Ոչ թե լայնակի, այլ դեպի խորք ընթանալով դուք կհասնեք արդյունքի

 

Վեհապետ Մորիա

23 դեկտեմբերի, 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան...

Հապճեպությու՛նն է պայմաններ թելադրում մեր ուղերձների փոխանցման համար:

Ժամանակը սուղ է, և դեռ շատ բաներ կան ասելու: Շատ բաներից զգուշացնելու:

Թվում է, թե աշխարհը նույնն է, ինչ որ կար: Առաջվա պես տեղի է ունենում եղանակի, օրվա ու գիշերվա հերթագայություն: Սակայն Երկիր մոլորակի վրա աննկատելիորեն փոխվում է իրադրությունը: Մենք եկել ենք, մենք զգուշացրել ենք:

Եվ առաջվա պես՝ միակ համադարմանը, որը ձեզ անհրաժեշտ է ժամանակի պատմական այս պահին մարդկային բոլոր ախտերից ձերբազատվելու համար, ձեր գիտակցության փոփոխությունն է հանդիսանում:

Հատկապես՝ գիտակցության փոփոխությունը, և ո՛չ այնպիսի փոփոխությունը, ինչպիսին դուք երբեմն հասկանում եք դրա տակ:

Ձեզ թվում է, որ եթե կարդում եք Վեհապետների թելադրությունները, սուզվում եք աղոթքային արթնության մեջ կամ Վարդանոցներ եք ընթերցում, ապա փոխում եք ձեր գիտակցությունը: Թույլ տվեք նկատել, որ դա ո՛չ միշտ է այդպես: Քանզի ո՛չ գործողությունների մեխանիկական հավաքածուն, ո՛չ էլ կարդացած աղոթքների ու գրքերի քանակը չեն կարող բավարար ապացույց ծառայել, որ դուք իրապես ընթանում եք Ուղով:

Ձեր ֆիզիկական աշխարհն օժտված է երկակիությամբ: Եվ նույն գործողությունները մի դեպքում կարող են էվոլյուցիայի առումով դրական արդյունքի հանգեցնել, մի այլ դեպքում՝ բացասականի: Ֆիզիկական ոլորտի ցանկացած գործողություն երկակի բնույթ ունի:

Նույն գործողությունները կարող են հանգեցնել ինչպես բարի արդյունքի, այնպես էլ արհավիրքի:

Բերենք մի օրինակ: Ասենք, դուք աղոթք եք անում և ամեն օր դրան շատ ժամանակ եք հատկացնում: Մարդկանց մեծամասնության տեսակետից՝ դուք բարի գործ եք անում, որն անպայման օգտավետ կլինի աշխարհի համար: Սակայն ձեր գործողությունները կարող են ընթանալ նաև հակադիր հունով: Եվ նույնիսկ անկեղծ աղոթքո՛վ էլ կարող եք կարմա ստեղծել: Քանզի էներգիան շարժառիթով է ղեկավարվում:

Շատերի համար իմ ասածներն անհասկանալի կլինեն: Որովհետև նրանց համար աղոթքի արարչությունը դեռևս անհասանելի արգասիք է:

Իսկ մենք արդեն ավելի նուրբ բաներից ենք խոսում, որոնք հեռու են ամենքի համար հասանելի լինելուց: Մեր կողմից տրվող այս Ուսմունքը, թվացյալ պարզությամբ հանդերձ՝ ամենաբարդ Ուսմունքն է, որը ժամանակի այս պահին գոյություն ունի երկրագնդի վրա: Քանզի այն ձեր առջև դուռ է բացում դեպի Հավերժական Կյանք: Բայց դեպի Հավերժություն տանող այդ դռան բանալին կստանան միայն նրանք, ովքեր ունակ կլինեն այդ Ուսմունքը յուրացնելու ամբողջությամբ: Մյուսները, որոնք մեր Ուսմունքից վերցնում են միայն այն, ինչն իրենց հարմար է գալիս, իսկ մնացածը դեն նետում որպես անպետքություն, ո՛չ միայն բանալի չեն ստանա, այլ նաև չեն գտնի այն դուռը, որը տանում է դեպի Հավերժություն:

Գոռոզություն, ինչպես և հոգևոր գոռոզություն՝ ահա այն, ինչը շարժման մեջ է դնում, այսպես կոչված, Ճշմարտություն որոնողներին: Նրանք կարծում են, թե օժտված են իմաստությամբ, որի շնորհիվ կկարողանան տարբեր ուսմունքներից ու դավանանքներից կազմավորել ինչ-որ բան, որն իրենց հնարավորություն կտա հոգևոր ուղով ընթանալու դեպի Ճշմարտությունը:

Մի՛ սփոփեք ձեզ պատրանքով... Դեռ երբեք տարբեր ուսմունքների անմիտ ու կույր համախմբումը որևէ դրական արդյունքի չի հասցրել:

Մարդկությունը կանգնած է էվոլյուցիոն զարգացման այնպիսի աստիճանի վրա, երբ դեռևս ունակ չէ ճանաչելու Ճշմարտությունը, որը հենց իր քթի տակ է. բայց դրա փոխարեն վազում է ուրվականների հետևից, որոնք գտնվում են աշխարհի մյուս ծայրին և իբր կարող են համադարման ծառայել իրենց դժբախտությունների համար:

Ճշմարտությունը գտնվում է ձեր ձեռքից ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա, եթե այն դնեք ձեր կրծքին՝ սրտի մոտ: Եվ որքան ավելի շատ վազվզեք զանազան տեղեկատվությունների հետևից, որպեսզի տարբեր ուսմունքների համադրում ստանաք, այնքան ավելի ու ավելի կհեռանաք Ճշմարտությունից:

Ոչ թե լայնակի, այլ դեպի խորք գնալով դուք արդյունքի կհասնեք:

Դուք կարող եք ման գալ շատ ու շատ գեղեցիկ վայրերով, այցելել տաճարներ, լինել շատ քաղաքներում ու թանգարաններում: Կարող եք նույնիսկ դրա համար ծախսել ձեր ամբողջ կյանքը: Բայց Աստվածային գիտակցության գագաթը դուք կկարողանաք նվաճել միայն այնժամ, երբ ճանապարհ կբռնեք դեպի այդ գագաթը:

Որքան էլ հսկայական ծավալներով տեղեկություններ կլանեք, դրանք ձեզ չեն մոտեցնի Ճշմարտությանը:

Քանզի Ճշմարտությունը պարզ է, և այն սովորական անգրագետ մարդիկ, որոնք լսում էին Հիսուսի քարոզները, ունակ էին ընկալելու Ճշմարտությունը:

Իսկ դուք այդքան էներգիա և եռանդ եք ծախսում՝ այցելելով զանազան սեմինարների, կարդալով բազմահատոր գրականություն, բայց արդյունքում այդ ամբողջ տեղեկացվածությունն անանցանելի պատնեշ է ստեղծում ձեր և Աստվածային Ճշմարտության միջև: Քանզի դուք մոռանում եք գլխավորը՝ ինչի համար է պետք այդ տեղեկատվությունը: Եվ եթե նույնիսկ ճանապարհի սկզբում դուք ճշմարիտ շարժառիթ եք ունենում, ապա, դեգերելով տեղեկատվական լաբիրինթոսներում, արդեն մոռանում եք, թե ինչի համար էիք հասել այդտեղ:

Ձեզ թվում է, թե ինտելեկտն ու մարդկային իմաստությունը ձեզ կմոտեցնեն Աստվածային Իմաստությանը: Սակայն լրիվ հակառակն է ստացվում. որքան մեծ է ձեր ինտելեկտը, այնքան ավելի եք հեռանում Աստվածային Իմաստությունից: Եվ այն մարդկային իմաստությունը, որը հիմք է ծառայում երկրային երջանիկ ու երկար կյանքի համար, չի օգնի ձեզ, երբ ուժերի գերլարումով կփորձեք գրավել Աստվածային գիտակցության Գագաթը:

Հատկապես հրաժարում և ինքնազոհողությու՛ն: Հատկապես մերձավորին ծառայելու համար ձեր բոլոր ուժերի անշահախնդիր ներդրումը ձեզ կկարողանա դուրս բերել Աստվածային Ուղու վրա: Սակայն, մարդկության մեծամասնության տեսանկյունից այն, ինչ մենք ասում ենք, թվում են միայն գեղեցիկ լոզունգներ, որոնք իրենք պատրաստ են քամահրանքով կարդալ և նույնիսկ ծափահարել:

Իրավիճակը շիկանում է: Եվ ամեն ինչ փոխվում է ո՛չ դեպի լավը: Հիմա այն փուլն է, երբ այս տողերը կարդացող ձեզնից յուրաքանչյուրը պետք է ռիսկի գնա և իրենից թոթափի պատրանքային բարեկեցությունը և համարձակորեն մագլցի լերկ ժայռերը: Միայն ներքին արգելապատնեշներն են ձեզ բաժանում Ճշմարտությունից:

Ես խոսում եմ այլաբանորեն: Բայց իրապես դուք պետք է հեղափոխական փոփոխություններ իրականացնեք հենց ձեր ներսում:

Իսկ այժմ ես կուզենայի ժամանակ հատկացնել ևս մեկ կարևոր թեմայի: Այսօր դեկտեմբերի 23-ն է: Ձեր փոխարեն ես կօգտվեի այն փողության շնորհից, որը վերևից է տրված: Եվ ճիշտ այնպես, ինչպես անհրաժեշտ եք համարում աղոթել ամեն մի գործ սկսելուց առաջ, այդպես էլ անհրաժեշտ է աղոթել աստղաբաշխական նոր ամսվա սկզբին: Իսկ, որպեսզի ձեր աղոթքը գործուն լինի, աղոթեք այնպես, կարծես ձեր երեխան կրակների մեջ է, և միայն ձեր աղոթքից է կախված նրա փրկությունն ու կյանքը:

Ես ուրախ եղա մեր հանդիպման առիթով: Եվ լիահույս եմ, որ նոր հանդիպումներ էլի՛ կլինեն...

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան:

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ