Ուսմունք խոնարհության մասին

Պաշտելի Սուրիա

3 հունվարի, 2006 թիվ

ԵՍ ԵՄ Սուրիան՝ նորից ձեզ մոտ եկածս...

Գործերի վիճակը Երկրի վրա նորմալացել է, և ես պատրաստ եմ վերադառնալ գիտելիքներ և տեղեկատվություն տալու համաչափված ընթացքին, որի կարիքը դուք ունեք: Այն բանին զուգընթաց, երբ մենք գալիս ենք, որպեսզի զրուցենք ձեզ հետ, դուք հնարավորություն եք ունենում ընդլայնելու ձեր գիտակցությունն ու աշխարհընկալումը: Եվ նույնիսկ, եթե երբեմն թվում է, թե դուք որևէ մի թելադրությունից ոչ մի նոր բան չստացաք, ապա մի' գայթակղվեք: Ձեզ հատուկ է ձեր այն նվաճումների գերագնահատումը, որոնց տիրապետում եք ներկա պահին: Ուստի մեր կողմից ձեզ ներկայացվող հիմնական պահանջներից մեկը ձեր խոնարհության զգացումն է: Այն չի նշանակում, որ դուք պետք է ստորանաք ու ստրկամտանանք: Ո'չ, դա կլիներ սխալ հասկացված խոնարհություն և սխալ հասկացված սպասավորություն:

Քանզի խոնարհության զգացումը նախ և առաջ ենթադրում է այնպիսի վիճակ, երբ դուք զգում եք Արարչի հետ ձեր միասնականությունը: Դուք այնքան բացահայտ ու այնքան վերամբարձ եք սկսում ընկալել Արարումն ու ձեզ շրջապատող աշխարհը, այնպիսի ակնածալից սարսուռ ու ձեզ ամբողջովին պարուրող սեր եք զգում, որ պատրաստ եք ամեն ինչի՝ միայն թե, որքան հնարավոր է, երկար մնաք ձեր գիտակցության այդ վիճակում:

Դուք պատրաստ եք լինում զոհաբերել ձեր ունեցած ամեն ինչը՝ նույնիսկ ձեր ֆիզիկական մարմինը, հոգին, ձեր ողջ էությունը: Որովհետև հասկանում եք, որ վերջին հաշվով ձեր կողմից ոչ մի զոհաբերություն էլ չի կատարվում: Դուք այնքան խորն եք զգում շրջապատի կյանքի հետ ձեր միասնությունը և այնքան խորն եք սուզվում Արարչի հետ ձեր միասնության մեջ, որ ձեզ համար դադարում է գոյություն ունենալ ձեր էգոյի այն արգելապատնեշը, որը բաժանում է ձեզ ինձնից, Աստծուց ու կյանքի յուրաքանչյուր մասնիկից: Եվ այդ վիճակում դուք անսահման երախտագիտություն եք զգում Արարչի ողորմածության համար: Եվ ձեր երկրային աշխարհում չկա ոչինչ, որը կարելի լիներ համեմատել այդ մեղմ բերկրանքի ու անառիթ երջանկության զգացմունքի հետ, որը պարուրում է ձեզ: Եվ այդ վիճակում վերջապես ունակ եք լինում զգալու այն ակնածալից սարսուռը, որը ձեզ թույլ է տալիս հանձն առնել ցանկացած պատասխանատվություն ու փորձություն, եթե դրա համար առկա է Աստծո Սրբազան Կամքը:

Ո՜չ, այդ զգացումը բոլորովին նման չէ ստրկամտության: Ամեն մի ստրուկ իր հոգու խորքում ատում է իր ստրկական վիճակն ու իր տիրոջը: Եվ երբեք չի կորցնում ազատության հույսը: Իսկ ձեր խոնարհության զգացումը սկիզբ է առնում լիակատար, անսահման ազատությունից: Դուք զգում եք, որ ձեր՝ որպես անհատականության, ազատությունը սկսվում է միայն այնժամ, երբ դուք մտնում եք համայն աշխարհում գոյություն ունեցող Աստվածային Օրենքին ամբողջովին ենթարկվելու հարաբերության մեջ: Դուք ենթարկվում եք Բարձրագույն Օրենքին և միաժամանակ ձեռք եք բերում այդ Օրենքի շրջանակներում գործելու անսահմանափակ ազատություն:

Ձեզ կարող է թվալ, թե իմ խոսքերը ներքին հակասություն են պարունակում: Ես ձեզ չեմ շտապեցնում ու չեմ ստիպում, որպեսզի իմ խոսքերն ընդունեք որպես բացարձակ Ճշմարտություն: Պարզապես՝ մտորե'ք դրանց շուրջ: Վերլուծե'ք, թե ինչ ունեք ձեզ շրջապատող աշխարհում. ձեր կապվածությունները, որոնք զգում եք ձեր աշխարհի իրեղենի նկատմամբ: Եվ փորձեք հասկանալ, որ իրականում ստրկական կախվածության մեջ եք գտնվում ձեր աշխարհի իրեղենից: Դուք այնպիսի կախվածության մեջ եք, որ ըստ էության ձեր իրերի ստրուկներն եք և, որպես դրա հետևանք, նաև ձեր աշխարհի հանգամանքների ստրուկներն եք: Եվ ձեր առջև վաղ թե ուշ կկանգնի այն հարցը, թե ինչ ազատություն ընտրեք: Իրական, Աստվածայի՞ն ազատությունը, որը ձեզ ազատում է ձեր աշխարհի ստրկական կախվածությունից, թե՞ կգերադասեք առաջվա պես գտնվել պատրանքային ազատության մեջ, որը միայն մեկ բնորոշ առանձնահատկություն ունի՝ չենթարկվել այն Օրենքին, որը գործում է համայն աշխարհում:

Մտածե'ք ու կշռադատե'ք: Ի՞նչ ունեք այժմ և ի՞նչ կարող եք ունենալ, եթե միայն ցանկություն ունենաք ձերբազատվելու ձեր էգոյից, կանգնեք ձեռնադրումների Ուղու վրա, որը ձեզ համար կանխորոշված է բոլոր մարգարեների և Երկրի վրա երբևէ գոյություն ունեցած բոլոր կրոնների հիմնադիրների կողմից:

Որքան էլ որ այդ կրոններն հետագայում աղավաղվել են ջանադիր հետևորդների կողմից, այնուամենայնիվ, Աստվածային խոնարհության որակը չէր կարող դուրս մղվել ու հեռացվել սուրբ գրքերից: Միակ բանը, որ կարող էր տեղի ունենալ ու տեղի է ունեցել, դա այն է, որ այն մարդիկ, ովքեր իրենց իրավունք են վերապահել խոսելու Աստծո անունից, Աստվածային խոնարհության ու Աստծո Կամքին հնազանդ լինելու փոխարեն, սկսել են պահանջել, որպեսզի մարդիկ ենթարկվեն այն օրենքներին, որոնք առկա են մարդկային կրոններում ու եկեղեցիներում:

Դուք հիշում եք, որ մենք ձեզ ասել ենք այն մասին, որ ձեր աշխարհում գոյություն ունեցող ցանկացած հատկանիշ ու հանգամանք կարող է աղավաղվել և կրել երկակի բնույթ: Այսօր մենք ձեզ հետ քննարկեցինք Խոնարհության հատկանիշն իր ճշմարիտ նշանակության մեջ, և դրա աղավաղումը երկրային առաջնորդների կողմից:

Ըստ այդմ՝ ամեն անգամ, երբ դուք խորհրդածում եք որևէ հատկանիշի մասին, փորձեք վերլուծել, թե որքանով է ձեր աշխարհում գոյություն ունեցող այդ հատկանիշը համապատասխանում իր Աստվածային բնույթին: Եվ, եթե դուք դիտարկեք ու վերլուծեք ամեն մի հատկանիշը, որի հետ բախվում եք ձեր կյանքում, Աստվածային նմուշօրինակին համապատախանելու տեսակետից և կտրեք ու հեռացնեք այն ամենն, ինչն Աստծուց չէ, ինչն արհեստականորեն է կպցրված Աստվածային հատկանիշին ու աղավաղում է այն, ապա դուք կկարողանաք հասնել կատարելության՝ դեն նետելով անհարկի ամեն ինչ և թողնելով ձեր շրջապատում միայն այն, ինչն Աստվածային է:

Իսկ այդ գործընթացն ընդամենը մի կամ մի քանի կյանք չի տևի: Քանզի Երկիր մոլորակի վրա ունեցած ձեր ողջ գոյության՝ հազարավոր և միլիոնավոր ձեր մարմնավորումների նպատակն այն է, որ բաժանեք ու տարանջատեք ձե'ր իսկ ներսում այն, ինչն Աստծուց է, այն ամենից, ինչը ստեղծված է ձեր մարդկային գիտակցությամբ: Դուք նման էք Աստվածների, և ինչպես Աստված է ստեղծել համայն տիեզերքը, դուք էլ ստեղծել եք ձեր աշխարհի պատրանքն՝ օգտվելով ձեր ազատ կամքից ու ձեր գիտակցությունից: Բայց այնուհետև գալիս է մի պահ՝ մի կետ, որից սկած՝ պատրանքը պետք է հետ հավաքվի: Դուք ձեր գիտակցությամբ բարձրանում եք ձեր Աստվածային նշանակությունն ըմբռնելու մակարդակի վրա և ձեր գիտակցության մեջ սկսում եք իրականն անիրականից, Աստվածայինը պատրանքայինից բաժանելու գործընթացը:

Ես դա ձեզ ցույց տվեցի Աստվածային խոնարհության հատկանիշի և նրա մարդկային նմանակի օրինակի վրա: Եվ նույն կերպ՝ դուք կարող եք վերցնել ու վերլուծել ուրիշ մարդկային հատկանիշներ՝ սերը, նվիրվածությունը, կատարելությունը, հավատը: Ամեն մի հատկանիշի մեջ, ինչպես հասկանում եք, առկա է Աստվածային սկզբի և պատրանքայինի խառնուրդ:

Ձեր գիտակցության միջոցով դուք ունակ եք սկսելու զանազանման գործընթացն ու բաժանելու Աստվածայինը պատրանքայինից:

Հատկապես այդ ճանապարհո'վ դուք կդառնաք Աստծո հետ համատեղ արարող: Եվ հատկապես այդ ճանապարհո'վ դուք ունակ կդառնաք ձեր շուրջն արարելու Աստվածային իրականություն:

Ուստի մի' հետաձգեք գործը, այլ ձեռնամուխ եղեք ձեր հիմնական կոչմանն ու ձեր ուղեղներում ու սրտերում բաժանե'ք իրականն անիրականից:

Եվ կարող եմ ձեզ վստահեցնել, որ դա անհամեմատ ավելի հրապուրիչ գործ է, քան ձեր զուտ մարդկային ցանկացած գործը: Իսկ ամենակարևորն այն է, որ ձեր յուրաքանչյուր զուտ մարդկային գործ կարելի է դիտարկել Աստվածայինի ու մարդկայինի համակցության տեսանկյունից: Եվ, որքան ավելի բարձր գիտակցության է հասնում մարդ, այնքան ավելի նուրբ եզրաշերտեր է նկատում իր գործունեության մեջ, որոնք բաժանում են իրականը պատրանքից:

Դուք տառացիորեն մեկը մյուսի հետևից բացում եք պատրանքի ծածկույթները և դեպի իրականությունն ուղղված ձեր ամեն մի քայլի հետ այդ ծածկույթները դառնում են ավելի ու ավելի բարակ:

Մենք այսօր խոսեցինք խոնարհության մասին, խոսեցինք ազատության մասին և խոսեցինք այն մասին, որ ձեր աշխարհի յուրաքանչյուր հատկանիշի մեջ դուք պետք է գտնեք Աստվածային նշանակություն:

Եվ դա Աստծո այն հրաշագործությունն ու այն կոչումն է, որին դուք պետք է հետևեք:

Ես լքում եմ ձեզ՝ ձեր մտքերի հետ ձեզ մենակ թողնելով:

ԵՍ ԵՄ Սուրիան, և ես եկա ձեզ ուսուցանելու Հավերժական Օրենքը:

Տատյանա Միկուշինա, 2006

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ