Աստվածային Ճշմարտությանը հասու են դառնում ոչ թե արտաքին փնտրտուքով, այլ ներքին որոնումներով

 

Կութհումի

28 հունիսի, 2013 թ.

 

ԵՍ ԵՄ Կութհումին: Այսօրվա օրով մենք կքննարկենք այն Ուսմունքի ևս մի քանի դրույթները, որը Երկրի մարդկությանն ուսուցանում են Իմաստության Տիրակալները:

Որոշակի ժամանակ պահանջվեց, մինչև որ կարողացա աշխարհների միջով մերձենալ ձեզ: Ինչպես աշխարհների փոխազդեցության, այնպես էլ մեր Ուղերձների փոխանցման գործընթացները դեռևս բավարար չափով ուսումնասիրված չեն աշխարհիկ գիտության կողմից: Եվ դա կապված է նաև այն բանի հետ, որ գիտությունը կանխակալ է մոտենում այն ամենին, ինչը նրա տեսակետից կապված է գերբնական երևույթների հետ, որոնք բացատրելի չեն ֆիզիկական աշխարհի և նրա օրենքների տեսանկյունից: Կանցնի ևս որոշ ժամանակ, և գիտության միջոցով շրջակա աշխարհը ճանաչելու շրջանակները կընդլայնվեն, իսկ ներկայումս ժամանակակից գիտության մեջ գոյություն ունեցող՝  նուրբ աշխարհը հետազոտող բնագավառը կընդգրկի ավելի լայն տիրույթ: Սակայն դա տեղի չի ունենա ավելի վաղ, քան մարդկային մտքի առաջատարները կհավատան մեր գոյությանը և մշտական կապ կհաստատեն մեզ հետ:

Իսկ մեզ հետ մշտական կապը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դուք անկեղծ եք և անկեղծորե՛ն եք հավատում մեր գոյությանը: Դեռ ավելին՝ հավատից զատ անհրաժեշտ է նվիրված լինել Եղբայրությանը և պահպանել այն պայմանների անխախտությունը, որոնց հիման վրա երկարատև ժամանակահատվածի ընթացքում մենք աշխատում ենք մարդկության հետ:

Ձեզնից նրանք, ովքեր ծանոթ են առատորեն սփռված էզոթերիկական գրականության հետ, լիովին կարող են նկատած լինել, որ գրականության այդ ճյուղը բաժանված է իրարից զգալիորեն տարբերվող երկու տեսակի կամ սեռի:

Էզոթերիկական գրականության առաջին տեսակն առնչվում է մարդկանց զանազան հոգեխուզական որոնումներին, որոնք հիմնականում կապված են լինում աստեղային ոլորտի և մենտալ ոլորտի ստորին շերտերի հետ: Դրա մեջ մտնում են նուրբ աշխարհների վերաբերյալ չզարգացած գիտակցությունների տպավորությունները և առանձին անհատների գիտակցության մեջ՝ ֆիզիկական աշխարհին մոտ գտնվող նուրբ շերտերին պատկանող շատ բաների, ուղղակիորեն ասած, անառողջ արտապատկերումը: Դա գրականության վիթխարի մի շերտ է, որը լիովին հանգիստ կարող եք շրջանցել և դրան որևէ նշանակություն չտալ: Դեռ ավելին՝ ես խստորեն ձեզ խորհուրդ եմ տալիս չտարվել այդ տեսակի գրականության ընթերցանությամբ, քանի որ այն կարող է վնաս պատճառել ձեր հոգեկառույցին՝ ձեզ մխրճելով օտարների երևակայության անառողջ թրթիռների մեջ:

Մյուս տեսակի էզոթերիկական գրականությունը հազվադեպ է պատահում ձեր աշխարհում, և ներկայումս իրենից ներկայացնում է ավելի շուտ պատահական, քան թե օրինաչափ երևույթ: Եվ դա հասկանալի է, քանի որ ձեր աշխարհում ներկայումս հաստատված ճշտի ու ստի՝ 10 տոկոսը 90-ի դեմ հարաբերակցությունը կիրառելի է նաև էզոթերիկական գրականության նկատմամբ:

Այստեղ ես մի փոքրիկ ճշգրտում պետք է անեմ: Կապված այն բանի հետ, որ մեզ հակադիր ուժերը ներկայումս ուժեղացրել են իրենց ընդդիմությունը, ճշմարիտ էզոթերիկական գրականությունը ձեր գրադարակների վրա սկսել է առավել հազվադեպ երևալ: Եվ մեկը 99-ի դեմ տոկոսային հարաբերակցությունն արդեն լավատեսական կարելի է համարել:

Նույնիսկ այն դեպքում, երբ ձեր ձեռքն է ընկնում  ձեր կարծիքով մաքուր տեղեկատվության աղբյուր, էլի դուք պետք է զգուշանաք և մանրազնին կերպով փորձեք պարզել այդ հրատարակության հանգամանքները՝ օգտվելով ձեր ինտուիցիայից: Հայտնի շատ հեղինակների գործեր, անցնելով որոշ հրատարակիչների անմաքուր ձեռքերով, փոխվում են անճանաչելիության աստիճան. նման տպագիր արտադրանքի ճշմարտության չափը խիստ նվազում է, և դժվարանում է որոշելը, թե որտեղ են թաքնված ձեզ իրենց ճանկերի մեջ առնող թրթիռներն ու էներգիաները:

Ուստի մարդկության մեծամասնության առումով լիովին արդարացված է ընդհանրապես էզոթերիկական գրականությունից հրաժարվելը, քանի որ կյանքի ներկայիս ռիթմի պայմաններում մարդիկ պարզապես ժամանակ չունեն գլուխ հանելու հում պատրաստուկների այն կույտերում, որոնք առատորեն ներկայացված են գրախանութների դարակներում և համացանցում:

Սակայն այստեղ ձեզ մի ուրիշ վտանգ էլ է սպառնում. հրաժարվելով ճանաչելու այն, ինչը դեռևս չի ամրապնդվել մարդկության ընդհանրական գիտակցության մեջ և մարդկային հասարակության մեծամասնության տեսակետից արժանահավատ չէ՝ դուք վտանգում եք ձեզ ընձեռնված հնարավորությունը և չեք օգտվում այն գիտելիքներից ու հանձնարարականներից, որոնք իսկապես ճշմարիտ են, տրվում են մեր՝ Համբարձյալ Վեհապետներիս կողմից և անփոխարինելի են մարդկության էվոլյուցիոն զարգացման ներկա փուլի համար:

Ընթերցող պետք է որ մեր զրույցի այս մասում տարակուսանք ապրի, որովհետև երևի երկար ժամանակ է, ինչ մի հարց է պտտվում նրա գլխում. Ո՞ր կողմն է ուզում ծռել...:

Հիրավի՝ վիճակը ողբալի է դառնում: Մի կողմից՝ մենք փորձում ենք օգնության ձեռք մեկնել մարդկությանը և նպաստել փակուղային թվացող իրավիճակից դուրս գալուն, որի մեջ հայտնվել է Երկրի մարդկությունը, և մյուս կողմից՝ մեզ հակադիր ուժերի ակտիվացման հետևանքով, ժամանակի ներկա պահին այնպիսի աղտոտում է տեղի ունեցել մոլորակի տեղեկատվական դաշտում, որ գործնականորեն հնարավոր չէ պարզել, թե որտեղ է ճշմարտությունը, և որտեղ՝ սուտը:

Ցանկացած իրավիճակից ելք գոյություն ունի: Եվ այս իրավիճակից՝ նույնպես: Այս իրավիճակի հանգուցալուծումն ուղղակի մակերեսի վրա է: Ձեր աշխարհում ամեն ինչ իրար է ձգվում ըստ թրթռանքի: Ուստի անկասելի ճշգրտությամբ ձեզ շրջապատող աշխարհում դուք կգտնեք հենց այն, ինչը համապատասխանում է ձեր թրթիռներին: Եվ եթե ձեր թրթիռները ցածր են, ապա, որքան էլ ջանաք մերձենալ ճշմարիտ տեղեկատվության աղբյուրին, հաջողության չեք հասնի:

Բայց ճիշտ է նաև հակառակ պնդումը. եթե ձեր թրթիռները բարձր են, ապա, որքան էլ ջանաք ձեր թրթիռներին չհամապատասխանող գիրք կամ տեղեկատվության աղբյուր գտնել, հաջողության չեք հասնի:

Ի վերջո, ի՞նչ եմ ես կոչ անում մեր այսօրվա զրույցում: Ես մեծ հույսեր եմ փայփայում, որ բոլոր նրանք, ովքեր հիմա կարդում են իմ այս Ուղերձը, կարդում են հենց այն պատճառով, որ իրենց թրթիռների մակարդակը թույլ է տալիս դա անել:

Այժմ ձեզ մնացել է, որ անեք հաջորդ քայլը: Կա՛նգ առեք:

Դադարացրե՛ք ձեր հոգևոր որոնումները:

Ասածս չի նշանակում, որ դուք պետք է ընդհանրապես դադարացնեք ձեր իրական հոգևոր որոնումները, այլ միայն նշանակում է, որ ժամանակն է, որ ընդհատեք արտաքին աշխարհում զանազան տեղեկատվական աղբյուրներ փնտրելու գործը:

Եթե ձեր ինտուիցիան հուշում է ձեզ, որ դուք արդեն գտել եք ճշմարիտ աղբյուր, ապա մի՛ շարունակեք փորձարկել այլ աղբյուրներ: Կանգ առեք մի աղբյուրի մոտ և ջուր խմեք միայն այդտեղից:

Այս առումով կարելի է նմանատիպ օրինակ բերել ձեր ֆիզիկական աշխարհից: Ենթադրենք դաշտում աղբյուր եք փնտրում ձեր ծարավը հագեցնելու համար: Ահա գտել եք մի աղբյուր, որը ձեզ զարմացնում է իր ջրի բյուրեղյա մաքրությամբ ու կատարյալ համով:

 Իմաստուն մարդիկ դադար են առնում նման աղբյուրի մոտ, հագեցնում իրենց ծարավը և դրա ջուրը պահեստավորում իրենց ունեցած տարաներում ու ջրամաններում:

Ոչ այնքան իմաստուն մարդիկ գնում են ուրիշ աղբյուրի ջուր փորձելու: Բայց այնտեղի ջուրը մի փոքր դառնաղի է լինում: Հետո մոտենում են մի ուրիշ աղբյուրի: Այս մեկի ջուրն էլ հոտած է դուրս գալիս: Հաջորդինը՝ ցեխաջուր:

 Նման մարդկանց սպառնում է այն վտանգը, որ այլևս երբեք չեն վերադառնա զուլալ ջրով աղբյուրի մոտ և կշարունակեն նոր աղբյուր փնտրել ու ցեխաջուր խմել:

Ուստի այն պահին, երբ ձեր ողջ էությամբ հասկանում եք, որ ձեր առջև Աստվածային Ճշմարտության մաքուր աղբյուր է, երբեք ուրիշ աղբյուր մի՛ փնտրեք: Քանզի Աստվածային Ճշմարտությունը միակն է, և դրան կարող եք հասու դառնալ ոչ թե արտաքին փնտրտուքներով, այլ ներքին որոնումներով:

Արտաքին գիտելիքից պետք է ի վերջո անցում կատարել ներքին գիտելիքին: Արտաքինը միայն խթան է ձեր գիտակցության համար, որպեսզի սուզվեք Աստծո հետ հաղորդակցության այն տարածությունը, որն առկա է ձեր սեփական էության ներսում:

Հավանաբար ես այսօր ձեզ ձանձրացրի իմ դատողություններով: Բայց ես լիահույս եմ, որ այն քչերը, որոնց համար ես այսօր տվեցի իմ այս Ուղերձը, կլսեն ինձ և կօգտվեն իմ խորհուրդներից:

 

ԵՍ ԵՄ Կութհումին

 

Տատյանա Միկուշինա, 2013 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

   

 

Գլխավոր էջ     Նախորդ էջ     Հաջորդ էջ