Ես եկել եմ ձեր հոգուն օգնություն ցուցաբերելու

 

Գուան Ին

22 հունիսի, 2013 թ.

 

ԵՍ ԵՄ Գուան Ինը:

Ես այսօր ձեզ այցի եմ եկել ոչ որպես Կարմայական Վարչության անդամ, և ոչ որպես Բարեգթության Աստվածուհի: Այսօր եկել եմ որպես ձեր ավագ քույրը:

Եկել եմ, քանի որ դուք օգնության կարիք ունեք: Ձեզնից ոմանք այնպիսի տառապանքի մեջ են, որ նույնիսկ չեն հասկանում, որ իրենց հոգիներն օգնության և ապաքինման կարիք ունեն:

Դուք ձեր տառապանքի պատճառները փնտրում եք ձեզնից դուրս: Կարծում եք, թե ամեն ինչի մեղավորն արտաքին հանգամանքներն են՝ աշխատանքը, ընտանիքը, կառավարությունը:

Սակայն ես ձեզ նոր բան ասած չեմ լինի, եթե ինձ թույլ տամ ձեզ հիշեցնելու, որ այն ամենի նախադրյալները, ինչ այժմ ձեզ հետ տեղի է ունենում, դուք ստեղծել եք կա՛մ ձեր այս մարմնավորման մի փոքր ավելի վաղ շրջանում, կա՛մ ձեր նախորդ մարմնավորումների ընթացքում: Դուք ինքներդ եք ձեր տառապանքների ծնողները:

Ձեր ցանկությունները դեպի ձեզ են քաշում ոչ միայն իրենց իրականացման հնարավորությունը, այլ նաև կարմա, որն ուղեկցում է ձեր ցանկությունների իրականացմանը:

Պաշտելի Հաութամա Բուդդան ուսուցանում էր ազատագրում ցանկություններից՝ տառապանքների պատճառից: Ձեզնից շատերն են կարդացել Հաութամա Բուդդայի Ուսմունքը: Դրանով դուք բավարարել եք ձեր գիտելիքներ ձեռք բերելու պահանջմունքը, որոնցով ուզում էիք ընդմիշտ ազատվել այդ աշխարհի տառապանքներից, այնպես չէ՞...

Սակայն հիմա ես պատրաստ եմ ձեզ այնպիսի գիտելիք տալ, որն օգտակար կլինի ձեզ համար: Այն վերաբերում է ձեր շրջակա իրականությանը:

Ձեզ թվում է, թե աշխարհը մռայլ է և անբարեհաճ: Ձեզ այնպես է թվում, թե շուրջբոլոր ամեն ինչ տառապանքի մեջ է և բուժման կարիք ունի: Բայց հենց դուք՝ ձեր հոգին է տառապում առաջին հերթին: Եվ ձեր հոգին է, որ կարիք ունի բուժման և օգնության:

Ահա և ես եկել եմ ձեր հոգուն օգնություն ցուցաբերելու:

Շատ ու շատ մարմնավորումներ առաջ, ես ճիշտ այսպես հնարավորություն ունեի ձեզ օգնելու: Պատահական մի՛ համարեք այն, որ դուք գտել եք այս թելադրությունները և հետաքրքրություն ցուցաբերել դրանց նկատմամբ: Նախկինում դուք արդեն լսել եք իմ սփոփանքի խոսքերը և հնարավորություն եք ունեցել լինելու առանձնության և աղոթքի անդորրության մեջ:

Այժմ ձեր խնդիրը բարդացել է, քանի որ հիմա ձեր մեջ ուժ պիտի գտնեք  ձեր աշխարհում տեղի ունեցող խելագարություններին հակադրելու ձեր սեփական աշխարհի անդորրն ու խաղաղությունը, որոնք պետք է բացահայտեք ձեր էության ներսում:

Ես եկել եմ ձեզ հիշեցնելու, թե ովքեր եք դուք իրականում: Նաև հիշեցնելու, որ այս մարմնավորումից առաջ դուք պարտավորություն եք ստանձնել, որ արտաքին աշխարհին կհակադրեք ձեր ներաշխարհի հանդարտությունը: Ձեր էության ներսի՛ց կբխեն ֆիզիկական աշխարհի բոլոր փոոխությունները: Եվ հենց դուք եք այն մարդիկ, ովքեր կոչված են իրենց ներսի Աստվածային աշխարհը տարածելու արտաքին աշխարհի վրա:

Այո, իհարկե, ցանկություններից հրաժարվելը շատ կարևոր է: Շատ կարևոր է նաև վարվեցողության բարոյական  հիմքերը պահպանելը: Շատ կարևոր է սեփական մտքերը, զգացմունքները և մարմինը մաքուր պահելը: Շատ կարևոր է ցանկացած իրավիճակում արտաքին կողմնորոշիչները և հանգստություն պահպանելը: Այդ ամենը կարևոր է և անհրաժեշտ:

Սակայն կա ևս մեկ ասպեկտ, որը վրիպում է ձեր արտաքին գիտակցությունից: Այդ ասպեկտը վերաբերում է ձեր ներսի Աստծո հետ ձեր փոխհարաբերություննին: Շատ կարևոր ասպեկտ է դա: Քանզի տառացիորեն ամեն ինչ կախված այն բանից, թե որքանով կկարողանաք ձեր արտաքին գիտակցությունը միացնել Աստվածային գիտակցության՝ ձեր Բարձրագույն Ես-ի հետ:

Ձեզ անհրաժեշտ է շատ մանրազնին վերաբերմունք դրսևորել  ձեր կյանքի ամեն մի արտաքին հանգամանքի նկատմամբ: Այն ամենը, ինչ կարող է խաթարել ձեր ներքին Ուսուցչի՝ ներքին Գուրուի հետ ունեցած ձեր անձնական հարաբերությունները, պետք է հեռացվի ձեր կյանքից:

Մենք բազմաթիվ անգամ եկել և տվել ենք այս Ուսմունքը: Եվ հիմա ես եկել եմ ասելու, որ հասել է ձեր կյանքի այն պահը, երբ մեր տված Ուսմունքին հետևելու ձեր չափաբաժնից է կախված տառացիորեն ձեր կյանքի ամեն ինչը: Թե որքանով կհետևեք մեր խորհուրդներին ու հանձնարարականներին, կախված է բուն ձեր կյանքը՝ ձեր հոգու էվոլյուցիայի շարունակություն ունենալը:

Դուք ձեր կյանքն ու ձեր հոգին կկարողանաք պահպանել միայն այն դեպքում, եթե ամբողջ ձեր էությամբ մղվեք դեպի Աստված և Նրա Օրենքի պահպանումը:

Դուք այլևս չեք կարողանա հետաձգել ձեր ընտրություն կատարելու պահը, որպեսզի կրկին վազեք հաճույքների ու զվարճությունների հետևից: Քանզի հասել է տիեզերական ժամը, և հունձքն ընթանում է ամբողջ թափով:

Ձեր ընտրությունը կատարողը դուք եք լինելու: Ոչ ոք ձեր փոխարեն դա չի անի: Եկել է վերջնական քննության ժամանակը: Դուք ձեր էության ներսում ընտրություն եք կատարում, և ձեզ համար այդ ընտրությունը նշանակում է կա՛մ ձեր հոգու էվոլյուցիայի շարունակություն, կա՛մ դրա ավարտ: Տիեզերական բոլորաշրջաններն անբեկանելի են: Օրենքը պահանջում է, որ ընտրություն կատարեք:

Պետք է ասեմ, որ Մեծ Կենտրոնական Արևը ձեզ այլևս նոր հնարավորություն չի ընձեռի: Ժամկետներն ավարտվում են և այլևս հետաձգվել չեն կարող:

Իսկ դա նշանակում է, որ ձեզնից նրանք, ովքեր չեն կարողացել հաղթահարել իրենց գիտակցության պատրանքային դրսևորումը, հաջորդ էվոլյուցիոն աստիճանին չեն կարողանա անցնել: Ձեր ավագ եղբայրներն ու քույրերը՝ Համբարձյալ Տիրակալներն ու Տիրուհիները, որոնք արդեն անցել են էվոլյուցիայի հաջորդ աստիճանին, օգտագործում են ամեն մի հնարավորություն, որպեսզի ձեզ օգնեն և օժանդակեն: Եղբայրության մենաստաններում աշխատանքն ընթանում է շուրջօրյա և առավելագույն ծանրաբեռնվածությամբ: Մենք գալիս ենք տառացիորեն ձեր ամեն մի կանչով և արձագանքում ձեր կոչերին ու աղոթքներին: Իսկ ձեզնից շատ քիչ բան է պահանջվում՝ կանչ հղել և աղոթել, նպատակամղվել և հավատալ:

Եկել է չտեսնված հնարավորությունների ժամանակը, երբ մի մարմնավորմամբ կարելի է ազատվել պատրանքի գերությունից: Սա հրեշավոր հակասությունների և հակադրությունների ժամանակաշրջան է, երբ միևնույն վայրում կարող եք հանդիպել և՛ անդրսահմանային սրբության նմուշների, և՛ նրանց հակադիր ուժերի վիթխարի դրսևորմանը՝ Աստվածային էներգիայի զանազան պղծումների ու աղավաղումների տեսքով:

Օրերի ընթացքում մշտապես դուք հայտնվում եք հակադիր նշանի ուժերի ազդեցության դաշտում: Եվ բոլոր օրերի ընթացքում գտնվում եք ընտրություն կատարողի վիճակում: Ցավոք, շատ քիչ մարդիկ են գիտակցում այն, ինչ տեղի է ունենում:

Մարդկանց մեծ մասը, չհասկանալով, թե ինչ է տեղի ունենում, ընկնում են հենց այն ուժերի ազդեցության տակ, որոնք վերջին հաշվով կործանում են նրանց հոգին:

Մեր խնդիրը՝ Համբարձյալ Դասերիս խնդիրն այն է, որ նախկինի պես բացատրենք իրավիճակը, տանք Երկրում ընթացող պրոցեսների բացատրությունը: Մենք կցանկանայինք հնարավորինս շատ հոգիների դուրս հանել պատրանքի ծովից: Ուստի գալիս ենք և անխոնջ կերպով կրկնում ու կրկնում ենք ձեզ համար այն խոսքերը, որոնք կարող են արթնացնել ձեր Աստվածայնությունը: Քանզի եթե արթնանաք, ապա ձեռք կբերեք ձեզ անհրաժեշտ գիտակցումն ու պայծառացումը: Իսկ երբ գիտակցեք ներկայումս տեղի ունեցող գործընթացների իմաստը, այլևս դեսուդեն չեք ընկնի և կասկածներ չեք ունենա: Դուք ձեռք կբերեք այն ներքին հիմնաձողը, որը թույլ կտա ձեզ ոչ միայն դիմագրավելու ձեզ շրջապատած պատրանքին, այլ նաև օգնելու թույլերին ու անզորներին, որոնք չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունենում և ձեր խնամքի ու հոգածության կարիքն ունեն:

Ես այսօր այցելեցի ձեզ, որպեսզի ազդակ հաղորդեմ ձեր սրտերին: Եկա, որպեսզի դրդեմ ձեր հայացքներն առօրյա ունայնից վեր բարձրացնելու և ուղղելու դեպի Աստվածային գիտակցության լեռնագագաթները:

 

ԵՍ ԵՄ Գուան Ինը՝ ձեր հոգիների նկատմամբ մեծ հոգածությամբ:

 

Տատյանա Միկուշինա, 2013 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

 Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ