Ուղին ձեր ներսում է

 

Տեր Սուրիա

15 հունիսի, 2011 թիվ

 

ԵՍ ԵՄ Սուրիան՝ կրկին եկածս:

Թելադրությունների ձմեռային շրջանից հետո մեր հանդիպմանը երկար սպասելն այսօր ես կաշխատեմ փոխհատուցել իմ այս ուղերձը տալով, որը լի է Երկրի մարդկության նկատմամբ Սիրով ու հոգածությամբ:

Ինչպես գիտեք, ամառային արևադարձի այս շրջանում ձեզնից յուրաքանչյուրին հնարավորություն է տրվում նամակով դիմելու Կարմայական Վարչությանը: Եվ այսօր հենց այնպիսի օր է, երբ բոլորդ դա կարող եք անել:

Ձեզ հավանաբար թվում է, թե դա ինչ-որ աննշան մի բան է և չի կարող ձեզ համար օգտակար լինել: Սակայն, խնդրու՜մ եմ ձեզ, մի՛ անտեսեք Աստծո կողմից ձեզ տրված այդ հնարավորությունը:

Այսօր ամեն անգամվա պես ես եկել եմ, որպեսզի օգտվեմ ևս մեկ տիեզերական հնարավորությունից և ուղերձ հղեմ: Այս ուղերձով ես ուզում եմ ձեզ որոշակի գիտելիք տալ և ձեզ հասու դարձնել ևս մեկ տիեզերական Օրենքի, որը գործում է համայն տիեզերքում: Մենք արդեն խոսել ենք կարմայի կամ հատուցման Օրենքի մասին: Եվ այն, հիրավի, գլխավոր և անկյունաքարային տեղ է զբաղեցնում համայն տիեզերքում: Բայց կա ևս մեկ կարևոր Օրենք: Դա Բարեգթության և Կարեկցանքի Օրենքն է, որը նույնպես գործում է համայն տիեզերքում: Այդ Օրենքը թույլ է տալիս, որ Մեծ տիեզերական էակներն օգնություն ցուցաբերեն այն կենսահոսքերին, որոնք խճճվել են պատրանքի ցանցում և այլևս ո՛չ իրենց գոյության իմաստն են տեսնում, ո՛չ էլ պատրանքային աշխարհում իրենց դեգերումների նպատակը: Այդ Օրենքը  ինչպես մյուսներին, այնպես էլ ինձ թույլ է տալիս, որ տարեկան երկու անգամ այցի գամ ձեզ և տամ իմ ուղերձները: Ուստի այնժամ, երբ ձեր սրտերը բաց են իմ առջև, և ձեր գիտակցությունը պատրաստ է Ուսմունք ընկալելու, ես կարող եմ գալ և տալ իմ ուղերձը: Իսկ ձեր կողմից Ուսմունքն ընկալելու հաջողության աստիճանն այդ դեպքում ուղիղ համեմատական է լինում ձեր անկեղծությանն ու Ճշմարտությունը ճանաչելու ձեր ձգտմանը:

Այսպիսով, համաձայն Բարեգթության ու Կարեկցանքի Օրենքի՝ ձեզ կարող է օգնություն ցուցաբերվել, և այն մշտապես ցուցաբերվում է: Միակ խոչընդոտը, որը խանգարում է ձեզ, որպեսզի ընդունեք մեր օգնությունը, ձեր գիտակցությունն է: Եվ եթե ձեր էության մեջ բավականաչափ հավատ, սեր և անկեղծություն չկա, ապա մեր ամբողջ բարի մտադրությունն ու հոգածությունը կբախվեն ձեր անհասկացողության սառույցին և մյուս խոչընդոտներին, որոնք առկա են ձեր գիտակցության մեջ:

Ես շատ լավ հասկանում եմ, որ ժամանակակից մարդկության կենսաոճն ու մոլորակի վրա եղած գոյատևման պայմաններն այնպիսին են, որ շատ փոքր է հավանականությունն այն բանի, որ մարմնավորված մարդկանցից որևէ մեկն այնքան վեր կհանի իր գիտակցությունը,  որ կկարողանա հաղթահարել պատրանքային ուժերի ձգողականությունը և իր գիտակցությունը կհասնի Աստվածային իրականության ճանաչման մակարդակին: Սակայն ես պնդում եմ, որ այնուամենայնիվ կա՛ հավանականություն թեկուզ մեկ կյանքի ընթացքում գիտակցությունը հասցնելու այնպիսի մակարդակի, որից հետո ֆիզիկական ոլորտում հետագա մարմնավորումների կարիք այլևս չզգացվի:

Եվ այսօր ես ձեզ հանձնարարական կտամ, թե ինչես հասնեք դրան: Հարկավոր է, որ ձեր ամբողջ կյանքը՝ Երկրի վրա գտնվելու ձեր ամեն մի վայրկյանն, օգտագործեք միայն այն բանի համար, որ կենտրոնանաք Բարձրագույնի վրա: Ամեն օր դուք ձեր բոլոր մտքերն ու զգացմունքները պետք է նվիրաբերեք Աստծո գործերին: Դուք պետք է մշտապես հոգ տանեք, որ ոչ մի հետին միտք ու ցանկություն մի վայրկյան անգամ չտիրի ձեր գիտակցությանը: Պետք է ամրոց կառուցեք ձեր շուրջը, որպեսզի անմատչելի դառնաք այն ամբողջ ստորակարգի ու անաստվածայինի նկատմամբ, որը գոյություն ունի ձեր աշխարհում, ձեր մոլորակի վրա:

Սա շատ դժվարին խնդիր է, բայց հաղթահարելի է: Կա հավանականություն, որ լարելով ձեր ողջ կամքի ուժը, ձգտումն ու կենտրոնացումը, կկարողանաք ճեղքել ֆիզիկական և աստեղային ցածրագույն շերտերը, նույնիսկ մենտալային շերտերը, և հայտնվել Լույսի եթերային օկտավաներում:

Խիզախե՛ք... Ահա ասում եմ ձեզ, որ միայն ձեզնից է կախված՝ կկարողանա՞ք արդյոք մեկ մարմնավորման ընթացքում հասնել Լույսի եթերային օկտավաներին: Հենց դրա համար ենք մենք այցելում ձեզ, որպեսզի օժանդակենք ձեր ձգտմանը, և նորից ու նորից ձեզ ցույց տանք Ուղին, որով անցյալում ընթացել են մարդկության լավագույն ներկայացուցիչները: Արդեն կա այդ փորձված ճանապարհը, և դրանով դուք կարող եք առաջ շարժվել հենց հիմա...

Եվ որքան էլ ձեզ տարօրինակ թվա, ձեզ պետք չէ որևէ տեղ գնալ, մղվել դեպի ձեզնից դուրս գտնվող որևէ բանի կողմը: Այդ Ուղին ձեր ներսում է: Եվ այնժամ, երբ ձգտում եք ցուցաբերում, հրաժարվում ձեր ներսի ոչ-աստվածային հատկանիշներից և ձեռք բերում Աստվածային հատկանիշներ, առաջ եք ընթանում այդ Ուղով, որը ձեզ հետ է բերում Աստծո մոտ՝ մի աշխարհ, որից դուրս են եկել ձեր հոգիները և այնտեղ էլ պետք է վերադառնան:

Այդ աշխարհի դուռը գտնվում է ձեր էության խորքում: Ուստի աշխարհը փրկելու կարիք չկա, կարիք չկա ման գալու աշխարհե-աշխարհ՝ մարդկության փրկության համադարմանը գտնելու ակնկալությամբ: Վերջին հաշվով դուք կարող եք փրկել միայն ձեզ՝ դառնալով Ուղի, որով կարող է ընթանալ մնացած մարդկությունը:

Յուրաքանչյուր հարյուրամյակում բավական է, որ լինի մեկը, որը հաղթահարի ինքզինք և դեպի Լույսը համբարձելու ծիսակարգով հասնի Լույսի եթերային օկտավաներին, որպեսզի համայն մարդկությունը բավարար էներգետիկական խթան ստանա իր հետագա առաջընթացի համար:

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ դուք գտնում եք Ուղին, ընթանում եք դրանով, և գալիս է մի պահ, երբ հենց ինքներդ եք դառնում այդ Ուղին, որով կարող են ձեզնից հետո ընթանալ հազարավոր ու միլիոնավոր կենդանի էակներ:

Բայց սկզբում՝ ամենասկզբնական փուլում, պետք է դրսևորեք աշակերտի կարգապահություն, մղվածություն, կայունություն և նվիրվածություն:

Եվ միայն դրանից հետո է, որ ձեզ օգնություն և օժանդակություն կցուցաբերվի: Սկզբում դուք դրսևորում եք անհրաժեշտ հատկանիշներ, հետո նոր միայն ստանում օգնություն և օժանդակություն:

Եթե պատրաստ եք և ցուցաբերում եք ձեր պատրաստ լինելը նշանակալի ժամանակահատվածի ընթացքում՝ ամենաքիչը յոթ տարի, ապա ձեզ ցույց է տրվում Ուղին:

Սիրելինե՛րս, պահանջվում է ընդամենը յոթ տարվա մղվածություն, նվիրվածություն ու հնազանդություն: Ձեզ դա շա՞տ է թվում: Բայց ի՞նչ է յոթ տարին այն հազարամյա մարմնավորումների հետ համաեմատած, երբ ձեր հոգին խարխափում էր խավարի մեջ՝ առանց փրկության որևէ հույսի: Ահա դուք հաղորդակցվեցիք մեր թռթռանքին, հարազատություն զգացիք ձեր ներքին էության հետ, և ի՞նչ. հիմա պետք է լքեք մեզ, որպեսզի վազեք ձեր աշխարհի հերթական պատրանքի հետևի՞ց...

Շա՜տ շատերն են հեռանում մեր պատգամած Ուղուց և փնտրում ուրիշ, ավելի դյուրին ճանապարհներ: Երբ ձեր գլխում սկզբում նման միտք է ծագում, այն լինում է հպանցիկ, բայց ձեր ճամփորդության նպատակի վրա կենտրոնացումն արդեն խախտվում է: Հետո ցանկություն է առաջանում պարզապես փորձելու, մի հատ նայելու, աչքի անցկացնելով կարդալու... Եվ ահա դուք ա՛յլ ուղղությամբ եք գնում, իսկ երբ փորձում եք վերադառնալ Ուղուն, արդեն չեք կարողանում այն զանազանել: Եվ շատ ու շատ մարմնավորումներ եք անցկացնում միայն այն բանի համար, որպեսզի նորից գտնեք Ուղին: Ահա ցնծու՜մ է ձեր հոգին. դուք գտել եք այն, ինչը փնտրում էիք շատ ու շատ մարմնավորումների ընթացքում: Բայց անցնում է ընդամենը մի քանի տարի, որոնք չնչին բան են Երկրի վրա մարմնավորվելու միլիոնավոր տարիների հետ համեմատած, և դուք արդեն հիասթափվում եք, կորցնում ոգևորությունը, մղումը և դուրս սահում փորձված Ուղու վրայից:

Մտածե՛ք հապա... ամեն հարյուրամյակում միայն մեկը կարող է նվաճել Աստվածային գիտակցության գագաթը:

Եվ եթե նույնիսկ միայն մեկն է նվաճում գագաթը, մենք պատրաստ ենք լինում հսկայական քանակությամբ անգին Աստվածային էներգիա ծախսել, որպեսզի ցույց տանք Ուղին և այդ մեկին  պահենք Ուղու վրա:

Ուստ ես լիահույս եմ, որ նրանց միջից, ովքեր գտել են այս Ուսմունքը և կարդում են մեր ուղերձները, կգտնվի գոնե մեկը, որը կավարտի իր երկրային ուղին և մյուսներին ցույց կտա Ուղին: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ցույց են տվել Ուղին Բուդդան և Քրիստոսը:

 

ԵՍ ԵՄ Սուրիան:

 

Տատյանա Միկուշինա, 2011 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ