Հասել է ձեր վերջնական ընտրություն կատարելու պահը

 

Սանատ Կումարա

22 դեկտեմբերի 2010 թիվ

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան՝ կրկին ձեզ այցի եկածս:

Հիրավի, Երկնքի ողորմածությունն անսահման է:

Ամեն անգամ, երբ գալիս եմ ուղերձ տալու, սարսուռ եմ զգում և հրճվում բացված հնարավորությամբ:

Իսկ այժմ՝ ոչ մեծ նախաբանից հետո, ես պատրաստ եմ տալու հերթական ուղերձը: Կան շատ հոգիներ, որոնք լուր են սպասում Երկնքից՝ այն ընկալելով որպես շնորհ և որպես նշան այն բանի, որ Երկինքն անտեր չի թողել Երկրի մարդկությանը:

Իհարկե, սիրելինե՛րս, մենք չենք կարող մեր զավակին թողնել բախտի քմահաճույքին:

Օ՜, բյուր հազար Լույսի Էակներ որքա՜ն են հոգ տանում ձեզ համար... Դրան դժվարությամբ են հավատում մարմնավորման մեջ գտնվողները, որովհետև չեն տեսնում մեզ: Բայց, հավատացե՛ք ինձ, մեր աշխարհներն իրարից զատող շղարշը բարակում է, որքան էլ ձեզնից շատերին դա տարօրինակ թվա: Եվ երբեմն բավական է մի փոքր փոխեք ձեր հայացքը տեղի ունեցողի նկատմամբ, և ձեզ համար կբացվի այն, ինչը թաքցված է մարդկանց աչքից: Ձեր առջև կբացվի հետագա զարգացման հեռանկարը: Բայց, իհարկե, այդ հեռանկարն ամենևին կապված չէ ձեր գիտության և տեխնիկայի նվաճումների հետ: Սակայն հենց գիտության և տեխնիկայի զարգացումն են նպաստում այն բանին, որպեսզի ձեր գիտակցությունը մղվի դեպի լինելիության ավելի նուրբ ոլորտները:

Թվացյալ հակասությունը լիովին բացատրելի է, իսկ մեր տեսակետից ոչ մի հակասություն էլ չկա: Երբ ձեր միտքը լարում եք այնպիսի բաների շուրջ, որոնք երբեմն հնարավոր չէ շոշափել, այլ հնարավոր է միայն պատկերացնել ձեր երևակայությամբ, դրանով իսկ դուք վարժվում եք ավելի նուրբ իրականության հետ փոխազդեցության մեջ մտնելուն, որը պատկանում է մտային ոլորտին: Եվ աստիճանաբար նոր տեխնոլոգիաները մարդկանց ստիպում են իրականության ընկալման իրենց կիզակետը տեղափոխելու ավելի նուրբ տիրույթների վրա:

Ձեզ թվում է, թե դուք մշտապես մնում եք ֆիզիկական մարմնի մեջ: Այո՛, դուք տեսնում եք շրջապատի առարկաները, կարող եք շոշափել դրանք, բայց օրվա մեծ մասի ընթացքում՝ ներառյալ գիշերային քունը, դուք հայտնվում եք լինելիության այլ ոլորտներում: Կբերեմ մի օրինակ, որպեսզի հասկանաք, թե ինչը նկատի ունեմ: Այնժամ, երբ մտածում եք մի մարդու մասին, որը գտնվում է ձեզնից հազարավոր կիլոմետրեր հեռու, դուք նրա հետ փոխազդեցության մեջ եք մտնում լինելիության ավելի նուրբ ոլորտում: Մտքերի ու զգացմունքների համար հեռավորությունը նշանակություն չունի:

Զուտ այն բանի պատճառով, որ դուք կոպտացրել եք ձեր հաղորդիչները, չեք կարողանում զգալ այն փոխազդեցությունները, որոնք տեղի են ունենում լինելիության նուրբ ոլորտում:  Կան առանձին մարդիկ, ովքեր արդեն իսկ գիտակցաբար կիրառում են մտքով աշխատանք: Սակայն այն պատճառով, որ այդ մարդկանց շարժառիթները ո՛չ միշտ են մաքուր լինում, նման աշխատանքը ո՛չ միշտ է դրական արդյունքի բերում և հաճախ կարմա է ստեղծում: Միակ ճշմարիտ շարժառիթը, որով պետք է առաջնորդվեք լինելիության ցանկացած ոլորտի ձեր ցանկացած գործողություններում, պետք է հիմնված լինի Բարեգթության, Կարեկցանքի, անշահախնդրության  և հանուր Կյանքին օգնելու ցանկության վրա: Բոլոր մյուս շարժառիթները չեն լինի բավարար մաքուր և կհանգեցնեն սխալ արդյունքի կամ պտղի:

Ձեզ համար հասկանալի կդառնա, թե ինչի մասին եմ խոսում, եթե բերեմ ևս մեկ օրինակ: Պատկերացրեք, որ դուք օգտագործում եք հերթական սեմինարի կամ պարապմունքի ժամանակ ձեզ տրված մեթոդիկան, որպեսզի մտային գործողությունների միջոցով երջանիկ ապագա կառուցեք ձեզ ու ձեր ընտանիքի համար: Ի՞նչ մի վատ բան կա դրանում,- կհարցնեք դուք:

Զուտ մարդկային տեսակետից՝ երջանիկ ապրելու ձեր ցանկության մեջ ոչ մի վատ բան չկա: Սակայն ձեր գործողության հիմքում ցանկություն է դրված: Կոնկրետ այս դեպքում՝ երջանիկ ապրելու ցանկությունը: Ամեն մի ցանկություն ձեր համեմատաբար ստորին բնույթի դրսևորումն է: Ուստիև դուք հայտնվում եք ձեր ստորին բնույթի ազդեցության տակ: Եվ, հետևաբար, ձեր նախաձեռնած բոլոր գործողությունները կարմա կստեղծեն:

Ճշմարիտ Ուսմունքները, որոնք ուսուցանվում են ձեռնադրյալների կողմից, սովորեցնում են հրաժարվել ցանկություններից՝ որպես մարդու ստորին բնույթի դրսևորումներից:

Քանի դեռ ձեր գործողությունները ձեր ցանկություններն են կառավարում, դուք ձեզ ավելի ու ավելի եք կապում ֆիզիկական աշխարհին: Իսկ ձեզ արդեն հայտնի է, որ ֆիզիկական աշխարհը բոլոր աշխարհներից ցածրագույնն է: Ուստի, կապվելով դրա հետ, ինքներդ ձեզ դատապարտում եք հետագա մարմնավորումների: Իսկ ճշմարիտ Ուսմունքները ձեզ սովորեցնում են, թե ինչպես ազատվեք սանսարայի անիվից:

Պատրանքն ավելի ու ավելի է նրբացնում իր ձևերը, և քանի որ դուք օժտված եք բանականությամբ, ապա պետք է մշտապես վերլուծեք այն իրադրությունները, որոնցում հայտնվում եք, և գիտակցված ընտրություն կատարեք:

Ձեր ամեն մի որոշումը կա՛մ ձեզ տանում է դեպի Բարձրագույն աշխարհները, կա՛մ ձեզ ստիպում է ցած սահել հետընթաց պարույրով: Եվ այն շարժառիթը, որով առաջնորդվում եք որոշում կայացնելիս, փաստորեն ձեր շարժմանը հաղորդում է համապատասխան ուղղություն:

Մի կողմից՝ երբ հրաժարվում եք ձեր ցանկություններից և անձնական շարժառիթներից, զուտ մարդկային միջակ գիտակցության աչքին դուք կարող եք երևալ որպես անհաջողակ ու տարօրինակ մարդ: Բայց, հավատացե՛ք ինձ, մի այլ տեսանկյունից դուք վիթխարի քայլերով առաջ եք ընթանում էվոլյուցիայի ուղով՝ այն դեպքում, երբ ձեր համեմատ հաջողակ համարվող և կյանքից բոլոր հնարավոր հաճույքները վայելող մարդիկ ավելի ու ավելի են հետ մնում էվոլյուցիոն զարգացման ուղու վրա:

Հենց դա՛ է ձեր ժամանակների հիմնական փորձաքարը: Մի կողմից ակներև ու բուռն պատրանքն է, որը տարածում է ձեր առջև երևակայություն գրգռող և հրապուրիչ իր կողմերը, իսկ մյուս կողմից՝ կա հինավուրց Ուսմունքը, որն ուսուցանում է հրաժարվել պատրանքից և ձեռք բերել անանց արժեքներ:

Մարդկանց 90 տոկոսը գերադասում է այն, ինչն իրենց իրական է թվում, պատճառում քաղցր զգացմունքներ և տիրացման հաճույք: Եվ միայն 10 տոկոսն է մտորում, որ եթե հինավուրց Ուսմունքները պատրանքից հրաժարվել են ուսուցանում, ապա դրանցում հավանաբար ինչ-որ բան կա, որին հարկ է ականջալուր լինել: Եվ դեպի ճշմարիտ հոգևոր ուղին մղվողների մեջ միայն մի քանի տոկոսն է, որ ունակ են լինում ձեռք բերելու զանազանման կարողություն և իրավունք ստանալու, որպեսզի անցնեն էվոլյուցիոն նոր գալարի վրա:

Այսօր ես ձեզ չասացի որևէ նոր բան, որն ասված չլիներ կա՛մ մեր դեսպանորդի միջոցով տրված նախորդ թելադրություններում, կա՛մ էլ այն ճշմարիտ Ուսմունքներում, որոնք տրվել են հինավուրց ժամանակներում:

Տարբերությունը միայն այն է, որ այլևս դուք չեք կարող այնպիսի տեսք ընդունել, որ իբր ձեր շուրջը ոչինչ տեղի չի ունենում և առջևում դեռ շատ ժամանակ ունեք ձեր հոգևոր զարգացման համար:

Ժամանակ այլևս չի մնացել: Այժմ հասել է ձեր վերջնական ընտրության պահը: Նրանց համար, ովքեր ընտրել են այն Ուղին, որն ուսուցանում են Համբարձյալ Վեհապետները, ես պատրաստ եմ մեկնելու իմ օգնության ձեռքը և օգնելու:

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ:

 

Տատյանա Միկուշինա, 2010 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ     Հաջորդ էջ