Հավատն այն դեղն է հանդիսանում, որը ձեզ անհրաժեշտ է

Պաշտելի Էլ Մորիա

21 դեկտեմբերի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Էլ Մորիա Խանը՝   իմ դեսպանորդի միջոցով ձեզ մոտ եկածս:

ԵՍ ԵՄ եկողը, որպեսզի ձեր ուշադրությանը ներկայացնեմ կարևոր առաջարկություն, որը ես իրավասու եմ անել այս օրով:

Ինչպես թելադրությունների նախորդ շրջանի ընթացքում, այնպես էլ այժմ, ես վճռականորեն եմ տրամադրված: Եվ, եթե որևէ մեկը կասկածում է իմ վճռականության և իմ մտադրությունների լրջության մասին, ապա ավելի լավ է՝ չկարդա մեր ուղերձները: Նման դեպքում դուք ձեր գիտակցության մեջ անհաղթահարելի պատնեշ եք ստեղծում և արգելափակում հոսքը ո'չ միայն Աստվածային Ճշմարտության, այլ նաև Աստվածային էներգիայի:

Ձեր գիտակցությունը պատկանում է ձեր երկակի աշխարհին, այդ պատճառով ձեր աշխարհում տեղի է ունենում ճիշտ այն, ինչը թույլ եք տալիս ձեր գիտակցության մեջ: Ըստ այդմ՝ որքան էլ բարդ լինի իրադրությունը մոլորակի վրա, մենք երբեք ձեզ մինչև վերջ չենք ասի, թե ինչ կարգի համաղետի հավանականության առջև եք դուք կանգնած: Քանզի հենց որ ձեր գիտակցության մեջ ծագի վերահաս համաղետի մասին միտքը, այն կբազմապատկվի և, փոխանակ ծագած հրդեհը մարելու, դուք կսկսեք փառելափայտի նորանոր բաժիններ ավելացնել նրա մեջ:

Այդ պատճառով, մենք երբեք լրիվությամբ ձեզ չենք հաղորդի այն ամբողջ տեղեկատվությունը, որին տիրապետում ենք: Բայց մենք երբեք չենք հոգնի ձեզ նախազգուշացնել և խնդրել, որպեսզի դուք ձեզնից կախված ամեն ինչ անեք մոլորակի իրավիճակը ներդաշնակեցնելու համար:

Դուք նկատել եք, որ մեր դեսպանորդի միջոցով տրվող թելադրությունների նոր շրջանի սկզբից սկսած, չի եղել դեռ մի որևէ ուղերձ, որը կրեր ուրախ և լավատեսական բնույթ: Իսկ պատճառն այն չէ, որ մեր դեսպանորդի հետ ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել, և նա ահաբեկված է սպառնացող արհավիրքներով: Մեր դեսպանորդի հետ ամեն ինչ կարգին է: Եվ ես կարող եմ վստահեցնել ձեզ, որ մեր ուղերձները փոխանցվում են բավականաչափ բարձր հավաստիության աստիճանով: Ո'չ, ամբողջ բանն այն է, որ իրադրությունն իսկապե'ս լարված է: Եվ, որքան էլ ջանում ենք, մեզ առայժմ չի հաջողվում ոգևորել ձեզ, որպեսզի ձեզ վրա վերցնեք մեր խնդրած պարտավորությունները: Ազատ կամքի օրենքը, որը գործում է ձեր ֆիզիկական օկտավայում, մեզ թույլ չի տալիս միջամտել և հարկադրել ձեզ: Ուստի մենք կարող ենք միայն խնդրել և, ծայրահեղ դեպքում՝ պահանջել. իսկ հարկադրել ձեզ գործել, երևում է՝ կկարողանա միայն այն սպառնալից իրադրությունը, որի մասին մենք ասում ենք:

Դե ինչ, երևում է՝ դուք գերադասում եք գործել ռուսական ասացվածքին համապատասխան. Մինչև ամպը չգոռա, գեղջուկը չի խաչակնքի:

Որքա՜ն քիչ են այն մարդիկ, ովքեր լրջորեն են ընկալում մեր տեղեկատվությունը և պատրաստ են շատ բան զոհել, որպեսզի ի կատար ածեն մեր խնդրանքները:

Կոնկրետ գործողությունների ունակ մարդկանց շրջանակն ընդլայնել դեռևս չի հաջողվում: Այնուամենայնիվ՝ մտորե'ք այն հանգամանքի մասին, որ որքան էլ լայնորեն ու ժամանակին տանք մեր նախազգուշացումները, դուք ընդունակ չեք լինում արձագանքել:

Եվ գործը նույնիսկ ձեր ծուլության ու անփութության մեջ չէ: Ամբողջ բանն այն է, որ դուք այնքան եք խճճված պատրանքի ցանցերում, որ չեք կարող ջոկել ո'չ այն, թե որ աղբյուրն է ճշմարտություն պարունակում, ո'չ էլ այն թրթռանքները, որոնք բնորոշ են ճշմարիտ աղբյուրին:

Ըստ այդմ՝ ձեր բոլոր գործառություններն ու գործողությունները պետք է ուղղված լինեն այն բանին, որպեսզի սովորեք զանազանել: Ըստ էության, պատրանքի մեջ ձեր գտնվելն իր ավարտը կունենա միայն այն ժամանակ, երբ դուք կսովորեք տարբերակում մտցնել այն իրադարձությունների միջև, որոնք պատկանում են պատրանքի պլանին, և այն իրադարձությունների միջև, որոնք պատկանում են Աստվածային աշխարհին: Եվ ձեր խնդիրն է՝ ձեռք բերել պայծառ հայացք և սովորել գնահատական տալ ամեն մի իրողության ու փաստի, որի հետ կյանքում բախվում եք:

Ձեզ թվում է, թե ձեր կյանքը սահուն առաջ է գնում, և երբեմն դուք նույնիսկ չեք կարող գլխի ընկնել, որ այդ հանդարտ ու սահուն հոսանքի հատակում թաքնված խութեր կան, որոնք կարող են մի ակնթարթում շուռ տալ ձեր կյանքի խաղաղ ընթացքը: Ուստի մի' ենթարկվեք ննջեցնող հանգստությանը: Դուք մշտապես դասեր եք առնում: Եվ երբեմն երկաթգծի վրա դրված մի փոքրիկ քարի կտորը բավական է, որպեսզի ձեր կյանքի հսկա գնացքն ահռելի արագությամբ գծերից դուրս գա ու շրջվի: Այնուհանդերձ՝ ամենօրյա այլընտրանքներով դուք ինքներդ եք կանխորոշում ձեր ապագան:

Երբ ձեր սխալ ընտրությունների կրիտիկական զանգվածը գերազանցում է թույլատրելի կարմայական սահմանը, ապա դուք բախվում եք ձեր կյանքի այն հանգամանքների հետ, որոնք տառացիորեն փլուզում են այն ամենն, ինչին վարժվել եք, և դուք զարմանքով բացականչում եք. Տեր Աստված, ես ի՞նչ վատ բան եմ արել: Իչու՞ համար այս ամենն իմ գլխին թափվեց:

Ծանոթ պատկեր է, այնպես չէ՞: Եվ մարդկանց 90 տոկոսի հաջորդ քայլը լինում է այն, որ անիծում են Աստծուն ու Տիրակալներին այն բանի համար, ինչ տեղի է ունեցել իրենց կյանքում: Նրանք մեղադրում են բոլոր իրենց շրջապատողներին ու ամբողջ լույս աշխարհը, փոխանակ հնազանդորեն տեղի ունեցածն ընկալեն որպես պատիժ կամ կարմայական հատուցում, որը, լրացնելով թույլատրելի սահմանը, դուրս է հորդել ահավոր պատժի տեսքով:

Այսպիսով, մի կողմից՝ մարդկությունն իր գոյության ողջ պատմության ընթացքում խրատվել ու նախազգուշացվել է, մյուս կողմից՝ միայն այն դեպքում, երբ իրենց հետ տեղի է ունեցել ինչ-որ մի ահավոր բան, մարդիկ նոր միայն թեկուզ շատ կարճ ժամանակով ունակ են եղել մտորել այն մասին, թե ինչու է դա իրենց գլխին թափվել:

Եվ որքան էլ մենք խոսում ու տալիս ենք ամենաօպտիմալ խորհուրդները, որպեսզի խուսափեք վերահասից, դուք ունակ չեք հավատալ, որ այն, ինչ ձեզ ասվում է՝ ճշմարտություն է: Իսկ ձեր չլսելու և անհեռատեսության պատճառը ձեր ճշմարիտ Հավատի անբավարարությունն է:

Ուստի ես՝ Տիրակալս, որ ներկայացնում եմ Աստծո Կամքի ասպեկտը, այս օրով դիմում եմ ձեզ: Եվ ես կարող եմ օգնել ձեզնից յուրաքանչյուրին, ով իր Հավատն ամրացնելու խնդրանքով կդիմի ինձ:

Հավատն այն դեղն է հանդիսանում, որը ձեզ անհրաժեշտ է: Եվ այժմ իմ խոսքը վերաբերում է ո'չ այն կույր հավատին, որը հիմնված է տգիտության ու վախեցնելու վրա: Ես խոսում եմ այն հավատի մասին, որը հիմնված է այս տիեզերքում գոյություն ունեցող Օրենքի իմացության վրա:

Իսկ դա պատճառա-հետևանքային կապի Օրենքն է՝ կարմայի կամ հատուցման Օրենքը: Եվ այդ Օրենքը գործում է՝ անկախ ձեր կամքից ու ձեր ցանկությունից: Դա է այն, ինչ իրական է: Եվ դա այն է, որով գայթում է ազատ կամքի իրավունքը պնդելու, որևէ հանգամանք հաշվի չառնելու ձեր ձգտումը: Եվ, եթե ազատ կամքի չարաշահման ձեր ճամփին դրված չլիներ Արարչի կողմից բնականորեն նախատեսված այդ խոչընդոտը, ապա կասկածի տակ դրված կլիներ ո'չ միայն ձեր մոլորակի, այլ նաև համայն տիեզերքի գոյության հարցը:

Ըստ այդմ՝ առաջին բանը, որ դուք ձեր ներսում պետք է ընդունեք, դա գերակայությունն է այն Օրենքի, որը գոյություն ունի համայն տիեզերքում ու գործում է ձեր կյանքերում:

Կարող եք դիմել ինձ՝ ձեր Հավատն ամրապնդելու խնդրանքով: Եվ դա այն է, ինչը ես ուրախութամբ կմատուցեմ ձեզ՝ որպես այն ամենակարևոր ու անհետաձգելի դեղը, որի կարիքը դուք ունեք:

ԵՍ ԵՄ Էլ Մորիա Խանը՝ ձեր հաղթանակի հավատով լի...

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ