Ձեր աշխարհն անխուսափելիորեն պետք է փոխվի,

որպեսզի շարունակի զարգանալ

ըստ Աստվածային նմուշօրինակի

 

Սանատ Կումարա, 20 դեկտեմբերի 2013 թ.

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:

Ես կրկին այցի եմ եկել ձեզ, Երկրի զավակնե՛ր:

Ամեն մի մեր գալստյան հետ ձեզ հնարավորություն է տրվում հպվելու Հինավուրց գիտելիքին, որն առնչվում է տիեզերքի կառուցվածքին և ձեր՝ որպես ընդհանուր տիեզերակառույցի մի մասի, առաքելությանը:

Այո, սիրելինե՛րս, ձեզնից յուրաքանչյուրը հատուկ առաքելությամբ է օժտված այս տիեզերքի ընդհանուր էվոլյուցիոն գործընթացների շրջանակներում:

Եվ երբեմն շատ դժվար է լինում ձեզ համակած մոլորությունները հանդուրժելն ու դրանց հետ համակերպվելը:

Ազատ կամքի օրենքն անխախտելի է ձեր աշխարհում: Սակայն կան տիեզերական ժամկետներ և կա Աստվածային հնարավորության միջանցք: Ես եկել եմ ձեզ հիշեցնելու, որ Աստվածային հնարավորության այդ միջանցքը նեղանում է: Եվ ձեր աշխարհն անխուսափելիորեն պետք է փոխվի, որպեսզի շարունակի զարգանալ ըստ Աստվածային նմուշօրինակի: Սա աքսիոմա է, սակայն ես ստիպված եմ հիշեցնել ձեզ այդ մասին:

Ես հաճախ եմ մուտք գործում ձեր աշխարհ, որպեսզի կարծիք կազմեմ ընթացիկ պրոցեսների մասին և ժամանակին շտկումներ կատարեմ դրանցում: Սակայն դուք պետք է գիտակցեք, որ կա այս տիեզերքի Արարչի կողմից ձեր հոգիների համար նախանշված էվոլյուցիոն ուղի, և կա այն ուղին, որով ժամանակի այս պահին մղվում է մարդկության մեծամասնությունը: Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է՝ ստորակարգ, կենդանական բնազդներին և մարմնական խելքի քմայքներին հագուրդ տալու ուղին:

Մենք չենք կարող ձեզ ստիպել, որ հրաժարվեք ձեր կատարած ընտրությունից: Եվ դուք պետք է հասկանաք, որ ո՛չ ես, ո՛չ մի որևէ ուրիշ Վեհապետ չի գա և անհնազանդ երեխայի պես ձեզ չի քաշի դեպի զարգացման Աստվածային Ուղին:

Ձեր ժամանակների առաքելությունը հենց սա է՝ հետագա էվոլյուցիային ունակ հոգիներին ջոկել այն հոգիներից, որոնք ենթակա են տիեզերական վառարանում մոլախոտի պես այրվելու:

Ես և մյուս Վեհապետներն այս դեսպանորդի միջոցով ձեզ այցի ենք գալիս հենց այն բանի համար, որ տանք ընթացող պրոցեսների ըմբռնումը և ձեզ ցույց տանք Ուղին:

Էվոլյուցիոն զարգացման ձեր փուլում դուք պետք է ցուցաբերեք ավելի՛ շատ ինքնազոհողություն, Կյանքին ավելի՛ մեծ Սպասավորություն: Եվ ձեր զարգացման այն դանդաղումը, որը մենք հիմա տեսնում ենք, գլուխ է եկել մեզ հակադիր ուժերի ազդեցությամբ: Դուք պետք է իմանաք, որ ձեր աշխարհում գործում են երկու հակադիր ուժեր. դրանցից մեկը նպաստում է ընդհանուր Բարօրությանն ու Բարուն, իսկ մյուսը՝ պառակտմանը, անհատականացմանը, էգոիզմին, ամենաստորին կրքերը բորբոքելուն:

Ձեր աշխարհում տեղի ունեցող երևույթներում դուք պետք է կարողանաք զանազանել այդ երկու ուժերի գործողությունները: Սկզբի համար դա միանգամայն բավարար կլինի: Ուղղակի դիտում եք ձեր շուրջը կատարվող ամեն ինչ և միայն մի հարց տալիս ինքներդ ձեզ. այս բանը, որ հիմա տեղի է ունենում, ո՞ր ուժերին է ձեռնտու:

Եթե նկատում եք պահանջմունքների անզուսպ ուռճացում և անսանձ վարքի հակումներ, ապա պետք է գիտակցեք, որ այդ գործընթացին ձեր կողմից ինչպես դրական, այնպես էլ բացասական վերաբերմունք դրսևորելով՝ դուք այն սնուցում եք ձեր Աստվածային էներգիայով:

Ուստի մենք գալիս և ուսմունք ենք տալիս բռնություն չդրսևորելու մասին: Քանզի անիմաստ է չարին հակառակվելը: Այլապես այն կսնուցվի ձեր էներգիայով և կբազմապատկվի:

Միևնույն ժամանակ դուք պետք է գիտակցեք, որ ձեզնից յուրաքանչյուրը գտնվում է էվոլյուցիոն զարգացման իր աստիճանի վրա, և յուրաքանչյուրն իր չափով է փոխանցում Աստվածային էներգիան:

Եթե դուք զարգացած անհատականություն եք, ապա ձեր չակրաները բաց են, և դուք բարձր որակի Աստվածային էներգիա եք փոխանցում ձեր աշխարհ: Ուստիև այդ էներգիայի ցանկացած անորակ կիրառություն մեծ կարմա է ստեղծում՝ նույնիսկ աշխարհի ցածրակարգ դրսևորումները դատապարտելու մասին միտքը:

Իսկ մեր ուղերձները կարդացողների մեծ մասն առայժմ ունակ չեն մեծ քանակի մաքուր էներգիա փոխանցելու: Չակրաներն աղտոտված են և չեն կարող գործ ունենալ էներգիայի մեծ հոսքերի հետ: Զարգացման ձեր փուլը ենթադրում է գործընթացների մեջ հակադիր ուժերի ակտիվ միջամտություն, որոնք առկա են ձեր աշխարհում: Չարի դեմ ձեր ակտիվ գործողություններով և ինչպես մտքերով, այնպես էլ գործողություններով Բարու կողմը պահելով դուք նպաստում եք ձեր սեփական զարգացմանն ու ձեր չակրաների բացվելուն:

Ուստի բռնություն չգործադրելու մասին այն Ուսմունքը, որը մենք տալիս ենք, այլ կերպ կկիրառվի տարբեր էվոլյուցիոն աստիճանների վրա գտնվող անհատների կողմից:

Ընդհանուր Բարօրության և Բարու սկզբունքների պաշտպանությունը ձեզնից ակտիվ գործողություններ է պահանջում ֆիզիկական ոլորտում: Բայց որոշների համար այդ գործողությունները ֆիզիկական ոլորտում իրական արարքների ու ֆիզիկական գործերի հետ են կապված, իսկ մյուսներից՝ ավելի զարգացած անհատներից, պահանջում է ներքին, հոգևոր մկանների լարում:

Կարող եմ ձեզ վստահեցնել, որ մարդկության զարգացման այս փուլում շատ քիչ են զարգացման բարձր հոգևոր մակարդակ ունեցող անհատները: Ուստի ձեր հիմնական խնդիրն այն է, որ այդ անհատների օգնեք պահպանելու Աստվածային նմուշօրինակները:

Վաղ թե ուշ մեզ կհաջողվի աշխարհում հաստատված ներկա քաոսը վերածել մի հասարակության, որը բավարարում է Ոսկեդարի չափանիշներին:

Սակայն որպեսզի Ոսկեդարը հնարավորինս շուտ վրա հասնի և հնարավորինս քիչ լինեն մարդկային կորուստները, դուք պետք է հասկանաք և գիտակցված վերաբերմունք դրսևորեք ընթացիկ պրոցեսների նկատմամբ:

Ինչպես զրույցների այս շրջանների ընթացքում, այնպես էլ դրանց միջև ընկած ժամանակներում մեր ուղերձների ամենօրյա ընթերցումով ձեր գիտակցությունը հղկվում է ու փոխվում: Եվ այն մարդիկ, ովքեր անցած յոթ և ավելի տարիների ընթացքում ամեն օր կարդում էին մեր ուղերձները, ինքնաբերաբար հայտնվել են մարդկության ոսկե ֆոնդում:

Ըստ այդմ, էվոլյուցիայի Ուղով հետագա հաջող ընթացքի ամբողջ գաղտնիքը դրված է մեր ուղերձներում և փոխանցված է ձեզ:

Ամեն ինչ կախված է ձեր այն նկրտումներից ու միտումներից, որոնցով առաջնորդվում եք կյանքում:

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ

Տատյանա Միկուշինա, 2013 թ.

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ     Հաջորդ էջ