Ես ձեզ կոչ եմ անում առաջնորդվել ձեր իդեալներով՝ անկախ ամեն ինչից

 

Սեն-Ժերմեն

26 հունիսի, 2013 թ

 

ԵՍ ԵՄ Սեն-Ժերմենը...

Տիկնայք և պարոնայք, ես կրկին ձեզ այցի եմ եկել, որպեսզի վկայեմ իմ հարգանքի հավաստիքը ձեզնից նրանց, ովքեր անխոնջ կերպով աշխատում են իրենց վրա և հնարավոր ամեն ինչ անում են, որ Նոր Դարաշրջանի էներգիաները ներթափանցեն ձեր շրջակա աշխարհը:

Ես այսօր եկել եմ, որպեսզի  դուք հիշեք այն դարաշրջանը, երբ ձեզնից շատերը գտնվում էին մարմնավորվման մեջ: Ես եկել եմ՝ որպես ձեր Ասպետ-Հրամանատարը:

Պետք է ձեզ հիշեցնեմ, որ կար ժամանակ, երբ գոյություն ունեին ասպետական միաբանություններ: Նաև պետք է հիշեցնեմ, որ այդ դարաշրջանում, ինչպես հիմա ձեր օրերում է, կային իսկական Ոգու ասպետներ, որոնք պատրաստ էին իրենց կյանքը զոհել հանուն իդեալների: Կային և այնպիսինները, որոնք նույնպես ասպետական զրահներ էին կրում և մասնակցում ասպետական մրցույթներին: Բայց նրանց սրտերը մունջ էին մնում և աշխարհին չէին փոխանցում Աստվածային ճշմարտությունն ու անեղծ իդեալները:

Ձեր օրոք էլ կան իրական Ոգու ասպետներ, որոնք պատրաստ են  կյանքի ցանկացած իրավիճակում պաշտպանելու իրենց համոզմունքները: Եվ կան նաև այնպիսինները, որոնք Ուսմունքով քողարկվելով գործում են ի շահ իրենց հետաքրքրությունների՝ փորձում են թեմ ստեղծել և այն առաջնորդել իրենց անձնական հետաքրքություններին համապատասխան:

Շատ տարածված պատկեր է ձեր հասարակությունում է, այնպես չէ՞...

Շատերն են հիմա խմբեր ստեղծում և փորձում դրանք առաջնորդել: Կույրերը առաջնորդում են կույրերին:

Այսօր ես եկել եմ, որ ձեզ հավատի ազդակ փոխանցեմ և տամ այն ուղղությունը, որով կոչված եք ընթանալու:

Որպես օրինակելի նմուշ՝ վերցրեք ասպետական պատվի կանոնակարգը (կոդեքսը): Կան ճշմարիտ իդեալներ, հանուն որոնց դուք պետք է մարտնչեք և ոչինչ չզիջեք: Բայց կան նաև ճշմարիտ իդեալների կեղծ կրկնակները:

Եվ այնժամ, երբ դուք ինձ ասում եք, թե չեք կարողանում դրանք իրարից զանազանել և չեք կարողանում պարզել, թե ձեզ առաջնորդողը ճշմարիտ Հովիվ է, թե կեղծ՝ դուք կեղծավորություն եք անում: Դուք միշտ գիտե՜ք ճշմարտությունը... Ձեր սիրտը ձեր աշխարհի ամենակատարյալ զանազանման գործիքն է: Եվ այնժամ, երբ չեք լսում ձեր սրտի ձայնը, սկսում եք լսել ձեր խելքին, որը միշտ ձեզ կապացուցի, թե ինչու՛ է ավելի հարմար և անվտանգ այսինչին հետևելը:

Այժմ ձեր պատկերացումները պետք է առավել հստակեցվեն, թե որտեղ են ճշմարիտ արժեքները, և որտեղ՝ դրանց կրկնակները:

Լուսինն էլ է լույս տալիս, բայց այդ լույսը արևի լույսի անդրադարձն է ընդամենը: Նմանապես՝ կան այնպիսինները, որոնք ձեր աշխարհ են բերում Աստվածային Լույս, և կան նաև այնպիսինները, որոնք միայն անդրադարձնում են այդ Լույսը: Եվ դա ակնհայտ է ճիշտ այնպես, ինչպես արևի և լուսնի դեպքում:

Դուք մուտք եք գործում Նոր Դարաշրջան: Եվ հիմնական հատկանիշը, որը ձեզ վիճակված է ձեռք բերել և կատարելագործել Նոր Դարաշրջանում՝ զանազանման հատկանիշն է: Այն զարգացնելու համար հարկ չկա, որ հաճախեք սեմինարների և դասախոսություններ լսեք: Այդ հատկանիշը հատուկ է ձեզ ծննդյան օրվանից: Եվ բոլորդ էլ մանուկ հասակում տիրապետել եք այդ զանազանման հատկանիշին: Բայց հետո, երբ հայտնվել եք կեղծ արժեքների շրջապատում, որոնք տիրապետող են ձեր աշխարհում, դուք ենթարկվել եք այդ շրջապատին և սկսել եք հենվել ձեր մարմնական խելքի վրա, և ոչ՝ սրտի:

Ուստի հիմա ձեր խնդիրն է՝ պարզապես ճշմարիտ արժեքները վերադարձնել ձեր կյանք: Այդպիսի արժեքներից են՝ պարտքի զգացումը, արժանապատվությունը, նվիրվածությունը, հավատը և սերը: Ես կարող եմ էլի շատ ճշմարիտ արժեքներ թվարկել: Բայց ինքնե՛րդ էլ քաջատեղյակ եք դրանց: Եվ այնժամ, երբ թաքնվում եք կեղծ արժեքների հետևում և փորձում հետևել կեղծ առաջնորդների, ձեր հոգու խորքում միշտ իմանում եք, որ կեղծ ուղու վրա եք: Քանզի նման դեպքերում ձեզ շահախնդրությունն է առաջնորդում: Դուք փորձում եք ձեզ համար ինչ-որ բան ստանալ. կարևոր չէ, թե ինչ՝ լավ հարաբերություններ, հանգիստ ու կուշտ կյանք, իշխանություն կամ փող, կրքերի կամ քմայքների բավարարում: Ցանկացած դեպքում՝ այդ մի բանը հակադրության մեջ է լինում Աստվածային արժեքների և ասպետության ճշմարիտ Ոգու հետ:

Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ ձեր աշխարհում լինելով, գործնականում հնարավոր չէ ճշմարիտ Աստվածային արժեքներին հետևելը: Քանզի ձեր աշխարհն իննսուն տոկոսով բաղկացած է կեղծ արժեքներից:

Բայց հատկապես հիմա՛ եմ ես եկել գլխավորելու ձեզնից նրանց, ովքեր պատրաստ են կանգնելու Համբարձյալ Դասերի դրոշի տակ:  Հատկապես հիմա՛ եմ՝ որպես ձեր Ասպետ-Հրամանատար, ձեզ կոչ անում հավաքվելու մեր դրոշի տակ:

Թշնամուն հեշտ է հաղթելը, եթե նա թույլ է և սակավազոր:

Փա՜ռք ու պատիվ նրանց, ովքեր փոքրաթիվ ուժերով հաղթանակ են տանում: Եվ հիմա ես դիմում եմ հատկապես նրանց, ովքեր պատրաստ են զոհաբերելու իրենց րոպեական շահերն ու փայլփլուն գովազդների միջոցով դեպի հետտոնական զարդարանքների կողմը տանող պատրանքային խաղալիքները, դուրս գալու մարտադաշտ և կռվելու հանուն այն ճշմարիտ արժեքների, որոնց թվին են պատկանում ձեր նվիրվածությունը Եղբայրությանն ու Վեհապետներին և ձեր անկոտրում հավատն ու սերը...

Ես պատրաստ եմ գլխավորելու ձեզնից նրանց, տիկնայք և պարոնայք, ովքեր չեն երկյուղում իրենց իդեալների համար մարտնչելուց՝ անգամ եթե թշնամու ուժերը բազմակի գերազանցում են քանակապես:

Դրա համար հիշե՛ք խնդրեմ ձեր պատվի կոդեքսը, որի առաջին իսկ տողերը բարբառում են այն մասին, որ ձեր պատրանքային աշխարհում չկա ոչինչ, որ ավելի բարձր լինի կամ ավելի բարձր արժեք ունենա, քան Աստված և Նրա Օրենքին հետևելը:

Այս դրույթից ելնելու դեպքում՝ մնացած ամեն ինչը ձեզ պարզ կդառնա և ձեռք կբերի այլ իմաստ:

Եվ անգամ ձեր կյա՛նքն իսկ ավելի ցածր արժեք է, քան Աստված և Նրա Օրենքին հետևելը: Քանզի զոհելով ձեր կյանքը՝ դուք ձեռք եք բերում հավերժական Կյանք: Իսկ եթե տարվում եք րոպեական շահերով և պատրանքային աշխարհի հրապուրանքներով, ապա ընդմիշտ կորցնում եք ձեր հոգին:

Ես մաղթում եմ, որ կանգնեք Աստվածային ճշմարտությունը պաշտպանելու ուղու վրա: Հենց հիմա՛ է այն ժամանակը, երբ դուք պետք է ցուցադրեք ձեր վճռականությունը և ձեր համոզմունքների ամրությունը, երբ դեմ առ դեմ կանգնած եք պատրանքային ուժերի առջև, որոնք անամոթաբար քմծիծաղ են տալիս և չեն հավատում, որ դեռևս կան մարդիկ, որոնց կյանքի առաջնահերթ խնդիրը՝ իրենց իդեալներին հավատարիմ մնալն է:

Ես ձեզ կոչ եմ անում հետևելու ձեր իդեալներին՝ անկախ ամեն ինչից: Եվ հենց դա՛ է ասպետության ճշմարիտ ոգին: Եվ հենց դա՛ է անմահությունը...

Ես ձեզ կոչ եմ անում մտնել հավերժական Կյանք: Ես ձեզ կոչ եմ անում հետևելու ինձ՝ ձեր Ասպետ-Հրամանատարին:

Արժանապատվորեն մուտք գործենք Նոր Դարաշրջան՝ Ջրհոսի դարաշրջանը...

 

ԵՍ ԵՄ Սեն-Ժերմենը

 

Տատյանա Միկուշինա, 2013 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ