Ձեռնադրումների Ուղու Ուսմունքի եզրաշերտերը 

Տեր Մայտրեյա

16 հունիսի, 2011 թիվ

ԵՍ ԵՄ Մայտրեյան:

Կրկին եկել եմ, որպեզի զրույց վարեմ, որն օգտակար կլինի ձեր հոգիների զարգացման համար:

Գիտե՞ք արդյոք, որ մեր ամեն գալստյանը մեծապես սպասում են մարմնավորման մեջ գտնվող շատ հոգիներ: Թանկագին Խոսքի փոխանցմա՛նն են սպասում նրանք: Եվ արտաքին աշխարհի ոչ մի զվարճանք չի կարող խաթարել այն ներքին անդորրը, որը հաստատվում է մեր հաղորդակցության ժամանակ:

Ինչպես կռահում եք, կրկին խոսք կգնա Ձեռնադրումների Ուղու մասին` այն Ուղու մասին, որում ձեզ խրատում են Համբարձյալ Վեհապետները: Դուք կարող եք փնտրել և գտնել այլ ուղիներ, բայց մենք երաշխավորում ենք միայն այն Ուղին, որով միլիոնավոր տարիների ընթացքում առաջնորդում ենք մարդկութանը` այն պահից սկսած, երբ նա բանականություն ձեռք բերեց: Ուստի ես այժմ կտամ իմ այն խրատները, որոնց ժամանակն արդեն հասել է: Եվ մեր հաղորդակցությունը, ինչպես կարծում եմ, օգտակար կլինի ձեր հոգևոր աճի և Ուղով ձեր առաջընթացի համար:

Եվ այսպես, մենք շատ անգամ ենք զրուցել Ձեռնադրումների Ուղու մասին, և ամեն անգամվա հետ բացել ենք մեր Ուսմունքի այս կամ այն եզրաշերտը: Այնուհանդերձ, շատերիդ համար շարունակում է հանելուկ մնալ Ձեռնադրումների Ուղու մեր Ուսմունքը: Դուք կապ չեք տեսնում մեր կողմից տրվող շատ թելադրությունների միջև: Երբեմն տարակուսանքով դիտարկում եք այս կամ այն թելադրությունը և հակասություններ գտնում առանձին թելադրությունների դրույթների միջև:

Պաշտելինե՛րս, առաջին անգամն է, որ մենք փորձ ենք նախաձեռնել այսպիսի մեծ լսարանի հրամցնելու մեր գաղտնի, սրբազան Ուսմունքը: Եվ մարդիկ, որոնք կարդում են մեր ուղերձները, գտնվում են զարգացման տարբեր աստիճանների վրա: Այդ պատճառով մեր ուղերձներում տեղեկատվություն կա և՛ նրանց համար, ովքեր դեռ նոր են մերձենում մեր Ուսմունքին, և՛ նրանց համար, ովքեր Ուղով առաջին քայլերն են անում, և՛ նրանց համար, ովքեր արդեն վստահորեն ընթանում են Ձեռնադրումների Ուղով: Ամեն մեկին տրվում է իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը: Եվ երբ երկրորդ կամ երրորդ անգամ եք կարդում մեր թելադրությունները, նոր իմաստ եք գտնում, որը չէիք նկատել առաջին ընթերցման ժամանակ կամ վրայից թռել-անցել էիք: Բանն այն է, որ այժմ ձեր գիտակցությունը փոխվել է, և դուք ունակ եք դարձել Ճշմարտությունն ընկալելու մի այլ տեսանկյունից:

Ըստ հինավուրց Ճշմարտության` նա, ով իր որևէ կյանքում առաջին անգամ հաղորդակցվում է Ուսմունքին, որպես կանոն, իր հաջորդ յոթ կյանքերի ընթացքում պետք է շարունակի Ուղով առաջ շարժվել: Եվ նա, ով այս կյանքում առաջին անգամ շփվել է մեր Ուսմունքի հետ (իսկ մեր ուղերձներն ընթերցողների մեջ այդպիսինները մեծամասնություն են կազմում), հաջորդ վեց կամ յոթ կյանքերի ընթացքում կշարունակեն Ուղով իրենց առաջընթացը: Յուրաքանչյուր կյանքում ձեզ հնարավորություն է տրվում ձերբազատվելու մի քանի հատկանիշներից, որոնք Ուղու վրա խոչընդոտում են ձեզ, և փոխարենը ձեռք բերելու մի քանի Աստվածային հատկանիշներ, որոնց կարիքն ունեք:

Այսպիսով, մեր ուղերձներն ընթերցողներից մեծ մասի առջև բացվում է Ուղին, որը նախատեսված է յոթ մարմնավորման համար: Եվ միայն այնժամ, երբ հասնում եք Ուղու եզրափակիչ փուլին, հենց ինքներդ եք դառնում Ուղի: Ունակ եք լինում ցուցաբերելու Արարչի հետ ձեր Միասնությունը և ամբողջովին ներկայանալու որպես ձեր իսկ Բարձրագույն մասը:

Այսպիսի՛ն է Ուսմունքը: Եվ որքան էլ ձեզ երկարատև թվա Ուղով առաջ գնալու այս գործընթացը, համեմատած այն բազմաթիվ մարմնավորումների հետ, որոնք դուք արդեն ունեցել եք Երկրի վրա` այն ընդամենը մի կարճ ակնթարթ է: Եվ եթե մեր աշակերտները երբևէ չշեղվեին Ուղուց, ապա ողջ մարդկությունն ընդհանրական ձեռնադրում կանցներ և կհայտնվեր իր հաջորդ էվոլյուցիոն աստիճանի վրա ընդամենը հաջորդ մի քանի հազար տարվա ընթացքում: Սակայն, ինչպես կարող եք նկատել, դա տեղի չի ունենում:

Ձեզ համար դա տեղի չի ունենում, եթե նայեք ձեր ոչ-հաբարձյալ տեսանկյունից: Իսկ մեր համբարձյալ տեսադաշտից մենք նկատում ենք, թե ինչպես են առանձին խիզախներ արշավում դեպի Աստվածային գիտակցութան Գագաթը: Եվ երբ որևէ մեկը նվաճում է Գագաթը, Երկնոլորտները ծափահարում են նրան:

Ուստի ձեզնից նրանք, ովքեր առաջին անգամ բախվելով մեր Ուսմունքին` կարդում են մեր ուղերձները, կարող են վհատվել ժամկետների երկարատևության մտքից: Սակայն մեր ուղերձներն ընթերցողների մեջ կան մի քանի տասնյակ մարդիկ, որոնք արդեն մեկից ավելի կյանքեր է, ինչ ընթանում են Ձեռնադրումների Ուղով: Եվ մեզ համար այդ մարդիկ առանձնահատուկ արժեք ունեն: Ամեն մի նման անհատ գտնվում է մեր անխոնջ հսկողության ու խնամքի տակ: Նրանց համար մենք պատրաստ ենք տալու ավելի շատ գիտելիքներ ու տեղեկություններ, քան կան այս թելադրություններում: Իրենց գիտակցության մակարդակով նրանք ունակ են կարդալու տողատակերը, տեսնելու և զգալու անհամեմատ ավելի շատ բան, քան գրված է սույն ուղերձներում:

Թեև ես բոլորի համար նույն բառերով եմ խոսում, այնուհանդերձ ամենքը կկարդան հենց այն, ինչը ժամանակի տվյալ պահին իրենց անհրաժեշտ է:

Եվ, ում համար դա իսկապես անհրաժեշտ է, ես ինքս կարող եմ գալ, որպեսզի ուսուցանեմ ու խրատեմ: Իմ յուրաքանչյուր աշակերտ անընդհատ գտնվում է իմ անխոնջ հայացքի ներքո:

Աշակերտներիս մասին հոգալը մարդկությանը սպասավորելուս գլխավոր մասն է կազմում: Քանզի աշակերտներիս միջոցով է, որ ինքս կարող եմ գալ մարդկանց աշխարհը: Եվ ժամանակի ներկա պահի համար դա շատ կարևոր է, որովհետև ֆիզիկական ոլորտի թրթռանքները ոչ մի բարձր Վեհապետի թույլ չեն տալիս, որպեսզի նա իր կաուզալ մարմնի ողջ կարողությամբ մարմին առնի մարդկանց մեջ: Իսկ մարդկությունն առաջնորդության կարիք ունի: Այդ պատճառով, ձեզնից ամեն ոք կարող է օգնություն ցուցաբերել Երկրի մարդկությանը, եթե մաքրի իր տաճարները և դրանով իսկ հնարավորություն տա ինձ կամ մեկ ուրիշ Վեհապետի գոնե կարճ ժամանակով ներկա գտնվելու Երկրի վրա:

Մենք օգտվում ենք ձեր աչքերից, ձեր ձեռքերից ու ոտքերից, որպեսզի հոգածությամբ ու նրբորեն առաջնորդենք և ճշգրտենք այն ուղղությունը, որով ընթանում է մարդկությունը: Ուստի` չկան անկարևոր մարդիկ, ամեն մարդ կարևոր է, եթե կատարում է հենց այն դերը, որն իր այս մարմնավորման հենց այս պահին ինքը պետք է կատարի: Եվ եթե նույնիսկ ձեզ թվում է, թե ձեր արածը կարևոր չէ, ապա մի՛ շտապեք եզրահանգումներ անել: Քանզի մեր համբարձյալ վիճակի գիտակցության դիրքերից երևում է, որ ձեր փոքր գործողությունները դուրս չեն այն պլանից, որը մենք իրականացնում ենք մոլորակի վրա:

Մի՛ կարծեք, թե դուք ինչ-որ շատ կարևոր աշխատանք պետք է կատարեք աշխարհի մյուս ծայրին: Առավել հաճախ դուք հենց այնտեղ եք, որտեղ կարող եք կատարել ձեր ամենապետքական աշխատանքը: Եվ պարտադիր չէ, որ այն կրի մարդկային հոգիներ փրկելու հերոսական բնույթ: Այն կարող է լինել ձեր զավակի դաստիարակությունը, կարիքավոր մերձավորին օգնութուն ցուցաբերելը: Յուրաքանչյուր ոք, ով հայտնվել է ձեր շրջապատում և օգնության կարիք ունի, հայտնվել է կարմայական պատճառներով: Եվ, նրան օգնելով, դուք կարող եք մաշեցնել կարմայի այն կուտակը, որը խոչընդոտում է Ուղով ձեր առաջընթացին:

Կյանքից կյանք ձեզ հնարավորություն է տրվում բեռնաթափելու ձեր կարմայի այն բաժնեմասերը, որոնք այլ հոգիների հետ անխոհեմաբար կուտակել եք ձեր անցած մարմնավորումների ընթացքում: Ուստի ուշադի՛ր վերաբերվեք ձեր ներկայիս կյանքի հանգամանքներին: Քանզի եթե ձեր շրջապատում տեսնում եք մեկին, ով խանգարում է ձեզ, ապա դա հենց այն անհատն է, որի հետ ունեցած ձեր կարման պետք է բեռնաթափեք առաջնահերթ կերպով: Մի՛ վհատվեք, եթե ձեր ջանքերը դրական արդյունքի չհանգեցնեն: Ուղղակի շարունակե՛ք ձեր ջանքերը, որպեսզի առավելագույնս ներդաշնակեցնեք ձեր փոխհարաբերությունները: Տիեզերական արդարադատությունը կգնահատի ձեր իսկ անիրական մասը հաղթահարելու և նախորդ մարմնավորումների կարման բեռնաթափելու ձեր բոլոր ջանքերը:

Այսօրվա իմ խրատներն այսքանն էին:

 

ԵՍ ԵՄ Մայտրեյան

 

Տատյանա Միկուշինա, 2011 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ     Նախորդ էջ     Հաջորդ էջ