Ձեզ կվիճակվի վերադառնալ Աստծո մոտ

 

Գուան Ին

25 դեկտեմբերի, 2013 թ.

 

ԵՍ ԵՄ Գուան Ինը:

Ինչպես իմ քույր Մարիամը, ես նույնպես Ուղերձ եմ բերել ձեզ, որով մտադիր եմ տալ հավատի հիմունքները և ուսուցանել ձեզ հետևողական լինել ձեր հավատի մեջ՝ անկախ բոլոր արտաքին դժվարություններից ու խոչընդոտներից:

Ուստի տրամադրվեք լուրջ խոսակցության:

Մեր առջև խնդիր է դրված գիտակցելու մարդկության գիտակցության մեջ հեղաշրջում անելու օրախնդիր անհրաժեշտությունը: Հասել է բոլորաշրջանների շրջադարձի պահը, և դա այն ժամանակն է, երբ պետք է փոխվի ձեր գիտակցությունը:

Դա տառացիորեն հեղափոխություն կլինի ձեր գիտակցության համար, ինչի մասին ձեզ արդեն ասել է պաշտելի Բաբաջին:

Իսկ ես այսօր եկել եմ, որպեսզի դուք գիտակցեք վերահաս փոփոխությունների բնույթը:

Մարդկությունն իր հիմնական զանգվածով մտել է զարգացման փակուղային ճյուղ: Արտաքին բաների վրա կենտրոնանալու գերակշռությունը, սպառման և կյանքից հաճույքներ ստանալու վրա կենտրոնանալը հանգեցրել են մարդկության գիտակցության հետաճին: Ուստի մոտակա ժամանակներում մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի մարդկությանը վերադարձնենք զարգացման էվոլյուցիոն ուղին, որին բնորոշ է ներքին, Աստվածային արժեքների գերակշռությունը:

Կան հավերժական հատկանիշներ, որոնք ձեզնից անբաժան են մնում ձեր ամբողջ էվոլյուցիոն ուղու վրա: Դրանք ձեզ հայտնի հատկանիշներ են և իրենց օգտին որևէ ապացույցի կարիք չեն զգում:

Ահա դրանք՝ Բարություն, Գթասրտություն, Կարեկցանք, Սեր, ազնվություն, արիություն, նվիրվածություն, նպատակամղվածություն, կայունություն:

Շատ կան հատկանիշներ, որոնք ներկայումս երկրորդ պլան են մղված և մնացել են մարդկության հետաքրքրության շրջանակներից դուրս: Ուստի ներկայումս մեր և ձեր խնդիրն է՝ այդ Աստվածային հատկանիշները վերադարձնել ձեր կյանք:

Ձեզ կվիճակվի վերադառնալ Աստծո մոտ: Իսկ դա նշանակում է, որ մոտակա ժամանակներում ձեզ կվիճակվի հեղաշրջում անել ձեր գիտակցության մեջ:

Միայն այնժամ դուք կարթնանաք հավերժական կյանքի համար, երբ կկարողանաք հաղթահարել պատրանքային ուժերի մոգական ազդեցությունը:

Ես կամենում եմ, որ դուք հավերժ ապրեք:

Ուստի եկել և իմ խրատներն եմ տալիս ձեզ:

Ձեզ թվում է, թե ես հասարակ բաներ եմ ասում, որոնք զուրկ են խորությունից: Դուք կուզենայիք սնունդ ստանալ ձեր ինտելեկտի, ձեր մարմնական խելքի համար:

Ո՛չ, պաշտելինե՛րս, մարմնական մկանները ոչ մի ընդհանուր բան չունեն հոգևոր նվաճումների հետ: Հենց այն պատճառով, որ Ուսմունքը շատ պարզ է, դրան ուշադրություն չեն դարձնում շատ ինտելեկտուալներ, որոնք սովոր են գիտականակերպ ասույթներ ու արտահայտություններ որոճել:

Ճշմարտությունը՝ Աստվածային Ճշմարտությունը, դեպի արտաքին դրսևորումներն ուղղված ձեր մղումներից այն կողմ է գտնվում և կապ չունի ինտելեկտուալ նրբամտության հետ: Չկա և չի կարող Աստված լինել այնտեղ, որտեղ առկա է սեփական նշանակալիությունն ու հեղինակությունը ցուցադրելու միտում:

Աստված հեռու է ֆիզիկական ոլորտում որևէ բացառիկություն ստեղծելուց: Աստծո միասնական մարմնի, օրգանիզմի որևէ մասը չի կարող հավակնել բացառիկության և պնդել ղեկավարելու ու գլխավորելու իր իրավունքը:

Աստվածային առաջնորդությունը ոչ թե դրսից է գալիս, այլ մարդկային անհատների ներսից:

Ուստի ուշադրության կիզակետը հարկ է արտաքին բաներից տեղափոխել ներքինի վրա:

Պատրանքային ուժերի ամբողջ արածն այն է, որ մշտապես ջանում են ձեր ուշադրությունը պահել արտաքին դրսևորումների վրա: Արագ-արագ փոխվում են ձևերը, ապրանքների արտաքին տեսքերը: Նույնը մատուցվում է նաև հեռուստատեսությամբ: Մշտապես ձեզ է մատուցվում կադրերի, լուսային ու ձայնային էֆեկտների արագահոս փոփոխություն: Եվ այդ հնարքներով ճնշվում է ձեր ներքին, Աստվածային էությունը: Ներքին, Աստվածային հատկանիշները փոխարինվում են արտաքին սուռոգատների առատությամբ:

Դուք մշտապես գտնվում եք տեղեկատվական հոսքի ազդեցության տակ և ժամանակ չունեք մտածելու հավերժի մասին:

Եթե չմտորեք հավերժի մասին, ապա չեք կարողանա հավերժ ապրել:

Եթե ժամանակ չհատկացնեք ձեր հատկանիշների շուրջ մեկուսի մտորումներին, ապա չեք կարողանա ձեր ներսում զարգացնել Աստվածայնությունը:

Եթե որակյալ տեքստեր ընթերցելուն ժամանակ չհատկացնեք, ապա կդադարեք մտածել:

Եթե դադարեք մտածել, ապա կկորցնեք ձեր անկախությունը և կընկնեք անորակ տեղեկատվական հոսքի ազդեցության տակ, որը ձեզ դուրս կհանի զարգացման էվոլյուցիոն ուղուց:

Ես չեմ հոգնում ձեզ համար կրկնել, որ եկել է այն ժամանակը, երբ դուք պետք է կյանքի ամբողջ բազմազանությունից այն կողմ գտնեք այն, ինչը հավերժական արժեք է, և հրաժարվեք այն ամենից, ինչը րոպեական արժեք ունի ու անցողիկ է:

Այն բարձրագոչությունն ու բռիությունը, որը բնորոշ է զանգվածային տեղեկատվության ժամանակակից միջոցներին, միայն մեկ նպատակ է հետապնդում՝ ձեզ դուրս հանել զարգացման էվոլյուցիոն ուղուց: Իսկ մեր խնդիրն է՝ փրկել և պատրանքի թավուտներից դուրս հանել հնարավորինս շատ մարդկայիին հոգիների:

Ներկայումս մենք վիթխարի ջանքեր ենք գործադրում, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդկանց գիտակցության մեջ տպավորենք զարգացման Աստվածային ուղու կերպարը: Եվ մենք դրա համար օգտագործում ենք հնարավոր բոլոր միջոցները: Բայց պետք է ձեզ ասեմ, որ շատ բաներ հնարավոր է անել միայն մարմնավորված վիճակում՝ միայն մարդկային ձեռքերով ու ոտքերով:

Ուստի մենք անխոնջ կերպով ձեզ կոչ ենք անում կոնկրետ գործողությունների դիմել ֆիզիկական ոլորտում: Մեր Ուղերձներն օժտված են երկարաժամկետ ազդեցությամբ: Դրանք կարող են ամենօրյա ընթերցողի գիտակցությունը փոխել ընդամենը մի քանի տարվա ընթացքում: Սակայն մեզ հակադիր ուժերը ներդրել են նոր տեխնոլոգիաներ, գիտելիք ստանալու մարդկանց բնական ցանկությունը փոխարինել են տեղեկատվություն ստանալու ձգտմամբ:

Գիտելիք ստանալն ու տեղեկատվական հետաքրքրասիրությունը բավարարելը տարբեր բաներ են:

Գիտելիքները հավերժ են, իսկ տեղեկատվությունը շատ արագ հնանում է: Մշտապես գտնվելով տեղեկատվական հոսքի մեջ՝ դուք կորցնում եք վերլուծելու և զանազանելու կարողությունը: Զանազանման հատկանիշն արգելափակվում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներով: Եվ եթե դուք դեռևս հակված չեք հավատալու Բարձրագույնին, տիեզերակառույցի բանական լինելուն, վերջին հաշվով՝ հակված չեք հավատալու Աստծուն, ապա գործնականում որևէ շանս չունեք պատրանքի լաբիրինթոսից դուրս գալու դեպի հավերժական կյանք:

Ես եկա ձեզ նախազգուշացնելու, որ մոտակա ժամանակներում ձեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցական ընտրություն կատարի՝ արդյո՞ք շարունակելու է անմտորեն ցած սահել դեպի անհավատության ու տգիտության անդունդը, թե՞ հայացքն ուղղելու է դեպի Աստվածային գիտակցության գագաթները:

Պատրանքը հնազանդորեն դեպի ձեզ է շրջվում իր այն կողմով, որը դուք ակնկալում եք տեսնել:

Եթե դուք համակված եք կյանքից անընդհատ հաճույքներ ստանալու մշտական ցանկությամբ, ապա հաճկատարորեն ձեզ կմատուցվեն այդ հաճույքների ավելի ու ավելի նրբակերտ ձևեր: Իսկ եթե ներքին որոշում կայացնեք մղվելու դեպի Աստվածային Ուղին, ապա ձեր կյանքում կգտնեք անհրաժեշտ ամեն ինչ, որոնք կօգնեն ձեզ դուրս գալու էվոլյուցիոն զարգացման ամուր ճանապարհի վրա:

Բոլոր բանալիներն ու մեխանիզմները թաքցված են ձեր ներսում, և միայն դուք եք որոշում կայացնողը: Ոմանք լայն ճանապարհով գնում են ոչ մի տեղ չտանող ուղղությամբ, ոմանք էլ գտնում են այն նեղ արահետը, որը տանում է դեպի հավերժական կյանք:

Ընտրությունը ձերն է:

ԵՍ ԵՄ Գուան Ինը

 

Տատյանա Միկուշինա, 2013 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ      Նախորդ էջ      Հաջորդ էջ