Ոչ թե Համբարձյալ Դասերի հետ աշխատանքն է ապահովում Ուղով ձեր առաջխաղացումը, այլ ձեր գիտակցության որակը

 

Տեր Շիվա

25 դեկտեմբերի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Շիվան...

Ահա ես եկա...

Կարծում եք, ամեն ոք կարո՞ղ է ցանկության դեպքում լուրեր քաղել նուրբ աշխարհից:

Իրավացի՛ եք: Բայց դա հնարավոր է դառնում միայն որոշակի պայմանների առկայության դեպքում, որոնք պետք է ապահովեք: Եվ կան նաև որոշակի պարտավորություններ, որոնք պետք է ունակ լինեք հանձն առնելու:

Ամեն ինչ շատ պարզ է. դուք պետք է ձեր ողջ կյանքը նվիրաբերեք Վեհապետներին ծառայելու գործին: Ոչ թե խոսքով, այլ գործով: Անմնացորդ ամբողջ կյանքը:

Պատրա՞ստ եք արդյոք ընդունելու մեր բոլոր պահանջները:

Իհարկե, ձեզնից շատերը կասեն, որ պատրաստ են:

Նախ և առաջ հարկ համարեք ամեն օր ձեր գիտակցությունը պահել ձեզ համար հնարավոր ամենաբարձր մակարդակի վրա: Փորձարկե՛ք այդ պարզ գործառությունը: Եվ երբ որոշեք դա անել, օրվա վերջում հանգիստ նստեք և հարց տվեք ինքներդ ձեզ. Քանի՞ անգամ այսօր դատեցի մերձավորիս: Քանի՞ անգամ բորբոքվեցի: Քանի՞ անգամ դժգոհեցի աշխատավայրի ղեկավարից, հարևաններից, իմ երկրի կառավարությունից:

Եվ եթե այս հանձնարարությունը կատարելը ձեզ չափազանց հեշտ թվա, և դուք պարծենալով ասեք, թե կատարեցիք բոլոր առաջադրված պայմանները, ապա պատասխանեք իմ հետևյալ պարզ հարցին. Գո՞հ եք արդյոք ձեր կյանքից. երախտապա՞րտ եք արդյոք Արարչին այն ամենի համար, ինչ կատարվում է ձեր կյանքում:

Խոսքս ո՞ւր եմ ծռում ձեր  կարծիքով: Ես փորձում եմ ձեր նորօրյա գիտակցությանը հասցնել այն հինավուրց Ճշմարտությունը, համաձայն որի՝ Ուղու վրա ունեցած ձեր քայլերի ու նվաճումների մեջ առաջնայիններից մեկը պետք է լինի այն, որ ունենաք ձեզ չլքող բավարարվածության զգացում՝ գոհություն այն ամենից, ինչ տեղի է ունենում ձեր ներսում և ձեզնից դուրս:

Եվ ահա այժմ ձեզնից շատերի առջև կծագի այն հարցը, թե հնարավո՞ր է արդյոք ներկայիս հասարակության պայմաններում լուծել առաջադրված խնդիրը: Ինչպե՞ս բավարարված լինել, եթե հասարակության մեջ գերակշռողը հակառակ զգացումն է՝ դժգոհությունը կյանքից, կառավարությունից, նախագահից, աշխատավայրի ղեկավարից... Բոլորից:

Վաղեմի ինչ-որ ժամանակներում ձեր հոգիներն ընտրել են Աստծո Օրենքի դեմ ընդվզելը: Դուք կտրվել եք Աստվածային իրականությունից և ընթացել ձեր էգոյի քմայքները բավարարելու ճանապարհով: Դա եղել է շատ վաղուց:

Բայց Աստված ողորմած է ու համբերատար: Եվ ձեր շատ ու շատ մարմնավորումների ընթացքում ձեզ հնարավորություն է տրվել հնազանդվելու Աստվածային Օրենքին և վերադառնալու Ճշմարտության ուղուն:

Բայց ամեն անգամ ձեր հոգիները՝ հոգիներն այն մարդկանց, որոնք այժմ գտնվում են մարմնավորման մեջ, հրաժարվել են ընձեռնված հնարավորությունից և գերադասել յուրաքանչյուր կյանքն անցկացնել անհագորեն աճող ցանկությունների բավարարմամբ:

Մարմնավորումից մարմնավորում դուք հայտնվել եք ավելի ու ավելի խստացող արտաքին պայմանների մեջ:

Ուրեմն, էլ ինչո՞ւ եք զարմանում: Բազմաթիվ մարմնավորումների ձեր նախընտրանքներով ինքնե՛րդ եք ստեղծել այն պայմանները, որոնք այսօր տեսնում եք ձեր շուրջը: Եվ հիմա արդեն աշակերտության ուղու վրա ամենասկզբնական կարողություններ ցուցաբերելը ձեզնից շատերին թվում է անիրականանալի պահանջ:

Մենք սպասել ենք բավարար չափով: Մենք հուսացել ենք, որ մարդկությունը կկարողանա օգտվել մատուցվող գիտելիքներից, որպեսզի սկսի իր երթը մեր մատնանշած Ուղով:

Եվ հիմա ի՞նչ ենք տեսնում. մարդկանց հոծ զանգված, որոնք փորձում են ուղերձներ ստանալ, ներկայանալ որպես գուրու, հավաքել իրենց շուրջ ուրիշ մարդկանց և նրանց հրամցնել ճշմարտություններ:

Ուղերձներ տալու Աստվածային ողորմածությունը շատ թանկ կնստի Համբարձյալ Դասերի համար, եթե փորձեն միաժամանակ սպասարկել ավելի քան մեկ-երկու դեսպանորդի: Իսկ ձեր ժամանակներում, երբ մարդիկ ունակ չեն իրարից զանազանելու ամենատարրական բաներ, ուղերձներ տալը կապված է շատ մեծ վտանգի հետ:

Իհարկե, այդ վտանգը նախ և առաջ կապված է դեսպանորդի՝ մի մարդու հետ, որին հասնում են բազմաթիվ մեղադրանքներ, բայց է՛լ ավելի մեծ վտանգի կենթարկվեն այն մարդիկ, որոնք ուղղակիորեն հանդես են գալիս մեր դեսպանորդի դեմ: Նրանք դրանով այնքան ծանր կարմա են ձեռք կբերեն, որ հազիվ թե կարողանան այն բեռնաթափել տեսանելի ապագայում:

Մենք խոսեցինք ձեր աշխարհ ուղերձներ փոխանցելու պայմանների մասին, խոսեցինք նաև բավարարվածության հատկանիշի մասին, որը դուք պետք է ձեռք բերեք, որպեսզի անցում կատարեք էվոլյուցիայի հաջորդ աստիճանին:

Հավատացե՛ք, դուք և Համբարձյալ Դասերը տարբեր քաշային կատեգորիաների եք պատկանում:

Եվ ինչ քայլեր էլ որ ձեռնարկի ձեր էգոն, որպեսզի շրջանցի Աստվածային Օրենքն ու համայն տիեզերքում հաստատված կարգը, ոչինչ չի ստացվի:

Միակ ուղին, որը պատգամված է ձեր ժամանակների համար՝ ինքնակատարելագործվելն է Աստծո մեջ: Եվ երբեք ամբոխային ձեռնադրումներ չեն եղել դեռ: Ձեռնադրումների Ուղին՝ անհատական ուղի է: Եվ հախուռն խմբով  դուք կարող եք ընթանալ միայն հակառակ ուղղությամբ, պարզ ասած, դժոխք:

Եվ այսպես, ամփոփելով մեր այսօրվա զրույցի արդյունքները, կուզենայի ձեր ուշադրությունը բևեռել այն բանի վրա, որ Ուղու վրա կան որոշակի ուղենիշներ և փուլեր, որոնցով անհատը շահում է Համբարձյալ Դասերի վստահությունը, որպեսզի իրականացնի իր Սպասավորությունը:

Դուք կարող եք կարծել, թե արդեն անցել եք բոլոր անհրաժեշտ ձեռնադրումները և վաղուց աշխատում եք Համբարձյալ Վեհապետների առաջնորդությամբ: Ձեր աշխարհի պատրանքայնությունն այնպիսին է, որ կարող եք պատրանքի մեջ ընկնել և այն բանի լիակատար զգացողությունն ունենալ, թե իբր դուք դեսպանորդ եք և աշխատում եք Համբարձյալ Վեհապետների առաջնորդությամբ: Ուստի մոտակա ժամանակներում ձեր խնդիրն այն կլինի, որ կողքից նայեք ինքներդ ձեզ և հասկանաք, թե իրապես ուղու ո՞ր կետում եք գտնվում: Եվ ժամանակը չէ՞ արդյոք, որ սկսեք խաղալ մի փոքր ավելի անվտանգ խաղալիքներով:

Ոչ թե Համբարձյալ Դասերի հետ աշխատելն է ապահովում Ուղով ձեր առաջխաղացումը, այլ ձեր գիտակցության որակը: Եվ հավատացե՛ք ինձ, ձեր աշխարհը հնարավորություն է տալիս առօրյա կյանքում ձեռք բերելու այն անհրաժեշտ որակները, որոնք համապատասխանում են բուրգի Գաղտնի Ծեսերի Դպրոցում ձեռնադրումներ անցնելու պահանջներին:

Մեր այսօրվա զրույցը վերաբերում էր այն հարցերին, որոնք հրատապ են ձեզնից շատերի համար: Մյուսներին այս զրույցը նո՛ւյնպես օգտակար կլինի, քանի որ թույլ կտա ձեռք բերելու դատողությունների ավելի լայն շրջանակ ու հստակություն:

 

ԵՍ ԵՄ Շիվան...

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ