Ես ձեզ երկու լուր եմ բերել: Մեկը տխուր է, իսկ մյուսն՝ ուրախ

Պաշտելի Էլ Մորիա

7 հունվարի, 2006 թիվ

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան՝ իմ դեսպանորդի միջոցով նորից ձեզ մոտ եկածս:

Ինչպես և անցած անգամ, երբ այս դեսպանորդի միջոցով մենք տվեցինք նախորդ շրջանի թելադրությունները*, ես եկել եմ, որպեսզի հայտարարեմ թելադրությունների այս շրջանի ավարտի մասին:

Դա չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք մեր աշխատանքն այս դեսպանորդի կամ ցանկացած ուրիշի հետ, ով նախապատրաստել է իր տաճարը, որպեսզի վերածվի մաքուր անոթի, և որպեսզի մենք կարողանանք իր միջոցով աշխատել:

Պարզապես ավարտվեց որոշակի փուլ՝ ավարտվեց շրջանը, իսկ առջևում նոր շրջաններ են:

Ես հուսով եմ, որ այս անգամվա ձեր ստացած թելադրություններն օգտակար կլինեն ձեր զարգացման և Ուղով ձեր առաջընթացի համար:

Անկատար ու անավարտ է մնացել մի բան, որի մասին ես պետք է այժմ ձեզ հայտնեմ:

Դա վերաբերում է ամսի 23-ի թողության շնորհի մասին նոր տեղեկատվությանը:

Դուք հիշում եք այն մասին, որ 2005 թ.-ի հունիսի 27-ին տված իմ թելադրության մեջ ես ձեզ թողության շնորհ եմ տվել, որը վերաբերում էր ամեն ամսվա 23-ին, և այդ թողության շնորհը գործում էր մինջև անցյալ տարվա վերջը:

Հիմա տարին ավարտվել է, բայց ես պետք է ձեզ հայտնեմ, որ թողության շնորհը կշարունակի գործել ևս մեկ տարվա ընթացքում: Ինձ հաջողվեց համոզել Կարմայական Վարչությանն ու ստանալ նրա աջակցությունը՝ թողության շնորհի ժամկետի երկարաձգելու վերաբերյալ: Քանի որ՝ այն էներգիան, որը դուք ստացաք անցյալ տարվա ընթացքում այդ թողության շնորհի գործելու շնորհիվ, բավարար է ճանաչվել:

Մենք ուրախ ենք, որ դուք օգտվեցիք ընձեռնված հնարավորությունից: Եվ ես հույս ունեմ, որ այս տարվա ընթացքում այս թողության շնորհին կմիանան նոր լուսակիրներ:

Մի' մոռացեք, որ մինչև այս տարվա վերջ ամեն ամսվա 23-ին դուք հնարավորություն ունեք տրանսմուտացիայի ենթարկելու հաջորդ ամսվա կարման: Եվ ձեր ջանքերը կբազմապատկվեն այնքան անգամ, որքան թվով մասնակիցներ այդ օրը կմիանան տվյալ գործընթացին, որը ձեզ շնորհվել է Երկնոլորտների կողմից:

Ես այժմ չեմ կրկնի այդ թողության շնորհի բոլոր պայմանները: Միայն կասեմ, որ այդ թողության շնորհին վերաբերող բոլոր այն պայմանները, որոնք ես շարադրել էի իմ նախորդ ուղերձում, մնում են ուժի մեջ:

Դա մեծ ողորմածություն է, որը ձեր նկատմամբ ցուցաբերում են Երկնոլորտները: Եվ ես հուսով եմ, որ ընթացիկ տարին հոգևոր ոլորտի մեծագործությունների տարի կլինի Երկիր մոլորակի համար:

Մենք բոլորս հույս ենք կապում դրա հետ:

Ձեզ անկեղծ կասեմ, որ թելադրությունների այս շրջանը մենք չեինք ուզում ավարտել:

Սակայն Օրենքը մեզ թույլ չի տալիս ծախսել ավելի շատ էներգիա, քան նախատեսված է:

Ուստի մենք հույս ունենք, որ հաջորդ հնարավորությունը սարերի հետևում չէ, և այն իր սկիզբը կունենա այս տարվա ընթացքում:

Այսօր այսքանը: Ես երկու լուր էի բերել. մեկը՝ տխուր, իսկ մյուսն՝ ուրախ: Տխուր լուրը կապված էր թելադրությունների շրջանի ավարտի հետ, իսկ ուրախ լուրը վերաբերում էր ամսի 23-ի թողության շնորհի գործողության շարունակմանը:

Ամեն ինչ պետք է հավասարակշռված լինի, և ամեն ինչ պետք է լինի համաչափ:

Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս՝ նոր հանդիպումների հույսով:

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան

 

*Խոսքը վերաբերում է 2005 թ-ի մարտի 4-ից մինչև հունիսի 30-ը տևած թելադրությունների շրջանին: Այն ժամանակ, շրջանի վերջում, իր հունիսի 30-ի թելադրության մեջ Պաշտելի Էլ Մորիան ազդարարեց թելադրությունների այդ շրջանի ավարտը:

 

Տատյանա Միկուշինա, 2006

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ