Մեծ Երկնային ողորմածություն

 

Պաշտելի Ալֆա

24 հունիսի, 2013 թ.

 

ԵՍ ԵՄ Ալֆան:

ԵՍ ԵՄ ձեր Երկնավոր հայրը: ԵՍ  ԵՄ եկողը: Այսօր՝ հենց այս օրով, տիեզերական ավետիս է իջել, և այս Դեսպանորդն իրավասու է այդ ավետիսը փոխանցելու ձեզ:

Ես եկել եմ Հեռավոր աշխարհներից: Եկել եմ, որ խարսխեմ իմ Բոցն ու իմ Ներկայությունը Դեսպանորդի չակրաներում:

Նախկինում երբեք նման հնարավորություն չի եղել: Մենք նախաձեռնեցինք սույն փորձը, որպեսզի փոխենք իրադարձությունների ընթացքը և Երկրի մարդկությանը հնարավորություն տանք հպվելու Բարձրագույն աշխարհների էներգիաներին:

Ես պետք է վստահեցնեմ ձեզ, որ թրթիռների ավելի բարձր մակարդակին անցնելու անվտանգությունը պայմանավորված է բացառապես կատարվող փոփոխությունների ձեր ընկալմամբ:

Թե որքանով դուք ունակ կլինեք ձեր գիտակցության մեջ ընկալելու Բարձրագույն աշխարհները և հետևելու Բարձրագույն աշխարհների Օրենքին՝ կախված է նոր գիտակցության մակարդակին և էվոլյուցիոն զարգացման նոր գալարին մարդկության անցման անվտանգությունը:

Ուստի Ես եկել եմ ձեզ հիշեցնելու ձեր առաքելության և ձեր ծագման մասին:

Դուք անցել եք ձեր էվոլյուցիան թանձր աշխարհներում և այժմ պարտավոր եք վերադառնալ Իմ աշխարհը, որը ձեր հարազատ Տունն է:

Ներկայումս Ես ձեզ համար տիեզերական հնարավորության պատուհան եմ բացել: Սա Իմ անձնական թողության շնորհն ու հնարավորությունն է, որը նվիրում եմ Երկրի մարդկությանը:

Այս պահից սկսած, դուք կարող եք ձեր կանչերով անմիջականորեն դիմել Ինձ: Եվ եթե ձեր կյանքում վրա հասնի այնպիսի պահ, երբ ձեզ համար ծայրահեղ ծանր կլինի ձեզ շրջապատած տառապանքներն ու դժվարությունները կրելը, կարող եք կանչով դիմել Ինձ, և Ես հնարավոր ամեն ինչ կանեմ, որպեսզի ձեր վիճակը թեթևացնեմ:

Փոխարենը Ես ձեզ միայն խնդրում եմ, որ ձեր գիտակցության մեջ մշտապես պահեք մեր այսօրվա հանդիպման հուշը:

Որոշակի ժամանակ ևս անցնելուց հետո պատրանքը կսկսի ճահիճի պես ձեզ իր ներսը քաշել:  Ներքին Լույսը կմարի, և ձեր էությունը կկորցնի կողմնորոշումը: Ամբողջ շրջակա տարածությունը գորշագույն կդառնա, և դուք այլևս Լույսը խավարից, սևը սպիտակից չեք ջոկի:

Եվ հենց այդ պատճառով եմ Ես այս օրով եկել, որ ձեզ տամ իմ այս հնարավորությունը, որպեսզի դուք միշտ կարողանաք դրանից օգտվել:

Երևացող տեղում դրեք կանչի խոսքերը, որից կօգտվեք բոլոր այն իրավիճակներում, երբ շրջակա իրադրությունը ձեզ անտանելի կթվա, երբ կթվա, որ այլևս ուժ չունեք ձեզ շրջապատող աշխարհի ծանր բեռը կրելու:

Ինձ ուղղված ձեր կանչը դուք կարող եք հղել ամեն օր, և այդ կանչից հետո ամբողջ 24 ժամ կգտնվեք Իմ պաշտպանության և խնամարկության տակ:

Եվ այսպես, դուք պետք է կանգնեք զոհասեղանի առջև, գտնեք այն պահը, երբ ձեզ ոչինչ չի անհանգստացնում, այնուհետև մուտք գործեք ձեր ներքին տարածքի

հովանու տակ և ձեր սրտի անդորրության մեջ արտաբերեք հետևյալ խոսքերը.

 

Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, պաշտելի՜ Ալֆա, ես խնդրում եմ Քո թողության շնորհի ազդեցությունը: Խնդրում եմ Քեզ, որ իմ էության ներսն առաքես Քո հայրական ճառագայթը: Խնդրում եմ, որ մեկնես ինձ Քո օգնության ձեռքը և մոտակա 24 ժամվա ընթացքում ինձ պաշտպանես բացասական էներգիաներից ու թրթիռներից: Ես Քոնն եմ, Տե՛ր, արի և պաշտպանի՛ր ինձ...:

 

Ահա այս պահից սկսած՝ Ես ակտիվացնում եմ սույն կանչը և այն դարձնում ձեզ համար մատչելի:

Սա մե՜ծ Երկնային ողորմածություն է, որ դուք հնարավորություն եք ստանում օգտվելու Իմ անձնական պաշտպանությունից՝ գտնվելով ձեր աշխարհի ունայնության մեջ:

Դուք կարող եք օգտվել Իմ այս պաշտպանությունից այնքան հաճախ, որքան կկարողանաք, և որքան ձեզ դա անհրաժեշտ կլինի:

Ինձ ուղղված այս կանչն ամեն անգամ արտաբերելով՝ դուք կզորեղացնեք դրա ազդեցությունը:

Սակայն հարկ է որ իմանաք նաև, որ այդ կանչով ուժեղանում է Իմ ներկայությունը ձեր աշխարհում: Իսկ դա նշանակում է, որ հակադիր ուժերը կմոտենան այն վայրին, որտեղ արտաբերվում է այդ կանչը:

Եթե կանչն արտաբերեք օրվա մեջ մեկ անգամ, կստանաք 24-ժամյա Իմ պաշտպանությունը: Եթե ավելի հաճախ այդ կանչը հղեք, ապա Ես Իմ Ներկայությունը կդրսևորեմ ձեր կողքին, և մենք միասին կդիմակայենք ձեր աշխարհի այն ամենին, ինչն Աստծուց չէ:

Եթե դուք պատրաստ եք Իմ զինվորների շարքն անցնելուն, ապա Ես ձեր կողքին կլինեմ մինչև ձեր ծառայության ավարտը:

Ալֆայի բոլոր մարտիկները Նրա անձնական հոգածության տակ են գտնվում: Սակայն քչերն են համարձակվում զիվորագրվել Ինձ, քանի որ այդ պահից սկսած՝ պարտավորվում են իրենց ամբողջ կյանքը նվիրաբերել Աստծուն ծառայելուն:

Երկրի վրա շատ քիչ են այնպիսիները, որոնք ունակ են դրան: Եզակիներն են կարողանում դիմանալ մշտական լարվածությանը և իրենց մարմիններով անցնող էներգիաների բեկմանը:

Ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր այս պահին վախ ու կասկածներ ունեցան: Դուք դեռ պատրաստ չեք, ուստի Ինձ զինվորագրվելու հնարավորությունը ձեզ չի վերաբերում:

Սակայն այս Ուղերձը կարդացողների մեջ կան մի քանիսը, որոնք պատրաստ են Իմ զինվորների շարքն անցնելու:

Նրանք պատրաստ են կանգնելու Լույսի մարտիկների առաջին շարքերում:

Կանցնի ևս որոշակի ժամանակ, և ձեր աշխարհում իմ զինվորների քանակը կավելանա: Եվ, ըստ տիեզերական ժամկետների, շատ շուտով ձեր աշխարհում կլինեն միայն Իմ զինվորները:

Դա չի նշանակում, որ պատերազմ կլինի, այլ միայն նշանակում է, որ Լույսը կհաղթի խավարին: Դա անխուսափելի է, քանի որ այդպիսին է Տիեզերական Օրենքը:

Ես այս օրով եկա, որ  ձեզ հիշեցնեմ ձեր Աստվածային ծագման և ձեր Աստվածային առաքելության մասին:

Մշտապես եղե՛ք նվիրվածության ու պատրաստության վիճակում, և Ես միշտ ձեր կողքին կլինեմ...

 

ԵՍ ԵՄ Ալֆան՝ ԵՍ ԵՄ ձեր Երկնավոր հայրը...

 

Տատյանա Միկուշինա, 2013 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ