Ձեր ներսում Բարձրագույն աշխարհների հետ ինքնահամալարման հսկայական ներուժ կա պահված

 

Բուդհա Վայրոչանա

26 դեկտեմբերի, 2012 թ.

 

ԵՍ ԵՄ Վայրոչանան:

ԵՍ ԵՄ, որ իմ Ուղերձն այսօր ուզում եմ հղել նրանց, ովքեր պատրաստ են ինձ լսելու և ընդունելու իմ Ուսմունքը:

Մի՛ շտապեք հաղորդակից լինել իմ Ուղերձին: Նախ կենտրոնացեք ձեր սրտի, ձեր զգացողությունների վրա: Եվ եթե ունայն աշխարհն ու ունայն մտքերը կամ ձեր աշխարհի որևէ անհամակշիռ դրսևորում համակել է ձեզ, ապա հետաձգե՛ք իմ Ուղերձն ընթերցելը: Այն ձեզ օգուտ չի տա:

Մեր թրթիռները պետք է հավասարվեն՝ համալարվեն իրար հետ: Միայն այդ դեպքում դուք կկարողանաք ընկալել իմ Ուղերձը, և դրա նեկտարը կթափանցի ձեր հոգու ամենագաղտնախորհուրդ անկյունները՝ ձեզ բերելով ոչնչի հետ չհամեմատվող երանություն:

Մեր Ուղերձները թափանցում են ձեր էության մեջ և նուրբ ազդեցություն են գործում ձեր էներգետիկական համակարգի վրա: Ձեզ կարող է թվալ, թե ոչինչ տեղի չի ունենում, բայց կարող է լինել նաև հակառակը՝ զգացվի էներգիայի ներհոսք ձեր էության մեջ: Երկու դեպքում էլ ձեր հոգու ստացած օգուտը հսկայական կլինի: Քանզի մեր աշխարհների փոխազդեցությունը տեղի է ունենում ձեր էության ներսում, երբ դուք համալարված եք լինում Բարձրագույն աշխարհների հետ և պատրաստ եք լինում ընկալելու Բարձրագույն աշխարհների էներգիաները:

Իսկ հիմա, երբ արդեն նախապատրաստեցի ձեր գիտակցությունը, ես պատրաստ եմ սկսելու իմ խոսքը:

Ձեզ հայտնի է, որ դուք միայն միս ու ոսկորից կազմված էակներ չեք: Դուք նրբակառույց էներգետիկական էակներ եք: Եվ քանի դեռ ուշադրություն չեք հատկացնում ձեր նուրբ բնույթին, այն չի կարող դրսևորվել: Սակայն յուրաքանչյուր կենդանի էակի կյանքում գալիս են պահեր, երբ նա պատրաստ է լինում ընկալելու նուրբ աշխարհները: Դա նման է ձեր էներգետիկական համակարգի ծաղկմանը: Ձեր բոլոր չակրաները բացվում և հիշեցնում են հրաշագեղ ծաղիկներ, որոնք գունազարդված են ամենանուրբ գուներանգներով, իսկ թերթիկները լինում են նրբորեն և որոշակիորեն կողմնորոշված: Ձեր չակրաները նրբին լարք ունեցող մեխանիզմ են հիշեցնում, որոնք կարող են փոխազդել Բարձրագույն աշխարհների հետ: Դրանք այն ալեհավաքներն ու ալեառաքներն են, որոնք ձեր գիտակցությանը հնարավորություն են տալիս թափանցելու Բարձրագույն աշխարհներ:

Եվ այնժամ, երբ ձեր էներգետիկական համակարգը ճիշտ լարվածք ունի, դուք անարգել կերպով հնարավորություն եք ունենում հաղորդակցվելու նուրբ աշխարհների և աշխարհների համակարգերի հետ:

Ցավոք, երբ ես մարդկությանը դիտում եմ իմ լինելիության ոլորտից, շատ հազվադեպ եմ տեսնում ձեր չակրաների բացված ծաղիկները, որոնք վկայում են ձեր հոգևոր մակարդակի և Բարձրագույն աշխարներն ընկալելու ձեր կարողության մասին: Որպես կանոն՝ մարդկային անհատների մոտ բացված է լինում միայն մեկ, երկու կամ երեք ստորին չակրա: Իսկ որոշ անհատներ այնպես են տարվել իրենց քմայքներով ու կրքերով, որ նրանց ջահերը՝ չակրաները, հանգել են և վերածվել տարածական սև խոռոչների, դեպի ուր հոսում է նրանց անհագ ցանկությունների էներգիան:

Ահավոր է տեսնելը, թե որոշ մարդիկ ինչի են վերածել իրենք իրենց: Փոխանակ լինելու Աստվածային էակներ՝ նրանք վերածվել են Աստվածային էներգիայի կլանիչների:

Հետագա էվոլյուցիոն զարգացման ամբողջ խնդիրն այն է, թե որքանով դուք կկարողանաք բացել ձեր էներգետիկական կենտրոնները՝ ձեր չակրաները: Ընդ որում՝ ոչ միայն ստորին չակրաները, այլև ձեր էության ամբողջ էներգետիկական համակարգը: Որքան ձեր չակրաներն ավելի համակշռված լինեն, այնքան դուք ավելի կմոտենաք իդեալական Աստվածամարդուն:

Ձեզնից շատ շատերը զբաղվում են զանազան հոգևոր գործառություններով: Սակայն ձեր այդ զբաղմունքնրը երբեմն անիմաստ են լինում, երբեմն՝ անօգուտ, երբեմն էլ  վնասում են ձեր հոգուն ու ձեր զարգացմանը:

Ինչպե՞ս որոշեք՝ տվյալ գործառությունը ձեզ համար օգտակար է, թե ոչ: Ինչպե՞ս գտնեք հենց այն, ինչը տվյալ պահին անհրաժեշտ է ձեր հոգուն:

Իհարկե, եթե ես դասախոսություն կարդալիս լինեի Արևելքի աշակերտների համար, ապա խորհուրդ կտայի դիմել այս կամ այն հինավուրց ավանդությանը հետևող Ուսուցչի: Հազարամյակներ շարունակ հոգևոր ավանդական շատ գործառություններ հաստատել են դասավանդվելու իրենց իրավունքը և տվել են իրենց պտուղները՝ այդ ավանդական ուղղություններին հետևող աշակերտների հոգևոր նվաճումների տեսքով:

Իսկ ինչպե՞ս վարվել արևմուտքի մարդկության հետ, որը կորցրել է ճշմարիտ ավանդույթները, իսկ այն շառլատանները, որոնք գալիս են ուսուցանելու, հենց իրենք այնքան էլ լավ չեն տիրապետում հոգևոր ավանդույթներին և շփոթության են մատնում նրանց, ովքեր ուզում են իրենց հետևել:

Այնուամենայնիվ ձեր աշխարհում կան հինավուրց գիտելիքների հատիկներ, կան ավանդույթներ ու գործառություններ, որոնցում դեռևս կորսված չեն անցած դարաշրջանների Բարձր Ուսուցիչների տված Գիտելիքները:

Հատկապես այն ժամանակ՝ շատ հազարամյակներ առաջ, իմաստուններն ունակ էին ընկալելու մարդու էնրգետիկական համակարգին վերաբերող ճշմարիտ գործառույթներ ու գիտելիքներ: Նրանք այն իմաստունների և յոգերի հետևորդներն էին, որոնք պահպանում էին Գիտելիքը: Շատ հոգևոր Ուսուցիչների մարմնավորման խնդիրն ու նպատակը հենց այն էր լինում, որ մարդկությանը գիտելիքներ տան մարդու նուրբ էներգետիկական համակարգի վերաբերյալ: Քանզի ենթադրվում էր, որ Կալի Յուգայի ժամանակներում մարդկությունը կկորցնի հնամենի հիմնական գիտելիքները: Այդպես էլ եղավ: Ամենահիմնական գիտելիքները մարդկությունը կորցրեց: Եվ միայն հին գիտելիքի առանձին կայծեր են բռնկվում մոլորակի վրա այսուայնտեղ՝ որպես հինավուրց դպրոցների աշակերտների ձեռքբերումներ:

Ձեր գիտակցության մակարդակը թույլ չի տալիս, որ ձեզ հասանելի դառնան հինավուրց ճշմարտությունները: Այնուամենայնիվ, այս կամ այն չափով մեր Ուղերձներով մենք տալիս ենք անհրաժեշտ բանալիներ, որոնք ուշադիր դիտարկման դեպքում կարող են բացել ձեր գիտակցությունն ու քնած ունակությունները և ցույց տալ ձեր հոգևոր որոնումների ճիշտ ուղղությունը:

Մենք քչից ենք սկսում՝ ճշմարիտ նմուշօրինակներից, որոնցով անփոփոխ կերպով պետք է շրջապատեք ինքներդ ձեզ: Ամեն մի առարկա կամ պատկեր, որը հայտնվում է ձեր տեսադաշտում, ազդում է ձեր էներգետիկական համակարգի վրա: Եվ եթե մշտապես դիտում եք ոչ ճիշտ նմուշներով գովազդներ, ապա դրանք ձեր էներգիան կենտրոնացնում են ստորին չակրաների վրա և Սրբազան Կրակին թույլ չեն տալիս, որ հասնի ձեր էության բարձրագույն չակրաներին: Դուք ինքներդ եք կամավոր կերպով արգելափակում ձեր ողնաշարով վեր ելնող բարձրագույն էներգիայի հոսքը:

Անորակ երաժշտությունը, մսով սնվելը, թմրանյութերը, ալկոհոլը, նիկոտինը, պոռնոգրաֆիայով տարվելը ձեզ քաշում են դեպի ցածրագույն էներգետիկական մակարդակները և թույլ չեն տալիս, որ ձեր հոգին զարգանա:

Հրաժարվե՛ք ոչ ճիշտ նմուշներից ու դրսևորումներից, և ձեր Բարձրագույն Ես-ն ունակ կլինի ձեզ հանելու ճիշտ Ուղու վրա: Դուք զանազանելու կարողություն ձեռք կբերեք և այլևս չեք նմանվի այն կույր կատվաձագերին, որոնք մի հոգևոր ուղղությունից վազում են մյուսին:

Ուղին ամբողջովին ձեր ներսում է: Եվ երբ ձեր էներգետիկական համակարգն ազատվի զանգվածային գիտակցության ձևաչափերից, կկարողանա ուղղորդել ձեզ: Ձեր ներսում Բարձրագույն աշխարհների հետ ինքնահամալարման հսկայական ներուժ կա պահված:

Եվ եթե կարողանաք ազատվել զանգվածային գիտակցության կապանքներից ու ձեր շրջապատի ոչ ճիշտ նմուշներից, ապա հաշված տարիների ընթացքում հոգևոր շնորհներ ձեռք կբերեք, այդ թվում՝ նաև զանազանման շնորհ:

Զանգվածային գիտակցությունը և այն կառույցները, որոնք կանգնած են դրա հետևում, չարի ուժերի մարմնացումն են: Եվ մարդկության հաջորդ փուլը պետք է նշանավորվի նրանով, որ ձերբազատվի այն ամենից, ինչը ձեր Կունդալինիի էներգիային թույլ չի տալիս բարձրանալու ողնաշարի հիմնամասից դեպի վեր:

Առայժմ Աշխարհի Մայրը ծածկված է պատրանքի ծածկոցով, բայց հաջորդ դարաշրջանն աշխարհի համար կբացի Աշխարհի Մոր դեմքը: Իսկ դրանից հետո ոչինչ չի կարողանա կասեցնել մարդկության ընթացքը դեպի Ոսկեդարի ժամանակաշրջան:

Այսօրվա մեր զրույցը շատ գաղտնի բանալիներ է պարունակում իր մեջ: Հայրական հոգածու ձեռքով ես հասա ձեր քնած գիտակցությունը: Եվ համբերությամբ սպասում եմ, թե մարդկության լավագույն ներկայացուցիչները ե՞րբ կարթնանան քաղցր քնից և կմղվեն դեպի Աստվածային գիտակցության արևը:

 

ԵՍ ԵՄ Վայրոչանան

 

Տատյանա Միկուշինա, 2012 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ     Նախորդ էջ     Հաջորդ էջ