Ինչպես ձեր, այնպես էլ ամբողջ մոլորակի ապագան դուք կերտում եք

ձեր երեխայի սաղմնավորման պահին

 

Կութհումի

17 հունիսի, 2011 թիվ

 

ԵՍ ԵՄ Կութհումին, ձեզ այցի եմ եկել, որպեսզի ձեր հոգիների համար օգտակար զրույց վարեմ:

Այսօր մենք կխոսենք այն մասին, ինչը մոտ ու հասկանալի է յուրաքանչյուրին: Այն է` կզրուցենք ձեր ապագայի, ձեր երեխաների մասին: Այն սերնդի մասին, որը կփոխարինի ձեզ:

Մարդկային չափանիշներով այնքան էլ շատ ժամանակ չի անցնի, և նոր սերունդը կփոխարինի ներկայումս ապրողներին: Եվ ամեն նոր սերունդ պետք է ավելի լավը լինի նախորդից: Սակայն ոչ միշտ է այդպես լինում: Ինչու՞: Երևի ձեզնից շատերն են այս հարցն իրենց տվել` ինչու՞ մեր երեխաները նման չեն մեզ, ինչու՞ են ըմբոստ ու անհնազանդ և կյանքում առաջնորդվում են բոլորովին այլ սկզբունքներով, քան մենք` մեր ժամանակներում: Ո՞րն է դրա պատճառը:

Իմ մոտեցումն այդ հարցին հավանաբար անսպասելի կլինի ձեզ համար: Կխնդրեմ, որ մտաբերեք այն ժամանակները, որոնք նախորդում են ձեր երեխայի ծննդին: Հարկ չկա, որ ձեր հիշողությունները կիսեք որևէ մեկի հետ, պարզապես հիշեք, թե ինչպես եղավ, որ դուք երեխա ունեցաք:

Հավանաբար կմտաբերեք, որ պատահաբա՛ր իմացաք շուտվ երեխա ունենալու մասին: Գուցե նույնիսկ տխրել ու գլուխներդ կորցրել եք այդ փաստից:

Հնարավոր է, որ դուք չէիք պլանավորել երեխա ունենալ, իսկ նա, այնուամենայնիվ, հայտնվել է:

Ինչի՞ մասին էիք մտածում, երբ սիրային խաղերով էիք տարվում ձեր կողակցի հետ: Կարծում եմ, որ ձեզնից շատերը չեն մտածել նոր մարդ ծնելու մասին, որը պետք է աշխարհ գա և դառնա ձեր աշխարհի նոր արարողը:

Ուր ուղղված է ձեր ուշադրությունը, այնտեղ էլ հոսում է ձեր էներգիան: Մտածում էիք սեքսուալ հաճույքնե՞ր ստանալ ձեր կողակցի հետ. ահա և թանկարժեք Աստվածային էներգիան ուղղորդել եք դեպի հաճույքներ ստանալու կողմը:

Բայց Աստծո Կամքը ձեզ հետ կատակ է արել, և արդյունքում երեխա է ի հայտ եկել: Իսկ ի՞նչ է ստացել երեխան ձեզնից. Աստծո էներգիայի ո՞ր մասը:

Ինքներդ եք տնօրինել Աստվածային էներգիան և այն ուղղորդել եք հաճույքներ ստանալու կողմը: Իսկ այդ թանկարժեք էներգիայի ո՞ր մասն է հասել այն նոր էակին, որն այդքա~ն ձգտում էր հայտնվել ձեր աշխարհում:

Աստվածային էներգիայով ձեր երեխային դուք ֆինանսավորել եք մնացորդային սկզբունքով: Այսինքն`Աստվածային էներգիայի այն ամբողջ լիցքը, որը պետք է ուղեկցեր ձեր երեխային իր ողջ կյանքի ընթացքում, մնացել է ձեր շուրջը եղած առարկաների վրա, երբ դուք ձգտում էիք ստանալ ձեր հաճույքը:

Կարծում եմ` հիշեցիք այդ պահը

Ձեզնից որոշները կարող են ասել, որ սպասում էին երեխային և աղոթում էին նրա ծննդյան համար: Եվ իրոք` երեխան երկար սպասված էր և լավ ընդունվեց ձեր կողմից: Բայց հիշե՛ք ձեր այն երիտասարդ տարիները, որոնք նախորդել են ձեր երեխայի ծննդյանը: Դուք ձգտում էիք սեքսուալ հաճույքներ ստանալ, փորձարարություն էիք անում սեքսուալ էներգիայով: Շա~տ բաներ եք արել, որոնց մասին ամաչում եք նույնիսկ հիշել: Եվ ամեն անգամ հաճույք ստանալով`դուք վատնել եք ձեր այն սեքսուալ կարողությունը, որն անհրաժեշտ էր ձեր մանկան ծննդյան համար, որպեսզի նա լինի ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես առողջ: Իսկ երբ հետ եք քաշվել և սկսել անհամբերությամբ սպասել ձեր առաջնեկի սաղմնավորմանը, ապա, ի՞նչ եք կարծում, արդյոք շա՞տ Աստվածային էներգիա է բաժին հասել նրան: Արդյոք չե՞ք ֆինանսավորել նրան մնացորդային սկզբունքով

Եվ եթե ձեր սեքսուալ կրքերը բուռն ու անվայել են եղել, ապա, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ հոգի եք ներքաշել ձեր երեխայի մեջ: Ամենայն ինչ իրար են ձգում ըստ թրթռանքի: Չէ՞-որ այն հոգին, որը պետք է ձեր առաջնեկը դառնար, դեպի ձեզ է ձգվել այն բանից հետո, երբ արդեն բավականաչափ կարմա էիք կուտակել`ձեր ցանկություններին հագուրդ տալու ճանապարհով:

Մտորումներից հետո արդյոք չհանգեցի՞ք այն եզրակացությանը, որ հենց ինքներդ եք մեղավոր Երկիր մոլորակը բնակեցնող հաջորդ սերնդի առջև ծառացած բոլոր պրոբլեմների համար:

Չե~ք կարող ասել, թե անմասն եք այն բանից, որ ամեն նոր սերունդ ավելի ու ավելի անկենսունակ է դառնում, քան իր նախորդները: Ուստի, որպեսզի փոխվի մոլորակի այդ իրավիճակը, մենք գալիս և տալիս ենք մեր Ուսմունքը: Դուք պետք է հստակ գիտակցեք ձեր գործողությունների և դրանց հետևանքների միջև եղած կապը:

Միայն այնժամ, երբ կկարողանաք վերահսկել ձեր ցանկությունները, մտքերն ու զգացմունքները, կկարողանաք նաև աստիճանաբար հաղթահարել անցյալի ձեր սխալ նախընտրանքների և արարքների կարմայի ազդեցութունը:

Սակայն ես պետք է ձեզ հետ պահեմ ևս մեկ սխալից: Ձեզնից շատերը հակված են անընդհատ իրենք իրենց մեղադրելու այն անհաճո արարքների համար, որոնք գործել են երիտասարդ տարիքում: Եվ այդ մեղքի զգացումը երբեմն ծնում է հոգեբանական խնդիրների մի ողջ համախումբ: Ապա, փոխանակ համակ ուշադրությամբ հետևեք ձեր երեխային ու ընտանիքին և դրանով իսկ շտկեք անցյալի ձեր սխալները, դուք ընկնում եք դեպրեսիայի մեջ և նույնիսկ սկսում եք սարսափել Աստծո դատաստանից:

Սիրելինե՛րս, Աստված չի ուզում ձեզ պատժել: Նա կամենում է, որ դուք գիտակցեք ձեր սխալները և այլևս չկրկնեք դրանք: Չկա՛ մեղսագործ, որ ապագա չունենա: Եվ հաճախ մեկը, որ գիտակցել է իր սխալներն ու զղջացել դրանց համար, մարդկության համար ավելին կարող է անել, քան մի ուրիշը, որն Աստծո պատժից վախենալով ոչ մի անհաճո արարք թույլ չի տալիս իրեն:

Ձեր էներգիան ուղղորդեք դրականի՛ հունով Կրկին ու կրկին մի՛ վերապրեք անցյալի ձեր մեղքերի ու սխալների հուշապատկերները: Դրանով դուք ավելի եք բարդացնում ձեր վիճակը` ձեր էներգիան ուղղորդելով նախկին սխալ հունով: Աստվածային էներգիայի գետը, որը հոսում է ձեր միջով, պետք է նոր հուն գտնի իր համար և քշի-տանի անցյալի ձեր գիտակցության սխալ վիճակների հետևանքները:

Դրականի և շրջապատի էակներին օգնելու ցանկության վրա մշտական կենտրոնացումն ունակ է վերափոխելու անցյալի սխալների էներգիան և ստեղծելու նոր հնարավորություն ձեր երեխաների ապագայի համար:

Անցյալի սխալների լիակատար գիտակցումն ու դրանք այլևս չկրկնելու վճռական ցանկությունը լիովին բավարար են, որպեսզի փոխեք կարմայական հետևանքները և լուսավոր ապագա կերտեք ձեր երեխաների համար:

Մի՛ մոռացեք այն մասին, որ կարմայով ինքներդ ձեզ կապում եք ձեր երեխաների հետ: Եվ մեծ է հավանականությունն այն բանի, որ հաջորդ մարմնավորումներում դուք երեխաները կլինեք այն անհատների, որոնք հիմա ձեր երեխաներն են: Եվ, որպեսզի ապագայում ձեր կարման թեթև լինի, դուք այժմ իսկ պետք է հոգ տանեք ձեր երեխաների հոգիների համար:

Աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, ուստի անհրաժեշտ է, որ շատ հոգածու և գիտակից ձևով վերաբերվեք այն ամենին, ինչ անում եք:

Այսօրվա իմ զրույցի նպատակը ձեզ գիտելիք տալն էր այն մասին, թե որքա~ն խոհեմ պետք է լինել մանկան ծնունդ պլանավորելու հարցում: Փաստորեն դուք ձեր և ձեր մոլորակի ապագան եք կերտում ձեր երեխայի սաղմնավորման պահին:

Մտածե՛ք այդ մասին հաջորդ անգամ, երբ բավարարելիս կլինեք ձեր սեքսուալ ցանկությունը:

 

ԵՍ ԵՄ Կութհումին`ձեր և բոլոր կենդանի էակների հոգիների նկատմամբ հոգածությամբ:

 

Տատյանա Միկուշինա, 2011 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ     Հաջորդ էջ