Ուսմունք զանազանման կարևորության մասին,

թե Ուղու որ հատվածում եք գտնվում

 

Տեր Լանտո

19 հունիսի, 2011 թիվ

 

ԵՍ ԵՄ Լանտոն. եկել եմ, որպեսզի տամ մեր Ուսմունքը:

Ես հազվադեպ եմ այցի գալիս, այնուամենայնիվ հույս ունեմ, որ դուք հիշում եք ինձ: Մեր հանդիպումներն ամեն անգամ կրում են իմ ճառագայթի ազդեցությունը: Այն ճառագայթի, որի ազդեցությամբ ավելի լավ է յուրացվում մեր աշխարհից ձեզ հասնող տեղեկատվությունը: Ուստի այսօր մենք պետք է լցնենք նրանց անոթները, ովքեր իրենց տաճարները նախապատրաստել են մեր տեղեկատվությունն ընկալելուն:

Մոտեցեք և լսեցե՛ք: Այս օրով ես կկամենայի ձեզ իրազեկ դարձնել հինավուրց մի Ուսմունքի, որը ոչ շատ վաղ ժամանակներում դասավանդվել է մեր արտաքին դպրոցներից մեկում: Դա Ուսմունք է այն Ուղու մասին, որով արտաքին աշխարհում ընթանում են մեր աշակերտները: Երբ մենք ձեզ կոչ ենք անում փոխելու ձեր գիտակցությունն ու կատարելու ներքին աշխատանք, ձեր շրջապատի պատրանքը ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի ձեզ պահի գիտակցության նախկին մակարդակի վրա՝ այն մակարդակի, որը ներկա պահին բնորոշ է մոլորակի բնակչության մեծամասնությանը: Սակայն դժվար չէ կռահել, որ զանգվածային գիտակցության մակարդակը չէ այն նշաձողը, որին պետք է ձգտել հասնելու: Ուստիև ամեն մի հոգևոր փնտրող վաղ թե ուշ բախվում է մի խնդրի, որ արտաքին հանգամանքներն ավելի ու ավելի են խոչընդոտում Ուղով իր առաջընթացին: Իսկ դա միշտ է տեղի ունենում, քանի որ այդպիսին է մատերիայի օրենքը: Մատերիան դիմադրում է և փորձում ձեզ պահել գիտակցության նախկին մակարդակի վրա: Ահա հենց այստեղ՝ Ուղու հենց այս կետում է, որ վրա է հասնում լրջագույն նախընտրանքի պահը: Կա՛մ շարունակում եք ձեր առաջխաղացումը, կա՛մ համկերպվում ձեր այն դիրքի հետ, որը զբաղեցնում եք պատրանքային աշխարհում և դրանով իսկ դուրս սահում Ուղուց: Ամեն մեկիդ առջև կկանգնի իր նախընտրանքը, բայց այդ նախընտրանքի էությունը միշտ նույնին է հանգում. կա՛մ դուք ընտրում եք պատրանքային աշխարհը՝ ֆիզիկական աշխարհում ձեզ շրջապատող պատրանքը, կա՛մ ընտրում եք իրական, անանց աշխարհը:

Կախված կարմայական հանգամանքներից՝ այդ հարցը տարբեր կերպ կարող է հառնել ձեր առջև: Օրինակ՝ մեկի համար որպես չհարթված հատկանիշ կարող է լինել կարիերան՝ հաջողակությունը, նյութական բարեկեցությունն ու անկախությունը: Այդ դեպքում նա կկանգնի հետևյալ երկընտրանքի առջև՝ կա՛մ հրաժարվել եկամտաբեր աթոռից, կա՛մ փորձել համատեղել Աստծուն ու մամոնային ծառայելը: Իհարկե, երբ կանգնած եք լինում այդ հարցը լուծելու առջև, որպես կանոն, ձեր գիտակցությունը չի ընկալում դա որպես նախընտրանքի հարց, և այն էլ՝ Ուղու շատ լուրջ նախընտրանքի: Ձեզ թվում է, թե ոչ մի սարսափելի բան չկա այն բանում, որ շարունակեք ծառայել արտաքին աշխարհին՝ զուգահեռաբար ընթանալով Ուղով: Եվ հենց ձեր այդ նախընտրանքն էլ այդ դեպքում ձեզ հանում է Ուղուց:

Այսօր ես դիմում եմ ոչ մեծ լսարանի՝ բաղկացած մեր այն աշակերտներից, որոնք վաղուց ընթանում են Ձեռնադրումների Ուղով: Ուստի, եթե դուք այս տեղեկատվությունն ստանաք ու կիրառեք Ուղու այն հատվածում, երբ դեռ նոր եք կանգնել Ուղու վրա, ապա սխալ վարված կլինեք:

Մարդկանց սովորաբար հատուկ է լինում իրենց հոգևոր նվաճումներն ուռճացնելը՝ հատկապես Ուղու սկզբնամասում: Եվ շատ շատերը թողնում են իրենց աշխատանքը, սկսում զբաղվել հոգևոր գործառություններով՝ հուսալով, որ Աստված ու Վեհապետները նյութապես կօժանդակեն ֆիզիկական աշխարհում իրենց գոյատևման գործում: Սակայն դա նույնպես սխալ նախընտրանք է Ուղու այն հատվածում, որում դուք գտնվում եք: Քանզի Ուղու ձեր հատվածը հենց այն է պահանջում, որ շարունակեք համատեղում անել աշխարհում ձեր լինելու ընթացքում՝ կատարեք հասարակության հանդեպ ունեցած ձեր պարտավորություններն ու միաժամանակ աշխատեք ինքներդ ձեզ վրա, ձեր գիտակցության վրա՝ օգտվելով տարբեր հոգևոր գործիքներից:

Ըստ այդմ՝ նույն հանձնարարականները չեն կարող տրվել տարբեր մարդկանց, որոնք գտնվում են Ուղու տարբեր հատվածներում:

Եվ դուք հավանաբար նկատել եք, որ մեր շատ խրատներում հնարավոր է գտնել հակասական հանձնարարականներ: Դրա պատճառն այն է, որ մենք Ուսմունք ենք տալիս գիտակցության տարբեր մակարդակների համար: Ուստի ձեզ համար կարևոր է իմանալ, թե ուղու ո՛ր հատվածում եք դուք գտնվում, որպեսզի կա՛մ ընդունեք մեր հանձնարարականը, կա՛մ որոշակի ժամկետով հետաձգեք դրա ընդունումը:

Քանի որ մեր ուղերձներն ընթերցողներից շատերը գտնվում են Ուղու սկզբնամասում, ապա նրանց համար դեռևս չի հասել այն նախընտրանքի պահը, որի մասին ես խոսեցի մեր զրույցի սկզբում: Եվ միայն մեր այն աշակերտների առջև է ծառացած ում և ինչպես ծառայելու հարցը, որոնք մի կյանք չէ արդեն, ինչ ընթանում են Ձեռնադրումների Ուղով:

Ինչպես արդեն նշեցի, այդ հարցը տարբեր կերպ է դրվում մարդու առջև՝ կախված կարմայական հանգամանքներից: Օրինակ՝ մեկի համար այն կարող է լինել ամուսնանալ-չամուսնանալու հարց, մյուսի համար՝ երեխա ունենալ-չունենալու:

Մեր ուղերձները կարդացողների 99 տոկոսի համար նման մարդկային ցանկություններն իրենց մեջ ոչ մի վատ բան չեն պարունակում: Ընդհակառակը՝ նման առողջ ցանկություններ ունենալու համար ողջունվում են հասարակության բոլոր առողջ անդամները: Բայց ո՛չ այն դեպքում, եթե երկար ժամանակով արդեն ընթանում եք Ձեռնադրումների Ուղով: Ձեզ համար այդ պարզ ու հասարակ մարդկային ցանկություններն Ուղու այն փորձություններն են հենց, որոնք կա՛մ պետք է հաղթահարեք, կա՛մ հագուրդ տաք դրանց:

Չգիտեմ՝ կարողացա՞ արդյոք ձեր գիտակցությանը հասցնել այսօրվա Ուսմունքը...

Ուղու բարձրադիր հատվածներում դուք պետք է հրաժարվեք բոլոր մարդկային ցանկություններից ու բոլոր կապվածություններից: Այս Ճշմարտությունը մշտապես չի ըմբռնվել և նույնիսկ թշնամանք է առաջացրել հասարակության անդամներից մեծ մասի մոտ: Ուստի նման հայտնությունները չեն դրվել մեծ լսարանների առջև: Հատկապես այն բանի համար, որ մոլորության մեջ չընկնեն այն անհատները, որոնք դեռևս չեն հասել իրենց կյանքի ճանապարհի այն խաչմերուկին, որտեղից այն կողմ պետք է իրենց կյանքը նվիրաբերեն Աստծո մեջ կատարելագործվելուն:

Այնուամենայնիվ՝ ես համարձակվեցի այսօրվա իմ զրույցում շոշափելու այս կարևոր թեման: Քանզի իմ դատողություններից ձեզ համար դուք կարող եք քաղել այն չափորոշիչները, որոնցով պետք է առաջնորդվեք, երբ հարկ կլինի որոշելու այն մարդու մակարդակը, որը ներկայանում է որպես դեսպանորդ, մարգարե կամ հոգևոր ուսուցիչ:

Ձեզնից շատերը զարգացման սույն փուլում չեն կարող շրջանցել հոգևոր Ուսուցչի անհրաժեշտությունը: Եվ քանի որ ենթագիտակցական մակարդակով այդ մասին գիտեք, ապա Ուսուցիչ գտնելու պահանջ եք ունենում: Պահանջարկն առաջարկ է ծնում, ուստիև տեսնում եք գուրուների ու դեսպանորդների նման բազմազանություն:

Եթե հաստատ որոշել եք ընթանալ հոգևոր Ուղով, ապա առանց դժվարության կգտնեք այն Ուսուցչին, որը ձեզ ճիշտ պատկերացում կտա Ուղու մասին:

Եվ եթե ուսուցիչը ձեզ խրատներ տա այն մասին, թե ինչպես հարմարավետ դասավորեք ձեր կյանքը կամ ինչպես լուծեք ընտանիքում ու աշխատավայրում ծագած ֆինանսական խնդիրները, ապա մեծագույն հավանականությամբ կարելի է ասել, որ այդ ուսուցիչը հոգում է ձեր երկրային մասի բարեկեցության, այլ ոչ թե ձեր անմահ մասի խնդիրների մասին: Եվ նման ուսուցիչը պահանջարկ ունի մարդկանց մոտ, քանի որ հասկանալի բաներ է ուսուցանում՝ ինչպե՞ս բարեկեցիկ դարձնել երկրային կյանքը:

Ուսուցչի մյուս տեսակը հասարակությունում պահանջարկ չունի: Քանզի մարդկանց մեծամասնության տեսակետից նա վերացական բաներ է ուսուցանում, որոնք որևէ կերպ կապված չեն առօրեական հոգսերի ու խնդիրների հետ: Նման Ուսուցիչն առաջին հերթին հոգ է տանում ձեր անմահ մասի համար: Եվ այն մարդկանց համար, որոնք ամբողջովին խորասուզված են մատերիական աշխարհի մեջ, այդ հոգածությունն անհասկանալի է, կարող է առաջացնել զգուշավորություն և, վերջին հաշվով՝ վախ: Քանզի այն, ինչ անհասկանալի է, միջտ վախ է առաջացնում մարդկանց մոտ:

Այսօր ես փորձեցի ձեր գիտակցությանը հասցնել զանազանման անհրաժեշտության ու կարևորության մասին տեղեկատվությունը, որպեսզի պարզեք, թե Ուղու որ հատվածում եք դուք գտնվում: Քանզի դեպի հոգևորն ուղղված ձեր մղումներով հանդերձ՝ պետք է հասկանաք հետևյալը. որպեսզի լրջորեն շարժվեք հոգևոր Ուղով, պետք է, որպես անհատականություն, մատերիական աշխարհում անցնեք զարգացման բոլոր փուլերը: Պետք է նախ անհրաժեշտ փորձառություն անցնեք Լինելիության բոլոր ոլորտներում, որից հետո պատրաստ կլինեք Ձեռնադրումների Ուղուն: Ո՛չ ավելի վաղ: Քանզի եթե երևակայեք, թե արդեն պատրաստ եք ոտք դնելու Ուղու վրա՝ ձեր ներքին որակներով իրականում դեռ շատ հեռու լինելով դրանից, ապա կեղծ առաջընթացը կարող է մեծապես վնասել ձեր հոգուն:

 

ԵՍ ԵՄ Լանտոն՝ մշտապես ձեր հոգիների նկատմամբ հոգածությամբ:

 

Տատյանա Միկուշինա, 2011 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ