Ինքներդ ձեզ փրկելով գիտակցության անորակ վիճակներից՝

դուք փրկում եք ողջ աշխարհը

 

Պաշտելի Գուան Ին

24 հունիսի, 2011 թիվ

 

ԵՍ ԵՄ Գուան Ինը:

Այսօր ես եկել եմ անսովոր ուղերձով՝ թելադրված ժամանակով ու անհրաժեշտությամբ:

Տարեցտարի մոլորակի իրավիճակն ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում: Եվ մենք չենք կարողանում կանխատեսումներ անել նույնիսկ կես տարվա կտրվածքով: Այդ պատճառով Կարմայական Վարչության նիստերը ներկայումս տեղի են ունենում ոչ թե տարին երկու անգամ, ինչպես առաջ էր, այլ տարեկան չորս անգամ: Թեև՝ Կարմայական Վարչությանը նամակ հղելու թողության շնորհն առայժմ նույնն է մնացել՝ տարեկան երկու անգամ, ձմեռային և ամառային արևադարձների օրերին:

Ներկա Կարմայական Վարչության նիստին մենք քննարկեցինք մոլորակի իրավիճակի համակշռման հնարավորության հարցը: Վերջին մի քանի տարում դա եղել է մեր անխոնջ հոգածության առարկան՝ ինչպե՞ս հասնել Երկիր մոլորակի համակշռված ու կայուն զարգացմանը:

Համաղետները, ագրեսիայի դրսևորումը՝ ահաբեկչության, պատերազմների ու հեղափոխությունների տեսքով, այդ ամենն արդյունք են Երկրի մարդկանց չհամակշռված վիճակի: Դա ձեզ հայտնի է, և բազմիցս ձեզ Ուսմունք է տրվել այն մասին, թե ինչպես խուսափեք մոլորակային արհավիրքներից:

Անմիջական և մշտական կապ գոյություն ունի մարդկանց գիտակցության վիճակի և մոլորակի վրա տեղի ունեցող զանազան դժբախտությունների միջև: Երբ մարդկանց գիտակցությունն անկում է ապրում, արհավիրքների քանակն ավելանում է: Դա համայն կյանքի փոխկապակցվածության մասնակի արտահայտությունն է: Ուստի, ինչպես Համբարձյալ Դասերի, այնպիս էլ իմ՝ Բարեգթության և Կարեկցանքի Աստվածուհուս, խնդիրն այն է, որ նվազագույնի հասցնենք այն անխուսափելի հետևանքները, որոնք մարդկանց անկատար գիտակցության ծնունդ են:

Վիճակագրությունից կարելի նկատել, որ տարեցտարի ավելանում է բնական աղետների՝ հրաբուխների, երկրաշարժների, ինչպես նաև տեխնածին աղետների ու եղանակային անսովոր շեղումների թիվը: Եվ քանի որ ներկայումս տեղի ունեցող արհավիրքներն արդյունքն են գիտակցության այն մակարդակի, որն ուներ մարդկությունը մի քանի տարիներ առաջ, նույնիսկ՝ տասնյակ տարիներ առաջ, ապա դժվար չէ կանխատեսել, որ ապագայում նույնպես կշարունակվի համաղետների, արհավիրքների, այլազան դժբախտությունների ու հիվանդությունների աճը:

Այս փակուղային ու վհատեցուցիչ վիճակից դուրս գալու միակ ելքն այն է, որ արագորեն փոխվի մարմնավորված մարդկության գիտակցությունը: Պետք է տեղի ունենա գիտակցության արագ, որակյալ ու դրական թռիչք՝ մարդկության հիմնական զանգվածի գիտակցության անցում նոր մակարդակի վրա:

Դա շատ ցանկալի և լիովին հասանելի նպատակ է: Եվ եթե հաշվի առնենք մարդկության զարգացման բոլորաշրջանային օրենքը, ապա վաղ թե ուշ ճոճանակն իր թեքված վիճակից կսկսի շեղվել դեպի հակառակ կողմը: Մեր խնդիրն է՝ նվազագույնի հասցնել էվոլյուցիոն զարգացման ուղուց մարդկության չափից դուրս շատ շեղվելու հնարավոր հետևանքները:

Գործի է դրվել ողջ զինանոցը, որ ձեռքի տակ ունեն Համբարձյալ Դասերը: Եվ եթե մեր ջանքերին գումարվեին նաև ձեր ջանքերը, ապա անհամեմատ ավելի արագ ու հաջող կվերացնեինք մարդկության սխալ նախընտրանքների հետևանքները:

Ավելի համակշռված ու հաջող զարգացումը՝ Ոսկեդարի շերտուղու մեջ մտնելը, ապահովվում է դրական մղվածություն ունեցող անհատների գիտակցության վեկտորների շնորհիվ: Որքան մեծ լինի մարդկային այնպիսի անհատների քանակը, որոնք ունակ են հավասարակշիռ վիճակի բերելու իրենք իրենց, շրջապատի մարդկանց ու շրջակա հանգամանքները, որքան զորեղ լինեն նրանց ջանքերն ու մղումները, այնքան ավելի արագ մարդկությունը մուտք կգործի համակշռված ու կայուն զարգացման միջանցքի մեջ:

Այս պարզ միտքն է, որ տարբեր եղանակներով փորձում ենք հասցնել այն մարդկանց, որոնք ունակ են ընկալելու մեր Ուսմունքը: Եղանակներից մեկն էլ այս ուղերձներն են: Կայուն զարգացման անցուղու մեջ մտնելու հույս միշտ կա, բայց նաև կա այն բանի հավանականությունը, որ իրավիճակը կդառնա անվերահսկելի: Ուստի՝ ձեզ շատ քիչ ժամանակ է մնացել մտորումների համար:

Այն ամենը, ինչ դուք կարող եք իրապես անել, այն է, որ փոխեք ձեր վերաբերմունքը շրջապատող ամեն ինչի նկատմամբ: Քանզի մարդկային գործունեության բոլոր բնագավառներում նկատելի է խիստ շեղում զարգացման Աստվածային ուղուց:

Կրթական համակարգը ոչ այնքան կրթություն է տալիս, որքան ապագա սերնդին զրկում է կրթվելու և Աստծո մեջ կատարելագործվելու ցանկությունից:

Առողջապահական համակարգը խլում է մարդկանցից առողջության վերջին նշույլները:

Ֆինանսական համակարգն ավելի շատ կապված է ոչ թե ստեղծարար աշխատանքային գործունեության արդյունքների հետ, այլ այն մարդկանց մենտալային ու զգացական վայրիվերումների հետ, որոնք տնօրինում են կապիտալն ու խաղում բորսաներում:

Քաղաքական համակարգն ամբողջովին կտրված է մարդկանց կարիքներից, հասարակության թույլ և ընչազուրկ անդամներին ծառայելուց և դրա փոխարեն ծառայում է առանձին մարդկանց անձնական հետաքրքրություններին ու շահերին:

Տեղեկատվության զանգվածային միջոցները տարածում են ինչ ասես, բացի տեղեկատվությունից (ասեկոսներ, բանբասանքներ, սկանդալային ու քրեական պատմություններ):

Մարդկանց գործունեության բոլոր ոլորտները պետք է վերակառուցվեն ըստ Աստվածային Օրենքների, այլապես նրանք ուղղակի չեն կարողանա գոյատևել:

Մարդկությունն ընդհուպ մոտեցել է իր զարգացման այն եզրագծին, որից անդին պարզորոշ երևում է չգոյության հեռանկարը:

Մեկը մյուսի հետևից մենք փորձեր ենք ձեռնարկում, որպեսզի փոխենք իրավիճակը: Եվ այս ուղերձների միջոցով մեր խրատատվությունը շարունակվում է Աստծո ողորմածության շնորհիվ: Մենք փրկարար օղակ ենք նետում նրանց, ովքեր դեռևս ունակ են դուրս լողալու պատրանքի ջրերից՝ ամուր կառչելով փաստորեն վերջին հնարավորությունից, որ ընձեռում են Երկնոլորտները:

Մարդկության գիտակցության ներկայիս մակարդակում միայն քչերը կարող են շարունակել իրենց էվոլյուցիան առանց ֆիզիկական պլատֆորմի: Մյուսների համար ֆիզիկական պլատֆորմն անհրաժեշտություն է: Ուստի մեր հաշվարկն այն քչերի վրա է, որոնց մենք փորձում ենք օգնել:

Եթե նույնիսկ մեր ուղերձներն ընթերցելու արդյունքում գիտակցության նոր մակարդակի անցնեն ընդամենը մի քանի մարդ, այնուամենայնիվ մենք կպնդենք, որ ստեղծվի մեր ուղերձները տալու հնարավորություն: Կրկին ու կրկին կգանք մեր խրատներով ու զրույցներով:

Իսկ այսօրվա իմ ուղերձի վերջում ես կուզենայի ցանկություն հայտնել, որ դուք գիտակցեք մոլորակի վիճակի համար ձեր պատասխանատվության չափը: Եվ եթե թեկուզ մի քանի վայրկյանով կարողանայիք լինել իմ գիտակցության մակարդակով և իմ աչքերով նայեիք ձեր սեփական գործերին, ապա կարծում եմ, որ ձեր գիտակցությունը շատ արագ կփոխվեր:

Դուք նման եք այն մարդկանց, որոնք շարունակում են խնջույքը՝ այն դեպքում, երբ Երկիր մոլորակը վերջին ջանքերով փորձում է ավերումից փրկել իր ֆիզիկական պլատֆորմը:

Տոնական կյանքը մոտենում է ավարտին: Վրա է հասնում ինքներդ ձեզ վրա եռանդուն աշխատելու ժամանակը: Ինքներդ ձեզ փրկելով գիտակցության անորակ վիճակներից՝ դուք փրկում եք ողջ աշխարհը: Քանզի աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է: Եվ թիթեռի թևի թափահարումը դղրդյուն է առաջացնում նուրբ աշխարհներում: Մտածեք, թե այդ դեպքում ինչպիսի՜ն կլինի ձեր արարքների, մտքերի ու զգացմունքների ազդեցությունը...

 

ԵՍ ԵՄ Գուան Ինը

 

Տատյանա Միկուշինա, 2011 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ