Ավարտվող տարվա որոշ ամփոփումներ

 

Սերապիս Բեյ

29 դեկտեմբերի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Սերապիս Բեյը:

Օրը, որում ձեզ այցի եմ եկել, անցնող տարվա վերջին օրերից մեկն է: Ուստի բնական կլիներ անցնող տարվա որոշ արդյունքներ ամփոփելը:

Թեև մեզ համար Նոր տարին այն տոներից չէ, որ մենք նշում ենք, այնուհանդերձ ներկայումս Կարմայական Վարչության նիստն ընթացքի մեջ է. ամփոփվում են արդյունքները և պլաններ են կազմվում հաջորդ կիսամյակի համար: Ինչու՞ մենք էլ ձեզ հետ միասին չզբաղվենք այդ գործով՝ թեկուզ արդյունքների ամփոփման մասով:

Եվ այսպես, ինչո՞վ առանձնացավ ընթացիկ տարին, որն արժե հիշատակել ու նշել: Ցավոք, ուրախալի իրողություններ այնքան էլ շատ չեղան: Իսկ անուրախ իրողություններից ես կուզենայի հիշատակել այն, որ երկիրը, որտեղ հանգրվանել է մեր դեսպանորդը, չկարողացավ անցնել հոգևոր առաջատար դառնալու իր թեստը:

Հավանաբար իմ այս պնդումը շատերի համար նորություն չէ: Ինտուիտիվ կերպով դուք ինքներդ էլ վաղուց զգացել եք, որ արդյունքը հենց այդպիսին է: Ուստի ինձ մնում է միայն հաստատագրել այդ փաստը:

Այնուամենայնիվ՝ ի՞նչ է լինելու հետո... Չէ՞-որ ամեն ինչ չի կարող ավարտված համարվել միայն այն պատճառով, որ մարմնավորման մեջ գտնվող որոշ անհատներ չկարողացան կամ չկամեցան իրագործել իրենց առաքելությունը:

Իրոք՝ կյանքը կշարունակվի, բայց այն դժվարությունները, որոնց հետ մոտակա ժամանակներում կբախվի մարդկությունը, ցույց կտան, որ որոշակի քանակությամբ անհատների նախընտրանքն էվոլյուցիոն զարգացման կողմը չի եղել: Եվ այսպես, ամեն ինչ կատարված է. ընտրությունն արված է: Եվ հիմա մնում է նվազագույնի հասցնել այն հետևանքները, որոնք կթափվեն մարդկության գլխին:

Ի՞նչ պետք է անել դրա համար: Աշխատել սեփական անձի վրա: Դուք հավանաբար նկատել եք, որ բոլոր լավագույն մարդկային հատկանիշները ներսից են բխում՝ Սեր, Բարեգթություն, Կարեկցանք, հոգածություն մերձավորների նկատմամբ, Բերկրանք: Բոլոր այդ հատկանիշները ձեր սրտերից են բխում: Ուստի բնական կլիներ, որ հաղթահարվեին այն ներքին արգելապատնեշները, որոնք խանգարում են ձեր ներսի Աստվածային հատկանիշների դրսևորմանը:

Ցավոք, աշխարհի իրավիճակն այնպիսին է, որ լավագույն Աստվածային հատկանիշների դրսևորումը շրջապատի մարդկանց մոտ զգուշավորություն է առաջացնում: Այսպիսի փորձ կատարեք. ոգեկոչվեք աղոթքների ընթերցումով, հոգևոր գործառություն զբաղվեք, որից հետո դուրս եկեք փողոց և արտահայտեք ձեր լավագույն զգացմունքները ձեր հարևանների, աշխատակիցների կամ պարզապես անծանոթ մարդկանց ներկայությամբ: Կարծում եմ՝ կարելի է գուշակել նման փորձի արդյունքը. ամենից առաջ ձեզ անհամարժեք մարդու տեղ կդնեն կամ՝ մի մարդու տեղ, որին ինչ-որ բան է պետք շրջապատի մարդկանցից: Հնարավոր է նաև, որ ձեզ մեղադրեն չարանենգ մտադրություններ ունենալու մեջ:

Զարմանալիորեն հասարակությունն ամեն ինչ գլխիվայր է շուռ տվել: Լավագույն մարդկային հատկանիշները զգուշավորություն են հարուցում, իսկ կոպտությունն ու մռայլությունն ամենասովորական ատրիբուտներ են դարձել:

Շա՜տ զարմանալի է... Եվ, իհարկե, նման իրավիճակում շատ դժվար է ներքին անդորրն ու ներդաշնակությունը պահպանելը: Հարկ է լինում հարմարվելու շրջապատի հետ, որպեսզի ավելորդ ուշադրություն չհարուցվի: Սակայն դուք չե՜ք կարող թաքցնել ձեր թրթիռները: Ձեր ամեն մի բջիջը թրթռում է Աստվածային հաճախականությամբ: Եվ եթե նույնիսկ դաժան ու մռայլ տեսք ընդունեք, ապա դա էլ չի օգնի: Ձեզ անհապաղ կդնեն մի մարդու տեղ, որն այս աշխարհից չէ:

Իսկ ո՞րն է ելքը: Այն նույնն է, ինչ միշտ է եղել՝ անկախ ամեն ինչից միաբանվել և Լույս ճառագել: Մի՛ վախեցեք տարօրինակ, անսովոր և ոչ այս աշխարհի մարդ երևալուց:

Ավելի խիստ ժամանակներ են մոտենում: Եվ ընդամենը մի քանի տասնյակ մարդկանց սխալ նախընտրանքների պատճառով ամբողջ մարդկությունն ստիպված կլինի ընթանալու ոչ ամենալավագույն ճանապարհով:

Դրանում է և այն գաղտնիքի բացատրությունը, թե ինչու մենք նորից սկսեցինք թելադրություններ տալ մեր դեսպանորդի միջոցով: Քանի դեռ մարմնավորված լուսակիրներ կան, մենք նրանց կցուցաբերենք հնարավոր ամբողջ օգնությունը, այդ թվում նաև՝ մեր ուղերձային հոգևոր օժանդակությունը:

Մարմնավորվածների մեջ կան նաև այնպիսինները, որոնք չեն էլ կասկածում, որ իրենք լուսակիրներ են: Նրանք պարզապես բարիք են գործում՝ առանց պարգևներ ակնկալելու: Պարզապես բարի գործեր են անում, և իրենց մտքով անգամ չի անցնում, որ իրենց արածն արժանի է համընդհանուր ուշադրության:

Բայց կան և այնպիսինները, որոնք անզսպորեն իրենք իրենց լուսակիր են հռչակում և ի լուր աշխարհի բարձրաձայնում իրենց պատկանելիությունը Լույսի Հիերարխիային: Սակայն հիմնականում դրանք հենց այն մարդիկ են, որ պատկանում են մեզ հակադիր ուժերին: Հոգևոր նվաճումներ ունեցող իսկական լուսակիրներն աչքի են ընկնում իրենց համեստությամբ: Եվ որքան մեծ են մարդու հոգևոր նվաճումները, այնքան նա ավելի քիչ է խոսում իր մասին: Քանի որ հասկանում է, որ իր նվաճումներն անհամեմատ փոքր են այն նվաճումներից, որ ունեն Համբարձյալ Վեհապետները՝ Ուղու իր ավագ եղբայրներն ու քույրերը:

Վրա է հասնում այն ժամանակը, երբ կվիճակվի բարի գործերը գաղտնի անել՝ ինքն իրեն չբացահայտելու նկատառումով: Եվ դրան ենք մենք նախապատրաստել մեր աշակերտներին նախքան իրենց մարմնավորվելը: Հասարակությունը պետք է կուշտուկուռ հագենա ցածրակարգ ու անտաղանդ նմուշօրինակներով, որից որոշ ժամանակ հետո, ճոճանակի օրենքով, մարդիկ նորից շուռ կգան դեպի լուսավոր ու հրաշակերպ նմուշօրինակները:

Այժմ ճոճանակը թեքվել է դեպի ոչ Աստվածային նմուշօրինակների կողմը: Սակայն դուք պետք է հասկանաք, որ դա ժամանակավոր երևույթ է, և որ Համբարձյալ Դասերը ոչ մի պարագայում ձեզ չեն լքի:

Հարկավոր է դիմանալ: Եվ դրա համար հարկ կլինի, որ լարեք ձեր բոլոր ուժերը:

Ես տարեվերջին եկա ոչ այնքան ուրախ ուղերձով: Բայց Աստվածային հնարավորության ճոպան թողեցի նրանց համար, ովքեր կուզենան մոտակա ժամանակներում դրանից օգտվել:

 

ԵՍ ԵՄ Սերապիս Բեյը

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ