Նոր գիտակցությունն աճի հնարավորություն կտա նոր հասարակությանը

 

Վեհապետ Նիկոլայ Ռերիխ

26 դեկտեմբերի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Նիկոլայ Ռերիխը:

Անցած իմ գալստյան ժամանակ ես խոսեցի Ռուսաստանի իրավիճակի մասին: Խոսեցի այն մասին, թե ինչն է ինձ անհանգստացնում:

Այսօր նույնպես ես փորձ կձեռնարկեմ իմ խոսքը հասցնելու ձեր սրտերին: Նրանց սրտերին, ովքեր այժմ գտնվում են մարմնավորման մեջ: Եվ նախ և առաջ նրանց սրտերին, ովքեր ապրում են Ռուսաստանում:

Շատ քիչ են իրոք նվիրվածներն ու անկեղծները: Եվ շատ են այնպիսինները, որոնք ուզում են օգուտ քաղել ամեն ինչից, այդ թվում նաև՝ ինչպես երիտասարդության, այնպես էլ միջին սերնդի հոգևոր փնտրտուքի ձգտումներից:

Ես ունեմ ձեզ նախազգուշացնելու բան, և կա այն, որից կուզենայի ձեզ ետ պահել: Մշտապես այնտեղ, որտեղ Լույսն է, ագռավների երամ է հավաքվում, որպեսզի հագենա Գառան արյունով:

Ուստի զգոնությունն ու զգուշությունը մշտապես պետք է ուղեկցեն ձեզ:

Մարդկային ամբոխներ են կուտակվում: Մտածե՛ք՝ արժե՞, որ այդ կողմ գնաք:

Ժամանակներն այնպիսին են, որ յուրաքանչյուր պահի կարելի է պայթյունի սպասել: Եվ մի կա՛յծն իսկ բավարար է, որպեսզի պայթի պայթուցիկ նյութերով լի պահեստը:

Այժմ, քան երբևէ՝ զգոնություն ու զգուշություն է անհրաժեշտ: Ամեն մի ճշմարիտ լուսակրի հազարներ են բաժին ընկնում, որոնք ուզում են Լույս փախցնել և դրանից օգուտ քաղել:

Դաժա՜ն ժամանակներ են: Վտանգավո՜ր ժամանակներ: Վտանգավոր՝ ոչ նրանով, որ չեք ձգի մինչև Լույսի Ուժերի Հաղթանակը, այլ նրանով, որ չեք կարողանա փրկել ձեր հոգին:

Շատ պարզ գործողություններ պետք է ձեռնարկել: Հոգ տանել մտքերի, մարմնի ու զգացմունքների մաքրության մասին: Շրջապատի ամեն ինչի մաքրության մասին: Պատնեշ դնել ողջ այն ստորության առջև, որը սողոսկում է բոլոր անկյուններից, հեռատեսիլների էկրաններից:

Արգելել անտաղանդության ու ստորակարգության մուտքը ձեր աշխարհ:

Հարկավոր է ընդդիմադիր ուժերին հակադրել անեղծ սրտերի միաբանվածությունը:

Այնտեղ, որտեղ Ճշմարտությունն է, Վեհապետները դեմ կտան իրենց վահանն ու կպաշտպանեն ձեզ:

Որքա՜ն ցավալի է, որ ռուսաստանաբնակների ընդհանրական անգիտակցականն ընտրություն կատարեց ո՛չ Վեհապետների տված խորհուրդների ու հանձնարարականների օգտին: Շա՜տ ափսոս, որ Ռուսաստանը գնաց արևմտյան քաղաքակրթության հետքերով: Եվ այն մարդկանց հոգիները, որոնք արդեն դեպի Ճշմարտությունն էին ձգվում, Ուղուց շեղվեցին վառվռուն խաղալիքների ու հրապուրանքների միջոցով:

Դժվա՜ր է ընտրություն կատարել, երբ այդքան հրապուրանքներ կան: Սակայն հրապուրանքներից հրաժարումն ու փորձություններին դիմանալը միշտ Լուսավոր Ուղի են բացել: Թո՛ղ որ քչերն են դիմացել փորձությանը, թո՛ղ որ քչերն են մղվել դեպի Վեհապետների նախանշած Ուղին, սակայն այդ եզակիները դեռևս ունակ են հետ մղելու չափը կորցրած հրոսակներին, որոնք խորամանկությամբ ու հրապուրանքներով Ուղուց շեղում են շատ ու շատ լուսավոր հոգիների:

Որքա՜ն պետք է բազմակիորեն զգույշ լինել... Իսկ առջևում՝ է՛լ ավելի դաժան ժամանակներ են սպասվում:

Ցանկություն է առաջանում սեփական փորձը փոխանցելու հնարավորինս շատ լուսակիրների... Ցանկություն է առաջանում բախելու նրանց սրտերը, որոնք հուսաբեկված են և ոչ մի լույս չեն տեսնում շրջապատող կյանքում:

Կգա՜ ձեր ժամանակը, անտարակույս, կգա՛: Դիմանա՜լ է պետք: Հարկավոր է միաբանվել և հակահարված տալ այն հրոսակներին, որոնք հարձակվում են բոլոր կողմերից:

Պատահում է՝ օձը լավագույն ընկերոջդ ներսից է խփում: Սրտիցդ արյուն է կաթում նման կորուստների համար: Բայց խուսափել հնարավոր չէ: Զի դաժան ժամանակներ են: Այնպես է թվում, թե թշնամին զավթել է Ռուսաստանը:

Թանձրամութ հրոսակներ են վրա եկել...

Այնուամենայնիվ ես հավատում եմ, որ ոտքի կկանգնեն վաղեմի բոգատիրները, կուղղեն իրենց ուսերը, կշարժվի հողը ռուսական և կշողա նոր ժամանակների հույսով:

Դեռ ամեն ինչ կարելի է փոխել, և դեռ կա Հաղթանակի հնարավորություն:

1812-ին Մոսկվան հանձնվեց ֆրանսիացիներին: Եվ հիմա նու՛յնպես ստիպված եղանք զոհելու մայրաքաղաքը, որպեսզի պահպանենք ուժերը: Չափազանց լայնարձակ է Ռուսաստանը, և  հնարավոր չէ ամբողջությամբ  զավթել այն:

Ամեն մի գյուղակում, ամեն մի խուտորում անմեղ տեսքով նստած է մի պառավ կամ մի ծերուկ և իր մտմտանքով ու աղոթքներով բազում վերստերով մաքրում է իր շուրջը եղած տարածությունը:

Ավելի ծանր ժամանակներ էլ են եղել: Դիմացե՛լ ենք: Հիմա՜ էլ կդիմանաք...

Վտանգն այն է, որ թշնամին իր հետտոնական զարդարանքներով պահ է մտել արհեստական լուսավորությամբ զարդարված խանութների ցուցափեղկերին, տեղափոխվել մտքերի ու զգացմունքների նուրբ ոլորտ, մտել ռադիո- և հեռուստա- եթեր, թափանցել ինտերնետի վիրտուլ իրականություն:

Սակայն նոր արդուզարդը չի կարող քողարկել ներքին էությունը: Ամեն փայլող բան չէ, որ ոսկի է: Աստծո մասին բոլոր խոսողները չեն, որ հովիվ են: Շա՜տ են գառան մորթով գայլերը, հարկ կլինի բոլորին ճանաչել և կանգնեցնել Ճշմարտության Լույսի դեմ:

Ձեր ձեռքբերումները բազմակիորեն կշատացնեմ, եթե կարողանաք բոլոր խորամանկությունների հետևում նշմարել դավաճանության օձին, աստվածուրացության կարիճին ու ստի բորենուն:

Այն բանից հետո, երբ կարևոր գործն ավարտին կհասցվի, կտոնե՜նք Հաղթանակը: Իսկ հիմա հանգստանալու, աշխատանքից խուսափելու ժամանակը չէ: Ժամանակ շատ քիչ է մնացել, և ամեն մի ժամ պետք է օգտագործել աշխատանքի, Եղբայրության համար:

Նորը միշտ էլ դիմադրության է հանդիպել: Իսկ այն նորը, որը հիմա է գալիս, ստվեր կգցի այն ամենի վրա, ինչ եղել է մինչև այժմ:

Նոր գիտակցությունն աճի հնարավորություն կտա նոր հասարակությանը: Ուստի ապրեք այնպես, կարծես դա ձեր վերջին օրն է, և պետք է հասցնել անել այն ամենը, ինչ մարմնավորվելուց առաջ խոստացել եք Վեհապետներին:

Շատերի՜ն կորցրեցինք: Ուստի ամենքդ պետք է մարտնչեք տաս հոգու փոխարեն: Հոգ տարեք ձեր հագուկապի մաքրության մասին անգամ, որպեսզի ոչ մի խոցելի տեղ չունենաք:

Մի՛ ենթարկվեք նրանց գայթակղությանը, որոնք ուզում են ձեզ ներքաշել երկարատև վեճերի, քննադատության ու դատափետումների մեջ: Դե՛ն նետեք ամեն մի ավելորդ բան և թեթևաթիռ քայլերով ընթացեք դեպի ապագան...

 

ԵՍ ԵՄ Նիկոլայ Ռերիխը

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ