Պահեք ձեր գիտակցությունն այնպիսի մակարդակով, որում այն անխոցելի կլինի պատրանքի հրապուրանքների նկատմամբ

 

Սանատ Կումարա

14 հունիսի, 2011 թիվ

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:

Այս օրով  կրկին ձեզ այցի եմ եկել , որպեսզի խոսեմ կարևորի շուրջ: Այն մասին, թե ինչն է ձեզ հետաքրքրում, և ինչն է, որ ժամանակի ներկա պահին մենք կամենում ենք հասցնել ձեր գիտակցությանը:

Այս նախաբանին կուզենայի ավելացնել նաև, որ ներկա պահին մեզ՝ Համբարձյալ Դասերիս համար ավելի կարևոր խնդիր չկա, քան բազմադարյա քնից արթնացնելն է մարդկության այն լավագույն ներկայացուցիչներին, որոնք այժմ գտնվում են մարմնավորման մեջ: Ես անձնական պատասխանատվություն եմ կրում ձեզնից շատերի համար: Քանզի մեր այն սերտ կապերը, որոնք հեռավոր անցյալին են պատկանում, ինձ պարտավորեցնում են ձեր հոգիներին ցուցաբերելու այն ամբողջ օգնությունը, որը հնարավոր է ցուցաբերել: Եվ առաջին հերթին դա այն օգնությունն է, որը նպատակաուղղված է ձեր հոգիների արթնացմանը:

Երբ ձեր հոգին արթնանում է բարձրագույն իրականության մեջ, դուք նմանվում եք մարդու, որ նոր է քնից զարթնել և պատրաստ է տրվելու Նոր Օրվա հոգսերին: Ձեր գիտակցությունը սկսում է ընկալել Ճշմարտություններ, որոնք դեռևս երեկ հասու չէին իրեն: Քանզի շղարշը բարակում է՝ կարծես կախարդական փայտիկի մի շարժումով:

Հիմա էլ նույնն է կատարվում: Մենք որսում ենք տիեզերական այն պահը, երբ կարող ենք զգուշորեն, թեթևաբար, հազիվ նկատելի հպումներով քնից հանել ձեր հոգիներին:

Անընդմեջ ու անխոնջ մենք արթնություն բերող մեր էներգիաներն առաքում ենք դեպի տարածություն: Այժմ էլ ահա ես կենտրոնացնում եմ իմ էներգիաները նրանց համար, ովքեր պատրաստ են արթնացման:

Ձեր ֆիզիկական աշխարհում ձեզ շրջապատող իրականության ողջ բազմազանությունը ձեզնից պահանջում է անընդհատ ուշադրություն և կենտրոնացում: Իմ էներգիաների դեպքում բանն այլ է: Դրանք ստիպում են ձեզ, որ բևեռեք ձեր ուշադրությունը մի աշխարհի վրա, որը մատչելի չէ ձեր ֆիզիկական զգայարանների համար. դուք միայն կռահում եք այդ աշխարհի գոյությունը: Եվ գիտեք, որ վաղ թե ուշ այդ աշխարհը կդառնա ձեզ համար նույնքան ծանոթ, մոտ ու հարազատ, ինչպիսին հիմա ֆիզիկական աշխարհն է:

Սակայն մի՛ շտապեք, որ հնարավորինս շուտ հայտնվեք այդ աշխարհում: Քանզի, որպեսզի գոյատևեք այլ գիտակցության մակարդակով, հարկ կլինի, որ շատ բան սովորեք: Ուստի անարդյունավետ մի՛ վատնեք ձեր մարմնավորման ժամանակը: Ձեռք բերեք այնպիսի որակներ ու հմտություններ, որոնք ձեզ պետք կգան մեր աշխարհում՝ Նոր աշխարհում, ուր անխուսափելիորեն պետք է անցնեք:

Ձեր մարմինները նախապատրաստեք ավելի նուրբ իրականության ընկալմանը: Եվ մշտապես հիշեք, որ հենց որ սկսեք մղվել դեպի ավելի բարձր աշխարհը, ձեր ֆիզիկական իրականությունն ամեն կերպ կփորձի հետ պահել ձեզ: Այդպիսի՛ն է մատերիայի օրենքը: Այդպիսի՛ն է այս տիեզերքի օրենքը: Ողջ այն հինն ու իր դարն ապրածը, որը պետք է իր տեղը զիջի նորին, դիմադրություն է ցուցաբերում: Եվ մատերիայի այդ դիմադրությունը գնալով ուժեղանում է, հենց որ թևակոխում են Նոր Ժամանակները: Դուք դա զգում եք ձեզ վրա, ձեր շրջապատի վրա: Երբեմն թվում է, թե իրավիճակը հասել է անհեթեթության աստիճանի, և բոլորի համար պարզ է դարձել, որ այլևս այդպես չի կարող շարունակվել: Էվոլյուցիոն զարգացման ուղու վրա չի՛ կարող փակուղի լինել: Անպայման պետք է ելք գտնվի...

Սիրելինե՛րս, բավական է, որ մի փոքր փոխեք ձեր տեսանկյունը, որպեսզի բոլոր բացասական դրսևորումների հետևում, որոնցով լեփ-լեցուն է ձեր աշխարհը, նկատեք Նոր Աշխարհի, նոր գիտակցության ու նոր հարաբերությունների ծիլերը:

Այն ամենն, ինչ անհրաժեշտ է ձեր հետագա զարգացման համար, արդեն գոյություն ունի ձեր աշխարհում: Սակայն պատրանքը, համաձայն անկասելի օրենքի՝ նորանոր պատնեշներ է նետում ձեր Ուղու վրա: Եվ հիմա հիմնական արգելապատնեշը տեղեկատվական այն բազմազանությունն է, որով ողողված են ողջ ինտերնետի տարածքն ու զանգվածային տեղեկատվական միջոցները: Եվ տեղեկատվական այդ ծովում պահանջվում է գտնել Ճշմարտության հատիկները: Այն հատիկները, որոնք ի մի գալով պետք է կազմեն ձեր աշխարհընկալման համակարգը:

Ես շատ լավ եմ հասկանում ձեզ ու ձեր դժվարությունները: Սակայն կա հայտանիշ, որից օգտվելով կարող եք գտնել տեղեկատվական այն հատիկները, որոնք ներկա փուլում անհրաժեշտ են ձեզ: Որպեզի գտնեք դրանք, բոլորովին կարիք չկա, որ փորփրեք այն ամբողջ աղբը, որը սփռված է գրախանութների դարակներում, երկրի ռադիո- և հեռուստատարածքներում, ինտերնետում:

Դուք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեք ձեր ներքին աշխարհին և ձեր ներքին զգացողություններին: Եթե ներքուստ համահունչ եք Աստվածային Ճշմարտության հետ, ապա ձեր հոգում հնչող կամերտոնային ձայնը տարածությունից դեպի ձեզ կքաշի անհրաժեշտ տեղեկատվությունը: Իսկ այն տեղեկատվական սուռոգատները, որոնցով լեցուն է ձեր աշխարհը, չեն գրավի ձեր ուշադրությունը և չեն շեղի ձեզ Ուղուց:

Չկա, սիրելինե՛րս, ավելի կարևոր խնդիր, քան տեղեկատվական աղբից ձերբազատվելն է:

Անզորությունից դրդված՝ մայան նորանոր հրապուրանքներ է ստեղծում ձեզ համար: Եվ հարկ է, որ կարողանաք լավ զանազանել պատրանքի այդ հրապուրանքներն Աստվածային աշխարհի իրական դրսևորումներից:

Զանազանման բանալին այն կլինի, որ համահունչ լինեք մեզ հետ՝ Համբարձյալ Դասերիս և Աստվածային աշխարհի հետ:

Ուստի ձեր գիտակցությունը միշտ պահեք այն մակարդակում, որում այն անխոցելի կլինի պատրանքի ցանկացած հրապուրանքի և Մարայի զորքի նետերի նկատմամբ:

Ձեր գիտակցության հարցը շատ կարևոր է, ուստիև մենք այսքան շատ ուշադրություն ենք հատկացնում ձեր ուսուցմանը:

Աստվածային հնարավորության ճոպանը, որը ձեզ է մեկնվում այս ուղերձների տեսքով, ի վիճակի է ձեզ դուրս հանելու պատրանքի ծովից: Սակայն դուք էլ պետք է սեփական ջանքեր գործադրեք՝ թեկուզև այն բանի համար, որ բռնեք և ամուր պահեք ճոպանի ծայրը ձեր ձեռքերում:

Իսկ եթե շեղվեք և հրապուրվեք հերթական պատրանքով, ապա երկար ժամանակով վտանգի կենթարկեք Ուղով ձեր առաջընթացը կամ էլ բոլորովին կկորչեք պատրանքային աշխարհում: Ուստի պահպանեք ձեր նկրտումը և ձեր գիտակցությունը մշտապես կենտրոնացրեք լավագույն, Աստվածային նմուշօրինակների վրա:

Ուզում եմ նաև զգուշացնել, որ զանգվածային տեղեկատվության միջոցները ձեզ հատկապես այնպիսի նյութ են մատուցում, որ ձեզ զրկեն երկար ժամանակով մի առարկայի վրա ուշադրությունը կենտրոնացնելու հնարավորությունից: Իսկ առանց կենտրոնանալու հմտության, ներկա պատմական պահին, ձեզ համար անհնարին կլինի պատրանքի դիմադրության հաղթահարումը:

Ես այսօր եկա, որպեսզի խրատեմ ձեր հոգիներին, որոնք կապված են ինձ հետ կարմայական կապով: Եվ ես անձնական պատասխանատվություն եմ կրում, որ պատրանքի գերությունից ձեզ դուրս հանեմ դեպի տիեզերական լայնարձակություն:

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ

 

Տատյանա Միկուշինա, 2011 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ       Հաջորդ էջ