Հասել է ձեր գիտակցության մեջ հեղափոխություն իրականացնելու ժամանակը

 

Պաշտելի Բաբաջի

25 հունիսի, 2011 թիվ

 

ԵՍ ԵՄ Բաբաջին:

Այսօր ես եկել եմ վճռական զրույց վարելու համար: Եվ իմ վճռականությունը կփոխանցվի ձեզնից նրանց, ովքեր համահունչ են փոփոխման իմ թրթռանքի հետ:

Երբ ես մարմնավորման մեջ էի, ասում էի, որ հեղափոխություն է սպասվում: Իսկ հեղափոխության սկզբի համար նախատեսված բոլոր ժամկետներն արդեն վաղուց անցել են: Ուստի պատրաստվեք փոփոխությունների, որոնք, հիրավի, հեղափոխական կլինեն: Դրանք պետք է տեղի ունենան ձեր գիտակցության մեջ: Եվ հենց որ ձեր գիտակցության մեջ դրանք տեղի կունենան, ակնթարթորեն ձեր շուրջն ամեն ինչ հեղափոխության բոցերի ճարակ կդառնա: Քանզի ի չիք կդառնա այն ամենը, ինչը ներկայումս պարահանդես վարողի դերում է. ձեր սովորական շրջապատը: Այն ամենը, ինչին սովոր եք: Ձեր բոլոր սովորություններն ու կապվածությունները:

Եվ դա անխուսափելիորեն տեղի կունենա, քանզի համապատասխանում է ինչպես Աստվածային պլանին, այնպես էլ մարդկության զարգացման էվոլյուցիոն ուղուն:

Երբ հորդորները չեն ազդում, և մարդը համառորեն չի ենթարկվում օրենքներին, ապա ուժ է կիրառվում: Երբ մարդկությունը չի ենթարկվում Աստվածային Օրենքին, և ուշքի գալու համար նախատեսված բոլոր ժամկետներն սպառվում են, ապա հարկ է լինում դիմելու կողմնակի մեթոդների ազդեցությանը:

Այն, ինչին սովոր եք և ընկալվում է ձեր կողմից որպես ձեր գոյության անկապտելի մաս, իրականում և մեծավ մասամբ չի համապատասխանում այն ամենին, ինչ պետք է լինի էվոլյուցիոն զարգացման ներկա փուլում: Ուստիև՝ մարդկային գործունեության շատ բնագավառներ պետք է կրեն հիրավի հեղափոխական փոփոխություններ:

Դուք սովոր եք ձեր սննդի մեջ օգտագործել միս ու մսամթերքներ: Ստիպված կլինեք հրաժարվելու դրանցից, քանի որ ֆիզիկական ոլորտի թրթռանքները բարձրանում են, և, որպեսզի ձեր ֆիզիկական մարմինը համապատասխանի այդ թրթռանքներին, հարկ կլինի, որ անցնեք բուսական ծագման ավելի բարձրաթրթիռ սննդի:

Դուք սովոր եք ալկոհոլային խմիչքներ օգտագործել: Ստիպված կլինեք ընդմիշտ հրաժեշտ տալու դրանց: Նույնը վերաբերում է ծխածոտին, թմրանյութերին:

Դուք սովոր եք սեքսուալ էներգիայի անխնա օգտագործմանը: Ստիպված կլինեք անցնելու կուսակրոնության: Քանզի այն բանից, թե որքանով կկարողանաք պահպանել ձեր սեքսուլ կարողությունը, կախված է այն, թե որքանով կենսունակ կլինի մարդկանց հաջորդ սերունդը: Նոր աշխարհում անկենսունակ ոչինչ չի կարող գոյատևել:

Դուք սովոր եք հաճույք ստանալ հեռուստադիտումից: Ստիպված կլինեք հրաժարվելու և այդ սովորությունից: Քանզի ձեզնից կպահանջվի Բարձրագույն իրականության վրա կենտրոնանալու հատկություն ունենալ, իսկ այն ամենը, ինչով լցված են ձեր հեռուստա- և ռադիո- եթերները, ձեզ խանգարում են, որ կենտրոնանաք Բարձրագույն իրականության վրա:

Ինչպես տեսնում եք, սպասվող փոփոխություններն ի չիք կդարձնեն ձեր արդյունաբերության ու ինդուստրիայի ամենաքիչը կեսը՝ զանգվածային զվարճությունները, թմրեցնող նյութերի արտադրությունը, անորակ սննդարտադրությունը:

Դրանք իրապես հեղափոխական փոփոխություններ կլինեն: Եվ այդ ամենը տեղի կունենա: Միայն ա՛յդ դեպքում մարդկությունը կկարողանա ապացուցել հետագա էվոլյուցիոն ուղով ընթանալու իր ունակությունը:

Կշեռքի մի նժարին ձեր քաղաքակրթության բարիքներն են, որոնք վերը թվարկեցի, և որոնց մարդկությունը խիստ կապված է ու դեռևս չի ուզում դրանց հրաժեշտ տալ: Իսկ մյուս նժարին՝ Երկիր մոլորակի գոյության հարցն է, Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտի գոյության հարցը:

Դուք պետք է կողմնորոշվեք խիստ սեղմ պատմական ժամկետների ընթացքում: Որքան շատ ժամանակ կորցնեք խորհրդածությունների վրա, այնքան ավելի փոքր կլինի սահուն անցման հնարավորությունը, այնքան ավելի մեծ կլինի գլոբալ համաղետի հավանականությունը, որը վերջ կտա ևս մեկ ձախողված քաղաքակրթության:

Եվ այդ ամենի մեղքը՝ ձեր փոխվել չուզենալը կլինի, Աստվածային Օրենքին հետևել չկամենալը:

Աստվածային Օրենքը ենթադրում է, որ հասարակությունը պետք է կառուցված լինի բոլորովին այլ սկզբունքների վրա, որոնք մարդուն ունակ են դարձնում ավելի ու ավելի դրսևորելու իր Աստվածային բնույթը: Ձեր քաղաքակրթությունը նպաստում է հակառակին՝ սատանայական բնույթի դրսևորմանը: Ուստիև հասունացել է ընտրության հարցը: Իսկ ընտրությունը վերջին հաշվով վերաբերում է այն բանին, թե կամենու՞մ եք արդյոք ընթանալ էվոլյուցիոն ուղով, թե՞ ուզում եք լրացնել անցյալի ձախողված քաղաքակրթությունների թափոնակույտը:

Ձեզնից նրանց համար, ովքեր ներքուստ ճշմարտապես կընտրեն Աստվածայինը և կհետևեն դրան, անկախ այն բանից, որ ողջ շրջապատը կշարունակի ընթանալ Աստծուց և Աստվածառաջնորդությունից կտրված նախկին ուղով՝ ուղին բաց է: Եվ եթե նույնիսկ ինչ-որ բան պատահի մոլորակի հետ, ապա դուք մուտքի իրավունք կստանաք այլ աշխարհներ, որոնք կհամապատասխանեն ձեր թրթռանքին:

Ուստի հաշվի մեջ է յուրաքանչյուր մարդ, ով ունակ կլինի ցուցադրելու հաջորդ էվոլյուցիոն աստիճանին անցնելու իր իրավունքը:

Ձեզ ասվել է այն վիթխարի հնարավորության մասին, որը բացվում է: Ձեզ ասվել է, որ ձեզ համար հիմա հեշտ է փոխվելը, քանի որ Երկինքը ձեզ օգնում և օժանդակում է: Եվ, հիրավի, օրհնյալ ժամանակներ են, որոնցում դուք հիմա ապրում եք: Որոշներն արագ քայլերով դեպի վեր են գնում: Որոշներն էլ նույնպիսի արագությամբ դեպի ցած են սահում:

Յուրաքանչյուրին կենդանի մնալու հնարավորություն է տրվում:

Յուրաքանչյուրին օգնության ձեռք է մեկնվում:

Սակայն ազատ կամքի Օրենքը թույլ չի տալիս միջամտելու, եթե ձեր կողմից օգնության կանչ լի լսվում:

Եվ նույնիսկ այն դեպքում, երբ դրությունը լիովին անհուսալի է ձեր կուտակած կարմայի պատճառով, նաև այնժամ, երբ ամենավերջին պահին ամենհետին մեղսագործը Երկնքից օգնություն է խնդրում, մենք մերժելու իրավունք չունենք:

Ուստի օգնությո՛ւն խնդրեք, և այն կստանաք...

Աղոթե՛ք փրկության համար, և փրկությունը կգա...

Հու՛յս կապեք Աստծո հետ, և Աստված հովանի կլինի ձեզ ու կառաջնորդի...

Ձեզնից միայն փոխվելու ցանկություն է պահանջվում:

Պահանջվում է ձեր ցանկությունը, որ ծառայեք Երկիր մոլորակի կենսահոսքերին:

Ձեռքից բաց մի՛ թողեք հնարավորությունը, որն այժմ բացվում է...

Դժվար է գիտակցել այնժամ, երբ ամեն ինչ լավ է: Գիտակցումն անհամեմատ ավելի արագ է կայանում, երբ իրավիճակն այնքան ահեթեթ է դառնում, որ նույնիսկ կույրն ու խուլն են սկսում հասկանալ, որ ինչ-որ այնպես չի ընթանում:

Ուստիև ես չեմ հոգնում գալ և գոռալ ձեր ականջին. Ժամը հասե՜լ է...:

Հասե՜լ է ժամը, որ հեղափոխություն իրականացվի ձեր գիտակցության մեջ...

 

ԵՍ ԵՄ Բաբաջին

 

Տատյանա Միկուշինա, 2011 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ