Աստվածային գիտությունը բոլոր գիտություններից ամենաբարդն է

 

Մեծն Աստվածային Ուղղորդիչ

30 դեկտեմբերի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Մեծն Աստվածային Ուղղորդիչը: Դուք ինձ գիտեք որպես Կարմայական Վարչության անդամի և Սեն-Ժերմենի Ուսուցչի:

Ես ոչ միշտ եմ ձգտում բեմ ելնել հանդիսատեսների առջև և սովորաբար ուղղորդում եմ հասարակության հոգևոր զարգացումը՝ կարծես կուլիսների հետևից:

Ուստի այս օրն իմ կանոններից բացառություն անելու երջանիկ դեպքերից մեկն է: Ես եկել եմ, որպեսզի գործնականում տամ տարվա ավարտական ուղերձը: Կարմայական Վարչության նիստը մոտեցել է իր ավարտին, և հիմնականում բոլոր այն հարցերը, որոնք հրատապ լուծում էին պահանջում, արդեն քննարկված են:

Ուստիև ես մի փոքր ժամանակ ունեցա, որպեսզի դուրս գամ կուլիսների հետևից: Չեմ կարծում, թե նրանցից շատերն, ովքեր կարդում են այս ուղերձը, հավուր պատշաճի կգնահատեն իմ այս քայլը: Քանզի ինչպես այս, այնպես էլ այս շրջանի համարյա բոլոր ուղերձները նախատեսված են նրանց համար, ովքեր ամուր կանգնած են Ուղու վրա և զգում են միայն ոչ մեծ օժանդակության ու ճշգրտման կարիք: Իսկ այն շատերն, ովքեր փնտրում են սենսացիաներ կամ ինչ-որ նորություններ, ուղղակի հիասթափություն կապրեն:

Մենք անցում ենք կատարում ավելի նուրբ իրականության: Եվ խոսում ենք նրանց համար, ովքեր ունակ են մեզ ընկալելու: Իսկ մյուսներին հնարավորություն է թողնված, որ ուսումնասիրեն մեր նախորդ ուղերձները: Միայն հաշվի առեք, որ եթե առաջվա պես շարունակեք դեսուդեն վազվզել, որպեսզի ոչ մի նորություն բաց չթողնեք, որոնք կան ինտերնետում  և գրադարակների վրա, ապա ավելի լավ կլինի, որ չկարդաք մեր ուղերձները, քանի որ իզուր ժամանակ կվատնեք:

Մենք մեր ուղերձներն այնպես ենք կազմել, որպեսզի մարդ աստիճանաբար մուտք գործի մեր աշխարհ՝ որոշումներ կայացնելու պարագայում ավելի ու ավելի շատ հիմնվելով իրականության ներքին ընկալման, քան արտաքին կողմի վրա: Իսկ դա հնարավոր է միայն այնժամ, երբ լրջորեն որոշել եք իրապես ընթանալ մեր մատնանշած Ուղով:

Իսկ եթե առաջվա պես իրար խառնեք տարբեր աղբյուրներ ու տարբեր հոգևոր ուղղություններ, ապա մեր ուղերձները ձեզ վրա հակառակ ազդեցությունը կունենան: Դուք ոչ թե կմերձենաք ֆիզիկական աշխարհի Ձեր հոգևոր ճամփորդության նպատակակետին, այլ կհեռանաք դրանից:

Եվ դա լիովին բացատրելի է նույնիսկ ֆիզիկական տեսակետից: Երբ ինքներդ ձեզ ենթարկում եք տարբեր էներգիաների ազդեցությանը՝ առանց ձեզ հաշիվ տալու այն մասին, թե ձեր նուրբ մարմինների վրա ինչպիսի ազդեցություն է գործում այդ էներգիաներից յուրաքանչյուրը, ապա ստիպված եք լինում մշտապես գտնվելու ագրեսիվ միջավայրի ազդեցության տակ: Այդ էներգիաները ձեր էությունը կքաշքշեն տարբեր կողմեր, և, փոխանակ առաջ ընթանալու, դուք կամ տեղում գամված կմնաք, կամ կսողաք դեպի ետ: Որպեսզի առաջ ընթանաք, դուք պետք է ընտրեք Ուղին և սկսեք շարժվել դրանով: Բայց եթե Ուղու որոշակի կետում հանկարծ որոշեք, թե գուցե ավելի լավ կլիներ եթե ընթանայիք մի այլ երթուղով, ապա ինքնաբերաբար կվերադառնաք ձեր Ուղու սկզբնակետին:

Հենց այդպես է վարվում մեր ուղերձները կարդացող մարդկանց մեծամասնությունը: Սկզբում նրանք առույգորեն երթի են ելնում մեր առաջնորդությամբ, բայց հետո ծանոթներից որևէ մեկն այլ աղբյուր է առաջարկում, և նրանք սկսում են շարժվել երբեմն լրիվ հակառակ ուղղությամբ:

Եթե դուք Աստվածային աղբյուր եք գտել, և ձեր Բարձրագույն Ես-ն այն ճշմարտացի է համարում, ապա էլ ինչու՞ եք կասկածելի աղբյուրի ազդանշանով պոկվում և վազում հակառակ ուղղությամբ:

Ուսմունքի խորքը հասանելի է դառնում կյանքի փորձություններով և այդ փորձություններով անցնելու ընթացքում ստացված գիտելիքները կիրառելով: Հավատացե՛ք ինձ, եթե ընթանում եք մեր մատնանշած ուղղությամբ, ապա ձեր առջև բացահայտվում են պատրանքի ավելի ու ավելի նուրբ եզրաշերտեր, և դուք սովորում եք հաղթահարել ներքին ու արտաքին խոչընդոտները, որոնց առկայության մասին նույնիսկ գլխի չէիք ընկնում Ուղու սկզբնամասում:

Իսկ նրանք, ովքեր այս ու այն կողմ են նետվում, ոչ միայն Ուղով առաջ չեն ընթանում, այլ նաև անմիջական վնաս են հասցնում իրենց հոգուն, քանի որ, չունենալով զանազանման նրբին փորձառություն, ենթարկվում են բազմաթիվ բացասական ազդեցությունների, որոնք կարող են քայքայել ինչպես նուրբ մարմինները, այնպես էլ հենց հոգին:

Նորից կրկնում եմ, որ Աստվածային գիտությունը բոլոր գիտություններից ամենաբարդն է, և դրա մակերեսային ուսումնասիրությունը որևէ արդյունքի չի հանգեցնի: Ուստիև ես եկել և տալիս եմ իմ այս ուղերձը: Իմ հիմնական պարտականությունն է՝ ճիշտ ուղղություն մատնանշել ժամանակի ցանկացած ընթացիկ պահի:

Իսկ այժմ, քանի որ մեր զրույցը մոտենում է իր ավարտին, կուզենայի զգուշացնել, որ մարդկությունն իր ամբողջության մեջ ընթանում է սխալ ճանապարհով: Ճշմարիտ Ուղին նշված է: Նշված է ոչ միայն այս ուղերձներում, այլ նաև անցյալի մեր շատ դեսպանորդների միջոցով: Եվ այդ Ուղին հոգևոր զարգացման Ուղին է:

Եվ եթե սրանից վեց տարի առաջ գտնվեին մարդիկ, որոնք պարզապես ի կատար ածեին մեր ուղերձներում առկա ցուցումները, ապա այժմ մենք ամուր հիմք կունենայինք, որի վրա կամրապնդեինք հասարակության զարգացման նոր սկզբունքները: Իսկ այժմ հասարակությունը երես է թեքել մեր հանձնարարականներից, ուստիև մենք ձեզ իրավունք ենք վերապահում ընթանալու ձեր իսկ ընտրած ուղով, որը ոչ մի տեղ չի տանում: Ցավոք, տիեզերքի ոչ մի բարձրագույն խորհուրդ կամ կարմայական վարչություն չի կարող ձեզ արգելել, որ շարժվեք ձեր ազատ կամքով:

Մենք կարող ենք միայն մի կողմ քաշվել ու դիտել՝ պարբերաբար ձեզ հիշեցնելով Կարմայի Օրենքի և դրա գործողության սկզբունքների մասին:

Մենք բազմահազարամյա աշխատանքի փորձ ունենք Երկրի մարդկության հետ և բազմադարյա փորձառություն, որպեսզի համակշռություն պահպանենք այն եզրագծի վրա, որի վրա  մարդկությունը գերադասում է հայտնվել:

Դուք ունե՜ք մտորելու բան, երբ ամփոփելիս կլինեք տարվա արդյունքները:

 

ԵՍ ԵՄ Մեծն Աստվածային Ուղղորդիչը

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ