Աստծո հետ լինելը՝ ձեր գիտակցության վիճակն է պարզապես

 

Մեծն Աստվածային Ուղղորդիչ

25 հունիսի, 2013 թ.

 

ԵՍ ԵՄ Մեծն Աստվածային Ուղղորդիչը: Այս օրով ես եկել եմ, որ ձեզ ուղղություն ցույց տամ ձեր Աստվածային Ուղու վրա: Ես մեծ հույսեր ունեմ, որ իմ այս Ուղերձն ընթերցողները գտնվում են դեպի Աստված տանող Ուղու վրա:

Նախ ես կուզենայի, որ շտկեիք ձեր ուսերը, ամբողջ կրծքով մեկ լիաթոք շունչ քաշեիք և ինձ դիմավորեիք այնպիսի լայն ժպիտով, ինչպես դիմավորում եք ամառային արևոտ ու քնքուշ լուսաբացը:

Ահա այդպե՛ս... Հիմա կարող ենք սկսել մեր զրույցը: Ամենայն որոշակիությամբ կարող եմ ասել, որ ձեր լավ տրամադրության ամբողջ պատասխանատվությունն ընկած է ձեր ուսերին: Եվ եթե մշտապես կիտած եք պահում ձեր ունքերը, սեղմում եք ձեր շրթունքները և ձեր դեմքին տալիս խիստ ու տառապալից արտահայտություն, տարածությունից դեպի ձեր կողմն եք քաշում նմանատիպ մռայլ դեմքեր ու տառապալից հայացքներ:

Հիշեցեք, որ դուք տարածությունից ստանում եք ճիշտ այն, ինչ ուղարկում եք տարածություն: Եվ ամբողջովին ձեզնից է կախված, թե ինչպիսի էներգիաներ եք առաքում աշխարհ, և թե ինչպիսի վիճակում եք ինքներդ գտնվում:

Ամեն օր դուք ինքներդ ձեզ ծրագրավորում եք: Կարող եք նախապես ծրագրավորել ձեր երջանկությունը, հաջողությունը, առողջությունն ու ուրախությունը, բայց կարող եք և ծրագրավորել ձեր տառապանքը, տխրությունը, ճնշվածությունը, չարամտությունը և նույնիսկ ատելությունը:

Ամեն ինչ, պաշտելինե՛րս, ինքներդ եք որոշում: Աշխարհում չկա որևէ մեկը, որ ձեզ ստիպի գտնվել գիտակցության բացասական վիճակում: Միակ մարդը, ով կարող է դա անել՝ դուք ինքներդ եք: Եվ ուրիշ ոչ ոք:

Ուստի ես խորհուրդ կտայի ձեր օրը սկսել նրանով, որ մոտենաք հայելուն և ժպտաք ինքներդ ձեզ: Դա ամենահեշտ ձևն է՝ մատչելի նույնիսկ ձեզնից նրանց համար, ովքեր իրենք իրենց աղքատ, դժբախտ ու տնանկ են համարում:

Դուք համապատասխան եք դառնում ինքներդ ձեր մասին ունեցած պատկերացմանը: Դա այն տարծության օրենքն է, որում ապրում եք: Ուրեմն՝ սկզբում պետք է փոխեք ձեր մասին ունեցած ձեր պատկերացումը: Պետք է համոզեք ինքներդ ձեզ, որ ձեզ հետ ամեն ինչ կարգին է: Եվ այդ գործում ամենակարևորն այն է, որ ինքներդ ձեզ համոզեք, որ Աստված ձեզ հետ է: Կյանքում ի՞նչ վատ բան կարող է պատահել ձեզ, եթե Աստված ձեզ հետ է և հոգում է ձեր մասին:

Աստծո հետ լինելը՝ Աստվածայինի զգացողությունը, պարզապես ձեր գիտակցության վիճակն է: Եվ եթե դուք ուզում եք մշտապես Աստծո հետ լինել, ապա նախ Նրան ընդունեք ձեր սրտի մեջ, որից հետո Նա կտիրի ձեր ողջ էությանը: Ճիշտ այնպես, ինչպես արևն է լուսավորում ամբողջ երկիրն ու ձեր շուրջը եղած ամեն ինչ, Աստված էլ ձեր միջից կլուսավորի աշխարհը:

Ձեր ներսում Աստծուն բացահայտելու այդ մեխանիզմը պետք է յուրացնեք բոլորդ: Աստծո հետ լինելը չի նշանակում գերմարդկային կարողությունների բացահայտում՝ մեր թելադրություններն ընդունելու կամ ուրիշների մտքերը կարդալու կարողություն: Աստծո հետ լինելը նշանակում է մշտապես ունենալ լավ ու կայուն տրամադրություն, ինչը ձեր հոգին բերնեբերան լցնում է ու բերկրանքով ու սիրով:

Ձեր աչքերը մատնում են ձեզ: Եվ եթե դուք Աստծո հետ եք, ապա ձեր աչքերը լույս են ճառագում և փայլում ներքին լույսով: Իսկ եթե նախընտրում եք առանց Աստծու ապրելը, ապա ձեր հայացքը խամրում է ու հանգչում:

Նկատե՞լ եք արդյոք, թե որքա՜ն դժբախտ մարդիկ կան ձեր շուրջը, որոնք ծանրաբեռնված են պրոբլեմների հսկա կույտով, մշտապես վատ տրամադրություն ունեն և մթագնած հայացք:

Պետք է ձեզ ասեմ, որ այն ամենը, ինչ տեսնում եք ուրիշ մարդկանց մեջ, կա նաև ձեր մեջ:

Եվ այնժամ, երբ հանձն եք առնում փոխել ինքներդ ձեզ, ուրախանալ և լավ տրամադրություն ունենալ, ձեր շրջապատի բոլոր մարդիկ դեպի ձեզ կշրջվեն արդեն ուրիշ կողմով, և դուք ձեր շուրջը կտեսնեք բարի ժպտացող ու փայլփլուն աչքերով բազմաթիվ հրաշալի մարդկանց:

Ձեր էության ներսում կա ձեր ներկան ու ապագան կառավարելու կենտրոն: Իհարկե, լիովին ճիշտ եք կարծում, որ ձեր ներկան ու ապագան կառավարվում է Կարմայի Օրենքով, և ձեր կողմից ստեղծված ամեն ինչը վերադառնում է ձեզ՝ այդ թվում նաև ձեր գիտակցության անորակ վիճակների տեսքով: Ձեր այդ կարծիքը բացարձակապես ճիշտ է: Սակայն փորձեք մշտապես վատ բաներ մտածել. ամեն սենյակում մի հեռուսացույց դրեք, որ օրվա մեջ 24 ժամ ցույց տան սարսափի ֆիլմեր, մարտաֆիլմեր և անընդհատ նորություններ հաղորդեն տարերային աղետների ու ահաբեկչական գործողությունների մասին: Ի՞նչ եք կարծում. դրանով ձեր վիճակը կլավանա՞... Սակայն կա մի պարզ հնարք, որով կարող եք լավացնել ձեր վիճակը. անջատե՛ք բոլոր հեռուստացույցները: Տոն մի՛ տվեք ձեր աշխարհի բացասական դրսևորումների վերաբերյալ խոսակցություններին: Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք միայն դրական բաների՝ ծաղիկների, բնության, կենդանիների, արևի, Վեհապետների պատկերների վրա: Տանն ու աշխատանքի վայրում ձեր շուրջն ունեցեք հիասքանչ նմուշներ, լուսավոր գույներ:

Հեռացրե՛ք ձեր կյանքից սնանկության բոլոր դրսևորումները և դիտեք ինքներդ ձեզ. ձեր վիճակը չի՞ լավանա արդյոք...

Ունկնդրեք ականջ շոյող մեղմ ու ներդաշնակ երաժշտություն կամ խաղաղ ու մեղեդային մանտրաներ: Ձեր շրջակա տարածությունը լցրեք դրական էներգիաներով:

Հարկ է, որ ձեր կյանքերում մշտապես վերահսկողության տակ պահեք միայն երկու բան՝ ձեր ներքին վիճակն ու ձեր արտաքին շրջապատը: Ձեր գիտակցությունից հեռացրեք բացասական մտքերն ու զգացմունքները, իսկ արտաքին շրջապատից՝ ոչ ճիշտ, անաստված նմուշները:

Միայն այդ երկու բանը կարող են վերադարձնել ձեր կյանքի բերկրանքը և ձեր էությունը լցնել ներդաշնակությամբ ու սիրով:

Հավատացե՛ք ինձ, եթե ձեզ հաջողվի պահպանել բարյացակամ տրամադրվածություն, ապա կկարողանաք ձեր միջով անցկացնել ավելի շատ Աստվածային էներգիա: Եվ եթե այդ էներգիան ձեր միջով անցնի հաստատուն, հզոր ու հավասարաչափ հոսքով, ապա ձեր ստորին չորս մարմինները կմաքրվեն շատ բացասական էներգիաներից: Եվ դուք չեք էլ նկատի, թե ձեզ համար որքա՜ն է հեշտացել ձեր կյանքի ցանկացած բացասական կարմայական իրավիճակները հաղթահարելը:

Դուք արդեն բազմաթիվ անգամ լսել եք այս հանձնարարականները, այնպես չէ՞... Հավանաբար նույնիսկ այս թելադրությունների մեջ եք կարդացել դրանք...

Այդ դեպքում՝ պատասխանեք իմ այս հասարակ հարցին. եթե այդքան հեշտ է ձեր կյանքը փոխել դեպի լավը, հապա ինչու՞ այդպես չեք վարվում:

Ինձ ու մյուս Համբարձյալ Վեհապետների համար այս հարցը հանելուկ է մնացել: Սա ձեզ չի՞ հիշեցնում  այն առակը, երբ Աստված ջրհեղեղի ժամանակ ձեզ փրկելու համար մե՛րթ նավակ է ուղարկում, մե՛րթ՝ լաստ, բայց ամեն անգամ դուք հրաժարվում եք օգնությունից՝ հուսալով, որ Աստված անձամբ ձեզ կփրկի:

Լա՛վ, ինչպե՞ս մենք փրկենք ձեզ, եթե դուք անընդհատ հրաժարվում եք մեր օգնությունից. չէ՞ որ դա հնարավոր բան չէ... Սակայն ես մեծ հույսեր եմ փայփայում, որ այսօրվա ուղերձը ձեզ կդրդի, որպեսզի շատ բաներ վերափոխեք ձեր արտաքին շրջապատում և վերանայեք ձեր վերաբերմունքը ձեզ շրջապատող կյանքի նկատմամբ:

Աստված մշտապես ձեր կողքին է: Մի՛ համառեք փոքր երեխաների պես և թույլ տվեք, որ Աստված մուտք գործի ձեր կյանք:

Հենց հիմա՛...

 

ԵՍ ԵՄ Մեծն Աստվածային Ուղղորդիչը

 

Տատյանա Միկուշինա, 2013 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

 

Գլխավոր էջ     Նախորդ էջ      Հաջորդ էջ