեր խնդիրը՝ ձեր հոգին պահպանելն է:

Դրա համար էլ բոլոր ժամանակների բոլոր իմաստունները գերադասել են կորցնել իրենց մարմինը, բայց պահպանել հոգին:

Մտածե՛ք իմ այս Ուղերձի շուրջ:

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ

 

Տատյանա Միկուշինա, 2014թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ