Այսօրվա զրույցը կպարզաբանի Ուղու վրա կրած ձեր ձախորդությունների պատճառը

 

Վեհապետ Կութհումի

28 դեկտեմբերի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Կութհումին, կրկին եկել եմ, որպեսզի զրույց վարեմ:

Հավանաբար ձեզ համար օգտակար կլինի այն, ինչի մասին ուզում եմ ձեզ իրազեկ դարձնել: Համենայն դեպս՝ օգտակար կլինի ձեր հոգիների համար:

Ինչպես բազմիցս նշել ենք մեր ուղերձներում, ամեն մարդ իր ներսում ունի մի բան, որը, հիրավի, իսկական գանձ է: Այդ գանձը մարմնավորումից մարմնավորում կարող է աճել կամ էլ բոլորովին անհետանալ՝ նման այն բանին, որ ձեզ թալանել են: Դա իրոք լիակատար համանմանություն է: Միայն այն տարբերությամբ, որ ինքնե՛րդ եք ձեզ թալանողը:

Երևի, ես հանելուկներով եմ խոսում, և իմ նախորդ արտահայտությունները գաղտնազերծման կարիք ունեն: Ինչպես պետք է որ յուրացրած լինեիք մեր նախորդ զրույցներից, մարդն ունի անմահ մաս և անցողիկ մաս: Եվ բազում մարմնավորումների փայլուն փորձը գանձի պես կուտակվում է Երկնքի ձեր կաուզալ մարմնում՝ ձեր իսկ անմահ մասում:

Սակայն երբ մարդը մարմնավորումից մարմնավորում վատնում է բյուրեղյա լարով իրեն հասնող Աստվածային էներգիան՝ ոչ թե Աստծո գործերի համար, այլ կյանքից հաճույքներ ստանալու և իր էգոյի քմայքները բավարարելու համար, ապա գանձը չի կուտակվում: Փաստորեն տեղի է ունենում ինքնաթալանում:

Մարմնավորման մեջ գտնվող յուրաքանչյուր մարդու տրվում է որոշակի քանակությամբ էներգիա: Դուք ինքնե՛րդ եք տնօրինում այդ էներգիան: Այդ պատճառով, տիեզերական բոլորաշրջանների ավարտին ոչ մի Ահեղ Դատաստան փաստորեն գոյություն չունի: Պարզապես, այն մարդիկ, ովքեր Աստվածային տեսակետից սխալ են ծախսում Աստծո կողմից իրենց հատկացված էներգիան, այլևս չեն կարողանում շարունակել իրենց գոյությունը, որովհետև ոչինչ մնացած չի լինում, որպեսզի էվոլյուցիա ապրի:

Ահա սա է այն Ուսմունքը, որի հիմնական էությունը մենք փորձում ենք հասցնել մարդկային անհատների գիտակցությանը:

Եվ ամեն անգամ, կարդալով Ուսմունքի տողերը, մարդը կարծես ընդունում է դրանք, բայց հաջորդ պահին արդեն վազում է հերթական հաճույքի կամ ցանկությանը հագուրդ տալու հետևից:

Ահա այդ գործողությունների անհետևողականությունն ու մոռացկոտությունն են մեզ ստիպում, որ բազմիցս կրկնենք միևնույն ճշմարտությունները:

Եվ առաջին հայացքից թվում է, թե մենք անիմաստ գործով ենք զբաղվում: Սակայն եթե նույնիսկ մեր հերթական զրույցի ընթացքում գոնե մեկ մարդ արթնանա և ողջ խորությամբ գիտակցի ճշմարտությունը, ապա ուղերձներ փոխանցելու համար հատկացված էներգիան իզուր ծախսած չենք լինի:

Էվոլյուցիայի ուղով ընթանալուն զուգընթաց՝ պատրանքի շղարշն ավելի ու ավելի է բարակում, և շատ բաներ, որոնք անցյալ դարերում չէին երևում, այժմ սկսում են դրսևորվել: Նաև, Ուղով առաջանալուն զուգընթաց, աշակերտները բախվում են պատրանքի ավելի ու ավելի նուրբ դրսևորումների հետ՝ ինչպես հենց իրենց ներսում, այնպես էլ դրսում:

Ի՞նչ իմաստ ունի որոշ մարդկանց կողմից արված այն բացահայտումը, որ նույնիսկ Եղբայրության համար աշխատելով և Եղբայրության հանձնարարությունները կատարելով էլ է հնարավոր կարմա կուտակել:

Շատերի տեսակետից այդ պնդումը կարող է անհեթեթ թվալ: Բայց եկեք այդ գլուխկոտրուկը քննարկենք կոնկրետ օրինակով:

Ասենք, մարդը հանձն է առնում որոշակի աշխատանք կատարել Եղբայրության համար՝ տարածել գրքեր, դասախոսություններ կարդալ, ուղերձները թարգմանել այլ լեզվի և այլն: Եվ նա տարիներով կատարում է այդ աշխատանքը: Թվում է, թե այդ դեպքում Կարմայի Օրենքը պետք է բավարարվի, և մարդու ծառայության դիմաց աճի նրա կաուզալ մարմինը:

Սակայն, 90 տոկոսից ավելի դեպքերում, կաուզալ մարմնի աճի փոխարեն կարմա է կուտակվում:

Կարծում եմ, որ ընթերցողներից շատերը, հասնելով այս հատվածին, կմտածեն, որ տեքստում ինչ-որ բան խառնշտորված է:

Ոչինչ խառնշտորված չէ: Պարզապես մեր սաներից ոմանք որոշակի պարտավորություններ են վերցնում և մտածում, թե այդ պարտավորությունները կյանքում իրենց համար պարգևի պես կլինեն, և դա լրիվ հերիք է, որպեսզի բավարարվի Կարմայի Օրենքը: Սակայն աշխատանքի կատարումը, նույնիսկ՝ Եղբայրության համար, ինքնին նվաճում չէ, այլ նվաճում է աշխատանքի կատարման որակը: Դուք պետք է Եղբայրության գործերը կատարեք այնպես, որ մոռանաք ինքներդ ձեզ, մոռանաք աշխարհում ամեն ինչի մասին, քանի դեռ այդ գործերն ավարտին չեք հասցրել ամենալավագույն ձևով: Դուք նաև չեք կարող Եղբայրության գործերն անել չափավորված ու պլանավորված ձևով, ինչպես կատարում եք ֆիզիկական աշխարհի ցանկացած այլ գործ: Քանզի եթե ձեր ջանքերի գործադրումը չունենա հարկ եղած ուղղվածությունն ու անհրաժեշտ գիտակցության որակը, ապա գործի արդյունքը ֆիզիկական ոլորտում կդրսևորվի փտած պտղի տեսքով:

Եվ հաճախ ձեզ համար ավելի լավ կլինի, որ չանեք Եղբայրության գործերը, քան անեք դրանք ոչ հարկ եղած գիտակցության վիճակով ու անբավարար ջանասիրությամբ:

Հնարավոր է, որ դեռ պետք է վերադառնաք աղոթքային գործառությանն ու ինքներդ ձեզ վրա աշխատելուն, որպեսզի վերացնեք ձեր թերություններն ու հոգեբանական խնդիրները: Քանզի, որպեսզի կատարեք Եղբայրության գործերը, անհրաժեշտ է, որ նախորդ կյանքերում ունեցած լինեք հոգևոր ձեռքբերումներ: Անցյալի մեծագույն սրբերի՛ց կարող են ստացվել Եղբայրության այնպիսի աշխատակիցներ, որոնք ի վիճակի են ֆիզիկական ոլորտում ի կատար ածելու Եղբայրության գործերը: Եվ չափազանց հազվադեպ է լինում, որ միայն մեկ մարմնավորման ընթացքում ձեզ հաջողվի Աստծուց հնարավորություն կորզել Եղբայրության գործերն անելու համար:

Իսկ ձեզ մոտ այնպես է ստացվում, որ ինչքան փոքր են հոգևոր նվաճումներն ու մեծ է էգոն, այնքան ավելի փութկոտ եք ձեռնամուխ լինում Եղբայրության գործերն անելուն: Այստեղից էլ ծագում են փոխադարձ մեղադրանքներն ու անբավարարվածությունը: Դուք պետք է քաջ գիտակցե՛ք ձեր զարգացման մակարդակը: Պետք է սրտի թրթիռո՛վ մոտենաք Սպասավորման այն ամենաանշան հնարավորությանը, որ ձեզ ընձեռում են Վեհապետները:

Ես իրապես անհարմար եմ զգում, որ ստիպված եմ ձեզ բացատրելու այնպիսի հասարակ ճշմարտություններ, որոնք չափազանց լավ հայտնի են արևելքում, սակայն արևմտյան մարդու գիտակցությունը դժվարությամբ է դրանք ընկալում:

Հուսով եմ, որ այսօրվա զրույցը ձեզ կբացատրի Ուղու վրա ունեցած ձեր անհաջողությունների պատճառը և կստիպի, որ զբաղեցնեք հերթում ձեզ արժանի տեղը, որպեսզի իրավունք ձեռք բերեք Եղբայրության աշխատակիցը դառնալու համար:

Մեր աշխատակիցների համար մենք բացում ենք Երկինք տանող ամենակարճ ճանապարհը, բայց համաձայնեք, որ փոխարենն ինչ-որ բան պետք է զոհաբերեք: Եվ դա, իհարկե, ձեր էգոն է՝ ձեր կապվածությունները, սովորությունները, սիրած զվարճություններն ու այն հոգեբանական խնդիրները, որոնք ձեր հետևից քարշ եք տալիս հեռավոր անցյալից:

Սակայն բնույթով ես լավատես եմ: Եվ հուսով եմ, որ, եթե ոչ այս տասնամյակում, ապա, հնարավոր է՝ հաջորդում, մեր ուղերձները ձեզ վրա այն ազդեցությունը կունենան, որոնք մենք ակնկալում էինք:

 

ԵՍ ԵՄ Կութհումին՝ միշտ հույսով:

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ