Մենք բարի բերք ենք ակնկալում ձեր էության մեջ ծլարձակած Աստվածայնությունից

 

Տեր Սուրիա

24 դեկտեմբերի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Սուրիան՝ այս օրով ձեզ այցի եկածս:

Ձմեռային արևադարձի արևն է ինձ ուղեկցում իմ գալստյան այս պահին: Եվ ճիշտ այդպես էլ ձեր Աստվածային ԵՍ ԵՄ Ներկայության արևը պետք է մշտապես ուղեկցի ձեզ: Այդ դեպքում, եթե նույնիսկ թխպեր հավաքվեն, ձնահողմը գալարվի, ամպրոպը ճայթի կամ մրրիկն արշավի, դուք իմանում եք, որ կա Արևը, և այն մշտապես ձեզ հետ է:

Նույնն էլ ձեր կյանքերում է: Անկախ ցանկացած դժվարությունից, տհաճությունից և նույնիսկ դժբախտությունից՝ դուք պետք է իմանաք, որ ձե՛ր իսկ Աստվածային մասը մշտապես ներկա է ձեր կողքին:

Եվ ձեր այդ Աստվածային մասի տեսակետից ձեր բազմաթիվ մարմնավորումներն ու պատրանքի աշխարհում թափառումները թվում են այնպիսի մի ակնթարթ, կարծես թեթև մի ամպ թեթևակի ծածկեց արևը:

Քանզի Աստվածային աշխարհը դուրս է ժամանակից ու տարածությունից: Ձեր աշխարհի այդ ատրիբուտները ժամանակի ընթացքում կչքանան այնպես, ինչպես ամպրոպաբեր ամպերն են թաքնվում հորիզոնի հետևում:

Դուք մտորելու շա՜տ բան ունեք: Քանզի հասել են այն ժամանակները, երբ պետք է խորհեք Հավերժական Կյանքի մասին: Պատրանքի աշխարհի բոլոր հրապուրանքները շուտով ձեզ կձանձրացնեն, և ձեզ կսկսի գրավել իսկական իրականությունը: Ե՞րբ դա տեղի կունենա: Մենք չենք կարող ձեզ ճշգրիտ ժամկետներ ասել: Քանզի այնժամ, երբ դա իսկապես տեղի կունենա, մարդկությունը կանցնի այլ օրացույցի և տարեգրության նոր համակարգի:

Սակայն արդեն հիմիկվանից դուք խորհրդածելու բան ունեք, թե ինչի վրա աշխատեք: Քանզի ձեր աշխարհն է, որ գրգռում է ձեր զգացմունքներն ու ցանկությունները: Եվ քանի դեռ տրվում եք պատրանքային աշխարհի ճարպիկ հնարքներին,  դուք չեք կարող ընթանալ դեպի Աստվածային գիտակցության գագաթները:

Պետք է սանձահարե՛լ զգացմունքները: Պետք է սանձահարե՛լ մտքերը: Պետք է մշտապես վերահսկե՛ք ինքներդ ձեզ: Պատկերացրեք մի սայլ, որը կառապան չունի: Ձիերը բարձիթողի վիճակում են և անում են այն, ինչ խելքներին փչում է. խոտ են պոկում, գնում են դեպի ջրափոսերը: Նման սայլը չի հասնի որևէ նպատակակետի, որովհետև կառավարող չունի:

Ձեր էությունները նմանվել են անկառապան սայլերի: Դուք դեգերում եք կյանքում, ինչ-որ հրապուրանքներ եք գտնում, վազում հաճույքների հետևից, սակայն իրականում ոչ մի տեղ չեք շարժվում: Քանզի գտնվում եք ձեր ստորին բնույթի՝ ձեր հույզերի ու ցանկությունների, ազդեցության տակ: Որպեսզի շարժվեք դեպի Աստվածային իրականություն, պետք է հոգ տանեք, որ ձեր կյանքը կառավարի կառապանը՝ ձեր Բարձրագույն Ես-ը. միայն նա կարող է ձեզ դուրս հանել պատրանքային աշխարհի թավուտներից:

Վերին կառավարում և ընթացքի ճշմարիտ ուղղության պահպանում՝ ահա թե ինչ է ձեզ անհրաժեշտ:

Իհարկե, ես հասկանում եմ, որ այս տողերը կարդալու պահից սկսած մինչև այն պահը, երբ որոշում կկայացնեք ձեր  էությունը ենթարկելու բարձրագույն բնույթին, ինչպես և մինչև այն պահը, երբ դա իրապես տեղի կունենա, այնքան էլ քիչ ժամանակ չի պահանջվի:

Սակայն եթե որոշում չկայացնեք և առաջ չմղվեք, ապա երբեք չեք կարողանա դուրս պրծնել պատրանքի ոստայններից:

Իսկ ձեզնից ոմանք այնքա՜ն լավ են տեղավորվել պատրանքի մեջ, որ կյանքում ինչ-որ բան փոխելու անհրաժեշտության ամեն մի հիշեցումը տառացիորեն ընկալում են որպես հարձակում հիմքերի վրա:

Մեկ անգամ ևս անդրադառնանք գիտակցության մեջ հեղափոխություն անելու հարցին: Ներկայումս ձեր գիտակցությունը գտնվում է այն կարծրատիպերի ազդեցության տակ, որոնք հաստատվել են հասարակության մեջ: Կարծրատիպերը հարկ կլինի փոխել: Դուք չե՛ք կարող ոչինչ չանել: Ֆիզիկական ոլորտի թրթռանքները բարձրանում են: Եվ որպեսզի համապատասխանեք թրթռանքների նոր մակարդակին, ստիպված կլինեք փոխելու ձեր կյանքն ու նրանում հաստատելու գերապատվությունների նոր սանդղակ:

Ասվածին պետք է ավելացնել նաև այն, որ բոլոոր մարդիկ գտնվում են էվոլյուցիոն զարգացման տարբեր աստիճանների վրա: Եվ դա շատ շուտով ստիպված կլինեք գիտակցելու: Քանզի այն քաոսին, որում հայտնվել է մարդկային հասարակությունը, պետք է վերջ տրվի:

Արժեհամակարգը պետք է փոխվի: Եվ, նախ և առաջ, պետք է փոխվի հոգևոր արժեհամակարգը: Պետք է հարգանքի արժանանան այն մարդիկ, որոնք օժտված են հոգևոր բարեմասնություններով, այլ ոչ թե նրանք, որոնք միայն խոսում են այդպիսինների մասին: Հասարակության զարգացման հոգևոր մակարդակն ունակ է հաշված տարիների ընթացքում փոխելու նաև կյանքի մնացած բոլոր ոլորտները: Աշխարհի բոլոր կրոններում նշված են ճշմարիտ հոգևոր արժեքները: Ուստի ինչ-որ նոր բան փնտրելու հարկ չկա: Հարկավոր է միայն ի կատար ածել այն, ինչ նշված է: Այդ դեպքում հասարակությունը կկարողանա մաքրվել անորակ նմուշօրինակներից:

Պահանջվում են մարդիկ, որոնք ունակ են ինքնազոհողության գնալու՝ հանուն Նոր Կյանքի հաստատման: Պահանջվում են մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կյանքը նվիրաբերելու բարենորոգությանը և անձնազոհ կերպով կյանքում Աստվածային սկզբունքները պնդելու:

Նոր ժամանակներ են գալիս: Եվ մարդկային համակեցությունն այլ ուղի և ելք չունի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, քան այն, որ ընթանա դեպի վեր՝ դեպի Աստվածային գիտակցությունը:

Այն, ինչ ցածր է Աստվածային կատարելությունից, պետք է անցյալին թողնվի ու մոռացվի:

Հասել է էվոլյուցիայի աստիճաններով առաջ շարժվելու ժամանակը:

Եվ մեր կողմից անմիտ ու անխելամիտ քայլ կլիներ այսքան ուժ ու եռանդ ծախսելը, որպեսզի ստեպ-ստեպ գանք ու տանք մեր Ուսմունքը, եթե վստահ չլինեինք, որ մեր ջանքերն ու հույսերը հարյուրապատիկ չեն արդարանալու:

Մենք բարի բերք ենք ակնկալում ձեր էության մեջ ծլարձակած Աստվածայնությունից: Մենք ցանել ենք Աստվածային Իմաստության սերմեր և հիմա բերքի ենք սպասում:

 

ԵՍ ԵՄ Սուրիան՝ Երկրի մարդկության նկատմամբ հույսով լի:

 

Տատյանա ՄԻկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ