Ես ձեզ շնորհավորում եմ Լույսի ուժերի հաջողության կապակցությամբ...

 

Վեհապետ Մորիա

29 հունիսի, 2013 թ.

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան...

Ուրախ եմ ձեզ ողջունել այս օրով...

Ես տեսնում եմ ձեր անեղծ հետաքրքությունը մեր կողմից տրվող Ուսմունքի նկատմամբ, և բավարարված եմ, որ, չնայած դժվարություններին՝ մենք կարողացանք ավարտին հասցնել մեր Դեսպանորդի միջոցով տրվող Ուղերձների այս շրջանը:

Այո, սիրելինե՛րս, ամեն անգամ մենք ստիպված ենք լինում հաղթահարելու նշանակալից դժվարություններ, որպեսզի իրականացնենք մեր Ուսմունքի փոխանցումը: Ցավոք, մեզ հակադիր ուժերի դիմադրությունը հասել է շիկացման այնպիսի բարձր կետի, որ Ուղերձների ամեն մի շրջանի համար մենք վիթխարի ջանքեր ենք գործադրում: Եվ ամեն անգամ մենք հույս ենք կապում, որ մեր ջանքերն ու էներգիաները չեն անցնի ավազի տակ, այլ կյուրացվեն ձեր կողմից:

Այս անգամ մեր Դեսպանորդի միջոցով տրվող Ուղերձների շրջանը մենք ավարտին  ենք հասցնում Գերմանիայում...

Եվ մենք լիահույս ենք, որ այն էներգիան, որն արտազատվում է մեր Ուղերձների ընդունման վայրում, կասիմիլացվի այն մարդկանց կողմից, ովքեր ունակ են յուրացնելու Բարձրագույն աշխարհների էներգիաները:

Մեր ջանքերին դուք պետք է արձագանքեք Ուսմունքը տարածելու պատրաստակամությամբ: Միայն այն դեպքում ենք մենք փոխանցում մեր Ուղերձները, երբ գտնում ենք Սպասավորությանը պատրաստ սրտեր, և համոզված ենք լինում, որ մեր Խոսքի էներգիան զուր չի կորչի:

Մենք ուզում ենք, որ այն էերգիան, որն արտազատվում է Ուղերձների ընդունման ամեն մի շրջանում, հավասարաչափ բաշխվի երկրագնդի մակերևույթով: Ուստիև մանրակրկիտ կերպով ընտրում և նախապատրաստում ենք Ուղերձների ընդունման  հերթական շրջանի վայրը:

Ոչինչ պատահական չի լինում: Ամեն ինչ խնամքով պլանավորվում է մեր կողմից, և արտազատված էներգիայի ամեն մի էրգն օգտագործվում է, որպեսզի փոխվի երկրագնդի իրադրությունը, և ֆիզիկական ոլորտում բեկում տեղի ունենա Լույսի ուժերի օգտին:

Այսօր ես պետք ձեզ ասեմ, որ նախկինում երբեք մենք չէինք հանդիպել այնպիսի դիմադրության, ինչպիսին եղավ Ուղերձների փոխանցման այս շրջանում: Իրավիճակը բարդացրեց և այն, որ մենք չգտանք այն մարդկանց, ովքեր կարող էին Ուղերձների ընդունման ամառային այս շրջանում հոգ տանել մեր Դեսպանորդի համար:

Ամեն անգամ կրկնվում է նույն իրավիճակը. մենք գտնում ենք մեր այն հետևորդներին, որոնք մարմնավորվելուց առաջ պարտավորություն էին վերցրել ծառայելու Եղբայրությանը և մեր Դեսպանորդին, և ամեն անգամ, երբ գալիս է այդ ծառայության պահը՝ մեր սաները գտնում են ավելի կարևոր գործեր և մեկը մյուսի հետևից դուրս գալիս Ուղուց:

Մենք սոսկ մի հազարամյակ չէ, որ դիտում ենք նման պատկեր: Քանի դեռ մենք հեռու ենք գտնվում, և մեր էներգիաների ուղղակի փոխանցում տեղի չի ունենում՝ մեր շատ սաներ իրենց սփոփում են այն պատրանքով, որ իրենք Ուղու վրա են և ծառայում են Եղբայրությանը: Սակայն հենց որ մենք սկսում ենք մերձենալ և հնարավորինս մոտ ենք հայտնվում ձեզ, դուք շուտափույթ ավելի կարևոր գործեր եք գտնում և մեկդ մյուսի հետևից հեռանում՝ մեզ մենակ թողնելով մեր Դեսպանորդի հետ:

Պաշտելինե՛րս, Աստված միշտ կհոգա մեր Դեսպանորդի համար. Այս Դեսպանորդը գտնվում է իմ անձնական պաշտպանության և հովանավորության տակ: Բայց արդյո՞ք ինքներդ ձեր հետագա մարմնավորումների ժամանակ ուրիշ այսպիսի հնարավորություն կունենաք ծառայելու համար...

Մեկընդմիշտ հիշեցե՛ք. ոչ թե դուք եք շնորհ անում՝ ծառայելով մեր Դեսպանորդին, այլ մենք և մեր Դեսպանորդն ենք ձեզ պատիվ անում՝ թույլ տալով, որ ծառայեք Եղբայրությանը:

Ինչպես այս, այնպես էլ ուրիշ շատ Աստվածային ճշմարտություններ դուք գլխիվայր եք շուռ տվել:

Սակայն կա Աստվածային կարգ, և կա Աստվածային Օրենք: Եվ, որքան էլ փորձեք ձեզնից հեռացնել Աստվածային Օրենքը, այն մշտապես շարունակում է գործել:

Եվ ամենագլխավոր բանը, որին մենք հասնում ենք մեր Ուղերձների ամեն մի փոխանցման ժամանակ՝ որոմը հատիկից ջոկելու գործն է լինում: Երբ ձեզ են մոտենում Աստվածային էներգիաները, մենք ամենայն ակներևությամբ կարող ենք դատել ձեր կատարած քայլերից, թե իրականում ում կողմից եք  հանդես գալիս: Մի կողմ են դրվում ձեր բոլոր այն խոսքերն ու հավաստիացումները, որ հավատարիմ եք Եղբայրությանն ու մեր Դեսպանորդին: Դուք մոռանում եք ձեր հավատարմության, ձեր սպասավորության և ձեր պարտավորությունների մասին և մղվում դեպի արտաքին աշխարհից եկող  հենց առաջին հրապուրանքը: Եվ ձեր մարմնական խելքը միշտ ձեզ բացատրում և ապացուցում է, թե ինչու եք ճիշտ վարվել՝ նախընտրելով ձեր էգոյի քմայքին բավարարություն տալը,  փոխանակ շարունակելու Ուղով ձեր առաջընթացը:

Ձեզնից շատերը նույնիսկ չեն էլ կասկածում, որ Ուղի վերադառնալու համար սա իրենց վերջին հնարավորությունն է: Դուք նույնիսկ հաշիվ չեք տալիս ինքներդ ձեզ, որ ձեր այս ընտրությունը ճակատագրական է: Շատ ողբալի բան է դա գիտակցելը: Առավել ևս, որ շատերդ մեր այս Ուղերձները կարդում եք համարյա առաջին օրվանից սկսած:

Աստծուն, սիրելինե՛րս, հնարավոր չէ ծաղրել: Բայց դուք մեկը մյուսի հետևից ինքներդ եք կատարում ձեր ընտրությունները: Եվ Աստված հասնում է իր գլխավոր խնդրի լուծմանը. մարդկային անհատների միջից ընտրում է նրանց, ովքեր պատրաստ են անցնելու էվոլյուցիայի հաջորդ աստիճանին, իսկ մյուսները տեղ են զբաղեցնում մարդկային պատմության անհաջողությունների էջերում:

Այնտեղ, որտեղ գտնվում է մեր Դեսպանորդը, միշտ շրջակա իրականության մեջ տեղի է ունենում Լույսը խավարից ջոկելու գործընթաց, և առաջին հերթին՝ մարդկանց հոգիներում: Դա Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդի պատմուճանի առանձնահատկությունն է, և այն անքակտելի է, ինչպես Աստծո և Վեհապետների Խոսքը, որը կրում է մեր Դեսպանորդը:

Իսկ հիմա ես պետք է ասեմ ձեզ, որ մեր Ուղերձների այս շրջանն ավարտված է: Եվ մենք բավարարված ենք նրանով, որ այս անգամ մեզ հաջողվեց մեր դեսպանորդի միջոցով ճառագել աննախադեպ քանակությամբ Լույս:

Ես ձեզ շնորհավորում եմ Լույսի ուժերի այս հաջողության կապակցությամբ...

Ես մաղթում եմ, որ հասնեք գիտակցման այն աստիճանին, որ կարողանաք ձեր էության ներսում և արտաքին աշխարհում որսալ  խավարի ուժերի ամենամանր դրսևորումները:

Ես մաղթում եմ նաև, որ ձեր հավատն ու հավատարմությունը Եղբայրությանը այնքան ամրանան, որ ձեզ դուրս բերեն երկդիմի աշխարհի թակարդների միջից և ձեր հոգուն թույլ տան վերադառնալու Տուն՝ Աստծո մոտ...

 

Այս Ուղերձը փոխանցելու ընթացքում ես կնիք եմ դնում մեր Ուղերձների այս շրջանում ճառագված ամբողջ Լույսի վրա, որպեսզի նրանք, ովքեր Լույսից չեն, չկարողանան դրանից օգտվել:

 

Եղիցի...

 

Ի կատար է ածված...

 

Կնքված է...

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան

 

Տատյանա Միկուշինա, 2013 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

 

Գլխավոր էջ     Նախորդ էջ    Հաջորդ էջ