Այժմ սկսվում է ձեր աշխատանքն Աստծո համար

Տեր Շիվա

22 հունիսի, 2012 թվական

 

Ես եմ Շիվան...

Ես եկա...

Այսօր կամենում եմ, որ լսեք ինձ: Ոչ այն պատճառով, որ ես եմ այդպես ուզում, այլ որ հասել է այն ժամանակը, երբ պետք է սա ասեմ ձեզ:

Եվ այսպես, ամեն իմ գալստյան, ինչպես և նույնաբար ամեն մի Վեհապետի գալստյան ժամանակ, տեղի է ունենում մեր երկու աշխարհների հաղորդակցության հրաշքը: Եվ ամեն անգամ մեր թելադրությունների ընդունման վայրում Լույս է ճառագվում: Իսկ այն բարեշնորհանքները, որոնցով իմ ուղերձի տվյալ պահին լուսավորվում է երկիրը, չեն հապաղի իրենց ազդեցությունը թողնել Երկրի ժողովուրդների ճակատագրերի վրա:

Այսօր ես եկել եմ մի այնպիսի ժամանակ, երբ մեր Դեսպանորդը գտնվում է Լատվիա կոչվող երկրում: Եվ եկել եմ այն պահին, երբ ինքը՝ արևն է նպաստում իմ էներգիաների փոխանցմանն այդ երկրին:

Ուղերձի ամեն մի ընդունման և ընթերցման ժամանակ դուք օրհնանքի արժանանալու հնարավորություն եք ստանում: Իսկ դա այնպիսի բան է, որը հնարավոր չէ արտահայտել բառերով: Այն, անկախ խոսքերից, իմ սրտից փոխանցվում է ձեր սրտերին:

Արժանացե՛ք օրհնանքի: Ընդունեցե՛ք իմ սրտի շնորհը:

Ձեզ կվիճակվի շատ բան անել: Հենց հիմա է հասել այն ժամանակը, երբ մարմնավորման մեջ գտնվող ձեզնից յուրաքանչյուրից է կախված Երկիր մոլորակի էվոլյուցիայի հետագա ողջ ընթացքը: Քանզի ձեր օկտավայում տեղի է ունենում էներգիաների վճռական շրջադարձ: ևվ այն, ինչ գահավիժում էր ցած, այժմ պետք է սկսի վեր բարձրանալ դեպի մեր աշխարհը՝ դեպի Համբարձյալ Դասերի աշխարհը:

Մոտակա ժամանակներում ձեր ձեռքերով ու ոտքերով պետք է ի կատար ածվի տիեզերական բոլորաշրջանի այդ մեծ շրջադարձը: Եվ ես, որ հանդիսանում եմ պատրանքի հետ-հավաքման պատասխանատու Տերը, պատրաստ եմ ձեզ փոխանցել  հինավուրց ժամանակների գիտելիք:

Ձեզնից ամեն ոք դառնում է անփոխարինելի: Ամեն ոք, ով ունակ է և պատրաստ է ընկալելու իմ խոսքերն ու էներգիաները: Քանզի դրա ժամանակը հասել է, և այս պահին բոլոր Երկնային Դասերը հետևում են Երկիր մոլորակի էվոլյուցիայի ընթացքին: Հասել է մոլորակի պատմության ամենաբեկումնային պահը: Եվ ձեզնից յուրաքանչյուրի ընտրությամբ է որոշվում ամբողջ մոլորակի ապագան:

Դա այն ընտրությունն է, որը հիմա դուք պետք է կատարեք:

Ահա ես ասում եմ ձեզ, որ ձեր կյանքում չկա ավելի կարևոր բան, որ կարողանայիք անել: Մի կողմ նետեք այն ամբողջ ունայնը, որը շրջապատում է ձեզ:

Ձեր գիտակցությունը բևեռեք ձեզ համար հնարավոր առավելագույն բարձր կետի վրա: Մտածեք հավերժականի մասին:

Մտածեք անվերջ ու անսահման Աստծո մասին:

Մտածեք Նրա Փառավորության մասին:

Դուք Աստծո մաս եք:

Ձեզնից յուրաքանչյուրի ներսում Նա կարող է ներկա լինել:

Եվ ձեր օգնությամբ այս տիեզերքի Արարիչը կկարողանա շրջադարձել տիեզերական բոլորաշրջանը:

Մտորե՛ք ձեզ վիճակված առաքելության վեհության մասին: Ձեզնից ամեն ոք կարող է և ունակ է ի կատար ածելու պատրանքի հետ-հավաքման՝ Աստծո  վիթխարի մտահղացումը:

Ժամանակը հասավ, և բոլորաշրջանը փոխվեց: Այժմ պատրանքը հետ հավաքելու ժամանակն է արդեն: Եվ դա կատարվում է ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ, երբ սկսվեց Արարումը. եկավ այն շրջադարձային կետը, երբ Արարվածը պետք է հետ հավաքվեր: Տարածությունն ու ժամանակը սկսում են նոր բոլորաշրջան: Պատրանքը սկսվում է հետ հավաքվել:

Ձեզնից յուրաքանչյուրը կոչված է մասնակցելու պատրանքի հետ-հավաքման այդ գործընթացին: Այժմ ոչ ես, ոչ էլ որևէ մի ուրիշ Բարձրագույն Վեհապետ չենք կարող ներկա գտնվել ձեր աշխարհում: Չափազանց կոպիտ է ձեր աշխարհը, և չափազանց ցածր են նրա թրթռանքները: Միայն դուք կարող եք կատարել այդ աշխատանքն աշխարհի համար: Միայն դուք կարող եք ձեր նախընտրանքներով ու գործողություններով իրականացնել պատրանքի հետ-հավաքման այդ աշխատանքը:

Միայն ձեր գիտակցության օգնությամբ Աստված կարող է կատարել այդ աշխատանքը՝ վիթխարի այն աշխատանքը, որի իրականացման համար պահանջվում են միլիոնավոր տարիներ:

Այժմ ձեզ հնարավորություն է տրվում ձեռնամուխ լինելու այդ առաքելությանը: Եվ եթե դուք վերընթերցեք այս վերջին տարիներին մեր դեսպանորդի միջոցով ձեզ տրված բոլոր թելադրությունները, ապա դրանցում կգտնեք բոլոր անհրաժեշտ հանձնարարականները, որպեսզի կատարեք ձեր աշխատանքը և ավարտեք ձեր Աստվածային առաքելությունը:

Յուրաքանչյուր թելադրություն պարունակում է ձեզ անհրաժեշտ գիտելիք ու տեղեկատվություն: Ձեր ամենօրյա նախընտրանքները՝ օրվա ընթացքում կատարած ձեր ամեն մի ընտրությունն ու արարքը, եթե ունեն Աստվածային բնույթ, ապա հենց այն աշխատանքն են առաջ տանում, որը դուք պարտավոր եք կատարել: Իսկ եթե առաջվա պես նախընտրում եք կենտրոնանալ պատրանքի վրա, տրվել հաճույքներին ու ձեր էգոյի քմայքներին՝ ինչպիսիք էլ դրանք արտահայտվելիս լինեն, ապա դրանով հանդերձ հակադրվում եք Աստծուն և Նրա պլաններին:

Նշանակություն ունի ձեր յուրաքանչյուր միտքը:

Նշանակություն ունի ձեր յուրաքանչյուր հույզը:

Նշանակություն ունի ձեր յուրաքանչյուր գործողությունը:

Այժմ սկսվում է ձեր աշխատանքն Աստծո համար: Ձեր ամեն մի արարքը կամ ուշադրության կենտրոնացումը պատրանքի վրա՝ կհակադրվի Աստծո պլաններին:

Համընդհանուր Բարօրությանն ու Բարուն ուղղված ձեր ամեն մի գործողությունը կողջունվի Երկնքի կողմից և մեզ համար նշան կլինի, որ մարդկությունն ունակ է ընթանալու էվոլյուցիոն զարգացման ուղով և անցնելու իր զարգացման նոր փուլին:

Այժմ ձեր գիտակից լինելուց, նկրտումներից ու հավատից շատ բան է կախված: Եվ այս օրով ես եկել եմ, որ ձեզ հիշեցնեմ ձեր պարտքի և այն աշխատանքի մասին, որը ձեզնից բացի ոչ ոք չի կարող կատարել՝ պատրանքի հետ-հավաքման վիթխարի աշխատանքի մասին: Եվ դա ձեր ամենակարևոր աշխատանքն է՝ գիտակցության մեջ հավերժականն անցողիկից բաժանելը:

Ձեր ներսում և ձեզնից դուրս իրականը պատրանքայինից առանձնացնելու գործը ձեր ամենակարևոր աշխատանքն է հիմա: Որտեղ կենտրոնացված է ձեր ուշադրությունը, այնտեղ էլ հոսում է ձեր էներգիան: Եվ եթե մշտապես կենտրոնացած եք պատրանքային աշխարհի վրա, ապա գործում եք ընդդեմ Աստծո՝ բազմապատկելով պատրանքը: Իսկ եթե մշտապես կենտրոնացած եք Բարձրագույնի՝ Աստվածային աշխարհի վրա, ապա Երկինքը կփառավորի ձեզ:

Հասել է այն ժամանակը, երբ Երկինքը սպասում է ձեր աշխատանքին:

Խնդրու՜մ եմ, գիտակցե՛ք ձեր պատասխանատվությունը և սկսեք հենց հիմա: Ամեն ինչ արդեն գիտեք: Սկսե՛ք...

Ժամանակի ամեն պահի դուք արարում եք: Կառավարում եք ձեր էներգիան: Մնում է միայն, որ համալարվեք Աստծո հետ, որպեսզի ձեր էներգիայի հոսքը մշտապես Աստվածային հոսքի հետ լինի:

ԵՍ ԵՄ Շիվան...

 

Տատյանա Միկուշինա, 2012 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ     Հաջորդ էջ