Արժանապատվորեն մուտք գործենք Նոր Դարաշրջան...

 

Սեն-Ժերմեն

24 դեկտեմբերի, 2012 թ.

 

ԵՍ ԵՄ Սեն-Ժերմենը...

ԵՍ ԵՄ կրկին ձեզ այցելողը, տիկնայք և պարոնայք...

Այսօրվա իմ գալստյան նպատակը մեր համատեղ նվաճումների հաստատագրումն է:

Այո, սիրելինե՛րս, որպես Նոր Դարաշրջանի Հիերարխ՝ ես հաճույքով փաստում եմ, որ համատեղ ջանքերով մեզ հաջողվեց համայն վիթխարի ֆիզիկական աշխարհը հեռացնել անցյալի էներգիաներին վերադառնալու շրջման կետից...

Դա իրականացավ բառացիորեն մի քանի օր առաջ:

Այն ընթացքում, երբ մարդկությունը սպասում էր հերթական աշխարհի վերջին, մենք վիթխարի աշխատանք կատարեցինք Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտի էներգիաների տեղաշարժման բնագավառում:

Եվ հիմա այլևս հնարավոր չէ չտեսնելու տալ, թե ինչպես են ավելի ու ավելի բացահայտ դառնում ֆիզիկական ոլորտի փոփոխությունները:

Հետդարձի կետը հաղթահարված է...

Ի՞նչ է տալիս դա մարդկությանը... Դա նշանակում է, սիրելինե՛րս, որ այլևս ձեզ չի սպառնում այն էներգիաներին վերադառնալու վտանգը, որոնք անցյալ դարաշրջանում արդեն սպառել են իրենց:

Այլևս ձեզ չի սպառնում այն մղձավանջը, որը մարդկությունն իր վրա փորձարկեց անցած 2000 տարիների ընթացքում:

Նոր Դարաշրջանը մտավ իր իրավունքների մեջ...

Եվ ես՝ որպես Նոր Դարաշրջանի Հիերարխը, ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մարդկությունն ընդհանուր առմամբ պատրաստ է իր գիտակցությունը փոխելու ճանապարով անցում կատարելու Նոր Դարաշրջանին:

Դուք հիմա տարակուսում եք, քանի որ ձեզ թվում է, թե ոչինչ տեղի չի ունեցել, և ձեր շուրջն ամեն ինչ նույնն է մնացել: Այդպե՜ս չէ, սիրելինե՛րս: Հավաստիացնում եմ ձեզ, և ձեզնից շատերն իրենք էլ արդեն հասկացել են, որ Երկրի էներգիաները համամոլորակային փոփոխություններ են կրել:

Իհարկե, ձեզնից որոշները պատրաստ չեն ընդունելու նոր էներգիաները: Շատերը փորձում են վերադառնալ անցյալին, որտեղ իրենց համար հարմարավետ կյանք էին վարում:

Բայց արդյո՞ք ձեզ համար այդքան լավ էր ամեն ինչ, սիրելինե՛րս... Եվ արդյո՞ք անցյալի ձեր կարոտախտն պարզապես վախը չէ ապագայի նկատմամբ:

Խիզախությունն անհրաժեշտություն է ձեզ համար...

Ուրախությունը երբեք չպետք է լքի ձեզ...

Ձեր էությունը պետք է բաց լինի փոփոխությունների հանդեպ: Միթե՞ ձեզ չի հետաքրքրում, թե ինչ է նախապատրաստել ձեզ համար Նոր Դարաշրջանը...

Նոր Դարաշրջանում տեղ չեն ունենա այնպիսի եսասիրական դրսևորումները, ինչպիսիք են՝ անհանդուրժողականությունը, արատավորությունները, ատելությունը, հակակրանքը:

Նոր Դարաշրջանին բնորոշ կլինեն հանդուրժողականությունը, ազատությունն ու անկախությունը:

Անկախություն՝ արտաքին հանգամանքներից: Դուք կկարողանաք ավելի ազատ ու համարձակ դրսևորել ձեր Աստվածային բնույթը: Բայց այն ամենը, ինչը կհակասի Աստվածային Օրենքին, ավելի ու ավելի շատ խոչընդոտների կհանդիպի իր ճանապարհին:

Եվ եթե դուք կապված եք անցյալին, եթե սովոր եք ապրել ահերով, ապա ստիպված կլինեք հրաժեշտ տալ ձեր սովորություններին: Անհապա՛ղ...

Այժմ դուք պետք վճռականորեն խորհրդածեք այն մասին, թե ձեր ներսում ի՞նչն է, որ չի համապատասխանում ժամանակի պահանջներին:

Եսասիրությունը, իր բոլոր դրսևորումներով հանդերձ, կփոխարինվի կոլեկտիվիզմով՝ աշխարհի և հարազատ մոլորակի ճակատագրի նկատմամբ կոլեկտիվ պատասխանատվությամբ:

Ահը, ինչով էլ որ այն արտահայտվելիս լինի, պետք է փոխարինվի վաղվա օրվա նկատմամբ վստահությամբ և արտաքին հանգամանքներից անկախ լինելով:

Եթե ձեր կյանքն անխզելիորեն կապել եք Աստծո և Վեհապետների հետ, և Աստվածային Օրենքն է իշխում ձեր կյանքում, ապա ի՞նչը կարող է կանգնել ձեր ճանապարհին...

Այդ դեպքում ցանկացած խոչընդոտ, ցանկացած դժվարություն դուք հեշտորեն հաղթահարում եք: Եվ երեկվա կենսակերպի այն դինոզավրերը, որոնք դեռևս ջանում են ձեզ կապել անցյալին, ստիպված կլինեն լքելու համաշխարհային թատերաբեմը: Նոր Դարաշրջանի աշխարհայացք ունեցող նոր մարդիկ կգան փոխարինելու ղեկավարների հին սերնդին: Եվ համաշխարհային կառավարության մեջ շատ շուտով տեղի կունենան այնպիսի փոփոխություններ ու տեղաշարժեր, որոնք թույլ կտան կառավարման Աստվածային սկզբունքներ մտցնելու ավելի ու ավելի շատ երկրների կառավարման մակարդակներով:

Ձեզ հայտնի է, որ որպես կոմս Սեն-Ժերմեն իմ վերջին մարմնավորման ընթացքում ես մասնագիտացել էի հենց այն բանով, որ օպտիմալ ձևով կարգավորեմ աշխարհի և հատկապես Եվրոպայի քաղաքական իրավիճակը:

Թվում էր, թե իմ ջանքերն առանձնապես մեծ օգուտ չտվեցին, սակայն Համբարձյալ Դասերը հսկայական փորձ ձեռք բերեցին, որի միջոցով պատրաստ են իրականացնել ներկայիս փոփոխությունները: Տեղի ունեցող փոփոխությունների բոլոր մանրամասներին դուք իրազեկ չեք դառնա: Պարզապես ամեն տարվա հետ ավելի ու ավելի շատ կզգաք Աստվածային սկզբունքների հարաճուն ներթափանցումը ինչպես ձեր, այնպես էլ ամբողջ մոլորակի կյանքի մեջ:

Իհարկե, հինը դեռ կդիմադրի: Բայց այդ խղճուկ դառնացումներն այլևս չեն վախեցնի մարդկային համակցության հիմնական զանգվածին, որին վաղվա օրն ավելի ու ավելի մեծ վստահություն կներշնչի:

Ցավալի է, որ մեր խրատներն ու առաջնորդությունը մատչելի չեն Երկիր մոլորակի բնակչության ճնշող մեծամասնությանը: Սակայն Նոր Դարաշրջանին բնորոշ կլինի ամենայն դրականի ակնթարթային տարածումը, ինչը տեղի կունենա երկրագնդի ամենատարբեր անկյուններում՝ մարդկության լավագույն ներկայացուցիչների ուղեղներում:

Ամենայն առաջադեմ բան ակնթարթորեն կտարածվի երկրագնդի բոլոր տարածքներում ոչ միայն համացանցի շնորհիվ: Դրա նման մի բան էլ հիմա սկսում է գործել նաև մոլորակի նուրբ ոլորտում...

Դա դրական մտածողության համամոլորակային ցանցն է: Այդ ցանցով լույսի արագությամբ ողջ երկրագնդով մեկ կտարածվեն միայն Աստվածային սկզբունքներն ու մեթոդները:

Այդ համամոլորակային ցանցին դուք կարող եք միանալ անմիջապես: Ես այն ձեզ համար հիմա մատչելի կդարձնեմ:

Ձեր մուտքագրվող անունն է՝ Նոր Դարաշրջան, գաղտնաբառը՝ Գիտակցության Նոր Մակարդակ:

Հենց որ ձեր էության ներսում լրացնեք նոր համացանցի մուտքի համար անհրաժեշտ այդ բառերը, կկարողանաք օգտվել այդ ցանցի բոլոր առավելություններից:

Ձեր գիտակցությունը՝ ձեր Աստվածային գիտակցությունը, նուրբ ոլորտում փոխազդում է նմանատիպ նուրբ գիտակցությունների հետ, որոնք մղված են դեպի Աստված և հավատարիմ են Վեհապետներին: Եվ այդ նոր համամոլորակային ցանցում բազմապատկվելով մասնակիցների թվով՝ նոր գիտակցությունն ավելի ու ավելի մեծ հաջողությամբ կտարածվի Երկիր մոլորակում:

Ես ձեզ հետ եմ...

Մենք միասին ենք...

Արժանապատվորեն մուտք գործենք Նոր Դարաշրջան...

Հառա՜ջ...

 

ԵՍ ԵՄ Սեն-Ժերմենը

 

Տատյանա Միկուշինա, 2012 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

Գլխավոր էջ     Նախորդ էջ     Հաջորդ էջ