Ես ձեզ կանչում եմ ճամփորդելու իրական աշխարհում

 

Հաութամա Բուդդա

22 հունիսի, 2011 թիվ

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան:

ԵՍ եկել եմ ամառային արևադարձի այս օրերից մեկում, երբ բնությունն ու աստղերի դասավորությունը նպաստում են մեր ուղերձների փոխանցմանը: Եվ, ինչպիսի արգելքների էլ հանդիպենք մարդկանց մտքերի մեջ, մենք նախ և առաջ դիմում ենք նրանց սրտերին՝ ձեր էության այն մասին, որը հիշում է իր Աստվածային ծագման մասին և ձգտում պատրանքի գերությունից դուրս գալ դեպի հավերժ գոյության լայնարձակություն:

Հնարավոր չէ այլևս, որ ընթանաք այն ուղով, որով վերջին տասնամյակների ընթացքում իր կամքով փորձում է ընթանալ մարդկությունը: Ֆիզիկական աշխարհում ձեր գոյությունը զնդանում փակված լինելու պես է: Եվ իրոք՝ դա հոգու զնդանն է: Եվ միակ կամքը, որ ունեք՝ Աստծո Կամքին չենթարկվելն է: Իսկ  ձեր կյանքերի ընթացքում օր օրի ձեր արածները ոչ այլ ինչ են, քան Աստվածային Օրենքի խախտում:

Աստված այնքան ողորմած է, գթասիրտ ու համբերատար, որ թույլ է տալիս ձեզ խախտելու Օրենքը: Սակայն սահման է դրված՝ մի միջանցք, որի շրջանակներից դուք չեք կարող դուրս գալ: Ներկայումս դուք գտնվում եք Աստվածային հնարավորությամբ թույլ տրված միջանցքի սահմանագծի վրա:

Ժամանակն է գիտակցելու այն փաստը, որ առանց Աստվածային առաջնորդության, առանց Օրենքին հետևելու՝ մարդկության հետագա գոյատևումը հնարավոր չէ: Եվ յուրաքանչյուր անհատականություն ինքն է ընտրում, թե ինչին նախապատվություն տա: Եվ եթե պնդում է՝ համառորեն պնդում է, որ մնա պատրանքային աշխարհում, եթե այնպես է գամված շրջապատող պատրանքին իր բազմահազարամյա նախընտրանքներով, որ այլևս չի ուզում զարգանալ, ապա Աստված կբավարարի նրա ցանկությունը: Մանրամասների մեջ չխորանալով միայն ասեմ, որ նման մարդու հոգին կշարունակի իր էվոլյուցիան, բայց ավելի ստորակարգ աշխարհներում և ավելի ցածր էներգետիկական մակարդակներում:

Իսկ ձեզ, որ հոգնել եք պատրանքի գերության մեջ մնալուց, ես կոչ եմ անում այսուհետև ևս ընթանալու էվոլյուցիոն Ուղով՝ դեպի Աստվածային գիտակցության լեռնագագաթները:

Ձեզ կվիճակվի դառնալու Աստվածային գիտակցության փոխանցողներ դեպի հոծ աշխարհները: Եվ սկզբի համար ես ձեզ առաջարկում եմ, որ դառնաք Աստվածային գիտակցության փոխանցիչ՝ հենց ձեր հոծ աշխարհի համար: Հեշտ է դա անելը: Պետք է ընտրություն կատարել Աստծո օգտին և օր օրի հավատարիմ մնալ այդ ընտրությանը: Հրաժարվել այն ցանկություններից, որոնք ձեզ կապում են պատրանքային աշխարհի հետ:

Ձեր ամեն մի ցանկությունն ու կապվածությունը, համաձայն Օրենքի, կարմա են ստեղծում, որն արտահայտվում է տառապանքի ձևով: Ուստիև՝ ֆիզիկական աշխարհը տառապանքների աշխարհ է կոչվում:

Պատճառները հետևանքներ են ծնում: Հեռացրե՛ք պատճառները ձեր կյանքից, և դուք այլևս հետևանքներ չեք ստանա:

Օրենքը պետք է հարգվի: Եվ սանսարայի անիվից՝ մարմնավորումների հերթագայությունից, դուրս գալու միակ ճանապարհն այն է, որ դադարեք պատճառներ ծնել՝ թե՛ բարու, և թե՛ չարի: Դա նշանակում է սեփական ճակատագրի տերը լինել: Նշանակում է Աստված դառնալ՝ աստվածամարդ, և անցում կատարել էվոլյուցիոն զարգացման հաջորդ աստիճանի վրա:

Ներկայումս դա անելը հեշտ է: Չնայած պատրանքի կատաղի հակազդեցությանը՝ Երկինքը ձեզ բազմակի ուժեղացված օգնություն է ցուցաբերում, որպեսզի կանգնեք էվոլյուցիոն զարգացման Ուղու վրա: Այնժամ, երբ շրջապատի աշխարհն ավելի ու ավելի քիչ է վերահսկողության ենթարկվում և շատ բաներ ուղղակի անհեթեթության աստիճանի են հասնում  ավելի ու ավելի շատ մարդկանց աչքին, ապա ակնհայտ է դառնում, որ պետք է լինի մարդկության զարգացման մի այլ ուղի: Այդ Ուղին պատրաստ է, և այն ձեզ է սպասում: Այդ Ուղին գտնվում է ձեր էության ներսում:

Հաղթահարելով ինքներդ ձեզ՝ ձեր ցանկություններն ու անկատարությունները, դուք ազատվում եք պատրանքից և անցյալի կարմայից: Դրանով իսկ՝ դուք հետադարձ ճանապարհով շարժվում եք դեպի այն աշխարհը, որտեղից ինչ-որ ժամանակ ձեր հոգիները դուրս են եկել և սկսել ճամփորդել պատրանքային աշխարհում:

Առաջին հերթին հենց ձեզ համար ենք մենք տալիս մեր ուղերձները: Եվ դեպի ձեզ է ուղղված իմ նվաճումների ամբողջ պաշարը: Ես պատրաստ եմ օգնություն ցուցաբերելու յուրաքանչյուրին, ով կանգնած է Ուղու սկզբնամասում, և պատրաստ եմ առաջնորդելու նրա հետագա առաջընթացը: Քիչ բան է պահանջվում՝ ձեր ազատ կամքի և մղվածության դրսևորումը:

Առանց կարգապահության և մղվածության հնարավոր չէ հաղթահարել Ուղու այն հատվածները, որոնք կապված են դեպի Աստվածային գիտակցության գագաթ տանող վերելքի հետ:

Երբ մագլցում եք լեռները, դուք հաղթահարում եք ինքներդ ձեզ՝ դիմանում եք ոտքերի ու ոտնաթաթերի ցավերին: Դուք զգում եք ձեր բոլոր ուժերի անասելի լարում: Դեպի Աստվածային գագաթ տանող վերելքի վրա նու՛յնպես կզգաք ձեր բոլոր ուժերի լարում: Ձեզնից կպահանջվի, որ հաղթահարեք պատրանքի ձգողականության ուժը: Իսկ դրա համար կպահանջվի, որ ձեր ողջ կյանքը ենթարկեք մի նպատակի՝ ելք պատրանքից դեպի գիտակցության նոր մակարդակ:

Լեռնագագաթ բարձրանալը դժվար է, բայց երբ կանգ եք առնում սարահարթի վրա, որպեսզի հանգստանաք, ձեր առջև բացվում է ներքևում փռված դաշտավայրերի և մոտակա լեռների հոգեզմայլ տեսարանը: Դեպի Աստվածային գիտակցության գագաթ տանող ձեր վերելքի ճանապարհին շատ կլինեն այնպիսի պահեր, երբ ներքին զմայլանք և ոգևորություն կզգաք: Սակայն միշտ պետք է հիշեք ձեր ճամփորդության նպատակի մասին: Պետք է մշտապես հիշեք, որ անհրաժեշտ է առաջ ընթանալ: Այլապես՝ ձեր զարգացումը կանգ կառնի:

Պատրանքը, քանի գնա, կբարակի: Հարկ է, որ ամեն փուլում մերժեք պատրանքի գայթակղությունը և ձգտեք դեպի իրականություն: Հենց դրանում է ողջ բարդությունը: Եվ նրանք, ովքեր մղվում են դեպի ավելի նուրբ հաճույքներ վայելելու կողմը, ընկնում են աստեղային ոլորտի ցանցերի մեջ և երկա՜ր մարմնավորումներով մնում դրանց մեջ:

Ուստի ձեր նկրտումները պետք է բարձր լինեն ցանկացած պատրանքային ոլորտից, աստեղային ոլորտի ցանկացած գայթակղիչ տեսարանից:

Ձեզ համար քարտեզ ու կողմնացույց կծառայեն ձեր սրտի թրթիռները և ձեր մղվածությունը դեպի անանց, ավելի բարձր աշխարհները:

Ուստի երբևէ կանգ մի՛ առեք ձեր Ուղու վրա: Ավելի համարձա՛կ ձեր էությամբ ընդառաջ ելեք փոփոխությունների ու բարեփոխումների քամիներին: Ոչնչից մի՛ վախեցեք: Ձեր բոլոր երկյուղները հօդս կցնդեն ձեր մարդկային գիտակցության աղջամուղջի հետ, երբ կկանգնեք ձեր Բարձրագույն Ես-ի արևի ներքո:

Ավելի համարձա՛կ Ուղի դուրս եկեք: Ես ձեզ կանչում եմ ճամփորդելու իրական աշխարհում: Եվ դա՛ է այն գլխավոր խնդիրը, հանուն որի պատրանքային աշխարհում անցաք միլիոնավոր տարիներ տևած ձեր ուղին:

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան՝ եկա, որ ամրապնդեմ ձեր հավատն ու մղումը:

 

Տատյանա Միկուշինա, 2011 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ