Ես մաղթում եմ ձեզ, որ հասնեք գիտակցման այնպիսի աստիճանի,

որը թույլ կտա ձեզ առաջ մղվելու ամենավերին Ուղով

 

Սանատ Կումարա

21 հունիսի, 2012 թվական

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան՝ կրկին ձեզ այցի եկածս:

Աշխարհները, աստղերը, Երկինքը ցնծում են այն աննախադեպ հնարավորությամբ, որը կրկին բացվեց Աստծո Ողորմածության շնորհիվ:

Ես ձեզ այցի եմ եկել ամառային արևադարձի այս օրով, որպեսզի իմ էներգիաները զորեղացնեմ, և դուք կարողանաք զգալ մեր Միասնությունը՝ կյանքի ամեն մի մասնիկի Միասնությունը Միագո և անբաժանելի Երկնավոր Հոր հետ:

Աննախադեպ տիեզերական հնարավորությունն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ Կարմայական Վարչության այսօրվա նիստում որոշում կայացվեց և այն իր հաստատումը գտավ Մեծ Կենտրոնական Արևում՝ Սիրիուսի աստղում:

Ես չեմ եկել, որ սոսկ ձեզ հնարավորություն ընձեռեմ կարդալու հերթական Ուղերձը: Այլ եկել եմ, որ դուք գիտակցեք ձեր Աստվածային առաքելությունը: Ձեր էվոլյուցիոն զարգացման ներկա փուլում շատ քիչ է պարզապես Ուղերձներ կարդալը: Դուք պետք է գործադրեք բոլոր ձեր ջանքերը, որ ձեր գիտակցությունն ընկալունակ դառնա Աստվածային Ճշմարտությունների նկատմամբ: Իսկ այդ Ճշմարտություններից մեկն այն է, որ ձեր մոլորակը փոխում է իր թրթռանքը: Եվ այդ փոփոխությունը ձեր առջև հնարավորություն է բացում, որ ընթանաք զարգացման Աստվածային Ուղով:

Դուք հասունացել եք: Արդեն պատրաստ եք, որ անեք ձեր էվոլյուցիոն զարգացման հաջորդ քայլը: Բառացիորեն դեռ երեկ Կարմայական Վարչությունն ու այս տիեզերքի Բարձրագույն խորհուրդը դեռևս տատանվում էին՝ տա՞լ, թե չտալ նոր հնարավորթություն. տրված թողության շնորհը շարունակե՞լ, թե ոչ: Եվ ահա այսօր որոշումը կայացված է... Պետք է ասել, որ կշեռքի նժարներին էին դրվում ոչ միայն նախորդ դժվարին ամիսների ձեր գործողություններն ու արարքները, այլև ձեր հոգու յուրաքանչյուր շարժը:

Մենք ստիպված եղանք փաստել մեզ հակադիր ուժերի վիթխարի դիմադրությունը: Եվ մենք պարտավոր էինք հաշվի առնել փոքրաթիվ հոգիների գործադրած ջանքերը: Կշեռքի նժարները հավասարակշռվեցին, և շատ քիչ բան էր պահանջվում, որպեզի Աստվածային հնարավորությունը շարունակություն ստանա: Ես օգնության ձեռք մեկնեցի: Եվ տիեզերական բանկում ներդրած իմ նվաճումների մոմենտումի շնորհիվ Ես և մյուս Վեհապետները հնարավորություն ստացանք կրկին գալ և Ուղերձներ տալ Երկրի մարդկությանը:

Այս հնարավորությունը մարդկության նվաճումը չէ: Այն հիմա ձեզ տրվում է ավանսի ձևով: Ուստի դուք պետք է մշտապես հիշեք, որ մոտակա ժամանակներում ձեր յուրաքանչյուր գործողությունը, միտքը կամ հույզը կարող են որոշիչ լինել աշխարհի հետագա ճակատագրի համար:

Երբ դուք բանկից վարկ եք վերցնում, առկա է լինում փողերը չվերդարձնելու վտանգը: Ես երաշխավորեցի, որ դուք կկարողանաք կատարել ձեր պարտավորությունները, որոնք ստանձնել էիք մարմնավորվելուց առաջ: Ես մաղթում եմ ձեզ, որ հասնեք գիտակցման այնպիսի աստիճանի, որը թույլ կտա ձեզ առաջ մղվելու ամենավերին Ուղով:

Պաշտելինե՛րս, բավական է միայն, որ ընդամենը մի քանի անհատականություններ ցուցադրեն նոր գիտակցություն և նոր մտածողություն: Շա՜տ դժվար գործ է, բայց անհրաժեշտ է դա անել: Քանզի հենց որ մի քանիսը ցուցաբերեն նոր գիտակցության ու մտածողության վրա հիմնված հարաբերությունների նոր տեսակ, միլիոնավոր մարդիկ կկարողանան օգտվել նվաճումների այդ մոմենտումից: Մարդկության ընդհանրական ենթագիտակցականն ունակ է իր մեջ կուտակել ինչպես մարդկային գիտակցության բացասական դրսևորումները, այնպես էլ առանձին անձանց դրական նկրտումները: Ուստի ընդամենը մեկը, ով այս դժվարին պայմաններում ունակ կլինի դրսևորել գիտակցության անհրաժեշտ մակարդակ, դրանով իսկ իր նվաճումները կդնի մարդկությանը Սպասավորելու զոհասեղանին: Եվ ամբողջ մարդկությունը կստանա հետագա էվոլյուցիայի հնարավորություն:

Ա՛յդ է սկզբունքը, և ա՛յդ է Ուղին: Ամեն ոք, ով անցյալում հասել է գիտակցության որոշակի մակարդակի, դրանով իսկ հարյուրավոր ու հազարավոր տարիների ուղի է պատրաստել մարդկության համար: Երկու հազար տարի առաջ մարմնավորվեց Հիսուս, դրանից ավելի վաղ՝ Հաութամա Բուդդան, իսկ մարդկությունը ցայսօր օգտվում է նրանց նվաճումների մոմենտումից:

Ձեզնից յուրաքանչյուրն ունակ է ցուցաբերել նոր գիտակցություն: Ձեզնից յուրաքանչյուրն ունակ է վեր ելնել էվոլյուցիայի հաջորդ աստիճանի վրա և օրինակ ծառայել: Նոր դարաշրջանի համար բնորոշ է այն, որ ձեր բոլոր նվաճումները կարող են շատ արագ տարածվել ամբողջ երկրագնդով մեկ: Ճիշտ ուղղությամբ արված ձեր յուրաքանչյուր քայլը կսատարվի Երկնքի աննախադեպ օժանդակությամբ:

Բայց նաև արդար կլինի, եթե այն անհատները, որոնք ընտրել են Աստծուց կտրվելը, շատ արագ արժանանան իրենց բացասական կարմայի պտուղներին: Այն ամենը, ինչ չի համապատասխանի էվոլյուցիոն ուղու նոր փուլին, հետընթաց կապրի և կչքանա Երկրի երեսից: Եվ այն, ինչ կհամապատասխանի նոր փուլին, ծաղկում կապրի Երկնքի Ողորմածության շնորհիվ:

Այդ երկու դրսևորումներն էլ դուք տեսնում եք ձեր շուրջը: Եվ ամենքիդ հնարավորություն է տրված ընտրելու մահը կամ անմահությունը, իր համար ապրելը կամ հանուն Ընդհանուր Բարու ապրելը, անցողիկը կամ հավերժական Կյանքը:

Ավելի պարզ ու հստակ երբևէ չի ասվել: Եվ դա ժամանակի հրամայականն է:

Ես կկամենայի ասածս ամրապնդել մեկ օրինակով: Եվ այդ օրինակը հենց կյանքն է տվել: Հիմա, երբ իմ ներկայության ժամանակը սպառվելու վրա է, պետք է ասեմ, որ հավերժական կյանքն ու անմահությունն այժմ ձեզ այնքան մոտ են կանգնած, որ հնարավորություն ունեք հենց հիմա հասնելու դրանց: Նախկին ժամանակներում երբեք այսպիսի հնարավորություն չի ընձեռնվել: Այլասերվածության անկումը որքան մեծ է ձեր շուրջը, այնքան ձեր նվաճումներն ավելի արժեքավոր են երևում Աստծո աչքին:

Հապա տեսե՛ք, թե ինչպես են աճում լոտոսի ծաղիկները ճահճում: Չնայած համատարած քայքայմանն ու փտումին՝ Աստված ցույց է տալիս Կյանքի ծաղկի հրաշքը:

Ձեզնից ճուրաքանչյուրն Աստծո ձեռքի հրաշքն է: Ամեն ինչ որոշվում է ձեր գիտակցությամբ և դեպի Աստվածայինն ունեցած ձեր նկրտումով:

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ

 

Տատյանա Միկուշինա, 2012 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    հաջորդ էջ