Ես մաղթում եմ, որ հաջողությամբ դիմանաք ձեր բոլոր փորձություններին

 

Տեր Մայտրեյա

31 դեկտեմբերի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Մայտրեյան: Դուք՝ ձեզնից շատերը, սպասում էիք ինձ: Շարունակում եք սպասել ինձ՝ ապագա Բուդդային, ով կանխորոշված է Երկրի ժողովուրդների համար:

Ես ինքս մարդկությանն իմ գալստյանն եմ նախապատրաստում: Ինքս եմ զբաղվում նրանցով, ովքեր պատրաստ են անցնելու Գաղտնի Ծեսերի իմ Դպրոցը:

Ձեզնից շատերն արդեն ստացել են իմ հրավերը: Շատերիդ իմ օրհնանքն եմ տվել այս դեսպանորդի միջոցով: Եվ իմ ալմաստե ճառագայթն արդեն պատրաստ է եղել արթնացնելու ձեր Աստվածայնությունը:

Իմ ղեկավարությամբ ձեռնադրումներ անցնելու որոշում ընդունածներից մի քանիսը միայն խիզախեցին անելու առաջին քայլերը:

Սակայն ոչ ոք ավելի առաջ չգնաց: Երկիր մոլորակի վրա ներկայումս մարմնավորված մարդկության համար թեստերը չափազանց դժվարանցանելի եղան:

Ես եկել եմ ձեզ ասելու, որ նույնիսկ այն պարագայում, որ ի սկզբանե վստահ չէինք, թե ներկայիս մարդկությունն ունակ կլինի ընթանալու արագացված էվոլյուցիայի ուղով՝ Ձեռնադրումների Ուղով, մենք կանգնեցինք հուսալքության առջև:

Մայայի ձգողությունը ձեզ համար ավելի ուժեղ դուրս եկավ, քան Համբարձյալ Դասերի կանչը: Մենք դեռ երբեք այսքան լայնամասշտաբ փորձի չէինք դիմել, որ միանգամից հազարավոր մարդկանց հնարավորություն ընձեռենք հպվելու հավերժական Ճշմարտություններին և մեր ուղերձների շնորհիվ ակունքից ըմպելու Հավերժական Կյանքի ամրիտան:

Ավա՜ղ, մեր հաշվարկները սխալ դուրս եկան: Քանզի, որքան ավելի մատչելի է գիտելիքը, այնքան այն ավելի էժան է գնահատվում ներկայիս սերնդի կողմից: Եթե մենք գործեինք ավելի փակ, հավանաբար հետաքրքրությունն ավելի մեծ կլիներ: Այնուհանդերձ, մենք մեր նպատակին հասանք: Մենք հնարավորություն ունեցանք զննելու յուրաքանչյուրին, ով առնչվեց մեր ուղերձներին: Հնարավորություն ունեցանք դիտելու ձեր արձագանքը: Եվ այն, ինչ քողարկված էր անթափանց բարեպաշտության ու քաղցր-մեղցր ժպիտի քողով, նուրբ ոլորտում իր ողջ շուքով բացվեց մեր առջև:

Եվ այսպես, համենայն դեպս, ես բավարարված եմ: Իսկ ձեր անհարգալից վերաբերմունքը Վեհապետների նկատմամբ և արհամարհական դատողություններն այն մասին, թե մեր ուղերձներում շարադրված բաները որքանով են համապատասխանում կամ ոչ ճշմարտության ձեր ունեցած պատկերացումներին, մեզ ավելի շատ բան ասացին, քան եթե իրապես ձեր կյանքի մեծ մասն անցկացնեիք Գաղտնի Ծեսերի Դպրոցում:

Ամեն ինչից վեր ես գնահատում եմ նվիրվածությունն ու անկեղծությունը: Նաև՝ այն Հավատն ու Սերը, որ իմ աշակերտները տածում են իմ նկատմամբ: Այդ դեպքում ես կարող եմ նրանց ուշադրություն հատկացնել և նրանց անխոնջ աշխատանքին պարգևել իմ ժպիտը: Եվ իմ իսկական աշակերտներին այդ ժպիտը բավարար կլինի, որպեսզի ոգեշնչվեն և երկար տարիներ աշխատեն նույն ոգևորությամբ:

Ուստի ասված է՝ շատ են կանչվածները, բայց քիչ են ընտրվածները: Եվ ինչպես սերմերի դեպքում է, երբ դրանց մի մասն է միայն նոր կյանքի սկիզբ դառնում, այնպես էլ ներկայումս ապրող մարդկանց մի փոքր մասը միայն կկարողանա շարունակել էվոլյուցիան: Իսկ մեծամասնությունը միրաժը կընտրի՝ շրջանցելով ճշմարիտ աղբյուրը:

Իհարկե, դա միայն ձեր այս կյանքի արդյունքը չի լինի: Հարյուր հազարավոր տարիների ընթացքում՝ դեռևս երրորդ և չորրորդ արմատական ռասաների օրոք, դուք նախապատվությունը տվել եք  ձեր էգոյին:

Ուստի մենք այժմ շատ մարդկանց հոգիներին գործնականում վերջին հնարավորությունն ենք տալիս, որ գոնե հարկ եղած հարգանքով հայացք նետեն մեր կողմը: Ավա՜ղ՝ ոչ...

Անուրախ ուղերձ եմ տալիս ձեզ անցնող տարվա վերջին: Սակայն, ինչպես վստահեցվում է Կարմայական Վարչության կողմից, ամեն ինչ շատ ավելի վատ է...

Մնացել է վերջին հույսը՝ այն մի քանիսը, որոնք մարմնավորման մեջ են և համակշռություն են պահպանում աշխարհի մեղքերի դիմաց:

Օրենքն այնպիսին է, որ անհատականությունը պետք է գտնվի ֆիզիկական ոլորտում, որպեսզի պահպանի աշխարհի կարմայի համակշռությունը:

Իսկ ինչո՞վ կարող է օգնել մնացած մարդկությունը: Կարծում եմ՝ ինչպես միշտ, նրանով, որ հայացքը հառի դեպի Երկինք և ձգտի նոր կարմա չստեղծել:

Ապագայի ռասաների համար պայմանների ստեղծման գործն առայժմ հետաձգվում է: Նախ և առաջ պետք է կարգ ու կանոն հաստատվի նրանց ուղեղներում, ովքեր չափազանց շատ են տարված պատրանքով: Ձեր կողմից ստեղծված կարմայի բոլոր պտուղները պետք է ճաշակեք:

Պատրանքն այս փուլում ավելի զորեղ գտնվեց: Բայց դա ժամանակավոր գերակշռություն է: Բայց, իհարկե, նրանց համար, ովքեր ներկայումս գտնվում են մարմնավորման մեջ, այդ գերակշռությունը կարող է տևել մինչև իրենց ընթացիկ մարմնավորման ավարտը:

Կարող է և դրսևորվել Աստվածային հրաշք, որպեսզի պատրանքը շրջվի մյուս երեսի վրա: Դրա համար անհրաժեշտ է, որ երկրագնդի բնակչության ընդամենը մեկ տոկոսը մղվի դեպի Հավերժական Կյանք և ձերբազատվի շրջապատող պատրանքից:

Համաձայնեք, որ դա լիովին իրագործելի պահանջ է: Սակայն դեռևս չի գտնվել երկրագնդի բնակչության ոչ միայն այդ մեկ տոկոսը, այլ նույնիսկ նրա գոնե մի քանի հազարերորդական տոկոսը, որ ընթանար մեր մատնանշած Ուղով:

Կա դյուրին ճանապարհ, և այն միշտ բաց է: Բավական է միայն, որ դրանով ընթանալու ցանկություն լինի: Կա և ավելի դժվարին ճանապարհը՝ տառապանքների, դժբախտությունների, հիվանդությունների, պատերազմների և արհավիրքների ճանապարհը: Եվ աստղաբաշխական բոլորաշրջանների շրջադարձային պահերին մարդկությունը նախանձելի համառությամբ ընտրում է, ինչպես մենք ենք կարծում, ավելի խրթին ուղին: Ըստ երևույթին, մարդկությունը հեշտ ճանապարհներ չի փնտրում, և նրանք, ովքեր կկարողանան մինչև վերջ դիմանալ բոլոր փորձություններին, կարծում եմ, որ իրենց նվաճումների աստիճանով կգերազանցեն ինձ:

Ուստի ես մաղթում եմ, որ հաջողությամբ դիմանաք ձեր բոլոր փորձություններին և հնարավորինս ավելի շուտ հաղթահարեք ձեր անգիտությունը, կրքերն ու ցանկությունները...

 

ԵՍ ԵՄ Մայտրեյան

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ     Նախորդ էջ     Հաջորդ էջ