Քրիստոսի գիտակցության մակարդակը դուք պարտավոր եք հաստատել ամեն օր

Պաշտելի Լանելլո

17 դեկտեմբերի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Լանելլոն՝ այս դեսպանորդի միջոցով նորից ձեզ մոտ եկածս: ԵՍ ԵՄ եկողը, որ նորից հիշեցնեմ ձեզ այն պատասխանատվության մասին, որն ընկնում է ձեզ վրա՝ ստացվող էներգիաների և ստացվող տեղեկատվության հետ միաժամանակ: Դուք կարող էիք նկատել, որ թելադրությունների այս շրջանը տարբերվում է նախորդ շրջանից:

Իրոք՝ մենք իրավասու էինք ձեզնից ակնկալելու ավելին, այն ամբողջ էներգիայից ու տեղեկատվությունից հետո, որոնք դուք ստացաք թելադրությունների նախորդ՝ գարնանային-ամառային շրջանի ընթացքում:

Ինչ-որ բան հաջողվեց փոխել մարդկանց գիտակցության մեջ, բայց այդ փոփոխությունները չափազանց քիչ էին՝ համեմատած այն փոփոխությունների հետ, որոնք մենք կարող էինք ակնկալել:

Այո', մարմնավորման մեջ գտնվող բավակաչափ մեծ թվով մարդիկ ձեռք բերեցին Քրիստոսի գիտակցության մակարդակ, և մենք իրավասու էինք նրանցից ակնկալել ավելի ակտիվ գործողություններ ֆիզիկական պլանում:

Սակայն մատերիայի իներտությունն ու բթությունը չհապաղեցին ազդեցություն գործել նրանց գիտակցության վրա՝ անմիջապես այն բանից հետո, երբ մենք ավարտեցինք թելադրությունների շրջանը: Զրկվելով այն մշտական սնուցումից, որը նրանց էր հասնում թելադրությունների էներգիայի հետ համատեղ, շատ մարդիկ, ովքեր արդեն հասել էին Քրիստոսի գիտակցությանը, նորից թույլ տվեցին իրենց գիտակցության մակարդակի անկում: Ես ձեզ կարող եմ ասել, պաշտելինե'րս, թե ինչով է տարբերվում Քրիստոսի գիտակցությանը հասած և այն պահպանող մարդը բոլոր այն մյուս մարդկանցից, ովքեր դեռ չեն հասել այդ մակարդակին: Գլխավոր և հիմնական տարբերությունն այն է, որ այդ մարդն այլևս չի կարող ապրել նախկինի պես. նա չի կարող չգործել, և նա իր ողջ կյանքն ու դրա հետ կապված հանգամանքները ենթարկեցնում է ֆիզիկական պլանում կոնկրետ գործողությունների դրսևորմանը՝ հանուն մեր պլանների իրականացման:

Դուք չեք կարող հասնել Քրիստոսի գիտակցությանը և դափնիների վրա հանգչել մինչև ձեր մարմնավորման ավարտը: Ո'չ, Քրիստոսի գիտակցության մակարդակը դուք պարտավոր եք հաստատել ամեն օր և հետագա օրերին: Դա ամենօրյա և ուժեղացված աշխատանք է:

Որքան էլ ցավալի է մեզ համար, մենք տեսանք, որ հենց որ մեր դեսպանորդի միջոցով տրվող թելադրությունների շրջանն ավարտվեց, նրանցից շատերն, ում հետ մենք հույսեր էինք կապում և շատ բան ակնկալում, աստիճանաբար իրենց գիտակցությամբ իջան նախկին մակարդակին:

Իսկ դա շատ ցավալի փաստ է:

Հոգևոր բնագավառի այն նվաճումները, որոնց դուք հասել եք՝ լինելով մարմնավորման մեջ, չեն կարող պահպանվել նույնիսկ մի քանի ամիս, եթե դուք ամենօրյա ջանքերով չպահպանեք ձեր գիտակցության մակարդակը:

Ֆիզիկական օկտավայում չի կարող լինել ոչ մի հանգիստ: Միայն ամենօրյա աշխատա'նք և ամենօրյա լարվածությու'ն:

Ես կբերեմ այն մարզիկի օրինակը, որը հասել է հսկայական արդյունքի՝ ձեռք է բերել աշխարհի չեմպիոնի կոչում: Բայց, եթե նա ամեն օր մարզվելու փոխարեն հանգչի դափնիների վրա, ապա նա շատ շուտով այլևս չի կարողանա պահպանել իր մարզավիճակը: Եվ կգան ուրիշներն, ովքեր կգերազանցեն նրա համաշխարհային ռեկորդը:

Եթե ձեզ բավարարում է չեմպիոնի կոչումը, որը ձեռք եք բերել, իսկ այժմ ուզում եք հանգչել դափնիների վրա, ապա մենք՝ Համբարձյալ Դասերս, այլևս չենք ուզում ձեզ հետ որևէ ընդհանուր բան ունենալ, իսկ դուք էլ՝ կարող եք այլևս հույս չկապել մեր օժանդակության հետ:

Հասկացե'ք, որ ձեզնից պահանջվում են ամենօրյա ջանքեր:

Մարմնավորման մեջ գտնվող շատ լուսակիրներ կան, բայց որքա՜ն դժվար է գտնել նրանց, ում վրա կարելի կլիներ հենվել լրիվ չափով:

Մենք տեսանք, թե ինչպես բոցավառվեցին շատերի սրտերը, երբ նրանք ընթերցեցին նախորդ շրջանի այն թելադրությունները, որոնք մենք տվեցինք մեր դեսպանորդի միջոցով: Եվ որքա՜ն ցավալի էր դիտել, թե ինչպես է նրանց սրտերում բռնկված բոցը թուլանում, սկսում ծուխ արձակել, մարմրում և ապա՝ ամբողջովին հանգչում:

Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան դառն է մեզ համար ձեր տխրահռչակ նվաճումներին նայելը: Դա նման է այն բանին, թե ինչպես եք դուք ձեր շուրջը շատ մարդկանց տեսնում. ձեր քաղաքները տառացիորեն գերբեռնված են մարդկանցով: Իսկ երբ փողոց եք դուրս գալիս, ապա ձեզ լրիվ միայնակ եք զգում, քանի որ, եթե նույնիսկ այդ մարդիկ ձեզ հետ խոսում են նույն լեզվով, ապա միևնույնն է՝ դուք իրար չեք հասկանում: Իսկ դա տեղի է ունենում հենց այն պատճառով, որ ձեր գիտակցությունների մակարդակներն իրարից այդքան տարբեր են:

Եվ այն դեպքում, երբ դուք հանդուրժում եք ձեր գիտակցության անկումը, ապա այն տեղեկատվությունը, որը ձեզ բերկրանք էր պատճառել ու ոգևորել, այժմ ձեզ թվում է որպես անհետաքրիր և ձեր ուշադրությանը ոչ արժանի մի բան:

Դուք ձեռնամուխ եք լինում նոր տեղեկատվության ու նոր աղբյուրների փնտրտուքին՝ մոռանալով ձեր սրտերի այն մեղմ բերկրանքի ու հանգստության մասին, որով ըմպում էիք մեր թելադրություններում պարունակվող Աստվածային էներգիայի ամոքիչ բալասանը:

Եվ, քանի որ ձեր գիտակցության մակարդակն անկում է ապրել, ապա դուք այլևս չեք կարող զանազանել ճշմարիտ թրթռանքներն ու ստիպված եք օգտագործել այն սուռոգատները, որոնցով լեփ-լեցուն են ձեր խանութների դարակները:

Այժմ դուք արդեն լավ եք հասկանում մեր տխրության պատճառը և այն, թե ինչու է փոխվել մեր թելադրությունների տոնը:

Մենք ավելին էինք ակնկալում: Եվ հիմա ստիպված ենք հենվել միայն նրանց վրա, ովքեր իրենց ներսում չեն կորցրել Աստվածային կայծը, ովքեր ունակ եղան վառ պահել այն բոցը, որը մեր թելադրություններից հետո բռնկվել էր իրենց սրտերում:

Դե ինչ, յուրաքանչյուրդ իրավասու է անել իր ընտրությունը: Մենք կարող ենք միայն ափսոսալ ձեր կատարած ընտրության համար, բայց ոչնչով օգնել չենք կարող:

Ձեր գիտակցության վիճակը պատշաճ մակարդակի վրա կարող է պահպանվել միայն ամենօրյա ջանքերի շնորհիվ: Դուք ամեն օր առանց հոգնելու պետք է ստիպեք բանել ո'չ միայն ձեր մարմնական մկաններին, այլ նաև ձեր հոգևոր մկաններին: Այլապես նրանք պարզապես հետաճ կապրեն:

Եվ, եթե դուք երանության հիացում չեք ապրել բնության մտասևեռմամբ, երեխայի ժպիտով, եթե օրն անց եք կացրել առանց սիրո, ապա այդ օրն ապրել եք լիովին ապարդյուն:

Դուք պետք է Երկրի վրա լինելու ձեր ամեն րոպեին հիշեք ձեր իսկական Տան մասին, որտեղից ձեր հոգիները մարմնավորում են ստացել, և ամենօրյա ձեր ընտրությունների ընթացքում դուք մշտապես պետք է առաջնորդվեք ձե'ր իսկ Բարձրագույն մասի խորհուրդներով:

Ինչի՞ց կարող եք որոշել, որ Աստծո հետ եք գտնվում:

Դա շատ հեշտ է, պաշտելինե'րս: Պարզապես դիտե'ք ձեր այն վիճակը, որի մեջ գտնվում եք: Եվ, եթե դուք ենթարկվել եք որևէ բացասական հույզի ազդեցությանը՝ լինի դա մեղադրանք, անհանգստություն, դեպրեսիա թե գրգռվածություն, ապա դուք չեք գտնվում Աստվածային գիտակցության վիճակում:

Միայն այնժամ, երբ դուք զգում եք ոչնչի հետ չհամեմատվող մեղմ բերկրանք ու խաղաղվածություն, ապա դուք Աստծո հետ եք՝ Աստվածային գիտակցության վիճակում:

Հետևաբար՝ սովորե'ք դիտել ինքներդ ձեզ: Եվ սովորե'ք զանազանել ձեր ներքին վիճակները:

Որովհետև այն, թե գիտակցության ինչ վիճակում եք գտնվում, իր կնիքն է դնում այն ամենի վրա, ինչ դուք անում եք: Եվ, եթե դուք գրգռված եք, ապա տառացիորեն հանդես եք գալիս որպես գրգռվածության գեներատոր: Դուք վարակիչ եք, և ձեր շրջապատի ամեն ինչը վարակում եք ձեր գրգռվածությամբ՝ նույնիսկ եթե այդ ժամանակ դուք պարզապես տանը նստած եք: Ձեր մտքերին ու զգացմունքներին սահման չկա: Եվ ձեր յուրաքանչյուր բացասական միտքն ու հույզն ակնթարթորեն ձեր կողմից տարածվում է ողջ երկրագնդով մեկ:

Եվ պահանջվում են մեր մի բուռ նվիրյալ ծառայողների հերոսության հրաշքների դրսևորումները, որպեսզի կոմպենսացվեն ու վնասազերծվեն ձեր մտքերի ու հույզերի հետևանքները:

Ձեզ անհրաժեշտ է միայն հետևել ձեր ներքին վիճակին և ներսում մշտապես պահպանել ներդաշնակության ու հանդարտության վիճակը:

Ձեզնից յուրաքանչյուրի համար կա դեղատոմս, թե ինչպես պահպանել ձեր ներդաշնակ վիճակը: Չկա և չի կարող լինել ընդհանուր դեղատոմս բոլորի համար: Եվ մենք չենք կարող ձեզ բոլորիդ ստիպել աղոթելու կամ մտասևեռվելու: Բայց որոշ միջոցներ, որոնք կարող են օգնել ձեզ ներդաշնակ վիճակի մեջ մտնելու համար, դուք պետք է օգտագործեք:

Որպես կանոն՝ մարդկանց մեծամասնության համար բավականաչափ հեշտ է միայնակ մնալ բնության մեջ, որպեսզի ձեռք բերվի ներքին ներդաշնակություն ու անդորրություն: Բայց հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ է շփվել երեխաների կամ կենդանիների հետ, կամ զբաղվել ձեզ համար սիրելի ինչ-որ գործով:

Սովորե'ք մշտապես վերահսկել ձեր ներքին վիճակն ու միջոցներ ձեռնարկել, որպեսզի մարեք ձեր ներսում եղած ցանկացած անկատար վիճակի դրսևորումը:

Դուք ունեք նաև Համբարձյալ Դասերից օգնություն խնդրելու հնարավորությունը, բայց երբեմն նույնիսկ այդ հասարակ գործողությունն եք մոռանում ի կատար ածել:

Ես պատրաստ եմ յուրաքանչյուրին, ով տարվա այս խավար ժամանակներում կդիմի ինձ, ցուցաբերել իմ անձնական օգնությունն ու օժանդակությունը: Ահա իմ ձեռքը: Բռնե'ք այն և պինդ պահե'ք ցանկացած ծանր իրավիճակում, որը կյանքում ձեզ կհանդիպի:

Մեզ անհրաժեշտ է, որպեսզի, որքան հնարավոր է՝ մարմնավորման մեջ գտնվող շատ մարդիկ կարողանան հենց հիմա պահպանել մոլորակի հավասարակշռությունը: Եվ, եթե չեք կարողանում պահպանել մոլորակի հավասարակշռությունը, ապա գոնե պահպանեք այդ հավասարակշռությունը ձեր ներսում: Եվ դրանով իսկ՝ արդեն անգնահատելի օգնություն ցուցաբերած կլինեք Համբարձյալ Դասերին:

ԵՍ ԵՄ Լանելլոն: Եվ ես եկա, որպեսզի մեկ անգամ ևս ձեզ օգնության ձեռք մեկնեմ:

Տատյանա Միկուշինա, 2005

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ