Եթե չեք մտածում Աստծո մասին,

ուրեմն ինքներդ ձեզ հեռացնում եք Աստծուց

 

Կութհումի

26 դեկտեմբերի, 2013 թ.

 

ԵՍ ԵՄ Կութհումին:

Ես այսօր եկել եմ, որպեսզի խոսեմ գլխավորի մասին՝ այն մասին, թե որն է ձեր ժամանակների օրախնդիր հարցը:

Ձեր կարծիքով ի՞նչն է ձեզ համար ամենագլխավորը:

Շատերը կասեն, որ իրենց համար ամենագլխավորը փողն է: Մյուսները կասեն՝ առողջությունը:

Որոշները կխոսեն այն մասին, որ իրենց պակասում է սիրո զգացումը, որը կուզենային տածել ուրիշ մեկի նկատմամբ:

Շատ բաներ կան, որ կուզենայիք ունենալ ձեր կյանքում, և միշտ ձեզ թվում է, թե այդ ձեր ուզածը հենց ամենագլխավոր բանն է, որ կա...

Ես չեմ վիճի ձեզնից ոչ մեկի հետ: Քանզի ինքներդ եք ընտրում, թե ինչով զբաղվեք ձեր կյանքում: Եվ ես չեմ եկել, որ ձեզ հակաճառեմ, թե ձեր կյանքի զբաղմունքները սխալ են կամ ոչ ճիշտ:

Ես եկել եմ ուղղակի հիշեցնեմ, թե որն է իրականում գլխավորը ձեզ համար, որն այլևս առկա չէ մարմնավորված մարդկանց մեծ մասի կյանքում: Անշուշտ, խոսքս վերաբերում է Աստծո հետ ձեր միասնությանը:

Աստծո հետ միասնության զգացումը՝ այն Աստծո հետ, որն առկա է ձեր, ձեր մերձավորների, ընկերների, Կյանքի յուրաքանչյուր մասնիկի ներսում, մարդկության կողմից կորսված է:

Եվ եթե ձեզ հաջողվեր վերագտնել այդ միասնությունը, ապա ձեզնից ամեն ոք երջանիկ ու խաղաղված կզգար իրեն: Դուք կզգայիք լիակատար պաշտպանվածություն ու հանդարտվածություն:

Ի՞նչ կասեք, ճիշտ գուշակեցի՞, թե ինչն է պակասում ձեր կյանքում...

Դուք կարող եք այդ պակասող բանը տարբեր կերպ անվանել, բայց իրականում ներկայումս ձեր կյանքերում աղետալիորեն պակասում է  հատկապես այս տիեզերքի Արարչի և Կյանքի յուրաքանչյուր մասնիկում Նրա դրսևորման հետ ձեր միասնության զգացումը:

Ինչու՞ է այդպես ստացվել:

Ինչու՞ եք կորցրել ձեր միասնությունը:

Ինչու՞ եք ձեզ այդպես միայնակ ու անպաշտպան զգում:

Ինչու՞ է ձեր հասարակությունում գերակշռող զգացում դարձել ահը...

Իմ այս Ուղերձով ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր այդ հարցերին:

Հենց դրա համար եմ եկել:

Եվ սկսեմ նրանից, որ հենց ինքներդ եք պատճառ դարձել Աստծո աշխարհից կտրվածության համար: Հավանաբար շատ անգամ եք լսել, որ ձեզ հետ տեղի ունեցող ամեն ինչի համար ինքներդ եք մեղավոր: Անշուշտ,  դա այս տիեզերքի հիմնական օրենքի՝ Կարմայի և հատուցման օրենքի հիմնական դրույթն է:

Այն ամենը, ինչ ունենք ներկայում, իրենց պատճառներն ունեն անցյալի մեր նախընտրանքներում ու արարքներում: Հետևաբար ինքներդ եք պատճառ հանդիսացել այն վիճակի համար, որում ժամանակի այս պահին հայտնվել եք դուք և ձեր հասարակությունը:

Վաղուց ինչ-որ ժամանակ դուք կատարել եք առաջին քայլը՝ հեռանալով ի սկզբանե ձեզ տրված միասնությունից: Այդ քայլը դեպի բաժանում էր տանում: Այդ քայլով դուք որոշեցիք ինքներդ լինել ձեր ճակատագրի տերը: Եվ նախընտրեցիք գործել համաձայն ձեր ցանկությունների ու հակումների:

Կամքի ազատության տեսանկյունից դուք բացարձակապես ճիշտ եք վարվել: Ուղղակի որոշել եք ի հայտ բերել ձեր անհատականությանը բնորոշ հակումներն ու տաղանդները:

Ձեր այդ ընտրությունը տեղի է ունեցել միլիոնավոր տարիներ առաջ: Այդ ժամանակից սկսած, նյութական շրջակա աշխարհն անընդհատ փոխվել է դեպի թանձրանալու կողմը: Եվ հիմա ձեր շուրջը տեսնում եք հենց այն, ինչը մեծ հաշվով ստեղծված է ձեր գիտակցությամբ ու այն գործողություններով, որոնք ձեռնարկել եք՝ հիմնվելով ձեր ազատ կամքի վրա:

Բայց ինչու՞ հիմա ձեզ երջանիկ չեք զգում...

Ինչու՞ ուրախ չեք...

Ինչու՞ համակված չեք այն սիրով, որն այս տիեզերքի յուրահատկությունն է...

Արդյո՞ք այդ ամենի պատճառն այն չէ, որ ինքներդ ձեզ կտրել եք Աստծո աշխարհից:

Ձեր մեջ շատե՞րը կան արդյոք, որ օրվա ընթացքում մտածում են Աստծո մասին: Այն Աստծո մասին, որը ներկա է ամբողջ արարվածում, և դուք էլ, ըստ էության, նրա մարմնավորված մասն եք:

Եթե չեք մտածում Աստծո մասին, ուրեմն ինքներդ ձեզ հեռացնում եք Աստծուց: Եվ Աստծուց այդ ինքնահեռացումը նստած է ձեր գիտակցության մեջ:

Մենք ընդհուպ մոտեցանք որոշում կայացնելու գործին, թե ինչպես վերագտնել Աստծո հետ միասնությունը և դրա հետ կապված անդորրության, ուրախության, երջանկության և խաղաղվածության վիճակը:

Ձեզ հարկավոր է միայն մշտապես մտածել Աստծո մասին, որպեսզի նրան վերադարձնեք ձեր կյանք: Շատ պարզ ու հասարակ որոշում է, այնպես չէ՞. ուզում ես երջանի՞կ լինել. եղի՛ր երջանիկ...

Բայց հենց որ ձեր գիտակցության մեջ կայացնում եք այդ պարզ որոշումը և ձգտում այն իրագործել, ձեր կյանքում տառացիորեն սկսում են անսպասելի հրաշքներ տեղի ունենալ. շրջակա ամեն ինչը սկսում է ձեզ խանգարել, որ չհետևեք ձեր որոշմանը՝ Աստծո հետ միասնական դառնալուն: Նախ և առաջ՝ ձեզ սկսում են տիրել ձեր սեփական մտքերը: Ձեր մարմնական խելքը մեկը մյուսի հետևից ձեզ նորանոր գաղափարներ է հրամցնում: Օրինակ՝ սկսում եք մտածել, որ նախքան կյանքն Աստծուն նվիրաբերելը՝ լավ կլինի գնալ ծով, հանգստանալու: Կամ մտածում եք, թե դեռ վաղ է ձեր կյանքն այդպես սահմանափակելը, քանի որ դեռ կարգին չեք սիրել ձեր սիրած աղջկան (կամ տղային): կամ էլ մտածում եք, թե նախ պետք է բավականաչափ փող կուտակել, որ հետո հանգիստ հնարավորություն ունենաք ամբողջ մնացած կյանքը նվիրաբերելու Աստծուն:

Ձեր ներքին ցանկությունները տարածությունից համապատասխան հնարավորություններ են մոտեցնում, որպեսզի դուք իրականացնեք դրանք: Երկար բաժանումից հետո հանկարծ զանգ եք ստանում ձեր սիրեցյալից: Կամ՝ հանկարծ բարձր վարձատրվող աշխատանք են առաջարկում ձեզ: Կամ՝ էլի նման մի բան: Եվ դուք իսպառ մոռանում եք Աստծուն: Դուք ամբողջովին թաղվում եք ձեր շուրջը եղած կյանքի հոգսերի ու տպավորությունների մեջ:

Մի՛ կարծեք, թե իմ նկարագրածները վատ բաներ են և արժանի համընդհանուր պարսավանքի: Ո՛չ: Այդպիսին է ընդհանուր իրավիճակը, որը ներկայումս հաստատվել է աշխարհում: Բոլոր մարմնավորվածներդ այդ իրավիճակի պատանդներն եք: Դուք գտնվում եք պատրանքային ուժերի լարած թակարդում:

Եվ եթե պատրանքի լաբիրինթոսից դուրս գալու ոչ մի ելք չլիներ, ապա ո՛չ ես, ո՛չ էլ մյուս Վեհապետներն իզուր  չէինք վատնի մեր ժամանակը, որպեսզի գանք և տանք մեր Ուղերձները:

Այնուհանդերձ ես պնդում եմ, որ մեր Ուղերձները կարդացողներից յուրաքանչյուրն ունակ է իր հենց այս մարմանվորման ընթացքում այնքան թուլացնել պատրանքային ուժերի ազդեցությունը, որ նրանք այլևս չկարողանան կառավարել և ձեռնածություններ անել իր հետ, և դրանով իսկ դառնալ իր ճակատագրի տերը:

Հենց դրա համար ենք մենք գալիս և ուսուցանում ձեզ:

Իրականում պատրանքից դուրս գալու ելքը շատ պարզ է: Եվ այդ ելքը ձեր գիտակցության մեջ է:

Դուք որոշում եք կայացնում ազատվելու պատրանքային ուժերի ազդեցությունից:

Եվ ամեն օր առավոտից երեկո հետևողական եք լինում ձեր այդ որոշման մեջ:

Եթե մշտապես նույն ուղղությամբ գնաք, ապա կհասնեք ձեր նպատակին:

Իսկ եթե օրվա ընթացքում փոխեք ձեր շարժման ուղղությունը՝ առավոտվանից շարժվեք Աստծո կողմը, իսկ կեսօրից սկսեք բավարարություն տալ ձեր քմայքներին, ապա երբեք չեք հասնի ձեր  նպատակին՝ Աստծո հետ միասնությանը:

Իսկ ամենից շատ ի՞նչն է ձեզ խանգարում:

Հենց ինքներդ:

Ձեզ հարկավոր է միայն հաղթահարել ձեր մարմնական խելքի դիմադրությունը: Եվ այդ է  հիմնականը, որ պետք է անեք: Դրա համար գոյություն ունեն ճշմարիտ հոգևոր գործառություններ, որոնք օգնում են ձեր գիտակցությունը մշտապես պահելու Աստծո ուղղությամբ:

Դուք ամեն օր պետք է ժամանակ հատկացնեք հոգևոր գործառություններին: Ոչ մի օր չեք կարող բաց թողնել: Քանզի հենց որ դադարեք վերելքի վրա ոտնակները պտտացնել, անմիջապես հետ կգլորվեք դեպի ստորին լանջերը, որից հետո հարկ կլինի նորից սկսել վերելքը դեպի գագաթ:

Ահա սրանք են այն հիմնական սկզբունքները, որոնք կօգնեն ձեզ, եթե վճռական եք տրամադրված վերագտնելու Աստծո հետ միասնության ձեր վիճակը:

ԵՍ ԵՄ Կութհումին

 

Տատյանա Միկուշինա, 2013 թ.

Թարգմանեց Խ. Մանասելյանը

Գլխավոր էջ     Նախորդ էջ     Հաջորդ էջ